Հայաստանում ո՞ւմ ավելի շատ «կսիրի» Ռուսաստանը։ Ներքաղաքական իրավիճակը և Կրեմլի հետ հարաբերությունների միջև կապը
Հայաստանի ներքաղաքական կյանքը եռում է՝ չնայած կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրության ռեժիմին։ Երկրում քաղաքական լարվածությունն աճում է։ Ընդդիմությունն իշխանություններին մեղադրանքներ է ներկայացնում, մասնավորապես, հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունները ձախողելու համար։
Երկրի ինքնիշխանությունն ամրապնդելու, սեփական արտաքին քաղաքականությունը վարելու և արտաքին ճնշմանը դիմակայելու Հայաստանի՝ 2018 թ–ի «թավշյա» հեղափոխությունից հետո հաստատված կառավարության փորձերը ընդդիմության մի մասը գնահատում է որպես «հակառուսական»։
Թե ինչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական կյանքում, ինչպես է այն կապված հայ–ռուսական հարաբերությունների հետ և արդյոք կապված է, մեկնաբանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
● Հայաստանի վարչապետի գործունեությունից գոհ է մեծ մասը․ GALLUP International–ի հարցումը
● Հայաստանի վարչապետի հրաժարումը մասնակցել Հաղթանակի շքերթին չի նեղացրել Մոսկվային
Պայքար ռուսական հովանավորչության համար
Հայաստանի ներքաղաքական կյանքի հետհեղափոխական փուլը թևակոխել է քաղաքական պայքարի փուլ։ Ուժերը, որոնք այսպես թե այնպես ներքաշված էին հեղափոխական գործընթացի մեջ, ելնելով սեփական շահերից, ակտիվ պայքար են սկսել հաջորդ, 2023 թ–ին նախանշված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
Դրան զուգահեռ Հայաստանում տեղի է ունենում հայ–ռուսական հարաբերությունների վերաձևավորում, և այս երկու գործընթացները սերտորեն կապված են։
Հայաստանը միշտ էլ ռուսական շահերի ազդեցության գոտում է եղել, և, մեծ հաշվով, երկրի ներքաղաքական կյանքը միշտ հայ–ռուսական հարաբերությունների ստվերային գործընթացն է եղել։
Ողջ ներքաղաքական պայքարը Հայաստանում, դիմադրությունը կամ մրցակցությունը պետք է դիտարկել հայկական ինքնիշխանության և ռուսական գերտերության շահերի միջև պայարի տեսանկյունից։
Ռուսական էլիտան երբեք չի կարողացել և չի կարող պատկերացնել Հայաստան, որն ինքնուրույն է կառուցում իր արտաքին քաղաքականությունը։ Իսկ Հայաստանում, խոստովանենք, միշտ եղել են ուժեր, որոնք առանց ջանք խնայելու ցուցադրել են Ռուսաստանի նկատմամբ իրենց հավատարմությունն ու ապացուցել, որ իրենք մնացածներից ավելի լավ կապահովեն նրա շահերը։
Նման մոտեցումը բնորոշ է այն հասարակություններին, որոնք չունեն պետական մտածողություն և ավանդույթներ։ Այսինքն՝ մարդիկ ոչ թե ձգտում են ինքնուրույն սուբյեկտ դառնալ, այլ ինչ–որ ուժեղ կենտրոն են փնտրում, որը նրանց համար գերիշխող դիրքեր (փող, իշխանություն) կապահովի ներրքաղաքական դաշտում։
Ռուսական իմպերիալիզմն ու հայկական «ես»–ը
Ժամանակները փոխվում են, և այսօր մենք հայ–ռուսական հարաբերությունների վերաձևավորման ականատես ենք դառնում։
«Թավշյա» հեղափոխությունից հետո հայկական իշխանությունները սկսել են առաջ տանել երկու պետությունների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։
Միաժամանակ կան ուժեր, որոնք մանիպուլյացիաներով փորձում են գործընթացը ներկայացնել որպես հայ–ռուսական հարաբերությունների սրացում։
Շահարկում են տարբեր հարցեր, մասնավորապես, հակակոռուպցիոն գործընթացները, որոնք տարածվել են, այդ թվում, Հայաստանում գործող ռուսական ընկերությունների վրա։ Նոր կառավարության հրաժարումը կոռուպցիոն սխեմաներից, որոնք գործում էին հեղափոխությունից առաջ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդները ներկայացնում են որպես հայկական շուկայից ռուսական ընկերությունների դուրս բերում Արևմուտքի պատվերով։
