«Պուտինին ձերբակալելուն աջակցելը բխում է Հայաստանի շահերից»․ կարծիք
Իրավապաշտպանը՝ Պուտինի ձերբակալման մասին
«Հայաստանի պետական շահերից է բխում Պուտինին ձերբակալելուն աջակցելը»,- հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Չի բացառում, որ Ռուսաստանի նախագահը կարող է պրովոկացիայի դիմել՝ հատուկ այցելել Հայաստան՝ տեսնելու համար՝ իրեն կձերբակալե՞ն, թե՞ ոչ։
Factor TV-ի եթերում իրավապաշտպանն ասել է, որ եթե Պուտինի վերաբերյալ կայացված որոշման հիմքով պաշտոնական Երևանը հետ կանգնի սկսված գործընթացից և չվավերացնի Հռոմի ստատուտը, ապա հնարավորություն չի ունենա Միջազգային քրեական դատարանն օգտագործել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ՝ որպես ինստիտուտ և գործիք։
Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային հրամաններ է արձակել։ Նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների անօրինական արտաքսման մեջ։
Դատարանը հիմնվել է Հռոմի ստատուտով, պայմանագիրը վավերացրած բոլոր երկրներն ունեն պարտավորություն դատարանին արտահանձնել Պուտինին, եթե վերջինս գտնվի տվյալ երկրի տարածքում։ Հայաստանը ստորագրել է Հռոմի ստատուտը, բայց դեռ չի վավերացրել։ Իշխանությունների փոխանցմամբ՝ գործընթացը մեկնարկել է 2-3 ամիս առաջ։
«Եկեք վավերացնենք, վերջացնենք, Ռուսաստանի նախագահը գա․․․ Կիկոսի մահի վերաբերյալ ես մեկնաբանություններ չեմ տալիս։ Իրագործումը որևիցե երկրում ես չեմ պատկերացնում։ Դե, ես չգիտեմ, հիմա թող իրենք անեն, ես մեծ հաճույքով կհետևեմ՝ ոնց են իրենք դա անելու (նկատի ունի Պուտինի ձերբակալությունը որևէ երկրում)»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Հայ իրավապաշտպանը՝ Պուտինի ձերբակալման հրամանի, Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման մասին
Մեղադրվողի՞, թե՞ միջազգային իրավունքի կողքին
Արթուր Սաքունցի համոզմամբ՝ հայկական կողմի օրակարգում պետք է լինի ոչ թե Պուտինի ճակատագիրը, այլ Հայաստանի շահերը։ Հիշեցնում է՝ ինքը՝ Հայաստանը միջազգային իրավունքի կոպիտ խախտումների զոհ է․ Ալիևի ռեժիմը իրականացրել և իրականացնում է ագրեսիա երկրի նկատմամբ։
Ընդգծում է՝ առանց Հռոմի ստատուտի վավերացման Հայաստանը չի կարողանա իր դեմ ձեռնարկած գործողությունների համար քրեական պատասխանատվության ենթարկել Իլհամ Ալիևին։ Նրա կարծիքով՝ որպես ավտորիտար ռեժիմներ Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն «արժեքային ընդհանրություններ»։
Ասում է՝ որտեղ էլ Պուտինը հայտնվի, տվյալ երկրի համար գլխացավանք է ստեղծելու։ Չի բացառում, որ ՌԴ նախագահը կարող է պրովոկացիա անել և հատուկ այցելել Հայաստան՝ տեսնելու համար՝ իրեն կձերբակալե՞ն, թե՞ ոչ։
«Միջազգային քրեական դատարանի որոշումը Հայաստանի իշխանության առաջ հարց է առաջադրել՝ ի վերջո դու միջազգային բարձր ատյանի կողմից մարդկության դեմ ուղղված հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի՞ կողքին ես, թե՞ իրավունքի»,- շեշտել է նա։
Սաքունցի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է տա այս հարցի պատասխանը՝ ուզի, թե ոչ։
Հետքայլը «ծանր հետևանքներ» կունենա
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը մեկնարկել է անցած տարվա վերջին՝ նախքան Պուտինի ձերբակալման հրամանը։
Իրավապաշտպանն ասում է՝ եթե «քաղաքական նպատակահարմարությունից» ելնելով որոշվի հետքայլ կատարել, ժողովրդավարական համայնքի կողմից Հայաստանը չի ընկալվի որպես վստահելի գործընկեր․
«Կգտնվենք, մեղմ ասած, շատ խղճուկ վիճակում, կշարունակենք մնալ ֆաշիստական ռեժիմի դաշնակցի կարգավիճակում։ Իսկ նման ռեժիմները դաշնակից չեն ունենում, ունենում են միայն ենթականեր, գաղութներ, ազդեցության գոտիներ՝ այնպես, ինչպես հիմա Բելառուսում է»։
Ըստ նրա՝ Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին հնարավորություն կտա ինտեգրվել միջազգային իրավունքի և ինստիտուտների դաշտ, ինչը երկրի իշխանություններին հնարավորություն կտա «դիմագրավել այն ահռելի ճնշմանը, որը հիմա կիրառվում է Ռուսաստանի կողմից»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Իրավապաշտպանը՝ Պուտինի ձերբակալման մասին