Հայաստան, կորոնավիրուս․ առաջին մահն է գրանցվել, վարակվել են դեռահասներ, զինվորականներ և բուժաշխատողներ, լրագրողների աշխատանքի սահմանափակումները մեղմացվել են
Հայաստանում կորոնավիրուսից մեկ մարդ է մահացել։ Խոսքը 72-ամյա տղամարդու մասին է, որը նաև այլ քրոնիկ հիվանդություններ ուներ։ Այս մասին հաղորդել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Մարտի 26–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 290 դեպք։ Հիվանդներից մեկի վիճակը դեռևս ծայրահեղ ծանր է։ 18 մարդ է արդեն ապաքինվել։
• Ի՞նչն է արգելված Հայաստանում արտակարգ դրության պայմաններում
• Կորոնավիրուսի համաճարակը Կովկասում․ փաստեր և թվեր տարածաշրջանի վերաբերյալ
Վարակը բանակ է հասել
Արդեն մարտի 25–ին պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հաղորդել է, որ երեք պայմանագրային զինծառայող կորոնավիրուսի թեստ է հանձնել։
Այնուհետև հաղորդագրություն է տարածվել, որ բոլոր երեքի թեստերը դրական են։
«Զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսի առկայություն: Երեք զինծառայողի հաստատված դեպքերը փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի երկու օջախների հետ․․․ Նշված զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, ինչը զգալիորեն նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկերը», — հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Վարակվածները հոսպիտալացվել են, նրանց առողջկան վիճակը բավարար է գնահատվում։ Մեկը թույլ ջերմում է, մյուս երկուսը չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ:
«Հավաստիացնում եմ, որ կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով զինծառայողներին բարձրորակ և արդյունավետ բուժօգնություն է ցուցաբերվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Միաժամանակ պարզված է զինծառայողների շփումների ամբողջ շրջանակը։ Սերտ շփում ունեցածներն ու հավանական կոնտակտավորները մեկուսացված են նախապես նախորոշված առանձնացված տարածքներում», — հաղորդել է պաշտպանության նախարարը։
Վարակի առկայության թեստավորման նպատակով այդ զորամասի ևս 32 զինծառայող թեսթավորվել է:
Հիվանդների թվում երեխաներ կան
Մարտի 26–ին մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարը հաղորդել է, որ կորոնավիրուսով վարակվածների թվում դպրոցականներ կան․
«Նրանք իրենց լավ են զգում, գրեթե ոչ մի ախտանիշ չունեն։ Կարելի է ասել, որ նրանց մոտ թեթև ստադիա է, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։
Թե հստակ որքան երեխա է կորոնավիրուսով հիվանդ, նախարարը չկարողացավ հաղորդել։ Սակայն կրկին կոչ արեց անկախ տարիքից պահպանել անվտանգության կանոնները՝ չհիվանդանալու և այլոց վարակման պատճառ չդառնալու համար․
«Այդ պահվածքը պետք է գերակայող լինի, գոնե այս փուլում, քանի դեռ չի հայտնաբերվել վարակից ամբողջությամբ բուժող միջոց»։
Լրագրողների աշխատանքի սահմանափակումների մեղմացում
Հայաստանում արտակարգ դրության հայտարարման պահից՝ մարտի 16–ից, ներդրվել էին նաև լրատվամիջոցների հրապարակումներին վերաբերող սահմանափակումներ։ Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակի մասին թույլատրվում էր հրապարակել միայն պաշտոնական տեղեկություններ։ Կառավարությունում դա բացատրում էին հիվանդների նկատմամբ ագրեսիայից և բնակչության շրջանում խուճապից խուսափելու անհրաժեշտությամբ։
Այդ որոշումն արժանացավ լրագրողների և խմբագիրների կոշտ քննադատությանը, քանի որ հստակ սահմանում, թե որ հաղորդագրությունն է խուճապ առաջացնելու, որը՝ ոչ, չէր տրամադրվել։
Լրագրողական կազմակերպությունների պայքարը որոշակի արդյունքներ տվեց։ Մարտի 25-ից լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումները մեղմվեցին, նրանք գործողությունների ազատություն ստացան արտակարգ դրության շրջանակում։
Այժմ պետք է հետևյալ պահանջներին հետևել․
- Կորոնավիրուսի մասին հրապարակումներում, որոնք արտատպվել են արտասահմանյան աղբյուրներից, անհրաժեշտ է վերնագրում նշել երկիրը, որի մասին գնում է խոսքը։
- Եթե նյութում խոսքը նրանց մասին է, ովքեր մեկուսացման կամ ինքնամեկուսացման մեջ են, վարակակիրների և հակահամաճարակային միջոցների մասին, ապա անհրաժեշտ է հղում տալ պարետատան տեղեկություններին, դրանք տրամադրել ամբողջությամբ և առանց խմբագրման։
- Պարետատան կողմից որևէ տեղեկության հերքման դեպքում այն պետք է հրապարակվի ոչ ուշ, քան այն ստանալուց երկու ժամվա հետո։
- Խախտումների համար 100-300 հազար դրամ տուգանք է նախատեսվում։
- Արգելված տեղեկությունները հեռացնելու պահանջը չկատարելու համար տուգանքը կկազմի 500 հազարից 1 մլն դրամ՝ նվազագույն աշխատավարձի 500-1000–պատիկի չափով։