«Ադրբեջանը պատերազմի վերսկսման պատճառ է փնտրում»․ քաղաքագետ
Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմի հավանականությունը
Լաչինի միջանցքի փակմանը զուգահեռ Հայաստանում ակտիվորեն քննարկում են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Կեսգիշերն անց ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Վերջին օրերին պաշտոնական Բաքուն պարբերաբար Երևանին է մեղադրում սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ։ Հայկական կողմը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունները։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի կարծիքով՝ Բաքուն փնտրում է լայնածավալ պատերազմը վերսկսելու պատճառ, փորձում է ցույց տալ, թե իրենք «Հայաստանի կողմից ագրեսիայի են ենթարկվել, ի պատասխան գնացել են այդ քայլին»։
Սահմանային իրադրության մասին, ինչպես նաև փորձագիտական կարծիք
Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Կուտականի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
«Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- հայտարարել է նախարարությունը։
Ադրբեջանական կողմի կրակոցների վերաբերյալ Երևանը հաղորդագրություն էր տարածել նաև օրեր առաջ՝ դեկտեմբերի 15-ին։ ՊՆ փոխանցմամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել Նորաբակի [Գեղարքունիքի մարզ] և Սրաշենի [Սյունիքի մարզ] ուղղություններով։ Մարդկային կորուստներ չէին գրանցվել։
Այս ֆոնին պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե հայկական կողմն է կրակ բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Սահմանագոտու արևելյան, հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան ուղղությունները մատնանշելով՝ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նախորդ շաբաթ նման բովանդակությամբ հաղորդագրություններ էր հրապարակում գրեթե ամենօրյա պարբերականությամբ։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ Լաչինի միջանցքում և հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի ձեռնարկած «ջղաձիգ գործողություններն» ուղղված են լայնածավալ պատերազմի վերսկսման համար անհրաժեշտ «հիմքերի, պատճառների փնտրտուքին»։
«Ամենահարմար պատճառն այն է, թե՝ նրանք ենթարկվել են Հայաստանի կողմից ագրեսիայի, ի պատասխան են գնացել այդ քայլին։ Տեսնում ենք, որ չեն կարողանում ստեղծել այդ շղարշը»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Սիմոնյանը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում ԼՂ-ի ֆոնին, ուղիղ կապ ունի Հայաստանի անվտանգային համակարգի հետ․
«Լաչինի միջանցքի փակումը կարելի է դիտարկել որպես Հայաստանի դեմ մղվող պրոքսի պատերազմ, շանտաժի լեզվով խոսելու և ցեղասպան քաղաքականություն իրականացնելու փորձ»։
Սիմոնյանի խոսքով՝ պատերազմն ավարտված չէ, դրա «տաք շրջափուլը» 2020 թվականի նոյեմբերից հետո առկախվել էր, այս տարվա սեպտեմբերին ուզում էր մեկնարկել, Արևմուտքի կոշտ միջամտությամբ նորից առկախվեց։
«Հարցն արդեն տեղափոխվել է հիբրիդային պատերազմի տիրույթ։ Փորձելու են շանտաժի, ահաբեկման, տեղեկատվական գրոհի, հոգեբանական պատերազմի միջոցով իրենց ռազմաքաղաքական հետաքրքրությունները տարածաշրջանում պարպել՝ ի հաշիվ Հայաստանի ազգային շահերի»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով Հայաստանի անվտանգային համակարգին՝ Գուրգեն Սիմոնյանը նկատում է՝ համակարգը պատերազմից հետո փշրված է, դեռևս չի վերականգնվել։ Կարծում է՝ ԵՄ դիտորդների առկայությունն օգնել է միառժամանակ հետաձգել պատերազմը, բայց պետք է իրողությունները սթափ գնահատել, հասկանալ, որ Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության և անկախության հիմնական և գլխավոր երաշխավորը Զինված ուժերն են․
«Զինված ուժերից բացի ոչ ոք այդ ֆունկցիաները չի կատարելու։ Մնացածը կարող են հանդես գալ որպես հավասարակշռիչներ, օժանդակիչներ, դաշնակիցներ, բայց ոչ երբեք երաշխավորներ»։
Նրա դիտարկմամբ՝ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահները նույնպես կատարում են դիտորդական գործառույթներ, պարզապես կրում են զինվորական համազգեստ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմի հավանականությունը