Մանիպուլյացիաների համար առիթ է դարձել նաև Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացը, որն ուզում են ցրել իշխանությունները՝ փաստարկելով դատավորական կազմի ոչ լեգիտիմությունը։ Ռուսական էլիտաները, քաղաքական և տնտեսական շրջանակները, որոնք հայ–ռուսական հարաբերությունների ձևաչափի փոփոխություն չեն ուզում, նախորդ իշխանությունների օրոք ընտրված Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնանկության թեման օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։
Հայկական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխշահավետության վրա, և սա ոչ բոլորի սրտով է։ Հայաստանի վասալային կարգավիճակը ռուսական էլիտայի ներկայացուցիչներն օգտագործում են ֆինանսական և քաղաքական նպատակներով։ Նրանք օգտվում են Հայաստանում որոշ ուժերի աջակցությունից, որոնք առաջ են քաշում գործող կառավարության «հակառուսական» լինելու մասին թեզը։
Վերջերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն ու Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը, հայտարարել է «հակառուսական տրամադրությունների» սրման մասին և ընդգծել, որ դրա հետևում կանգնած են հակապետական և հակահայկական ուժեր, իսկ ինքն անելու է ամեն ինչ՝ հակառուսական տրամադրությունների աճը կանխելու համար։
Սեփական շահերը պաշտպանելիս
Նման խաղ մեկ անգամ արդեն ձեռնարկվել է, երբ ուժերի միևնույն դասավորության պայմաններում Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանը շարժվում էր դեպի եվրաինտեգրում, իսկ «Բարգավաճ Հայաստանի» գլխավորած ոչ իշխանական բևեռն ակտիվորեն հեռացնում էր Հայաստանն այդ ճանապարհից։ Արդյունքում՝ Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից և անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, որը գործում է Ռուսաստանի առաջնորդությամբ։
Սակայն այսօր Հայաստանում իշխանւթյունը լեիգիտիմ է, հանրային մեծ աջակցություն ունի, և այս պայմաններում, երբ հին կարգերը փլվում են և ձևավորվում են նորերն, այն պետք է իր սեփական շահերն առաջ տանի։ Այս նոր իրավիճակում հայտնի չէ, թե ինչ է լինելու հենց Ռուսաստանի հետ 5 կամ 10 տարի անց, արդյոք այն ունենալու է նույն հնարավորությունները տարածաշրջանում, կկարողանա արդյոք պաշտպանական մեխանիզմներ ապահովել Հայաստանի համար։
Հայաստանը պետք է իր արտաքին քաղաքականությունն այնպես կառուցի, որ կախված չլինի միայն Ռուսաստանի աջակցությունից, հատկապես՝ այն Ռուսաստանի, որը մինչ այս հավարիմ է անցյալ դարում ստորագրված ռուս–թուրքական պայմանագրերին, որոնց հիման վրա էլ բաժանվել էին հայկական հողերը։ Այն Ռուսաստանից, որն Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք է վաճառել, ինչն էլ հանգեցրել է 2016 –ի ապրիլյան պատերազմին։
Մենք երաշխիքներ չունենք, որ վաղն այդ նույն Ռուսաստանը Թուրքիայի հետ սակարկության չի գնա մեր հաշվին, այդ պատճառով էլ ընդհանուր շահերի հիման վրա հայ–ռոսական հարաբերությունների վերաձևավորումն արդիական հարց է։
Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության կարիք ունի այնքան, որքան Ռուսաստանը՝ Հայաստանի հետ։ Հավասարազոր հարաբերությունների հեռանկարն այլընտրանք չունի երկու կողմերի համար։
Եվ այստեղ շատ կարևոր է, թե որքանով Հայաստանում և Ռուսաստանում կարող են դիմադրել ուժերին, որոնք դեմ են հարաբերությունների հավասարեցմանը։ Իսկ եթե մեր շահերը հաշվի չառնվեն, եթե մեզ հետ հաշվի չնստեն, դա կարող է բերել նրան, որ Ռուսաստանը կկորցնի Հայաստանը։