Նա այն երեխան չէ, ում մասին երազել են․ Հայաստանում ծնողները հրաժարվում են հաշմանդամություն ունեցող երեխաներից
Հայաստանում ծնողները երեխայից կարող են հրաժարվել, եթե նա առողջական խնդիրներով է ծնվել։ Պարզվում է, հաճախ հենց բուժաշխատողներն են նրանց դրդում այդ քայլին։
2020 թվականի հունիսին Ազգային ժողովը լրացում է կատարել քրեական օրենսգրքում, ըստ որի երեխայից հրաժարվելուն դրդելն այլևս քրեական հանցագործություն կհամարվի։ Երկրում նաև ծրագրեր են իրականացվում հաշմանդամություն ունեցող երեխաներին ընտանիքում պահելու և նրանց ծնողներին աջակցելու նպատակով։
Ի՞նչն է ստիպում ծնողներին հրաժարվել իրենց երեխաներից, ո՞վ և ինչպե՞ս է օգնում նրանց պահպանել ընտանիքը։
● Հայաստանում ապօրինի որդեգրումների հետքերով. առասպելներն ու իրականությունը
● Երկար սպասված երեխա՝ ուրիշի համար։ Փոխնակ մայրությունը Հայաստանում
Նամակներ, որոնք անպատասխան են մնում
«Ես Անին եմ (անունը փոխված է), 17 տարեկան: Ծնողներիս երկրորդ երեխան: Ինձանից առաջ նրանք ևս մեկ աղջիկ են ունեցել, որը ծնվել է գայլի երախով և նապաստակի շրթունքով: Հիվանդանոցում ծնողներիս ասել են, որ երեխան չի ապրի: Բարեկամ-հարազատներն էլ խորհուրդ են տվել հրաժարվել երեխայից:
Չգիտեմ՝ ինչ է կատարվել ծնողներիս հետ այդ ժամանակ, բայց նրանք թողել են քրոջս հիվանդանոցում։ Տարիներ շարունակ հավատացած են եղել, որ երեխան ծնվելուց կարճ ժամանակ անց մահացել է: Վեց տարի հետո ծնողներիս զանգել են մանկատնից: Պարզվել է՝ քույրս ողջ է, և նրան պատրաստվում են որդեգրել, սակայն դրա համար իրենք պետք է հրաժարվեն ծնողական իրավունքներից:
Հայրս գնացել է մանկատուն, այնտեղ նրան համոզել են հրաժարվել երեխայից, ասել, որ արտասահմանցի որդեգրողները կկարողանան վիրահատել երեխային, լիարժեք կյանք տալ, մինչդեռ Հայաստանում նրան խարանելու են:
Մի քանի տարի առաջ հայրս մահացավ կաթվածից՝ այդպես էլ ինքն իրեն չներելով:
Այսօր մնացել ենք ես և մայրս, ով քաղցկեղ ունի: Ես ընդամենը ուզում եմ գտնել քրոջս, թեթևացնել մորս տառապանքը, ուզում եմ, որ նա իմանա՝ ես և քույրս մենակ չենք մնա այս աշխարհում: Օգնեք գտնել քրոջս, օգնեք մահացող մորս իմանալ իր երեխայի ճակատագրի մասին»:
Այսպիսի հարյուրավոր նամակներ՝ տարբեր գերատեսչություններ, անպատասխան են մնում: Այս երեխաների մեծ մասն արդեն նոր ընտանիքներ ունեն, նոր անուններ, ազգանուններ, նոր կյանքեր: Նրանց մասին տեղեկությունները գաղտնի են՝ ըստ օրենքի: Եվ ընտանիքները, որոնց ճակատագրերը խեղվել են ոմանց «խորհուրդ-հորդորներով», միավորվելու շանս չունեն, կամ էլ այն չնչին է:
Ինչո՞ւ են մարդիկ հրաժարվում երեխաներից
Հայաստանում երեխաներից հիմնականում հրաժարվում են երկու պատճառով։ Դրանք են երեխայի առողջական խնդիրները և ընտանիքի սոցիալական ծանր կացությունը: Սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված՝ ծնողները, սովորաբար, երեխաներին թողնում մանկատներում, սակայն չեն հրաժարվում նրանցից: Ոմանք պարբերաբար այցելում են նրանց, պահում են կապը: Առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում, որպես կանոն, ծնողները հրաժարվում են միանգամից՝ երեխայի ծննդյան հաջորդող օրերին:
Հոգեբանների կարծիքով՝ երեխայից հրաժարվելու գործում որոշիչը առաջին մի քանի օրերն են, երբ ծնողների մոտ հուզական ծանր վիճակ է, ապագայի նկատմամբ անորոշություն, երբ նրանք գիտակցում են, որ երեխայի հետ կապված իրենց սպասելիքները չեն արդարացել, երբ պարզվում է, որ երեխան իրենց երազածը չէ:
Երեխայից հրաժարվելու որոշում կայացնելիս մեծ է նաև հարազատների, բարեկամների ազդեցությունը: Բայց ամենալուրջ գործոնը վախն է՝ հասարակական կարծրատիպերից և իրենց առջև ծառացած նոր, դեռևս անհայտ իրողություններից:
Հայաստանում կա 5 պետական մանկատուն, դրանցից 2-ը հատուկ տիպի են՝ նախատեսված առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Հինգ մանկատներում խնամվում է ընդհանուր առմամբ շուրջ 600 երեխա, նրանցից ավելի քան 70 %-ը կա՛մ առողջական խնդիր ունի, կա՛մ հաշմանդամություն:
Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգի տվյալներով, 2015 թ-ին ծնողները հրաժարվել են առողջական խնդիր ունեցող 66 նորածին երեխաներից, 2016 թ.-ին՝ 50-ից, 2017 թ.-ին՝ 49-ից, 2018 թ.-ին՝ 33-ից և 2019 թ.-ին 34 փոքրիկներից:
Նույն տեղեկատվական համակարգի տվյալներով՝ առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաների Հայաստանում գրեթե երբեք չեն որդեգրում:
Երբ պետության փոխարեն գործում են կանայք
2014 թ.-ին Հայաստանը ցնցեց մի երեխայի ծննդյան պատմություն: Փոքրիկը ծնվել էր առանց երկու ձեռքերի և մեկ ոտքի: Ծնողները հրաժարվել էին նրանից: Այս անանուն փոքրիկը շատ արագ դարձավ բոլորի հարազատը, հուզեց բոլորին:
Լրատվամիջոցները հայտնեցին, որ նա մնացել է ծննդատանը և չունի ոչինչ՝ ո՛չ ծնող, ո՛չ հագուստ, ո՛չ սնունդ:
Մարինե Ադուլյանը շատ լավ է հիշում ռեպորտաժը, որի ժամանակ տեսավ փոքրիկին՝ կապտած, ճչացող: Հաջորդ օրը շտապեց հիվանդանոց՝ նրա մոտ: Այս պատմության շուրջ ձևավորվեց կամավոր կանանց մի խումբ, որը հետագայում դարձավ «Բարի մամա» բարեգործական կազմակերպության կորիզը։
«Երեխան արդեն մանկատանն էր, պատրաստվում էինք նշել նրա մեկամյակը, երբ ես անանուն հաղորդագրություն ստացա, որում նշված էր փոքրիկի ծնողների հեռախոսահամարը: Ես միանգամից զանգահարեցի: Պարզվեց՝ ընտանիքը ծանր հոգեբանական վիճակում է, նույնիսկ մտածում էին բաժանվելու մասին: Մորն ասել էին, թե երեխան մահացել է: Այն մասին, որ երեխան ողջ է, իմացել էր միայն մեր «Բարի մամայի» համար նկարված պաստառներից:
Ծնողների հետ աշխատանքը երկար տևեց: Դա միշտ շատ բարդ է: Ի վերջո, մեկ տարի անց փոքրիկը վերադարձավ ընտանիք», — պատմում է «Բարի մամա» բարեգործական կազմակերպության նախագահ Մարինե Ադուլյանը։
Այս երեխան դարձավ առաջինը այն 150 փոքրիկներից, որոնց մուտքը մանկատներ հաջողվեց կանխել:
Գործունեության առաջին մեկ տարին ուղղակի այցելում էին մանկատներ, հիվանդանոցներ, գտնում լքված երեխաների, խնդրի առաջ կանգնած ծնողների, փորձում ապահովել անհրաժեշտ պարագաներով, խոսել նրանց հետ, բացատրել, որ երեխան ամենից շատ հենց իրենց կարիքն ունի։
«Երեխայից հրաժարվելը սարսափելի բարդ որոշում է: Կարևոր է, որ ծնողները՝ բախվելով այդ խնդրին, իրենց միայնակ չզգան, չվախենան դժվարություններից: Շրջապատը, հարազատները հոգատարություն պետք է ցուցաբերեն: Մինչդեռ, մենք բոլորովին այլ պատկեր էինք տեսնում։
Հատկապես բուժհաստատություններում համոզում են ծնողներին թողնել երեխաներին, նոր կյանք սկսել: «Սա մարդ չի դառնա», «Ջահել եք, նոր երեխաներ կունենաք», «Բույս է, երեխա չէ»: Նման արտահայտություններ են լսում առողջական խնդրով ծնված երեխաների ծնողները: Իսկ դժոխքը միայն երեխայից հրաժարվելով չի ավարտվում։ Ծնողները շատ երկար ժամանակ սթրեսներ են ունենում, չեն քնում, մղձավանջներ են ունենում, շատ ընտանիքներ դրանից հետո ուղղակի քայքայվում են», — պատմում է Մարինեն:
Այժմ «Բարի մաման» գործում է ավելի վստահ՝ ունենալով նաև պետության աջակցությունը: Երկու տարի առաջ մեկնարկեց համատեղ «Բարի տնակ» ծրագիրը։ Այն կացարան է ապահովում այն ծնողների համար, որոնք կանգնում են ընտրության առաջ՝ կա՛մ երեխան, կա՛մ ընտանիքը, և ընտրում են իրենց փոքրիկին։
«Մեր տնակում ծնողներն իրենց բալիկների հետ կարող են ապրել 6-12 ամիս, սակայն, բարեբախտաբար, 6 ամիս գրեթե ոչ ոք մեզ մոտ չի մնում: Երբ ընտանիքը հասկանում է, որ մայրը երեխայից չի հրաժարվելու, նաև մեր հետևողական աշխատանքի շնորհիվ, ի վերջո, ընդունում է փոքրիկին», — ասում է Մարինեն:
Շուտով նախատեսում են «Բարի տնակում» ընդունել նաև մանկատների՝ հաշմանդամություն ունեցող շրջանավարտներին, որոնց կօգնեն ոտքի կանգնել, մասնագիտություն ձեռք բերել, աշխատանք գտնել, ինքնուրույն ապրել:
Կանխելը հեշտ է
2019 թ.-ի ապրիլից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Առողջապահության նախարարության և «Բարի մամա» կազմակերպության միջև ստորագրված հուշագրի շրջանակներում մեկնարկեց հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելու ծրագիրը։ Դրան աջակցում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։ 2019 թ.-ին ծրագրի շրջանակներում կանխվել է 28 երեխայի մուտքը հաստատություններ։
2020 թ.-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն 4 հասարակական կազմակերպությունների է պատվիրակվել հաստատություններում գտնվող երեխաներին ընտանիք վերադարձնելու և նոր երեխաների մուտքը կանխարգելելու դրամաշնորհային ծրագիրը: Արդյունքում, 565 երեխաների ընտանիքների տրամադրվել են սննդի փաթեթներ, հիգիենայի պարագաներ, հագուստ, կոշիկներ, դպրոցական պարագաներ, կոմունալ վարձերի մասնակի փոխհատուցում, անհրաժեշտության դեպքում՝ թերապիաներ և խորհրդատվություն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը համոզված է՝ երեխաների մուտքը հաստատություններ կանխելն ավելի հեշտ է, քան հետո նրանց ընտանիք վերադարձնելը.
«Երեխան պետք է ապրի ընտանիքում, իսկ պետությունը պետք է աջակցի ընտանիքներին, որոնք հայտնվել են ծանր վիճակում: Առողջական խնդիրը կամ հաշմանդամությունը չպետք է երեխայից հրաժարվելու պատճառ դառնա Հայաստանի նման երկրում, որտեղ այսքան ամուր է ընտանիքի գաղափարը, որտեղ դեռ պահպանվում են սոցիալական կապերը: Ընտանիքների հետ աշխատանքի շնորհիվ կարող ենք լուրջ արդյունքներ ունենալ: Մարդիկ պետք է զգան պետության աջակցությունը՝ ծառայությունների մատչելիության, հասանելիության, հնարավորությունների ստեղծման տեսքով»:
Նրա խոսքով՝ այս ողջ գործընթացում ամենակարևոր քայլերից էր Ազգային ժողովի ընդունած լրացումը քրեական օրենսգրքում, ըստ որի ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում։
Առավել խիստ պատժամիջոցներ են սահմանված այն դեպքերում, երբ նույն արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ սպառնալիքով։
«Սա մեծ ծրագրի միայն առաջին քայլն է, որը սկսվում է ծննդատնից և շարունակվում մինչև ծնողների զբաղվածության ծրագրեր, ժամանակավոր կացարանի կազմակերպում, հոգեբանի կամ սոցիալական աշխատողի միջոցով աջակցություն։ Այդ աշխատանքների արդյունքում, նախնական գնահատմամբ, մինչև մեկ տարեկան երեխաների նկատմամբ ծնողական պարտավորություններից հրաժարվելը կտրուկ նվազել է նախորդ տարիների համեմատ։ 2020-ին առողջական խնդրով երեխայից հրաժարվելու ընդամենը մեկ դեպք է եղել։ Բայց իմ երազած երկրում այս թիվը 0-ն է», — ասում է նախարարը: