Հայաստան 2015`տարվա քաղաքական թեմաները
Վերլուծելով Հայաստանի քաղաքական կյանքն անցնող 2015-ին՝ կարելի է 3 հիմնական թեմա առանձնացնել՝ հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցը, «Բարգավաճ Հայաստան» ամենախոշոր կուսակցության փլուզումը և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:
Հայաստանի կառավարությունն ահռելի ռեսուրսներ է ներդրել ու ճիգեր գործադրել, որպեսզի նշի Օսմանյան Թուրքիայում 1915թ. կատարված ցեղասպանության 100-ամյա տարելիցը:
Արտասահմանյան երկրների ու միջազգային կազմակերպությունների 60 պաշտոնական պատվիրակություն է ժամանել Երևան ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար: Երևանում «Ցեղասպանության հանցագործության դեմ» անվանումով աննախադեպ ֆորում անցկացվեց, որին ներկա էին տարբեր երկրների 600 ներկայացուցիչ, այդ թվում՝ Թուրքիայից եկած պատվիրակներ, որոնք ճիշտ են համարում Հայաստանի հետ հաշտեցումը ցեղասպանության ընդունման միջոցով:
Միջոցառումից մեկ օր առաջ Հայ Առաքելական եկեղեցու նստավայր սուրբ Էջմիածնում զանգեր ղողանջեցին զոհերի հիշատակին և մեկուկես միլիոն անմեղ զոհվածների սրբադասման կարգ անցկացվեց:
Սակայն քաղաքական վերլուծաբան Արմեն Բադալյանի կարծիքով, այս թեման աշխարհում միայն PR-նշանակություն ունեցավ. «Հայաստանը շահեց այնքանով, որ մի քանի օր շարունակ նրա մասին խոսեցին բոլորը, ինչը զբոսաշրջիկներ բերեց: Խոսեցին ու մոռացան»: Քանի որ Հայաստանը համակարգված քաղաքականություն չի վարում, այդ պատճառով չկարողացավ ցեղասպանության թեման օգտագործել արտաքին քաղաքականության իր ընդհանուր խճանկարում:
“Բարգավաճ Հայաստան կուսակցության փաստացի փլուզումը ի հայտ բերեց երկրում ընթացող գործընթացների պատկերը և Հայաստանի ներքին քաղաքականության մեջ իր որոշակի դերն ունեցավ:
Ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կտրուկ քննադատության արժանացրեց իր նախկին կոալիցիոն գործընկերոջը, հայտարարելով, որ «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը որպես քաղաքական գործիչ երկրի համար չարիք է դարձել: Նախագահը Ծառուկյանին ազատեց Ազգային անվտանգության խորհրդի անդամի պաշտոնից և վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով Ծառուկյանի խնամին է, հանձնարարեց ստուգել բարեգործության անվան տակ «միլիարդավոր դրամների» չվճարված հարկերի քողարկման մասին լուրերի իսկությունը:
Նախագահի ու Ծառուկյանի հարաբերությունների սրման պատճառը «Բարգավաճ Հայաստանի» սերտ համագործակցությունն էր ընդդիմադիր «Ժառանգություն» և Հայ ազգային կոնգրես կուսակցությունների հետ:
Նախագահի քննադատությունից հետո Ծառուկյանը համազգային մոբիլիզացիաի կոչ արեց ժողովրդին Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու նպատակով:
Ծառուկյանը նախագահի հետ հարաբերություններում առկա լարվածությունը հետևյալ կերպ բացատրեց. իրեն համագործակցության տարբերակներ են առաջարկել, ձեռնտու անձնական առաջարկներ արվել, այդ թվում նաև՝ երկրի նախագահի պաշտոնը Սահմանադրության փոփոխությունից հետո՝ այն պայմանով, որ համաձայնվի իշխանության վերարտադրությանը, այսինքն փաստացի աջակցի Սարգսյանի մինչև կյանքի վերջ ղեկավարելու ցանկությանը: Ծառույանը հայտարարեց, որ մերժել է այդ հակապետական առաջարկներին իր մասնակցությունը: Ինչն էլ պատճառ է դարձել, որ Սերժ Սարգսյանը խախտի քաղաքական ու մարդկային հարաբերությունների նորմերը:
Խոստացված պատերազմը չկայացավ: Ծառուկյանը հանդիպեց Սարգսյանին, որպես միջնորդ հանդես եկավ «Դաշնակցությունը»: Կողմերը որոշակի համաձայնության եկան:
Արդյունքում, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց մեծ քաղաքականությունից, կուսակցության ու խորհրդարանական խմբակցության նախագահի պաշտոնից հեռանալու մասին: Պատգամավորները սկսեցին լքել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Այն վերածվեց երկրորդ ՀՀԿ-ի՝ իշխող կուսակցության մասնաճյուղի: Իսկ դրա ռեսուրսները հետագայում օգտագործվեցին դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում:
«Իշխող կուսակցությունն էլ ավելի ուժեղացավ, իսկ ընդդիմությունը, հետևաբար, թուլացավ», — նշում է քաղաքական վերլուծաբան Բադալյանը:
Ավարտական ակորդը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր, որի արդյունքում սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտվեց քաղաքացիների 63,37% (825 521): . Այսպիսով, Հայաստանը քվեարկեց խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու օգտին: Ընդդիմությունը կարծում է, որ հանրաքվեի նպատակը ՀՀԿ-ի և դրա ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունն էր:
Ըստ ընդդիմության, հանրաքվեի արդյունքները կեղծվել են և դրանք պետք է անվավեր ճանաչվեն: Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հասարակական փրկության ճակատը շուրջօրյա նստացույց սկսեց: Հայ ազգային կոնգրեսն, իր հերթին, անարդյունք դիմեց ՀՀ ԿԸՀ և ստորագրահավաք կազմակերպեց հանրահավաքի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու նպատակով:
Արմեն Բադալյանը կարծում է, որ «իշխանությունները նկարեցին այդ «այո»-ն սահմանադրական փոփոխությունների օգտին», որոնք հիմնովին փոխում են պետական կառավարման ձևը, դրա ողջ փիլիսոփայությունը:
Ըստ Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանի, իշխանություններին չհաջողվեց հասարակությանը այնպես հրամցնել քաղաքական օրակարգից դուրս գտնվող սահմանադրական կառուցվածքի փոփոխության հարցը, որ այն դրական ընկալվի: Այդ պատճառով էլ հանրաքվեի արդյունքները չեն համընկնում պաշտոնական տվյալների հետ: Իսկ բնակչության վստահությունն իշխանությանն ու պետական հաակարգին կար և մնաց աննախադեպ ցածր մակարդակի վրա:
Ինչպես նշում է Հրանտ Միքայելյանը, «Հայաստանի քաղաքական կյանքը շարունակում է սառչել, նոր կուսակցությունների ցողուններ դեռ չեն երևում, իսկ խոշորագույն «այլընտրանքային» Բարգավաճ Հայաստանը իր սեփական հեղափոխական փորձի և իշխանության կողմից գործադրվող ճնշման արդյունքում բեմահարթակից հեռացավ հենց տարվա սկզբին»: