Հայաստան-Թուրքիա՝ սահմանը փակ կմնա. Երևանը չեղարկեց հայ-թուրքական արձանագրությունները
Պաշտոնական Երևանը չեղարկել է հայ-թուրքական արձանագրությունները, որոնք նպատակ ունեին կարգավորել երկու երկրների հարաբերությունները:
2009թ.-ին ստորագրված այս արձանագրությունները, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բնոշմամբ, «սին են», անարդյունավետ, ուստի ժամանակն էր դրանցից հրաժարվել:
«Երբ ես նախաձեռնեցի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն առանց նախապայմանի կարգավորելու գործընթացը, առաջնորդվում էի տարածաշրջանում ապահով և համերաշխ ապագա կերտելու տեսլականով: Հայաստանն արեց հնարավորը՝ մեր Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության հարաբերությունները կարգավորելու բեռը գալիք սերունդներին չթողնելու համար:
Սակայն արձանագրությունների ստորագրումից հետո անցած 9 տարիների ընթացքում Անկարան, վերադառնալով իր անհիմն նախապայմաններին, ոչ միայն որևէ քայլ չարեց արձանագրությունները վավերացնելու և ուժի մեջ մտնելու համար, այլև որևէ կասկած չթողեց, որ նա չի պատրաստվում այդ գործընթացը իրականացնել», — ասել է Սերժ Սարգսյանը:
Թուրքիան երկու նախապայման էր առաջ քաշել՝
- Հայաստանը պետք է դադարի պահանջել Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից: Այս նախապայմանը առաջ էր քաշվել դեռ նախքան արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում:
- Հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել, երբ կլուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Սա Թուրքիայի կողմից Ադրբեջանի շահերի պաշտպանության փորձ էր և առաջ քաշվեց ստորագրումից հետո:
Հայաստանին պարտադրեցին ստորագրել արձանագրությունները, չնայած Թուրքիայի կողմից հնչեցված առաջին նախապայմանին: Բայց երբ ստորագրումից հետո հնչեց երկրորդ նախապայմանը, արձանագրություների վավերացումը մտավ փակուղի: Ինչպես նշում են Հայաստանի փորձագետները, այն երբևէ չի կարող բավարարվել, և այս իրավիճակում, Հայաստանը չուներ այլընտրանք, քան դադարեցնել արձանագրությունների կնքման ընթացակարգը:
«Չի կարելի այս արձանագրությունները հավերժ թողնել Թուրքիայի նախագահի, Թուրքիայի խորհրդարանի դարակում: Ամեն դեպքում Հայաստանը այս գործընթացից շահեց այն, որ միջազգային հանրությանը ցույց տրվեց, թե Թուրքիան իր խոսքի տերը չէ, հրաժարվում է կատարել իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները»,- ասել է Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:
Վերլուծաբանների որոշ շրջանակ էլ վստահ է, թե այս գործընթացը պետք չէր նախաձեռնել, որովհետև իսկզբանե պարզ էր՝ այն չի կարող ունենալ հաջողություն:
«Այս արձանագրություններն ընդհանրապես չպետք է նախաձեռնվեին: Դրանք միայն վնասեցին Հայաստանին, ծառայեցին Թուրքիայի շահերին և Հայաստանի դեմ ևս մեկ միջազգային փաստաթուղթ թողեցին արխիվում: Եթե դիվանագիտական պարտությամբ հաղթանակ են տանում` դա արդեն շատ հետաքրքրական և նորարար մի դրույթ է, որին հաստատ միայն Երևանում են հավատում: Եթե հայ-թուրքական արձանագրությունների հոգևոր մի քանի հայրերը պատմություն իմանային` կիմանային, որ Թուրքիան միայն մի սկզբունք է հարգում. որևէ պայմանագիր չհարգելու սկզբունքը»,— ասել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
Արձանագրությունների ստորագրման և չեղարկման նախապատմությունը
2008թ.-ի սեպտեմբերի 6-ին Հայաստանի ու Թուրքիայի պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն․ Հայաստան ժամանեց Թուրքիայի այդ տարիների նախագահ Աբդուլլահ Գյուլը: Հայաստանի նախագահի հետ նրանք դիտեցին երկու երկրների ֆուտբոլային հավաքականների խաղը: Եվ այս այցելությամբ սկսվեց «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը ստացած գործընթացը:
Դրանից մեկ տարի անց փաստաթղթերը ստորագրվեցին, ինչից հետո դրանք ուղղարկվել են Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններ՝ վավերացման:
2009 թ.-ի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան արձանագրությունները չի վավերացնի՝ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման։ Թուրքիայի խորհրդարանում փաստաթղթերի վավերացման գործընթացը սառեցվեց:
Հայկական կողմն ի պատասխան հայտարարեց, որ արձանագրությունները պետք է վավերացվեին առանց նախապայմանների, և 2010թ.-ի ապրիլի 22-ին որոշում կայացվեց արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնել: Հինգ տարի անց փետրվարի 16-ին ՀՀ նախագահը հետ է կանչել Հայաստան—Թուրքիա արձանագրությունները Ազգային ժողովից:
Սերժ Սարգսյանն այս կապակցությամբ նամակ էր հղել Հայաստանի խորհրդարանի ղեկավարին, որի մեջ ասվում է.
«Հայաստան—Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը»:
Հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին Սերժ Սարգսյանը խոսել է անցած տարի՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում: Նա մասնավորապես ասել է.
«Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար:
Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանն այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»: