Համեմին Եվրոպան դուր կգար
Լուսանկարի մակագրությունը. «Դիմացիր մի փոքր: Ամեն բան կկարգավորվի»:
Իմերեթիայում կանաչու լավ ժամանակն է, սակայն վրացական կանաչին դեռևս կայուն շուկա չունի:
Ավանդական արտահանման շուկաներում՝ Ռուսաստանում և Ուկրաինայում, տնտեսական խնդիրների պատճառով արդեն երրորդ տարին է՝ վրացական կանաչու գինը ռեկորդայիին անկում է ապրում: Իսկ եվրոպական շուկան, որը ֆորմալ բաց է վրացական արտադրանքի համար, մինչև հիմա անհասանելի է ֆերմերներին:
2014թ. հունիսի 27-ին Վրաստանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կնքեց: Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, որը այս փաստաթղթի տնտեսական մասն է, վրացի ֆերմերներին և ձեռներեցներին հնարավորություն է տալիս սեփական արտադրանքը առանց մաքսատուրքի դուրս բերել Եվրամիության հինգ հարյուր ութսուն միլիոնանոց շուկա:
Սակայն Վրաստանի ոչ բոլոր ֆերմերներն են օգտվում այդ արտոնություններից:
Արտահանումը դեպի ԵՄ երկրներ աճում է, սակայն եթե վիճակագրությունը նայենք, կտեսնենք, որ հիմնականում պնդուկ և գինի է արտահանվում: Սակայն այդ ամենն եվրոպական շուկա էր արտահանվում նաև նախքան ասոցացման համաձայնագրի կնքումը:
Սրան կա մի քանի պատճառ.
Պատճառ 1: Չափանիշ և որակ
Որպեսզի վրացական միրգն ու բանջարեղենը հասնի ԵՄ երկրների ուպերմարկետներ և խոշոր մանրածախ ցանցեր, ձեռնարկատիրոջ գյուղատնտեսական արտադրանքը պետք է համապատասխանի «GLOBAL GAP» չափանիշներին:
«GLOBAL GAP» չափանիշը երաշխիք է, որ մթերքն արտադրվում է իրավաչափ կերպով և արտաքին միջավայրի վրա վնասակար ազդեցությունն ու քիմիական նյութերի օգտագործումը նվազագույնի է հասցված:
«Հերբիա» ՍՊԸ-ն Վրաստանում կանաչի արտադրող միակ ընկերությունն է, որը համապատասպանում է «GLOBAL GAP» չափանիշին: Այս ընկերությունն ի սկզբանե ստեղծվել է արտադրանքը Եվրոպա արտահանելու համար: Պահանջվող չափանիշին համապատասխանելու համար «Հերբիան» ստիպված է եղել անցնել բարդ ու թանկարժեք գործընթաց. իսպանական խորհրդատվական ընկերություն հրավիրել և նրա խորհրդով կազմակերպել տնտեսությունը, անցնել աուդիտ, որի ընթացքում ստուգվել է արտադրանքի համապատասխանությունը «GLOBAL GAP» չափանիշին և ի վերջո ստացել են համապատասխան սերտիֆիկատ: Այդ ընթացակարգերի համար «Հերբիան» ծախսել է 50 հազ. եվրո: Փոքր տնտեսություն ունեցող գյուղացիների և ֆերմերների համար այսպիսի գումար վճարելը իրատեսական չէ:
Պատճառ 2: քանակ
«GLOBAL GAP»-ի սերտիֆիկատ ստանալուց հետո «Հերբիան» բախվել է մեկ այլ խոչընդոտի: Չնայած որ ընկերության արտադրանքն աչքի է ընկնում բարձր որակով և պահանջարկ ունի, այս փուլում դրա արտահանումը ԵՄ շուկա նախկինի պես սահմանափակ է և ներառում է միայն բալթիկ երկրներն ու Բուլղարիան, այն էլ փոքր քանակությամբ: Բանն այն է, որ եվրոպական սուպերմարկետները պահանջում են բանջարեղենի մեծ և երաշխավորված ծավալների մատակարարում, այնինչ «Հերբիան» չի կարող բավարարել այս պահանջը:
Ընկերության գլխավոր տնօրեն Զուրաբ Ջանելիձեի խոսքով, որպեսզի ընկերության արտադրանքը հայտնվի եվրոպական երկրների սուպերմարկետներում, այն պետք է ամեն երկրորդ օրը տվյալ ցանցին ապահովի նվազագույնը 20 տոննա կանաչի: Այս պահին ընկերությունը չի կարող այդ քանակի արտադրանք ապահովել:
Խորհուրդ 1: Կոոպերատիվներ
Նման իրավիճակից դուրս գալու համար Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը կից «Արտադրական զարգացման խումբը» վարձել է «Bilancia» ընկերությանը:
Կազմակերպության առաջին խորհուրդն եղել է կանաչու արտադրանքը 50 տոկոսով ավելացնելու համար անհրաժեշտ ջերմոցային տնտեսություններում նոր տեխնոլոգիաների ներդրումը, ինչը կապված է մեծ ծախսերի հետ: Այդ պատճառով էլ «Bilancia»-ն առաջարկել է ֆերմերներին ստեղծել կոոպերատիվներ, ինչը թույլ կտա կրճատել նոր տեխնոլոգիաների և «GLOBAL GAP» չափանիշների ներդրման ծախսերն ու ավելացնել արտադրանքի ծավալները:
«Bilancia» ընկերության կարծիքով, վրացական կանաչի արտադրողները որոշակի առավելություններ ունեն, որոնք պետք է օգտագործել. Վրաստանում կանաչու բերքը լինում է սեպտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում, իսկ դա հենց այն ժամանակն է, երբ Եվրոպայում կանաչու պահանջարկն աճում է: Բացի այդ, Վրաստանի կլիման ու ջուրը լավն են, ինչը թույլ կտա ֆերմերներին կենտրոնանալ օրգանական պարարտանյութի օգտագործման և բիոարտադրանքի վրա: Վերջին տարիներին բիոմթերքի գինն ու պահանջարկն ամբողջ աշխարհում աճում է:
Խորհուրդ 2: Տեղափոխման ժամանակակից պայմաններ
Հոլանդական ընկերությունը նաև խորհուրդ է տալիս ֆերմերներին կանաչու տեղափոխման պլան մշակել՝ օգտագործելով հատուկ տրանսպորտ, ինչը նույնպես թանկ է, սակայն անհրաժեշտ, որպեսզի արտադրանքը ճանապարհին չկորցնի իր որակը:
***
Ֆերմերների մի մասը հաշվի է առել հոլանդացի մասնագետների խորհուրդները: «Վրացական կանաչի» կոոպերատիվը հիմնվել է 11 ֆերմերների կողմից, նրանցից մեկը «Հերբիան է»:
«Մենք՝ խոշոր ջերմոցային տնտեսություններս, միավորվել ենք այս կոոպերատիվում, սակայն այս փուլում կանաչի Եվրոպա չենք կարող արտահանել. մեզնից միայն «Հերբիան» ունի համապատասխան չափանիշ», — ասում է Բադրի Կիլաձեն, ով արդեն 8 տարի է հազարատերև, սամիթ, մաղադանոս և համեմ է աճեցնում 3 հազ. քառ. մետր Ցկալտուբի շրջանի իր ջերմոցում:
Կոոպերատիվի բաժնետերերը պլանավորում են «GLOBAL GAP» սերտիֆիկատ ստանալ այս տարվա վերջին և այդ հարցում հույսը դնում են կառավարության և դոնորների վրա:
«Պետությունը պահանջում է, որ մենք ինքներս ծածկենք սերտիֆիկատի ստացման համար անհրաժեշտ գումարի մի մասը: Ամեն մեկս 2500 ԱՄՆ դոլար պետք է վճարենք: Սակայն, եթե հաշվի առնենք, որ վերջին երեք տարիներին մեկամուտ չենք ունեցել, ադ միջոցներն այդքան էլ հեշտ չէ հայթայթել», — ասում է Կիլաձեն:
«ԵՄ երկրներ արտահանումն ավելացնելու համար անհրաժեշտ է համալիր միջոցառումներ իրականացնել. մանրամասն ուսումնասիրել ԵՄ շուկան, կանխորոշել այս կամ այն մթերքի պահանջարկը և հայտնաբերել ուղղություններ, որտեղ Վրաստանը մրցակցային առավելություններ ունի: Քանի որ մենք փոքր երկիր ենք, պետք է ուշադրություն դարձնել բրենդինգի վրա և ավելացնել Վրաստանի և վրացական արտադրանքի ճանաչելիությունը: Դրա համար անհրաժեշտ է ագրեսիվ մարքեթինգ: Ցավոք, ո՛չ կառավարությունը, ո՛չ բիզնեսն այս ուղղությամբ բավարար աշխատանք չեն տանում», — ասում է Թբիլիսիի տնտեսագիտության միջազգային դպրոցի հետազոտող Ռաթի Կոչլամազաշվիլին:
- Ըստ «Արտադրական զարգացման խմբերի» տեղեկատվության, Իմերեթիայի 550 փոքր ձեռնարկատերեր և 10 խոշոր ընկերություններ միջինում մեկ տարում աճեցնում են 25 հազ. տոննա կանաչի 1000 ջերմոցներում: Վրացական կանաչին հիմնականում արտահանվում է Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Լատվիա և Մոլդովա:
- «Արտադրական զարգացման խմբերի» կանխատեսումներով, ԵՄ շուկա դուրս գալու պարագայում վրացական կանաչին կզբաղեցնի եվրոպական շուկայի 0,2%-ը: 1 կգ կանաչու նվազագույն արժեքը 2-3 եվրո կկազմի, առավելագույնը՝ 6 եվրո: Տվյալ պահին խոսքը գնում է մաղադանոսի, սամիթի, համեմի և կոտեմի արտադրության մասին:
- Վիճակագրական տվյալների համաձայն, 2015թ., նախորդ տարվա համեմատ, Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ԵՄ երկրների հետ աճել է 6 տոկոսով՝ մինչև 3165 մլն դոլար: Այս տվյալների համաձայն, նախորդ տարվա ընթացքում ԵՄ է արտահանվել 646 մլն դոլարի արտադրանք, ինչը 4%-ով ավել է, քան նախորդ տարի: Գյուղմթերքից եվրոպական երկրներ է արտահանվում հիմնականում գինի և պնդուկ: Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո այդ ցուցակին ավելացել է միայն կիվին ու հապալասը:
Հրապարակվել է 18.04.2016