Կրեմլի ինչի՞ն է պետք Ռամզան Կադիրովը
Չեչնիայում իրավախախտումները, մարդու իրավունքների ու ազատությունների ճնշումն այնքան մասշտաբային են դառնում, որ դրանց արդեն Կրեմլն է սկսել արձագանքել:
Ռուսական «Նովայա գազետան» գրում է , որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խախտեց Կրեմլի հետ պայմանագրի սկզբունքային պայմանը, փաստացի դուրս բերեց Չեչնիան ռուսական օրենսդրական դաշտից և հանրապետությունը վերածեց անջատողական ռեժիմի՝ իր միանձնյա վերահսկողության տակ: Եվ այժմ եկել է Կադիրովի՝ որպես «արդյունավետ մենեջերի» արժանիքների «գույքագրման ժամանակը»:
Ինչպես գրում է «Նովայա գազետան», «Կրեմլի հետ պայմանագրի» գլխավոր նպատակը Չեչնիայի բացարձակ հավատարմությունն է: Կադիրովի առջև «երկու հիմնական խնդիր էր դրվել».
- պայքար չեչեն անջատողական/ահաբեկչական ընդհատակի դեմ;
- պետության՝ երկու պատերազմների արդյունքում քանդված ենթակառուցվածքների և տնտեսության վերականգնում:
Չեչեն իշխանություններին վերապահվել էին աննախադեպ իրավասություններ ու ապահովվել միլիարդավոր ներդրումներ:
Մինչև վերջերս պայմանագրի կատարման արդյունավետությունը Կրեմլը բավականին բարձր էր գնահատում: Սակայն մարտին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հրավիրվել էր Կրեմլ, որտեղ, ինչպես գրում է «Կավկազսկի ուզելը» , պահանջ է ստացել հանրապետությունում հետևել «ռուսական օրենքներին կյանքի բոլոր ոլորտներում»:
Ամենալուրջ պատիժը, ինչպես գրում է «Նովայա գազետան», «վստահության ճգնաժամը» դարձավ, երբ Նեմցովի սպանությունից հետո Ռամզան Կադիրովին դադարեցին Վլադիմիր Պուտինի հետ կապել»:
Եվ այնուամենայնիվ, ինչպես գրում է «Կավկազսկի ուզելը» ռուս քաղաքագետների մեծ մասն այն կարծիքի է, որ Կադիրովին պաշտոնանկություն չի սպառնում: Ինչո՞ւ: Այս հարցին «Կավկազսկի ուզելը» մի քանի պատասխան ունի:
Ինչպե՞ս կառավարել Չեչնիան առանց Կադիրովի
«[Չեչնիայում իրավիճակը նախքան Պուտինի հետ Կադիրովի հանդիպումը] մնացել է այնպես, ինչպես եղել է: Կրեմլը չգիտի՝ ինչպես ղեկավարել հանրապետությունն առանց Կադիրովի և ինչպես այնպես անել, որպեսզի չեչնիայում իրավիճակը բացասաբար չազդի ողջ Հյուսիսային Կովկասի վրա: Հարցը Կադիրովի հանդեպ սիրո առկայությունը կամ բացակայությունը չէ: Եթե վաղը Ռամզանը չկարողանա կառավարել, դա Պուտինի խնդիրն է», — ասում է Մոսկվայի Կարնեգի կենտրոնի գիտական խորհրդի անդամ Ալեքսեյ Մալաշենկոն:
Նրա կարծիքով, Կադիրովն օգտվում է դրանից և շարունակելու է օգտվել: Իրավիճակը կարող է փոխվել միայն եթե Կադիրովն իրեն անտակտ ու նյարդային պահի, սակայն նման շրջադարձի պետք չէ սպասել, ասում է Մալաշենկոն:
Կրեմլը հազիվ թե Կադիրովին Չեչնիայի ղեկավարի պաշտոնից պաշտոնանկ անի, քանի որ նրա ետևից պետք է փոխել հանրապետական ղեկավարի թիմը, կարծում է քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը:
«Ինչո՞ւ փնտրել բարին բարու մեջ. Կադիրովն ընդգծված բացարձակ հավատարմություն է դրսևորում՝ ընտրություններին խենթ արդյունքներ ցուցաբերելով… Այո, խնդիրը լուծված է… սակայն սա այն դեպքը չի, որ «մավրն արել է իր գործը, մավրը կարող է հեռանալ». ո՞վ է դա վերահսկելու: Ձևավորված ռեժիմը բացառապես Կադիրովին է հարմարեցրած: Եթե այլ մեկը գա, փորձի բարեփոխումներ անել, համակարգը կփլվի», — ասել է Օրեշկինը «Կավկազսկի ուզելին»:
Կադիրովը ձեռնտու է Կրեմլին, և նրա պաշտոնանկությունը հնարավոր է միայն Պուտինի հեռանալու դեպքում, վստահ է նա:
Օրենքից անդին
Որոշ ժամանակ առաջ Կադիրովը հանրային կերպով համեմատեց ոչ սթափ վարորդներին «պայթուցիկով մահապարտների հետ և հրահանգեց հանրապետությունում գնդակահարել թմրամոլներին: Չեչնիայի դատախազը հետո հայտարարել է, որ Կադիրովի խոսքերը «համատեքստից հանված են»»:
Սակայն, կարծում է քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը, նմանատիպ հայտարարությունները ցույց են տալիս, որ հանրապետությունում «մաֆիայի պես մի բան» է ստեղծվում:
«Մեծ պետությունը մաֆիայից տարբերվում է նրանով, որ այնտեղ գրված օրենքներ կան, վատն են դրանք, թե լավը՝ այլ հարց է, սակայն նրանք ֆորմալ սահմանը գծում են. սա կարելի է, իսկ սա՝ ոչ: Ընդհանրապես ես չեմ կասկածում, որ Կադիրովը գիտի՝ հանրապետությունում չի կարելի մարդ գնդակահարել: Սակայն խոսքը գնում է պետության մասին, իսկ Կադիրովն իր հանրապետությունից մաֆիայի պես մի բան է սարքել, որտեղ օրենքը «պախանի» խոսքն է: Այսօր այսպես է հնարավոր, իսկ վաղը՝ այլ կերպ, հետևաբար իրավունքների պահպանման մասին որևէ երաշխիք չկա», — ասել է Օրեշկինը:
«Ժողովրդի կամք չկա, կա առաջնորդի կամք… Նա արդեն մի քանի գործառույթ է մարմնավորում՝ գործադիր, օրենսդիր, դատական, իշխանական լրատվական: Նա նաև գլխավոր հրամանատար է, պաշտամունքային և սակրալ իշխանություն»:
Չեչնիայից գաղթած միգրանտները կտրականապես չեն ուզում հայրենիք վերադառնալ
Այն, որ Չեչնիայի բնիկ բնակիչները փորձում են լքել այն, բնական է, — կարծում է Ալեքսեյ Մալաշենկոն:
«Չեչենները, հատկապես երիտասարդ սերունդը, երկակի են: Նրանք ուզում են ավելի ազատ ապրել, Ռամզանի վերահսկողության տակ լինել, սակայլ ունենալ Ռամզանի երաշխիքը, որ եթե ինչ-որ մեկը նեղացնի, նա կպաշտպանի», — ասել է Մալաշենկոն:
Եվրոպա գաղթած չեչենները, չեն ուզում վերադառնալ, սակայն այնտեղ էլ առանց խնդիրների չեն կարող հարմարվել, — ասում է նա:
«90-ականներին եվրոպական պատտվիրակությունները հարցնում էին ինձ. «Ովքե՞ր են չեչենները»: Այժմ հարցն այլ է. «Ի՞նչ անել նրանց հետ»: Կարծում եմ՝ երիտասարդ սերունդը կհարմարվի, սակայն գործընթացը ցավոտ է լինելու. դրա համար անհրաժեշտ է հրաժարվել սեփական մտածողությունից: Շվեցիայում և Նորվեգիայում նման պահվածք չի կարելի դրսևորել, ինչպես Գրոզնիում, Արգունում կամ նույնիսկ Մոսկվայում: Այնուամենայնիվ, չեչենները դեռևս չեն ադապտացվում կամ չեն ուզում ադապտացվել (եվրոպական երկրների բարքերին)», — ասում է Մալաշենկոն:
Կադիրովն ու նրա շրջապատը խորհրդային հատուկ ծառայությունների սկզբունքով է ապրում, կարծում է հանրապետության ՆԳՆ գործող աշխատակիցը, որը չի ցանկացել նշել իր անունը:
«Դա այսպես կոչված ակվարիումի սկզբունքն է, երբ այն ամենն ինչ վերաբերում է Կադիրովին, նրա հարազատներին ու նրա մերձավոր շրջապատին, սահմանափակ տարածքի սահմաններից դուրս չի գալիս… Նրա թշնամիները շատ են, այդ թվում նաև՝ ոխերիմ: Եթե Կադիրովի դիրքերը մի թեթև թուլանան, դա անպայման կարտահայտվի: Մշտական վիրավորանքները, նվաստացումները… ոչ ոքի համար գաղտնիք չեն, և դա նույնպես չի կարելի հաշվի չառնել: Ռամզանը դեռևս, ինչպես ասում են «ձեռքը զարկերակին է պահում», սակայն վաղ թե ուշ իրավիճակը դուրս կգա նրա վերահսկողությունից: Դա անխուսափելի է, և այդ ժամանակ իրադարձությունները բացարձակապես անկանխատեսելի կլինեն», — հայտարարել է նա «Կավկազսկի ուզելին»:
JAMnews-ի տվյալներ
- Ռամզան Կադիրովը Չեչնիայի ղեկավարն է 2007թ-ի մարտից:
- 2016թ-ի սեպտեմբերի 18-ին հանրապետության ղեկավարի ընտրությունների պաշտոնական արդյունքներով, նա ընտրվել է 3-րդ անգամ:
- Հանրապետությունը նախկինում ղեկավարել է նրա հայրը՝ Ահմադ Կադիրովն, ում սպանել են 2004թ-ին:
Հրապարակվել է՝ 10.10.2016