«Մեկնած ձեռք»․ հայ-ամերիկյան ռազմական գործակցությունը հնարավո՞ր է
Հայ-ամերիկյան ռազմական գործակցություն
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան, որը տեղակայված է Գերմանիայում՝ Շտուտգարտում: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հրամանատարի տեղակալ Սթիվեն Բաշամը Էդվարդ Ասրյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է նաև «ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ նախաձեռնելու համագործակցության նոր ուղղություններ»։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն ասում է՝ դա «ազդանշան էր, մեկնած ձեռք»։
«Երբ Հայաստանը սկսի քայլ առ քայլ իր վրայից թոթափել ապակառուցողական ազդեցություն ունեցող բևեռների լուծը, կկարողանա իր անվտանգային համակարգերն արդիականացնել և զարգացնել ԱՄՆ օժանդակությամբ»,- ընդգծել է նա։
Ի՞նչ է հաղորդվել այցի մասին, փորձագիտական կարծիք
ԶՈՒ ԳՇ պետը խոսել է ԱՄՆ-ից ակնկալվող աջակցության մասին
Հայաստանի ՊՆ փոխանցմամբ՝ նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Շտուտգարտում տեղակայված ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան է այցելել հրամանատարության հրավերով։
Ասրյանն ու ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ Սթիվեն Բաշամը քննարկել են ռազմական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
«Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ և դրանց ընթացքում ԱՄՆ-ից ակնկալվող աջակցությունը»,- հաղորդել է գերատեսչությունը՝ առանց մանրամասնելու։
Բաշամը հայտնել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը ինչպես համագործակցության ընթացիկ ծրագրերին աջակցությունը շարունակելու, այնպես էլ համագործակցության նոր ուղղություններ նախաձեռնելու հետևյալ ոլորտներում՝
- զինված ուժերի պրոֆեսիոնալացում, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ամրապնդում,
- ղեկավարման համակարգի արդիականացում,
- խաղաղապահություն,
- ռազմական բժշկություն,
- ռազմական կրթություն,
- մարտական պատրաստություն, վարժանքներ։
Նշվում է, որ այցի շրջանակում Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Հոհենֆելսում տեղակայված Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի միացյալ բազմազգ պատրաստության կենտրոն (Joint Multinational Readiness Center — JMRC) և սերժանտական ակադեմիա (NCO Academy):
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն ասում է՝ Երևանի և Վաշինգտոնի միջև կարող է լինել ցանկացած տեսակի գործակցություն՝ կախված հարաբերությունների խորացման աստիճանից, ռազմավարական հարաբերությունների զարգացման հեռանկարներից։
Կարծում է՝ հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղություններ նախաձեռնելու վերաբերյալ խոսակցությունները «հստակ, ռազմավարական ազդանշան» են՝ Հայաստանը կկարողանա իր անվտանգային համակարգերն արդիականացնել ԱՄՆ աջակցությամբ։
«Բոլորին թվում է՝ երբ խոսում ենք ռազմական համագործակցության մասին, ապա խրոխտ քայլերթով տարածաշրջան մուտք կգործեն արևմտյան բանակները և կպահպանեն մեր պետությունը։ Նման բան չի կարող լինել»,- ընդգծել է նա։
Սիմոնյանի դիտարկմամբ՝ պատրանքներ պետք չէ ունենալ, պետք է գիտակցել, որ «գլխավոր ուժը, բազուկը» Հայաստանի զինուժն է։ Ասում է՝ «կսատարեն այնքան, որքան մեր երկկողմ և բազմակողմ հարաբերությունները կսերտանան ժամանակի ընթացքում»։ Նկատի ունի՝ ինչպես դիվանագիտական, անպես էլ ռազմատեխնիկական օժանդակությունը։
«Ներկայիս մարտահրավերների պայմաններում Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյատևել առանց նոր մոտեցումների զինված ուժեր կայացնելու։ Թռիչքաձև արդիականացման ուղղությունը մեզ համար այլընտրանք չունի»,- նկատել է նա։
Շեշտում է՝ հին մոդելի բանակը նոր ժամանակներում տեղ չունի, պետք է ձեռք բերել ոչ միայն զինվորական կրթություն, այլև նոր տեխնոլոգիաներ, սպառազինության նոր տեսակների տիրապետելու տեխնիկական հմտություններ։
Հիմա, ըստ նրա, անցումային շրջան է։ Կարծում է՝ եթե նոր սրացումներ լինեն, Արևմուտքը, ՀՀ-ին բարեկամաբար վերաբերվող պետություններն ուշիուշով կհետևեն առաջին մի քանի բախումներին։
«Եթե Հայաստանը դրսևորի վճռական կամք՝ կռվելու իր ազգային շահերի և հետաքրքրությունների համար, տեխնոլոգիական, տեղեկատվական, դիվանագիտական և տնտեսական օժանդակությունը չի ուշանա։ Բայց զորք [ամերիկյան — JAMnews] այստեղ չի մտնի»,- նկատել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայ-ամերիկյան ռազմական գործակցություն