Երկու տարի՝ դատական ռեֆորմի սպասումով․ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում այն իրականացնել
Անկախ դատական համակարգ, արդար և ազնիվ դատարաններ․ 2018 թ–ի ապրիլին այդ կարգախոսները կարևոր տեղ էին զբաղեցնում Երևանի հրապարակներում հեղափոխական ակտիվիստների ելույթներում։
Երկրում իշխանափոխությունը զգալի փոփոխություններ էր նախատեսում դատական համակարգում, որը ոչ միայն ընդդիմության պնդմամբ, այլև միջազգային կառույցների գնահատականներով անկախ չէր և հաճախ «վերևների պատվերներն» էր կատարում։
Սակայն «թավշյա» հեղափոխությունից հետո երկու տարի է անցել, իսկ Հայաստանը դեռ դատական բարեփոխումների է սպասում։ Մինչև հիմա վերջնականապես լուծված չէ նաև Սահմանադրական դատարանի հարցը՝ չնայած այն բանին, որ խորհդարանն արդեն փոփոխություններ է կատարել հիմնական օրենքում հենց այդ նպատակով։
● Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը՝ որպես քրեական գործով մեղադրյալ
● Հայաստանի նախագահն առաջարկել է ընդլայնել իր լիազորությունները
Արդյո՞ք լուծվել է սահմանադրական ճգնաժամը
Որքան էլ պարադոքսալ լինի, քաղաքական պայքարը հետհեղափոխական Հայաստանում ծավալվում է ոչ քաղաքական կառույցի՝ Սահմանադրական դատարանի շուրջ։
Իշխող ուժը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կարծում է, որ ՍԴ ղեկավար Հրայր Թովմասյանը նախորդ իշխանության ներկայացուցիչ է և հետհեղափոխական Հայաստանում արդար որոշումներ կայացնել ունակ չէ։ Բացի այդ, նոր իշխանությունները կարծում են, որ նա «բռնազավթել է» իր պաշտոնը։
Բանն այն է, որ հենց Թովմասյանն է 2015 թ–ին Սահմաանդրությունում կատարած փոփոխությունների հեղինակը։ Դրանք վերաբերում են նաև դատարանի ղեկավարի ընտրության կարգին։ Ըստ փոփոխությունների՝ ՍԴ նախագահի լիազորությունների 6-ամյա ժամկետ էր սահմանվել։ Սակայն Հրայր Թովասյանն ընտրվել էր սահմանադրական փոփոխություններից ընդամենը մի քանի օր առաջ, ինչը նրան հնարավորություն էր տալիս պաշտոնավարել մինչև 2035 թ–ը։
Նման բան թույլ չտալու և Սահմանադրական դատարանի կազմը փոխելու համար իշխող ուժը սկզբից որոշեց հանրաքվե անցկացնել։ Երկրի բնակիչները պետք է պատասխանեին այն հարցին, թե արդյոք համաձայն են Հրայր Թովմասյանի և ևս 6 դատավորների լիազորությունների դադարեցմանը։ Սակայն երկրում քարոզարշավի մեկնարկին զուգահեռ գրանցվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Իսկ արտակարգ դրություն սահմանելուց հետո հանրաքվեի անցկացումը պարզապես չեղարկվեց։
Սակայն համավարակը չի ազդել Սահմանադրական դատարանի հարցը լուծելու իշխանությունների մտադրության վրա։ Իշխող կուսակցության պատգամավորները սահմանադրական փոփոխությունների մասին օրինագիծ են մշակել, որն ընդունել է խորհրդարանը։ Արդյունքում՝ երեք դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են ավելի քան 12 տարի, դադարեցվել են։ Իսկ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կորցրել է իր ղեկավար պաշտոնը, թեև պահպանել է դրա անդամը լինելու իրավունքը։
Այն հարցին, թե արդյոք այժմ լուծվել է բարձրագույն դատական ատյանի շուրջ ճգնաժամը, տարբեր քաղաքական ուժեր տարբեր կերպ են պատասխանում։
Իշխող «Իմ քայլը» դաշինքը վստահ է, որ այդպիսով հաջողվել է կատարել Սահմանադրական դատարանը «մաքրելու» նախընտրական խոստումը։ Խորհրդարանական ընդդիմությունը կարծում է, որ ճգնաժամը միայն խորացել է, և իշխանությունները միայն ձևացնում են, թե խնդիրը լուծվել է։ Արտախորհրդարանային ընդդիմությունն էլ ընդհանրապես իշխանություններին մեղադրում է սահմանադրության խախտման մեջ։
