Հալեպը գրավված է: Ի՞նչ է լինելու հետո
Մի ժամանակ Հալեպը Սիրիայի խոշորագույն քաղաքն էր, գլխավոր արդյունաբերական և ֆինանսական կենտրոնը: Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվելուց հետո այն վերածվեց դաժան մարտերի էպիկենտրոնի: Քաղաքացիները մեծ մասամբ սատարում էին «ոչ ծայրահեղ ապստամբներին», սակայն Հալեպում ակտիվորեն կռվում էին նաև ԻԼԻՊ-ի գրոհայիններն ու նրանց կողմնակիցները:
Հալեպի համար պայքարը շուտով վերածվեց հյուծող մարտերի. ընդդիմությունը չկարողացավ զենքին տիրանալ, որը կօգներ վերջնականապես դուրս մղել Ասադի զորքերը, փոխարենը վերջիններս ստիպված էին կենտրանանալ երկրի մայրաքաղաք Դամասկոսի պաշպանության վրա: Այդպես շարունակվեց մինչև 2015թ-ի սեպտեմբերը, երբ քաղաքը սկսեց ռմբակոծել ռուսական ավիացիան:
Մոսկվան սատարում էր Բաշար Ասադին իբր Իսլամական պետության ահաբեկիչներին միահամուռ ուժերով ոչնչացնելու նպատակով: Սակայն իրենց հարվածները ռուսական ուժերը հասցնում էին գլխավորապես ընդդիմությանը:
2016թ-ի աշնան դրությամբ Հալեպը պաշարման մեջ էր, 250 հազար մարդ առանց սննդի, ջրի և դեղորայքի էր մնացել, քաղաքը հումանիտար աղետի առաջ էր կանգնած: Ապստամբներն այդպես էլ չկարողացան ճեղքել պաշարումը, պարենի և զենքի մատակարարումից կտրված և ռուսական գնդակոծության տակ նրանք ստիպված էին մեկը մյուսի հետևից հանձնել թաղամասերը:
Ի՞նչն է դարձել ապստամբների կողմից հեղափոխության գլխավոր քաղաք Հալեպի կորստի պատճառը, ի՞նչ է սպասվում Հալեպին:
Այդ մասին Hromadske TV-ին հարցրել է The Daily Beast պարբերականի խմբագիր, «Իսլամական պետություն: Ահաբեկչական բանակի ներսում» գրքի հեղինակ Մայքլ Վայսին և գերմանական Bild ամսագրի քաղաքական վերլուծաբան Յուլիան Ռեպկեին:
Հեղափոխության ոչնչացված խորհրդանիշ
Հալեպի անկումը անկասկած կարելի է այս կոնֆլիկտում Ասադի ուժերի ամենամեծ հաղթանակն անվանել: Bild-ի քաղաքական վերլուծաբան Յուլիան Ռեպկեն Hromadske.UA-ին տված մեկնաբանությունում նշել է, որ ապստամբների համար Հալեպն Ասադի բռնապետությանը դիմադրելու խորհրդանիշն էր՝ 2011թ-ից սկսած.
— Քաղաքի անկումն ու դրա անցումն Ասադի և նրա դաշնակիցներ Իրանի, Ռուսաստանի, Լիբանանի, Իրաքի և շատ այլ երկրների զորքերի ձեռքը նահանջի քայլ է ընդդիմադիր շարժման համար: Այդ քաղաքը միշտ յուրօրինակ միջնաբերդ է եղել: Այդ պատճառով էլ Հալեպի հանդեպ վերահսկողության վերականգնումը ռեժիմի ուժերի, «Հըզբոլլահի», Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, Պուտինի, այսինքն՝ Ասադի կողմից կռվող ուժերի համար բարոյական խթան կհանդիսանա, — ասում է The Daily Beast-ի խմբագիր Մայքլ Վայսը: — Քաղաքի անկման հարցում անկասկած վճռորոշ դեր է խաղացել Ռուսաստանը, որը չէր դադարում ռմբակոծել Հալեպը 2015թ-ի սեպտեմբերից:
Յուլիան Ռեպկեն ավելացնում է, որ Սիրիայում ընդդիմության ֆորպոստը տապալելու համար Մոսկվան դիվանագիտական ջանքեր էլ է թափել. Ռուսաստանը դաշնակիցներին կտրել է ապստամբներից՝ Թուրքիայի հետ համաձայնագիր ստորագրելով և Հալեպի ընդդիմությանը զրկելով Անկարայի աջակցությունից: Ռուսաստանը նաև արգելափակում էր ՄԱԿ միջամտելու բոլոր փորձերը և հասկացրել էր Եվրոպային, որ եթե այն փորձի միջամտել կոնֆլիկտին, ոչ միայն Ասադի հետ գործ կունենա, այլ նաև Մոսկվայի: 5 տարվա պատերազմից հետո Ասադը պարտվում էր բոլոր ճակատներում, սակայն 6 տարի անց նրա դիրքերն այս պատերազմում զգալիորեն բարելավվեցին:
Հապաղումը մահվան է հավասար
Հալեպի անկման գործում դեր են խաղացել ինչպես Ռուսաստանի ակտիվ գործողություններն, այնպես էլ Արևմուտքի կողմից գործողությունների փաստացի բացակայությունը: Դրանում համոզված է Bild-ի վերլուծաբան Ռեպկեն.
— Արևմուտքը կողմ էր Ասադի հետ միասին ռուսական կողմի առաջարկած այսպես կոչված հաշտեցմանը. այդ ժամանակը ռուսական ավիացիան և կառավարական զորքերը պարզապես օգտագործեցին իրենց ուժերը վերականգնելու համար, այդ պատճառով էլ շատ շուտով նրանք խախտեցին հաշտեցումը՝ ռմբակոծելով հումանիտար պահակախումբը: Այդ պատճառով էլ Արևմուտքը մեծ դեր խաղաց Հալեպի ապստամբների պարտության գործում, և ես կարծում եմ, որ Արևմուտքը շահագրգռված է հանգիստ և կարգավորված իրավիճակով, որին նրանք սպասում են ռուսական և սիրիական կառավարական զորքերի կողմից տարածքի հանդեպ վերահսկողության վերականգնումից հետո:
Մայքլ Վայսը կարծում է.
— ԱՄՆ-ի անգործությունը Սիրիայում փաստացի մասշտաբային ողբերգություն առաջացրեց: Վաշինգտոնը դատարկ հույսեր էր ներշնչում, թե կգա և կփրկի այդ մարդկանց, սակայն այժմ դա ոչնչացված սերունդ է: Սիրիայում ծնվելու են երեխաներ, որոնք ատելու են ԱՄՆ-ն այն բանի համար, որ այն իբր լքել է այդ մարտի դաշտը:
Ոչ վճռական հաղթանակ
Ապստամբների ֆորպոստի անկումից հետո հարց է առաջանում. արդյո՞ք Հալեպի գրավումը նշանակում է, որ Ասադը հաղթանակ է տանում Սիրիայի պատերազմում: Մայքլ Վայսը պնդում է, որ դրա համար խոչընդոտներ կան.
— Այդ կոնֆլիկտը 5 տարուց ավել է շարունակվում: Ասադի բանակը գրավում էր տարածքներն ու կրկին կորցնում: Սակայն մի մոռացեք Թուրքիայի միջամտության մասին, որը Ասադի ռեժիմին ընդդիմադիր որոշ խմբերին էր աջակցում: Սիրիայի արևելքում տարածքները քրդերն են վերահսկում, և նրանց աջակցում է ԱՄՆ-ն: Սիրիայի հարավում Ասադից բռնագրավված ռազմական օբյեկտներն են, որոնց վրա բրիտանական և ամերիկյան հատուկ ուժերը մարզում են հակակառավարական ստորաբաժանումները:
Այդ պատճառով էլ երկրի տարբեր հատվածներում իրավիճակը տարբեր կերպ է զարգանում: Չնայած դրան, Ասադը երազում է Սիրիայի ողջ տարածքի գրավման մասին, սակայն ես կարծում եմ, որ դա քիչ հավանական է, հատկապես այժմ, երբ կոնֆլիկտի մեջ ներգրավված է ՆԱՏՕ-ի երկու երկիր՝ ԱՄՆ-ն և Թուրքիան: Ռուսաստանն ու Իրանն այնքան էլ հիմար չեն նման պետությունների հետ մեծամասշտաբ պատերազմի մեջ ներգրավվելու համար:
Ահաբեկչության թրիգերները
Արդյո՞ք Հալեպի անկումը կհանգեցնի ահաբեկչության վտանգի ավելացմանը:
— Դա կհանգեցնի տեղի բնակչության և ընդդիմադիր ուժերի ծայրահեղականացմանը, դա ձեռնտու է «Ջիբհաթ-ան-Նուսրային» և Իսլամական պետությանը, որոնք կարող են հավաքագրել այդ մարդկանց, — ասում է Մայքլ Վայսը: — Կոալիցիայի նպատակը Իսլամական պետությանը դրա մայրաքաղաք Ռակկայից դուրս մղելն է: Սակայն ԻԼԻՊ-ն էլ այս հաշվով ծրագիր ուն, նրանք շատ ճկուն են: Մինչև սեփական խալիֆայություն հիմնելը նրանք վերջին դատաստանի օրվա պես մի բանի էին սպասում:
Եթե նրանք կորցնեն տարածքները, կնահանջեն դեպի անապատ: Պետք չէ թերագնահատել ռազմավարական տեսանկյունից մտածելու նրանց ունակությունը: Մենք գիտենք, որ նրանք Եվրոպայում բազմաթիվ վարձկաններ ունեն, բացի այդ, նրանք դեռևս վերահսկում են Մոսուլի և Ռակկայի մեծ մասը, ԻԼԻՊ-ի մեծ թվով գրոհայիններ կան Դեր Զորում:
Նրանք աստիճանաբար նահանջում են, սակայն չեն հանձնվել:
Bild-ի քաղաքական վերլուծաբան Յուլիան Ռեպկեն նույնպես կարծում է, որ Հալեպի անկումը կարող է նոր ահաբեկչական գործողություններ սադրել:
— Ռուսաստանի նախագահն ասում էր, որ Հալեպի համար պայքարը մղվում է նրա համար, որ ջիհադականները չկարողանան վերադառնալ իրենց հայրենի երկրներ, ինչը բացարձակ անիմաստություն է:
ՄԱԿ տվյալների համաձայն, Հալեպում Ալ Քաիդայի և Ան-Նուսրայի առավելագույնը 900 զինյալ կա, և նրանց մեծ մասը սիրիացի է:
Այդ պատճառով էլ Ռուսաստանը սպանում է ոչ թե արտասահմանցի վարձկան-ահաբեկիչներին, այլ տեղացի ապստամբներին: Կարծում եմ՝ ամեն ինչ հակառակն է լինելու. աշխարհը, հատկապես՝ մուսուլմանական աշխարհն, այժմ հասկանում է, որ Արևմուտքը պատասխան միջոցներ չի ձեռնարկում, այդ պատճառով էլ նրանք զայրացած են արևմտյան երկրների, Եվրոպայի վրա:
Այդ պատճառով էլ նրանք կարող են փորձել վրեժ լուծել իրենց մարդկանց համար, նրանք կարող են Եվրոպայում և Ռուսաստանում նոր ահաբեկչություններ իրականացնել որպես Հալեպում տեղի ունեցածի պատասխան:
Ասադի զորքերի գալուց հետո քաղաքացիական բնակչության ճակատագիրը դեռևս հարցականի տակ է: ՄԱԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ քաղաքում պաշարման մեջ 275 հազար մարդ է շարունակում մնալ, վերջին օրերի ընթացքում քաղաքից մոտ 70 հազար մարդ է հաջողացրել փախչել, ինչը նշանակում է, որ Հալեպում մինչև հիմա մոտ 200 հազար մարդ կարող է լինել:
The Daily Beast-ը, վկայակոչելով սիրիական ընդդիմադիր լրատվամիջոցներին, հայտնում է խաղաղ բնակիչների զանգվածային մահապատժի մասին, որն իրականացնում է սիրիական բանակը:
Արևելյան Հալեպի փողոցները կառավարական զորքերի մտնելուց հետո լեփ-լեցուն են զոհվածների մարմիններով, բազմաթիվ տներ ավերված են, այդ մասին Թվիթերում գրել է «Սպիտակ սաղավարտներ» հումանիտար կամավորական կազմակերպությունը:
Նրանց խոսքով, շրջապատված Հալեպում զոհվածների հստակ թիվ այսօրվա դրությամբ դեռ չկա, բոլոր փողոցներն ու ավերված տները լիքն են մահացածների մարմիններով: Միաժամանակ ռուսական լրատվամիջոցները հայտնում են քաղաքի փողոցում տեղի ունեցող տոնախմբությունների մասին: «Քաղաքի ազատագրման լուրը ժողովրդական ցնծություն է առաջացրել:
Բնակիչները փողոց են դուրս գալիս, գրկախառնվում են, շնորհավորում միմյանց, ողջունում զինվորականներին և նույնիսկ հրավառություն անում», — հաղորդում է ռուսական ՆՏՎ հեռուստաալիքը:
Ոչ բոլորն են համաձայն
Միաժամանակ «Կավկազսկի ուզել» պարբերականը հաղորդում է, որ պաշտպանության նախարարության՝ Գրոզնիի Խանկալա ռազմաբազայում տեղակայված ստորաբաժանման 12 զինծառայող հեռացվել է ծառայությունից Սիրիա մեկնելուց հրաժարվելու համար:
Դեկտեմբերի 6-ին համացանցում սիրողական տեսագրություն էր հրապարակվել, որը վկայում էր, որ ռազմական ոստիկանները Սիրիա են ուղարկվել Գրոզնիի արվարձանից:
Չեչնիայում տեղակայված զինվորականների համահավաք ջոկատը Սիրիայում ռազմական ոստիկանության գործառույթներ է իրականացնելու և պաշտպանելու է Հմեյմիմի ռուսական բազան: Չեչնիայից Սիրիա է ուղարկվել ոստիկանության համահավաք ջոկատի 500 զինծառայող, «Կավկազսկի ուզելին» դեկտեմբերի 9-ին հայտարարել է հանրապետական ուժային կառույցներին մոտ աղբյուրը:
«Ընդհանուր առմամբ հրաժարվածները 12 հոգի էին: Նրանք բոլորն ազատվել են ռազմական ծառայությունից: Նրանց հետ պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվել է», — հայտնել է աղբյուրը:
Միաժամանակ նա նշել է, որ Սիրիա գործուղման մեկնել ցանկացողները զգալիորեն ավելի շատ են, քան նրանք, ովքեր չեն ուզում մեկնել:
«Կամավորները շատ են: Առաջին հերթին, դա կապված է այն բանի հետ, որ դրամական բարձր բավարարում և տարբեր արտոնություններ են խոստացվել», — նշել է աղբյուրը: