«Փափուկ ուժ»․ Չինաստանի ազդեցության ոլորտները ՀՀ-ում։ Վերլուծություն
Հայ-չինական հարաբերություններ
Հայ-չինական հարաբերությունների զարգացման համար վերջին տասը տարիները նշանակալի էին: Դրանք ոչ թե դիվանագիտական ելույթներ և արարողակարգեր են, այլ գործընկերություն՝ հստակ մշակված քայլերով:
Չինաստանը Հայաստանում իր ներկայացվածությամբ երրորդ երկիրն է՝ Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո: Ընդ որում, ներկայացված է շատ ոլորտներում՝ առևտուր, առողջապահություն, ժամանց, կրթություն, խոհանոց:
Երկրների հարաբերությունների, տնտեսական համագործակցության հեռանկարների և հանրային ընկալումների մասին՝ մարդկանց պատմություններով։
- «Ոչ նպաստավոր պայմաններում ՀՀ տնտեսական աճը կլինի 3-4%-ի սահմանում». կարծիք
- Տնային կալանք ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ․ ինչո՞ւմ է մեղադրվում
- Ամերիաբանկը կվաճառվի․ ի՞նչ ընկերություն է գալիս ՀՀ՝ վրացակա՞ն, թե՞ բրիտանական
Փափուկ ուժ
Հայաստանն ու Չինաստանը պաշտոնական մակարդակով հայտարարում են, որ հարաբերությունները բարեկամական են։ Սակայն ժամանակակից աշխարհում ավելի ընդունված է տնտեսապես զարգացած և ազդեցիկ մեծ երկրի բարեկամությունը զարգացող, օգնության կարիք ունեցող երկրի հետ դիտարկել փափուկ ուժի (soft power) կիրառության տեսանկյունից:
«Փափուկ ուժ» տերմինի հեղինակը ամերիկացի քաղաքագետ Ջոզեֆ Նայն է։ Այն բնորոշում է որևէ երկրի քաղաքական ռազմավարությունը՝ հասնել ցանկալի արդյունքի՝ կամավոր համագործության հիմքով։ Ի տարբերություն «կոշտ ուժի», որը ենթադրում է հարկադրանք։
Խորացող բարեկամությունը կարծես ընդգծված քաղաքական ենթատեքստեր չունի։ Չինաստանն ի դեմս Հայաստանի տարածաշրջանում ցանկանում է ունենալ վստահելի գործընկերոջ և լավ բարեկամի:
Իսկ Հայաստանում այս երկիրն ընկալում են որպես՝ դեռ ամբողջապես չբացահայտված համագործակցության հնարավորություն բիզնեսի, կրթության և այլ բնագավառներում:
«Ժողովուրդների միջև կա ջերմագին կապ»
2022թ-ին Հայաստանն ու Չինաստանը տոնել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնը ասել է, որ երկու երկրների ժողովուրդները «սերնդեսերունդ անդադար ջանքեր են գործադրել ավանդական բարեկամության ամրապնդման և զարգացման համար»: Հայ դիվանագետները շեշտել են, որ այս բարեկամությունը դարավոր պատմություն ունի՝ դեռևս «Մետաքսի ճանապարհի» ժամանակաշրջանից:
Այժմ Չինաստանի համար Հայաստանը, նախևառաջ, արևմուտքին կապող ճանապարհ է։ Այդ պատճառով շահագրգռված է, որ ճանապարհն անցնի բարեկամի տարածքով, խուսափի խնդիրներից ու խոչընդոտներից:
Այս պահին տնտեսական, մշակութային և դիվանագիտական կապերի առանցքում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն է, որի մի մասն էլ անցնում է Հայաստանով:
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը միջմայրցամաքային ներդրումային ծրագիր է, որն ուղղված է պատմական Մետաքսի ճանապարհի տարածքում գտնվող երկրների ենթակառուցվածքների զարգացմանն ու տնտեսական ինտեգրմանը։ 2022 թվականի մարտի 13-ի դրությամբ Չինաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության համաձայնագրեր է ստորագրել 148 երկրի և 31 միջազգային կազմակերպության հետ։
Երկու երկրների պաշտոնյաները նշում են, որ անչափ կարևոր է ճանապարհի որակյալ կառուցումը, այն խթանելու է առևտրի ծավալների մեծացմանը, ներդրումներին և ենթակառուցվածքների զարգացմանը:
Իսկ չինական կողմի համար այն բացի առևտրային բացառիկ նշանակությունից կունենա իմիջային ազդեցություն: Չինաստանը կունենա նոր ճանապարհ, որով կհասնի Արևմուտք և կբարձրացնի իր հեղինակությունը:
ՀՀ-ն և Չինաստանը հետաքրքրված են նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթներով, համատեղ էկոլոգիապես մաքուր, թվային և նորարարական տեխնոլոգիական արդյունքներով:
Մարդկանց հետաքրքրությունը
Ալինա Մաթևոսյանը երեք տարի ապրել է Չինաստանում: Նա անգլերեն լեզվի մասնագետ է։ Ընկերների օգնությամբ այնտեղ գտել է աշխատանք և փորձել օգտակար լինել տեղի երեխաներին:
«Աշխատանքային առաջարկը բավականին գրավիչ էր, որովհետև բացի առանձին խմբերը, ունենալու էի նաև բարձր վարձատրվող անհատական պարապմունքներ: Սակայն ինձ համար Չինաստանը միշտ եղել է միստիկ երկիր։ Եվ երբեք բաց չէի թողնի այն բացահայտելու շանսը»,- պատմում է նա:
Արևելյան հսկային, նրա խոսքով՝ կա՛մ սիրում են և ինտեգրվում, կա՛մ հուսախաբ հետ վերադառնում, որովհետև իրենց պատկերացումներն այլ են լինում:
Պայմանագրի ավարտից հետո վերադարձել է Հայաստան և արդեն աշակերտներ ունի, որոնք ուզում են տարրական մակարդակում ծանոթանալ չինարենին:
«Այս պահին երեք փոքրիկ խումբ ունեմ, յուրաքանչյուրում չորս երեխա, բայց հինգ հոգու ստիպված եմ եղել մերժել: Չգիտեմ՝ ինչու են այդքան հետաքրքրված չինարենով։ Ենթադրում եմ, որ մեծ մասի ընտանիքները իրենց երեխաների ապագան կապում են այդ երկրի հետ»,- ասում է Ալինան։
Ինքն էլ մեկ տարի հետո կրկին պատրաստվում է գնալ Չինաստան՝ այս անգամ կրթություն ստանալու նպատակով:
Ալինայի սաներից Արմինեն 12 տարեկան է։ Հարցին, թե ինչու է հետաքրքրվում այս լեզվով, ասաց՝ իր սիրելի մուլտֆիլմները, անիմացիաներն ու ֆիլմերը հասկանալու համար․
«Նաև Չինացի բլոգերներ կան, որոնց շատ կուզեի հասկանալ: Մի չինացի ընկեր ունեմ, որի հետ անգլերեն եմ շփվում, կուզեի նաև իր լեզվով խոսել»:
Լեզուն սովորելուն կողմ են եղել նաև ծնողները, որովհետև առաջիկայում պլանավորում են ընտանիքով մեկնել Չինաստան: Արմինեի հայրը աշխատանք է գտել և 2 տարի պայմանագրով աշխատելու է այնտեղ։
Կապերի ամրապնդում կրթական ծրագրերի միջոցով
Չինաստանը Հայաստանում իր լեզվի տարածման միջոցով մեծացնում է ազդեցության շրջանակը։ Այդպիսով մարդիկ կարողանում են չինարենով առցանց աշխատանք գտնել չինական ընկերություններում, դիտում են ֆիլմեր, հաղորդումներ, կարդում գրականություն: Ապա ցանկանում են ծանոթանալ այդ երկրին և նախաձեռնում են ճամփորդություններ:
2009թ-ին Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում պաշտոնապես բացվել է Կոնֆուցիոսի ինստիտուտը: Դրա շրջանակում գործում են 3 Կոնֆուցիոսի դասարաններ և 7 չինարենի ուսուցման կենտրոններ։
2018թ-ի սեպտեմբերից Երևանում բացվել է Հայ չինական բարեկամության դպրոցը։ Այն նախատեսված է 600 աշակերտի համար։ Դպրոցը չունի տարրական դասարաններ, ընդունելությունը սկսվում է 5-րդ դասարանից, ավարտվում՝ 12-րդով:
Հայ-չինական բարեկամության դպրոցի տնօրեն Սպարտակ Վարդանյանն ասում է, որ առաջին տարում այստեղ ընդունվել է 408 աշակերտ։ Իսկ 2024թ-ին աշակերտների թիվը հասել է 685-ի: Նրա խոսքով, դպրոցի հանդեպ հետաքրքրությունը գնալով աճում է։ 2023թ-ի սեպտեմբերին երեք դասարաններում 54 տեղի համար ունեցել են 191 դիմորդ:
«Լինելով առաջատար երկիր՝ Չինաստանը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ներկայացված է շատ ոլորտներում։ Եվ հարաբերությունների հետագա զարգացման համար միևնույն լեզվով հաղորդակցվելը դառնում է անհրաժեշտություն: Մեր դպրոցը ևս իր վրա վերցրեց այդ անչափ կարևոր գործը»,- ասում է տնօրենը:
Բացի լեզվի գործոնից, ըստ նրա, երեխաներին գրավում է Չինաստանի՝ հանելուկային և հեքիաթային արևելյան պետություն լինելը:
Նրա խոսքով, չինարենը բարդ է, դժվար է 2-3 տարում սովորել։ Սակայն կրթության ավարտին աշակերտներն ունենում են լեզվի տիրապետման որոշակի մակարդակ:
«Դպրոցի կրթական ծրագրին աջակցում է Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտը: Այս տարի մեր կրթական ծրագիրը ներկայացրել ենք նախարարություն՝ փորձագիտական գնահատական ստանալու համար: Այն հաստատվելու դեպքում հետագայում բոլոր այն դպրոցները, որտեղ չինարենն ուզում են ընդունել որպես երրորդ օտար լեզու, կարող են օգտվել արդեն պատրաստ, փորձարկված ծրագրից»,- ասում է Վարդանյանը:
Դպրոցն իր աշակերտներին նաև հնարավորություն է տալիս կրթությունը շարունակել Չինաստանում: Դրան օժանդակում են Հայաստանի կառավարությունն ու Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտը.
«Այս տարիների ընթացքում Չինաստանում կրթության հնարավորություն է ունեցել 20 աշակերտ։ Հիմա ունենք 8 դիմորդ: Կրթությունը անվճար է։ Ծնողները վճարում են միայն ճանապարհածախսը»:
Չինաստանի օգնությունը Հայաստանին
Երևանի փողոցներում հաճախ կարելի է հանդիպել չինական արտադրության ավտոբուսներ և շտապօգնության մեքենաներ: Դրանք պաշտոնական մակարդակով չին ժողովրդի նվիրատվությունն են մեր երկրին:
2018թ-ին 200 շտապօգնության մեքենա համալրեց Հայաստանի առողջապահության համակարգը: Չինաստանը շարունակեց աջակցել և COVID-19 համավարակի ժամանակ: 2021թ-ին Չինաստանի կառավարության աջակցությամբ Երևան հասավ «Սինովակ» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ։ Չինական կողմն օգնեց նաև Հայաստանին «Սինոֆարմ» պատվաստանյութի՝ 1,2 մլն չափաբաժնի գնման հարցում։
Բացի դրանից այս երկրի օգնությամբ թարմացվել է Երևանի ավտոբուսային պարկը մոտ 250 ավտոբուսներով։ Դրանց հետ տրամադրվել է պահեստամասերի որոշակի քանակ՝ տեխնիկական սպասարկման և նորոգման համար:
Նվիրատվություն է եղել նաև Հայաստանի ուժային կառույցներին՝ ոստիկանությանը Hyundai և Volkswagen մակնիշի ավտոբուսների տրամադրման տեսքով:
Համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ
Չինական կառավարությունը սերտորեն համագործակցում է Հանրային հեռուստաընկերության հետ։
Հավանական է՝ դա պայմանավորված է նրանով, որ այս հեռուստատեսությունը Հայաստանում մեծապես ազդում է հանրային կարծիքի ձևավորման վրա:
Սկսած 2015թ-ից` Չինաստանը մի քանի նվիրատվություն է արել Հանրայինին: Երեք մեքենաներից բաղկացած շարժակայան է տրամադրվել՝ հագեցած միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն սարքավորումներով:
Հեռուստաընկերության հանրային կապերի բաժնից տեղեկացրին, որ 2015թ-ից ՉԺՀ-ից դրամաշնորհի շնորհիվ գնվել է նոր՝ 10 տեսախցիկով զինված HD շարժական հեռուստատեսային կայան և HD թվային արբանյակային լրահավաք մեքենա:
Չինաստանի կառավարությունը անհատույց տրամադրել է նաև եթերային համակարգ և կենտրոնական սարքասրահ։
Իսկ վերջերս 10 մլրդ դրամի դրամաշնորհ է հատկացրել Հանրայինի 8-րդ ստուդիան կառուցելու համար։
«Այս ստուդիան կունենա անկախության շրջանում ամենամեծ հեռուստատեսային տաղավարը՝ 1000 քմ տարածքով: Այստեղ կնկարահանվեն մշակութային և ժամանցային մեծամասշտաբ նախագծեր»,- հայտնում են հեռուստատեսությունից:
Արդեն պատմություն ունեցող համագործակցությունը կարևոր են համարում հաղորդումների որակը բարձրացնելու, հեռուստանախագծերի իրականացման համար արտադրական ենթակառուցվածքների ստեղծման տեսանկյունից:
Չինական խոհանոցը հայերի համար ամենասիրելիներից է
Վահանը չինական խոհանոցի գիտակ է: Երևանում աշխատել է չինական մի քանի ռեստորանում՝ առաջարկելով այցելուներին ավանդական համեր, որոնք կատարելագործել է Չինաստանում ստացած գիտելիքների շնորհիվ։
«Եղբայրս արդեն տասը տարի է Չինաստանում է ապրում: Առաջին անգամ, երբ նրան տեսակցության գնացի, ինձ տարավ չինական ռեստորան։ Անկեղծ ասած, ահավոր տհաճություն զգացի թե՛ միջավայրից, թե՛ համուհոտից: Հետս տարած լավաշը վերջանալու վրա էր, գնացի խանութ ու սկսեցի առանձին մթերքներ առնել ու տանը մեր կերակուրներին մոտ բաներ ստանալ: Մեկ-երկու՝ եղբայրս ասաց, որ ինձ մոտ շատ հետաքրքիր է ստացվում միքսեր անելը: Հրավիրեց իր չին ընկերներին, փորձեցին ու ինձ չինական այլ ռեստորաններ տարան»,- իր պատմությամբ կիսվում է խոհարարը:
Նրա խոսքով, Երևանի չինական ռեստորանում աշխատանք գտնելը հեշտ ստացվեց, որովհետև ուտելիքներին ծանոթ էր, պատրաստել էր, գիտեր մատուցման նրբությունները:
«Շեֆ խոհարարը չին էր, հավանեց ինձ, սովորեցրեց։ Ու երբ որոշեց հետ վերադառնալ, ինձ առաջարկեց՝ որպես փոխարինող: Ութ տարի է փորձում եմ նորանոր բաներ առաջարկել, թեև հայերը համերի հարցում պահպանողական են։ Սունկ Խոզի ականջներ, սոյայով աղցան, նարջնով հավ և նման մի քանի ուտելիքներից այն կողմ չեն անցնում»,- ծիծաղում է Վահանը:
Հայկական խոհանոցից հետո Հայաստանում, նրա կարծիքով, ամենասիրվածը չինականն է։ Ընդ որում բոլոր խավերի համար՝ ուսանողներից մինչև դինավագետներ.
