Լուսանկարները՝ Անդրանիկ Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից
Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող Ախուրյանի ջրամբարում ջրի մակարդակը իջել է, բազմաթիվ ձկներ են սատկել:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի խոսնակն ասել է, որ ջրի քանակության անբավարարության հետևանքով առաջացել է թթվածնի պակաս, և կենդանի ձկներն էլ հայտնվել են ջրի մակերեսին:
Թե ո՞րն է պատճառը, որ բազմաթիվ ձկներ են սատկել, պատկան մարմինները դեռևս չեն հայտնում: Բնապահանության նախարարությունը միայն փոխանցում է. քանի որ ջրամբարը գտնվում է սահմանային գոտում, իրենք աշխատանքներ են տանում թույլտվություն ստանալու սահմանապահ ծառայությունից ջրի նմուշառում իրանակացնելու համար՝ պարզելու, թե ջրի պակասի՞ց է ձկների նման վարքը, թե՞ այլ պատճառներ կան:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը «Արմենպրես»-ին ասել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրամբարը նախատեսված է միայն ոռոգման նպատակով ջրի կուտակման համար, այնտեղ ծկնաբուծական գործունեությունը օրենսդրորեն կարգավորված չէ:
Ախուրյանի ջրամբարում ծկնաբուծությունն իրականացվել է ինքնագործունեության հիմունքներով, որի համար ՋՏՊԿ-ն երբևէ համապատասխան թույլտվություն կամ համաձայնություն չի տվել և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չի կրում ստեղծված արհեստական ջրային համակարգերում գոյություն ունեցող ձկնատեսակների պահպանության համար: Ավելին՝ ՋՏՊԿ-ն իրավասու չէ նման թույլտվություն տալ՝ առանց թուրքական կողմի համաձայնության»:
Ախուրյանի ջրամբարը գտնվում է Հայաստանի և Թուրքիայի սահմանին: Դրա երկարությունը 20 կմ է, ջրի ծավալը ՝ 525 մլն մ³: Ջրամբարի շինարարության մասին պայմանավորվել են Խորհրդային միությունն ու Թուրքիան: Համաձայնագիրը ստորագրվել է 1963թ-ի ապրիլի 25-ին խորհրդային-թուրքական խառը հանձնաժողովի կողմից: Ջրամբարը սկսել է շահագործվել 1982 թվականից։ Համաձայնագիրը կարգավորում է Ախուրյան, Կարս, Կարախան և Չորլի գետերի հոսքը: Ըստ դրա՝ կողմերը պետք է հավասարապես օգտվեն ջրամբարից` 50:50:
Բնապահպան Սիլվա Ադամյանն ահազանգել է, որ իրավիճակը ստեղծվել է պատկան մարմինների, բնապահպանական կառույցների անտարբերության պատճառով: «Մարդիկ ահազանգում են, բայց ոչ մի ինֆորմացիա չեն տալիս պատկան մարմինները՝ ինչու են ձկները սատկում, ջրի մակարդակն ինչու է իջել: Սա հստակ ասում է, որ մեր երկրում տեր, կառավարում չկա, չգիտեմ, թե պարոն վարչապետն ինչ է մտածում»,- նշել է նա:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ջրամբարից ՀՀ տարածքում ոռոգվում է Արմավիրի և Շիրակի մարզերի շուրջ 30 հազար հա հողատարածք: Սեպտեմբերի 2-ից հայկական կողմը դադարեցրել է ջրբացթողումները Ախուրյանի ջրամբարից, և արդյունքում՝ սեպտեմբերի 3-ին նախորդ օրվա նկատմամբ ջրի ծավալը որոշակի չափով ավելացել է:
«Այս ընթացքում թուրքական կողմը ջրբացթողումն իրականացնում է՝ 10 մ³/վրկ թողունակությամբ»,- ասել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը: