«Կրակոցներ ծոծրակին»․ զանգվածային սպանություններ Ուկրաինայում
Ապրիլի 3-ին աշխարհի քննարկման գլխավոր թեմաներից մեկը Բուչայում և Ուկրաինայի Կիևի մարզի այլ բնակավայրերում ռուսական օկուպացիայի ժամանակ տեղի ունեցած խաղաղ բնակիչների կոտորածների լուսանկարներն էին։
Լուսանկարներում իրենց մեքենաների մեջ սպանված, այրված, տանկերի կողմից ջախջախված մարդիկ են։ Հայտնաբերվել են նաև դիակներ՝ կապված ձեռքերով և ծոծրակի հատվածում կրակոցների հետքերով։
Առաջինը լուսանկարները հրապարակել է France Presse գործակալությունը։
«Ապրիլի 4-ի դրությամբ ռուսական բանակից ազատագրված Կիևի մարզի շրջաններից դատաբժշկական փորձաքննության են բերվել 410 զոհված խաղաղ բնակիչների դիեր»,- հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։
Տեղում ընթանում են ականազերծման աշխատանքներ։ Վենեդիկտովայի փոխանցմամբ՝ ռուս զինվորականները ականապատել են նաև մահացածների մարմինները։
«Ինչո՞ւ են նրանց սպանել։ Ի՞նչ էր արել այն տղամարդը, որն իր հեծանիվով անցնում էր փողոցով։ Ինչո՞ւ են կանանց խեղդամահ արել նրանց ականջօղերը հանելուց հետո»։
«Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր ռուս զինվորի մայր տեսնի Բուչայում, Իրպենում, Գոստոմելում սպանվածների դիերը։ […] Ինչպե՞ս կարող էին կանանց բռնաբարել և սպանել երեխաների աչքի առաջ, ծաղրի ենթարկել նրանց մարմինները մահվանից հետո: Ինչո՞ւ են տանկերով ջախջախել մարդկանց մարմինները։ Ի՞նչ էր արել ուկրաինական Բուչա քաղաքը ձեր Ռուսաստանին։ Ինչպե՞ս այս ամենը հնարավոր դարձավ»,- տեսաուղերձում այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուզում եմ, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարները տեսնեն, թե ինչպես են կատարվում իրենց հրամանները, համատեղ պատասխանատվություն լինի այս սպանությունների, այս խոշտանգումների, պայթյուններից պոկված և «փողոցներում սփռկած» ձեռքերի համար, կապկպված մարդկանց ծոծրակի հատվածում կրակոցների համար։ Այսուհետ այսպես է ընկալվելու ռուսական պետությունը»։
Ռուսաստանը «ֆեյքերի ու սպանության բեմադրված տեսարանների» մասին
ՌԴ պաշտպանության նախարարությունը «սադրանք» և «բեմադրություն» է անվանել Ուկրաինայում ռուս զինվորականների կողմից խաղաղ բնակչության ջարդերի լուսանկարները։
«Ռուսական զորքերը քաղաքը լքել են դեռևս մարտի 30-ին»,- հայտնել է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։
Հաղորդագրությունում ռուսական կողմն «առանձնահատուկ մտահոգություն» է արտահայտել այն առիթով, որ մարմինները, իբր, այն տեսքը չեն ունեցել, ինչպիսին պետք է ունենային մահից «առնվազն չորս օր հետո»:
Ռուսական իշխանամետ լրատվամիջոցները փաստարկներ են տարածում «բեմադրված տեսանյութերի» մասին։ Մասնավորապես, հաղորդվում է, որ կադրերից մեկում ճանապարհի եզրին պառկած մահացած անձը իբր շարժում է ձեռքը։ Իսկ մյուս մահացածը, որը երևում է հետևի հայելու մեջ, իբր նստում է։
Հետաքննությունը և այս հայտարարությունների ապացուցողական հերքումը հրապարակել է ռուսական Mediazona-ն: Ըստ այդմ՝ որպես «ձեռքը շարժելու» հիմք է ներկայացվել մեքենայի դիմապակու քերծվածքից արձակված շողը, իսկ «անձի նստելու» համար՝ հետնապակու տեսադաշտի աղավաղված լինելը։
Ռուսաստանը խնդրել է ապրիլի 4-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել «Բուչայում ուկրաինական արմատականների հրեշավոր սադրանքի հետ կապված»։
Աշխարհի արձագանքը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ «խորապես ցնցված է» Բուչայում խաղաղ բնակիչների մահվան փաստերով՝ կոչ անելով անկախ հետաքննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Արևմտյան երկրները ծրագրում են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինայում խաղաղ բնակիչների սպանության պատճառով։ Այս մասին հայտարարել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Միջադեպի վերաբերյալ հայտարարություններով հանդես են եկել բազմաթիվ եվրոպացի առաջնորդներ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ «ռուսական իշխանությունները պետք է պատասխան տան այդ հանցագործությունների համար»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Պետդեպարտամենտը կօգնի փաստաթղթավորել ռուս զինվորականների կողմից ուկրաինացի խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված վայրագությունները:
«Շատ շուտով ԱՄՆ-ը լրացուցիչ գործողություններ կձեռնարկի Ռուսաստանի դեմ»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Ուկրաինայում խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների լուսանկարները