Հայաստան-ՆԱՏՕ․ ի՞նչ սպասել հատուկ ներկայացուցչի այցից
Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը հայկական կողմի համար առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ։
Հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը հոկտեմբերի 21-ին հանդիպումներ է ունեցել ոչ միայն երկրի ղեկավարի, այլև արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ։
JAMnews-ը ներկայացնում է ամփոփ տեղեկատվություն հանդիպումների մասին, ինչպես նաև քաղաքագետի կարծիք։
Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի այցը հնարավորություն կտա քննարկել Հարավային Կովկասի իրավիճակը, գնահատել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հնարավորություններն ու խնդիրները:
Ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարածաշրջանում իրադրությունը գտնվում է բավականին լարված իրավիճակում, և Հայաստանը ջանքեր է գործադրում այն լավագույնս կառավարելու համար:
Խոսելով տարածաշրջանի՝ իրենց լուծմանը սպասող խնդիրների մասին, Փաշինյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը Հայաստանի համար առաջնահերթություն է․
«Կարևոր է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը», — ասել է գործադիրի ղեկավարը։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության և հետագա համագործակցության շուրջ:
Կարևորելով Հայաստանի հետ շարունակական գործընկերությունը՝ Խավիեր Կոլոմինա Պիրիսը նշել է, որ իր այցի նպատակը տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու հեռանկարները գնահատելն է, հայ գործընկերների հետ հետագա համագործակցությունը քննարկելը։
Փաշինյանն ու Պիրիսն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
«Հյուսիսատլանտյան դաշինքը կարևորում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումն ու ամրապնդումը և պատրաստ է տարածաշրջանի երկրների հետ համագործակցությամբ նպաստել այդ խնդրի լուծմանը», — ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։
Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին՝ ընդգծելով, որ նրանց վերադարձի ապահովման խնդիրն ուղիղ անդրադառնում է տարածաշրջանային իրավիճակին: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի հասնել լուծման:
Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի հետ։ Արշակ Կարապետյանը Պիրիսին ներկայացրել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակն ու առկա սպառնալիքները։
«Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի դերակատարությունը նվազեցրել է տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը», — ընդգծել է ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարը։
Ինչպես Հայաստանի վարչապետի, այնպես էլ ԱԳ նախարարի հետ հանդիպումների ժամանակ Խավիեր Կոլոմինա Պիրիսը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններում Հայաստանի մասնակցության համար:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարևորել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը՝ որպես ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության զարգացման արդյունավետ գործիք։
«Հայաստանը համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկերը», — ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ ասել է Պիրիսը։
Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Միրզոյանը Պիրիսի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վրա։
Հայաստանի արտգործնախարարը վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։
Զրուցակիցներն արձանագրել են, որ կարևոր է պահպանել վեճերի կարգավորման նպատակով ուժ չկիրառելու սկզբունքը:
Քաղաքագետի կարծիք
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Հայաստանի վարչապետի հանդիպումներին՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասում է՝ այս այցերը հերթական անգամ ցույց են տալիս, որ «Արևմուտքն ավելացնում է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի այցը Հայաստան քաղաքագետը դիտարկում է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ակտիվացման համատեքստում:
«Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, Միացյալ Նահանգները չեն գալիս պատերազմեն այստեղ, բայց գալիս են՝ ազդելու իրավիճակի վրա, ցույց տալու համարձակությունը աջակցելու մեզ՝ Հայաստանին, տարածքային ամբողջականությունը պահպանելու և Արցախի հարցն արդար լուծելու համար», — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է քաղաքագետը։
Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ հանդիպումները փաստում են այն մասին, որ «մասամբ ակտիվություն կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում»․
«Շոշափվում է Ղարաբաղյան հարցը, ու բոլորն ընդունում են, որ այո՛, բանակցային պրոցեսը պետք է վերականգնվի, որ, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ֆիքսվի»։
Քաղաքագետն ընդգծում է, որ ԼՂ կարգավիճակի հարցի քննարկումը կարևոր է հատկապես այն ֆոնին, երբ Ադրբեջանը տարբեր հարթակներից պարբերաբար հայտարարում է, թե՝ հարցը լուծված է։