Հայ-վրացական բանավեճեր Ֆեյսբուկում
Վրացի օգտատերերն մեղադրում են Հայաստանի գինեգործներին, թե նրանք յուրացրել են վրացական գինիները, հայ օգտատերերը հերքում էին մեղադրանքը:Վրացի ֆեյսբուկցիները պնդում էին՝ հայ գինեգործները վրացական Կախեթ տեղանունն են օգտագործում իրենց գինու անվան մեջ, հայերը բացատրում էին՝ դա հայական խաղողի տեսակ է…
Այս վեճը առիթ հանդիսացավ, որ փորձենք իրականությունը պարզել՝ որտեղ է թաքնված ճշմարտությունը:
Կախեթի-Կախեթիա որոնմանը համացանցն անմիջապես բերում է Վրաստանի գինեգործական ավանդույթներով հայտնի շրջանի մասին տեղեկություններ: На запрос Իսկ «Կախետ» որոնելիս անմիջապես պարզում ենք, որ դա հայկական աբորիգեն խաղողի տեսակ է՝ ուշ հասունացման շրջանով: Այն տարածված է հատկապես Արտաշատում, Արարատյան դաշտավայրում և Կոտայքի մարզում:
ՄԱՊ, Պռոշյանի գինու գործարանի, ինչպես նաև 365 wines ընկերությունների թողարկած գինիների վրա կարելի է ընթերցել. «Գինին պատրաստված է հայկական կախեթ սորտի խաղողից»:
«365 wines» ապրանքնային նշանի ներքո գործող ընկերությունը արտադրում է բացառապես կախեթ սորտից պատրաստված գինի: Ընկերության տնօրեն Վահագն Գևորգյանն ասում է. “Անվանման հետ կապված երբեք խնդիրներ չենք ունեցել:
Գարուշ Սամվելյանը գինեգործ է.
— Ես ինքս կախեթ սորտի խաղողի այգիներ ունեմ, աճեցնում եմ և մթերում: Այն յուրօրինակ հայկական աբորիգեն սորտ է, տերևը ունի թավշյա տեսք, շատ լավ տարբերվում է:
Երիտասարդ գինեգործների միավորման նախագահ Զարուհի Մուրադյանն էլ մեր զրուցի ընթացqում ցույց է տալիս «Կովկասի և Հյուսիսային սևծովյա տարածաշրջանի ամփելոգրաֆիան» (Caucasus and Northern Black sea Region Ampelography), որի 54-րդ էջում խոսվում է Կախեթ հայկական խաղողի սորտի մասին:
-Մեր ներքին շուկայում հաճախ է այդ հարցը տրվում, թե վրացակա՞ն է սորտը: Սակայն մեր ամփելոգրաֆիայում (ամփելոգրաֆիան՝ գինիներն ու խաղողի տեսակներն ուսումնասիրող գիտություն է), հրատարակված բազմաթիվ գրքերում կարելի է կարդալ հայկական մաքուր, աբորիգեն Կախեթ խաղողի սորտի մասին,- նշում է Զարուհի Մուրադյանը,- այսքան տարի այս ոլորտում եմ, սակայն երբեք վրացական կողմի մեր գործընկերներից չեմ լսել նման դիտարկում, իրենք ընդունում են, որ սա հայկական սորտ է և իրենք չունեն նման որակական հատկանիշներով խաղողի սորտ: Ի դեպ, կախեթից լավ գինի է ստացվում:
Կախեթ խաղողի անվան ծագումնաբանության մասին խոսելիս փորձագետները մեծամասամբ նշում էին, որ այն ծագել է կախել, կախովի բառից: Բայց ԵՊՀ Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչ Նելլի Հովհաննիսյանն ասում է.