«Ամեն տարի գոնե մեկ շաբաթով գնում եմ Չինաստան, լինում տարբեր նոր ռեստորաններում, փորձում ուտելիքներ, որ այստեղ ադապտացնեմ: Ստացվում է, պարզապես զգույշ եմ աշխատում համեմունքների և որոշ կենդանատեսակների ներմուծման հետ»:
Երևանում այս պահին տասնյակից ավելի չինական ռեստորաններ կան։ Դրանք տեղակայված են փոքր կենտրոնում՝ սիրված են և բիզնեսի տեսանկյունից՝ հաջողակ:
Տնտեսական կապեր. առևտուր և ներդրումներ
Չինաստանը Հայաստանի կարևոր արտաքին առևտրային գործընկերներից է։ 2023թ-ին այն եղել է ՀՀ-ի երկրորդ առևտրային գործընկերը։ Շրջանառության ծավալով զիջել է միայն Ռուսաստանին։
Ավելին, վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի և Չինաստանի առևտրաշրջանառությունը ավելի քան կրկնապատկվել է։ 2023-ի դեկտեմբերի տվյալները դեռ հրապարակված չեն, սակայն՝ տարվա կտրվածքով, սպասվում է 2 մլրդ դոլարը գերազանցող թիվ։ Դա նախորդ տարվա ցուցանիշից ավելի է մոտ 40 տոկոսով:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանի խոսքով, առևտրաշրջանառության կառուցվածքում գերակշիռ մասը՝ մոտ 80%-ը բաժին է ընկնում Չինաստանին, այսինքն չինական ապրանքների ներկրմանը Հայաստան: Եվ այն բավականին բազմազան է՝ սկսած ավտոմեքենաներից ու կենցաղային տեխնիկայից մինչև մրգեր։
Նկատում է, որ հայ-չինական առևտրային հարաբերությունները զարգացման բարձր փուլում են։ Թեև բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով՝ մի ուղղությամբ են զարգացել.
«Հայաստանը հիմնականում արտահանում է պղնձի և մոլիբդենի խտանյութ։ Հետևաբար, հայաստանյան արտադրողները տեսականորեն ունեն մեծ չսպասարկված շուկա ի դեմս 1.5 միլիարդանոց, տարեցտարի զարգացող Չինաստանի։ Այդուհանդերձ, ըստ իս, առավել մեծ պոտենցիալ ունեն հայկական կոնյակն ու խաղողի գինին։ Ընդ որում՝ վերջին 5 տարիների ընթացքում կոնյակի ներմուծումը Չինաստան գրեթե կրկնապատկվել է։ Չինացիները աստիճանաբար անցում են կատարում իրենց համար ոչ ավանդական ալկոհոլային խմիչքների»։
Չինաստանից ներմուծվող ապրանքների պոտենցիալ տեսականին ահռելի է՝ Ֆանյանի կարծիքով։ Սակայն առաջիկա տարիներին ավելի հավանական է էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման աճը։ Չինաստանը վերածվում է խոշոր էլեկտրական ավտոարտադրողի և տարեցտարի բարելավում դրանց որակը։
Չինացիները Հայաստանում մեծ բիզնես ծրագրեր չունեն։ Ներդրող են մի քանի ոլորտներում։ Այս ցուցակում են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցումը, Հայաստանում չինական ձեռնարկությունների կողմից շահագործվող հանքային ջրերի գործարանը, ֆոտովոլտային էլեկտրակայանները:
«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին անկախ Հայաստանի ամենախոշոր տրանսպորտային նախագիծն է։ Ճանապարհը պետք է երկրի հյուսիսը կապի հարավի հետ։ Այն հյուսիսում կմիացնի Հայաստանը Վրաստանին և կապահովի ելք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ։ Հարավում մայրուղին միանում է Իրանին։ Շնորհիվ նախագծի՝ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ։
«Ներկայումս այդ ցուցանիշները սիմվոլիկ են։ Բայց չինական ընկերությունները Հայաստանի համար ցանկալի ներդրողներ են։ Այլ բան է, թե ինչքանով է Հայաստանը գրավիչ նրանց համար։ Կարծում եմ՝ առավել հետաքրքրիր կարող է լինել քիմիական արդյունաբերությունը, դեղագործությունը, սննդի արդյունաբերությունը, այն էլ որպես հնարավոր պլատֆորմ այլ երկրների շուկաները սպասարկելու համար»,- հավելում է տնտեսագետը։
Հայաստանում չինական սակավ ներդրումները վկայում են, որ Հայաստանի հնարավորություններն ու առաջարկները հետաքրքիր չեն չինացի գործարարներին: Եվ մեր երկրով հետաքրքրված է հիմնականում երկրի կառավարությունը։ Ամենախոշոր ծրագրի՝ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցմանն էլ մասնակցում է պետությունը, ոչ թե մասնավոր բիզնեսը:
Չինական ապրանքը հայկական շուկայում
Հայկական խանութներում չինական արտադրության ապրանքների պակաս չկա: Այն և՛ ամենամատչելին է, և՛ ամենատարածվածը:
Կարոն Երևանի կենտրոնում տղամարդկանց հագուստի երկու խանութ ունի։ Նախկինում հագուստ է ներկրել Թուրքիայից, որովհետև այն միշտ որակյալ է համարվել, բեռն էլ հաշված օրերի ընթացքում հասել է Հայաստան:
«Վերջին պատերազմից հետո որոշեցի հրաժարվել թուրքական ապրանք ներմուծելուց, անցա չինականին։ Աշխատում էի միջնորդ կազմակերպությունների հետ: Նրանց ապրանքների ցուցակ էի տալիս, տեղում գտնում, նկարում, ինձ էին ուղարկում, ես էլ պատվիրում էի»,- պատմում է Կարոն:
Ըստ նրա, այդպես ավելի էժան ապրանք էր ստանում, հետևաբար, նաև ավելի էժան վաճառում, քան թուրքական ապրանքը: Հետո որոշել է ինքն անձամբ գնա Չինաստան, գտնի ապրանքների բազաներ, գուցե այդպես ավելի էժան ստացվի.
«Երկու անգամ եղել եմ Չինաստանում, շատ լավ ընկերներ ունեմ, ամենակարևորը՝ գործի մեջ արդար: Միակ խնդիրն այն է, որ երբեմն ապրանքը կարող է ուշանալ լոգիստիկ պատճառներով: Սակայն նույն տղամարդու տաբատը նախկին 13-15 հազարի փոխարեն հիմա 10 հազարով եմ կարողանում վաճառել»:
Հավելում է՝ չինական ապրանքի տեսականին շատ բազմազան է, այստեղ կարևոր է որակի հարցը, որն էլ ուղիղ կախված է գներից.
«Օրինակ, նույն գույնի և ձևի գլխարկի հարյուրից ավելի տեսակ կա, գները մեկ դոլարից՝ մինչև 30: Ինքդ ես որոշում՝ ի՞նչ որակի գնել, ո՞րը տեղական շուկայում կվաճառվի»:
Բացի դրանից, նրա խոսքով, իր հաճախորդների շրջանում կոտրվում է չինական ապրանքների անորակ լինելու մասին միֆը:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայ-չինական հարաբերություններ