«Մենք կարողացանք լուծել ՍԴ շուրջ ճգնաժամը, որովհետև հիմա չկա դատավոր, որն աշխատել է 12 տարուց ավելի։ Մենք հավասար պայմաններ ենք ստեղծել բոլորի համար։ Եվ հիմա մենք ունենք դատարան, որը լեգիտիմ է», — կարծում է «Իմ քայլն» իշխող խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։
Հասկանալու համար, թե արդյոք լուծվել է ՍԴ շուրջ ճգնաժամը, պետք է սկզբից որոշել, թե ինչ էր իշխանությունը ենթադրում ճգնաժամ ասելիս, հայտարարում է ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը․
«Դատավորների մեծ մասը, որոնք ընտրվել էին հին Սահմանադրությամբ, շարունակում են պաշտոնավարել։ Հրայր Թովմասյանը, որը խնդրահարույց ֆիգուր էր իշխանության համար, մնում է ՍԴ–ում։ Նախապես հայտարարված նպատակներից ոչ մեկն իրագործված չէ։ Այս տարբերակը միայն արդարանալու համար է։ Խոստացվել էր լուծել խնդիրը։ Մի քանի անհաջող փորձեր կատարվեցին։ Դեմքը պահպանելու համար այսպիսի տարբերակ ընտրեցին»։
Հայաստանում այժմ նոր Սահմանադրություն է մշակվում։ Այդ նպատակով հատուկ հանձնաժողով է ստեղծվել։ Հենց այն էլ կարող էր խնդրի հիմնարար լուծում առաջարկել, կարծում է Տարոն Սիմոնյանը։
Ո՞ւմ է բաժին ընկնելու ՍԴ–ն
Սահմանադրական դատարանը երկար տարիներ խնդրահարույց կառույց էր համարվում, նախևառաջ, ընտրությունների համատեքստում։ Դրանց արդյունքները բացմիզս վիճարկվել են այդ դատարանում, սակայն միշտ լեգիտիմ են ճանաչվել։ Որովհետև ընդունված էր համարել, որ ՍԴ–ն ծառայում է իշխանությունների շահերին։ Կարո՞ղ է արդյոք հիմա կրկնվել այդ իրավիճակը։ Ընդդիմադիր գործիչ Տարոն Սիմոնյանը չի բացառում այդ հնարավորությունը․
«Ես հեռու եմ այն մտքից, որ, մարդկանց փոխելով, համակարգ ենք փոխում։ Միայն համակարգային փոփոխությունները կարող են բերել նրան, որ դատարանը սկսի կատարել ժողովրդի կամքն ու անաչառ դատավարություն իրականացի»։
Սահմանադրական դատարանը չի կարող ներկայիս իշխանության «ծառան» լինել, վստահ է իշխող քաղաքական ուժի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը։ Եվ դրա երաշխիքն այն փաստն է, որ դատարանի ներկայիս կազմի մեծ մասը ձևավորվել է նախորդ իշխանությունների օրոք։
«Վերջինն ընտրվել է դատավոր Վահե Գրիգորյանը։ Նրա թեկնածությունն առաջադրել է հանրապետության նախագահը, որին նշանակել է Սերժ Սարգսյանը [Հայաստանի նախկին նախագահ]։ Այս իրավիճակում ասելը, թե ՍԴ–ն կարող է իշխանության «ծառան» լինել, ավելորդ է», — ասում է քաղաքական գործիչը։
Մինչ իշխանության և ընդդդիմության միջև ՍԴ կազմի փոփոխման շուրջ քննարկումներ են գնում, պաշտոնազուրկ դատավորները վիճարկում են խորհրդարանի որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Նրանք հույս ունեին պաշտոնավարել համենայնդեպս, մինչև ՄԻԵԴ–ը կավարտեր իրենց բողոքի քննությունը։ Սակայն եվրոպական դատարանը մերժել է հայցվորների դիմումի այս պահանջը։
ՄԻԵԴ–ի հայտարարության մեջ ասվում է, որ այդ միջանկյալ միջոցի կիրառումն ավելորդ է, քանի որ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որևէ առանցքային իրավունքի անդառնալի վնաս հասցնելու վտանգ չկա»։ Միաժամանակ եվրոպացի դատավորները շարունակում են հայցը քննել, և վերջնական որոշում դեռ չկա։
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կարծում են, որ միջանկյալ միջոցի մերժումը չի կարող կանխորոշել ողջ գործի ելքը։ Չի բացառվում, որ ՄԻԵԴ–ը Հայաստանի դեմ որոշում կայացնի։
Ինչո՞ւ հեղափոխությունը չի տարածվել դատական համակարգի վրա
Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակն արտահայտում է ընդհանուր առմամբ դատական համակարգի պատկերը Հայաստանում։ Հեղափոխությունից հետո իշխանությունները բազմիցս հայտարարել են դատական բարեփոխում իրականացնելու և «կոռումպացված դատավորներից ազատվելու» մտադրության մասին։
Եվ այն, որ հեղափոխությունից երկու տարի անց դատական համակարգում զգալի փոփոխություններ չկան, հասկանում են նաև իշխանությունները։ Դատական բարեփոխումը նախապատրաստվում է։ Սակայն դրա անցկացման համար ժամանակ է պետք, ասում է պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը․
«Ներկա պահին մենք նոր կադրեր ենք նախապատրաստում, որպեսզի նրանք փոխարինեն արատավոր դատական համակարգը, որը ձևավորվել է նախորդ իշխանությունների ժամանակ։ Նախկինում դատավորներին նշանակում էին «խնամի–բարեկամ» սկզբունքով, հաշվի առնում նրանց քաղաքական նախընտրությունները։ Եվ նրանք չէին կարողանում, այժմ էլ չեն կարողանում անաչառ և արդար վճիռներ կայացնել։
Մեզ բավականաչափ թվով դատավորներ են պետք, որոնք կփոխարինեն ներկայիս դատավորներին։ Եթե ուզում եք մի բանից ազատվել, պետք է վստահ լինեք, որ փոխարինող ունեք։ Մենք գնացել ենք նոր կադրեր պատրաստելու ճանապարհով։ Միայն հետո հնարավորություն կլինի հին կադրերը նորերով փոխարինել», — ասում է Նիկոլայ Բաղդասարյանը։
Իսկ ընդդիմադիր պատգամավոր Տարոն Սիմոնյանը կարծում է, որ անաչառ դատավորներ եղել են հեղափոխությունից առաջ ևս, կան նաև դրանից հետո։ Ինչ վերաբերում է վերևից դատական համակարգի վրա ճնշմանն, ապա այն ուժեղ էր հեղափոխությունից առաջ, սակայն իրավիճակը հիմա էլ չի փոխվել․
«Որոշ դատավորներ ձգտում էին «վերևից կարծիք» ստանալ։ Այդպիսի ատավորներ հիմա էլ կան։ Դրանք նույն դատավորներն են»։
Ինչո՞ւ իշխանությունները վրաժարվեցին վեթինգից
Դատական բարեփոխման անցկացման հիմնական գործիքներ էին ի սկզբանե հայտարարվում անցումային արդարադատությունն ու վեթինգը։ Այդ մեխանիզմները պետք է օգնեին ազատվել բոլոր այն դատավորներից, որոնք «պիտանելիության քննությունը» չէին անցնի։
Սակայն, արդյունքում, իշխանությունները հրաժարվեցին դատավորների վեթինգ անցկացնելու մտադրությունից և ընտրեցին նրանց «բարեվարքության» ստուգման ավելի մեղմ տարբերակ։ Այն ենթադրում է դատավորների և նրանց հարազատների եկամուտների հայտարարագրերի վերլուծություն, էթիկական նորմերի պահպանման ստուգում։ Հանձնաժողով կստեղծվի նաև, որը կստուգի դատավորների կայացրած վճիռների հիմնավորվածությունը։
«Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները սկզբից հայտարարություն են անում, հետո նոր մտածում բարեփոխումների իրականացման մեխանիզմների մասին։ Վեթինգի մասին սկսել են խոսել դեռ 2018 թ–ին։ Այն ենթադրում էր դատավորների զգալի մասից հրաժարում։ Այնուհետև իշխանությունները հասկացան, որ դրա համար պետք է փոխել սահմանադրությունը։ Լսեցին եվրոպացի գործընկերների կարծիքը, որոնք ասացին, որ մեր դատարաններն այնպիսի աղետալի վիճակում չեն, որ վեթինգ անցկացվի։ Այդ պատճառով էլ իշխանությունները հրաժարվեցին այդ գաղափարից», — կարծում է ընդդիմադիր գործիչ Տարոն Սիմոնյանը։