-Իհարկե, Կախեթը, որպես խաղողի սորտ, ֆիքսված է 1947 թ-ի ամփելոգրաֆիայում, որտեղ նշված են հայկական խաղողի բոլոր սորտերը՝ սելեկցիոն, աբորիգեն: Սակայն անվանման հետ կապված, կարող են լինել նմանություններ, գուցե նույն Կախեթ տեղանունից է եկել, չպետք է ոչինչ բացառել, ի վերջո նույն տարածաշրջան է, տերմինների փոխառություններ են լինում:
Իրավաբան Գևորգ Հայրապետյանն էլ նշում է, որ պետք է բացատրել անվանումը.
-Եթե արտադողը ապացուցի, որ տեղանվան հետ չի կապված անվանումը և դա իրոք հայկական սորտ է, ապա վեճը միանգամից սպառվում է՝ ի օգուտ արտադրողների: Եվ այստեղ կարեւորը ոչ թե առհասարակ այդպիսի սորտի առկայությունն է, այլ որ գինու անվանման հիմքում հենց դա լինի: Եթե, օրինակ, անունը դնում են Կախեթ, շշի վրա պատկերում են Կախեթիի որեւէ հայտնի բնապատկեր, սակայն միաժամանակ արտադրողը պնդում է, որ անվանումը խաղողի սորտից է, այո, այս դեպքում կարելի է վիճարկել:
Գինիները խաղողի սորտի անվամբ կոչելու չգրված մշակույթի մասին խոսեց գինեգործ Արեգ Խոջոյանը.
-Ընդհանրապես գինիներն անվանակոչվում են կամ խաղողի տեսակով կամ աշխարհագրական դիրքով։ Հայաստանում արտադրված գինիները անվանվում են խաղողի սորտի անունով։ Մենք չունենք «Բորդոյի», «Բուրգունդիայի», «Տոսկանայի» նման անվանումներ, հայկական գինիների արտադրությունում շեշտը դրված է խաղողի սորտի վրա,- նշեց Արեգ Խոջոյանը,- աշխարհի ամենատարածված խաղողի սորտը Շարդոնեն է։ Համաշխարհային շուկայում կարելի է գտնել գինի արտադրող ցանկացած երկրի արտադրության «Շարդոնե»։ Հետևաբար, կարելի գտնել նաև հայկական արտադրության, ինչպես Շարդոնե, այնպես էլ` Մերլո, Կաբերնե Սովինյոն, Ռքածիթելի և Սապերավի:
Երիտասարդ գինեգործների միավորման նախագահ Զարուհի Մուրադյանը ևս նշեց, որ սորտի անվան օգտագործումն ընդունված պրակտիկա է.
-Բոլորն էլ գիտեն, որ Սապերավին վրացական սորտ է, և մենք ունենք շատ այլ եվրոպական խաղողի սորտեր, որոնք օգտագործում ենք գինի պատրաստելու համար և որևէ խնդիր չի առաջացել այս ընթացքում: Իջևանում, Արմավիրում, Արագածոտնի մարզում, օրինակ, ֆրանսիական սորտի խաղողներ ունենք և անպայման շշի վրա գրվում է, թե ինչ խաղողից է պատրաստված, օրինակ, եթե շարդոնե է, ապա բոլորը գիտեն, որ այն ֆրանսիական սորտ է, բայց աճում է նաև Հայաստանում:
Եվ վերջապես, Երևանի մի քանի խոշոր սուպերմարկետներում խնդրեցինք վաճառողին վրացական Կախեթ գինի տալ, մի քանիսում էլ՝ Կախեթի շիշը ցույց տալով հարցրինք, վրացակա՞ն է արդյոք: Բոլոր խանութներում պատասխանը նույնն էր՝ վրացական Կախեթ չունենք, հայկական է միայն, Կախեթ միայն հայկական ենք ստանում…
Այս դեպքում արդեն դժվար է հասկանալ, հայ գնորդի համար Կախեթ գինի ընտրելու շարժառիթն ո՞րն է. հայկական կախեթ սորտից պատրաստաված գինի համտեսե՞լը: Թե՞ վրացական տեղանվան հետ ասոցացնելով, գնորդն ընտրում է այն որպես “վրացական: