Լարվածություն հայ–ադրբեջանական սահմանին՝ երկու օր շարունակ
Հայ–ադրբեջանական սահմանին արդեն երկրորդ օրն է՝ լարված վիճակ է։ Ամեն ինչ սկսվել է միջադեպից, որը տեղի է ունեցել հուլիսի 12–ին Ադրբեջանի Թովուզի շրջանի և Հայաստանի Տավուշի մարզի սահմանին։
Երկու երկրների պաշտպանության նախարարություններն այս ողջ ընթացքում հակասական տեղեկություններ են հաղորդում։
Ադրբեջանական կողմը միջադեպը գնահատել է որպես «դիրքեր գրավելու նպատակով գրոհի փորձ» հայկական զորքերի կողմից։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը միջադեպի համար պատասխանատվությունը դրել է Ադրբեջանի իշխանությունների վրա։ Սկզբից հաղորդվում էր ադրբեջանցի զինվորականների կողմից Հայաստանի սահմանի խախտման փորձի մասին, այնուհետև՝ հայկական բնակավայրերի ուղղությամբ չդադարող հրետակոծության մասին։
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի իր էջում գրել է․
«Մենք ծայրահեղ անհանգստացած ենք հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հրաձգությամբ։ Երկու երկրների համար ծայրահեղ կարևոր է զսպվածություն ցուցաբերել, օգտագործել կապի բոլոր միջոցներն՝ անմիջական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով»։
Ռուսաստանի ԱԳՆ–ն արդեն հայտարարություն է արել այն մասին, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել իրավիճակի կայունացման համար։
Սահմանին կատարվող իրադարձությունների մասին բոլոր մանրամասներն՝ ըստ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների հաղորդագրությունների։
• Կյանքը Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ խորհրդային տարիներից մինչ օրս
• Հայաստան․ կրթությունը՝ հակամարտության անտեսանելի զոհ
• Ստելիս՝ ավելի լավ է ճշմարտությունը ստես
Տեղեկություններ Երևանից
Պաշտպանության նախարարության խոսնակի հայտարարությունները
Հուլիսի 12–ին պաշտպանության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հաղորդել է, որ կեսօրից հետո ադրբեջանցի զինծառայողներն ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել․
«Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան»։
Մոտ մեկ ժամ անց ադրբեջանական կողմն, ըստ մամուլի քարտուղարի հայտարարության, կրկին հրետակոծել է հայկական դիրքերն ու փորձել հայկական հենակետ գրավել․
«Պատասխան կրակով ադրբեջանցի զինծառայողները հետ են շպրտվել զբաղեցրած դիրքերից՝ կորուստներ կրելով»։
Հուլիսի 13–ի առավոտյան հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Զինված ուժերը շարունակել են հրետակոծությունը։
«Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում», — հաղորդել է Շուշան Ստեփանյանը։
Հայաստանի վարչապետի մեկնաբանությունը
Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի գործողությունները գնահատել է որպես ռազմական սադրանք և հավաստիացրել, որ Հայաստանն այն անպատասխան չի թողնելու․
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը…
Արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտը… Հնարավոր է` գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որն արտահայտվում է` նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների»։
Վարչապետը նաև ընդգծել է, որ Ադրբեջանն այդպես էլ հաշվի չի առել համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը։
Մանրամասներ՝ պաշտպանության նախարարից
Հայաստանի պաշտպանության նախարարն իրավիճակն արդեն քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։
Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերն, ըստ անհրաժեշտության, արձագանքելու են Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի գործողություններին, այդ թվում՝ նոր, ավելի բարենպաստ դիրքեր զբաղեցնելու միջոցով։
Նախարարը հաղորդել է, որ հուլիսի 13–ին հրաձգությունը շարունակվում է 15-20 րոպե դադարով։ Երկժամյա դադար է եղել միայն գիշերը՝ 3.30–5.30-ի ժամանակահատվածում։
Նախարարը մեկնաբանել է ՈւԱԶ–ի հետ կապված պատմությունը և այն ենթադրությունը, որ ադրբեջանցի զինվորները սկզբից մոլորվել էին։ Ըստ նրա՝ այդ վարկածը համոզիչ չէ․
«Այդ դեպքում նրանք կարող էին մեզ հետ կապ հաստատել և չկրակելու համաձայնություն ձեռք կբերվեր, որպեսզի նրանք կարողանային վերադառնալ։ Սակայն նրանք անմիջապես սկսել են հրետակոծել»։
Այս պահի դրությամբ հայկական կողմից կորուստներ չկան։ Սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։
Օմբուդսմենի արձագանքը
Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպը ֆեյսբուքյան իր էջում խստորեն դատապարտել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը․
«Ադրբեջանական կողմից կրակոցներն արձակվում են գյուղին շատ մոտ հեռավորությամբ: Խաղաղ բնակչության գնահատմամբ՝ գնդակոծությունն իրականացվում է այնպիսի եղանակով, որ իրական է դարձնում քաղաքացիական բնակավայրին, իրենց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս պատճառելու վտանգը»։
Թաթոյանն այս հարցով արդեն դիմել է միջազգային կազմակերպություններին։
Լեռնային Ղարաբաղի արձագանքը
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից հաղորդում են, որ արցախաադրբեջանական շփման գծում իրավիճակը վերջին երկու օրերին հանգիստ է․
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը և մշտապես պատրաստակամ են, անհրաժեշտության դեպքում, արժանի հակահարված տալ հակառակորդի ցանկացած սադրանքի»։
ՀԱՊԿ արտահերթ նիստ
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սահմանին տեղի ունեցած միջադեպը քննարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ, որի անդամ է Հայաստանը։ ՀԱՊԿ–ը ձևավորվել է 1992 թ–ին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Կազմակերպությունը գործում է Ռուսաստանի հովանու ներքո, դրա անդամ են նաև Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։
Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է կազմակերպության անդամի նկատմամբ ռազմական սադրանքի անընդունելիությունը։ Ավելի ուշ ՀԱՊԿ մամուլի ծառայությունից հաղորդել են, որ հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հարցով մշտական խորհրդի արտահերթ նիստ է ընթանում։
Տեղեկություններ Բաքվից
Պաշտպանության նախարարության հայտարարությունները
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 13–ին հաղորդել է, որ Հայաստանի զինված ուժերն «իրավիճակի սրման նպատակով» ամբողջ օրը գնդակոծել են ադրբեջանական դիրքերն՝ օգտագործելով «խոշոր տրամաչափի գնդացիրներ, նռնականետեր, դիպուկահար հրացաններ, 60, 82 և 120 մմ ականանետեր և հրետանային այլ կայաններ»։
Նախարարությունը հաղորդում է նաև․
«Գիշերային մարտերի ընթացքում մեր ստորաբաժանումները, հրետանային կայաններն, ականանետերը և տանկերը դիպուկ կրակով ոչնչացրել են հակառակորդի զորամասի տարածքի հենակետը, հրետանային կայաններն, ավտոմոբիլային տեխնիկան և կենդանի ուժը… Ներկա պահին օպերատիվ իրավիճակը մեր զորքերի վերահսկողության տակ է։ Թշնամու դեմ պատժիչ գործողություններ են իրականացվում։ Հակառակորդը թաքցնում է կորուստների մասին տեղեկությունը»։
Ի՞նչ են ասում պաշտոնյաները
Ադրբեջանի պաշտոնատար անձինք նույնատիպ հայտարարություններ են անում․ սրացումը սահմանին Հայաստանի սադրանքի հետևանք է։
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Վագիֆ Դարգյահլին հայտարարել է․
«Թշնամին փորձում է սադրանք իրականացնել ոչ միայն ճակատային գծում, այլ նաև սոցցանցերի միջոցով։ Իբր խոցել են մեր ռազմական տեխնիկան, մեր բանակին պատկանող անօդաչու թռչող սարքը, իբր մենք շատ վիրավորներ ունենք և նրանց համար արյունը չի հերիքում։ Այդ ողջ տեղեկությունը սուտ է։ Մեր ոչ մի տեխնիկա և մեր բանակին պատկանող անօդաչու թռչող սարք չի խոցվել, վիրավորներն էլ շատ չեն։ Կոչ եմ անում մեր ժողովրդին չհավատալ թշնամու սադրանքներին»։
Իլհամ Ալիևի հայտարարությունը
Հուլիսի 13–ին կայացել է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի նիստ։ Այն նախագահում էր Իլհամ Ալիևը։ Նախագահը սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունը կրկին սադրանք է անվանել։
«Երեկ և այսօր գիշերը թշնամուն ադեկվատ պատասխան է տրվել։ Մենք վրեժ ենք լուծել մեր զինծառայողների համար, վրեժ է լինելու նաև այսուհետ․․․ Երբ թույլ տա օպերատիվ իրավիճակը, մենք օտարերկրյա ռազմական ներկայացուցիչների կհրավիրենք այդ տարածք, որպեսզի նրանք իրենց աչքերով տեսնեն իրավիճակը։ Որպեսզի նրանք տեսնեն, թե ով է կատարել այդ ռազմական սադրանքը․․․ Ինչպես գիտեք, Հայաստանում ներքին իրավիճակն արդեն հասել է ճգնաժամային նիշի։ Ներքին պառակտումները մեծ թափ են հավաքել։ Միաժամանակ նրանց շատ անհանգստացնում և նրանց մեջ նախանձի զգացումն ուժեղացնում են միջազգային հաջողությունները, որոնք վերջերս գրանցել է մեր երկիրը»։
Թուրքիայի աջակցությունը
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով իրավիճակը, TRT Haber–ին տված հարցազրույցում հայտարարել է․
«Հայաստանը պետք է ուշքի գա։ Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորություններն՝ Ադրբեջանի կողքին լինելու համար»։
Հասարակության արձագանքը
Ի պատասխան սահմանին իրավիճակի սրմանն ադրբեջանական հասարակությունում, որը մինչ այդ զբաղված էր միայն կորոնավիրուսային իրավիճակով, փոխվել է օրակարգը․ ղարաբաղյան հակամարտությունն առաջին պլան է մղվել։ Հուլիսի լույս 13–ի գիշերը Բաքվի Լոքբաթան ավանում մոտ հարյուր մարդ է փողոց դուրս եկել՝ պատերազմ պահանջելով։ Նրանք պահանջում էին իրենց ճակատ ուղարկել։ Ցույցն արագ ցրել է ոստիկանությունն՝ ի դժգոհություն սոցցանցերի մեկնաբանների, որոնք պահանջում էին, որ ոստիկանությունը միանա ցուցարարներին, և նրանք միասին ճակատ մեկնեն։