«Վերապրողներն» այն մարդիկ են, ովքեր փորձում են դիմակայել աղետալի իրադարձություններին։ Որպես կանոն, նրանք միավորվում են՝ ըստ հետաքրքրությունների՝ կախված նրանից, թե ինչն են պատրաստվում վերապրել՝ Երրորդ համաշխարհայի՞նը, մահացու համաճարա՞կը, Ապոկալիպսի՞սը, թե՞ զոմբիների հարձակումը։
Այդպիսի խմբերը մեծ տարածում ունեն ԱՄՆ-ում, սակայն հանդիպում են նաև այլ աշխարհամասերում։
Նախևառաջ, «վերապրողները» պահուստավորում են սննդամթերք և խմելու ջուր․ նրանց նկուղներն ու ձեղնահարկերը լի են պահածոներով և սառեցված մթերքով։
Նրանք պատրաստ են նաև ինքնապաշտպանության․«վերապրողները» տանը հրազենի մի ողջ զինանոցեն պահում և զինամթերք՝ իրենց պահուստները քաղցած ամբոխներից պաշտպանելու համար։
«Վերապրողներին» ամեն ինչ մատակարարող առցանց խանութներից մեկի տեր Նանդեր Կնոբենը պատմում է, որ փետրվարին վաճառել է ջրի այնքան զտիչներ, շարժական ռադիոկայաններ և հակագազներ, որքան 2019 թ-ի վեց ամսում։
Կնոբենը նույնպես տանն ունի ջրի, սննդամթերքի և բենզինի երկու–երեք ամսվա պահուստ։
Նրա խոսքով՝ ժամանակին նա մի խմբի մասնակից էր, որը պատրաստվում էր վերապրել աշխարհի վերջը, սակայն այժմ հեռու է մնում այդպիսի մարդկանցից․
«Երբ ամեն օր մտածում ես այն մասին, որ դա իրոք կարող է տեղի ունենալ, կյանքն ավելի երջանիկ չի դառնում»։
Մեկ այլ ձեռնարկատեր Անգլիայից, որը գործ ունի «վերապրողների» հետ, լրագրողներին պատմել է, որ իր խանութի շրջանառությունը 20 անգամ աճել է կորոնավիրուսի բռնկումից հետո։
Նա ստիպված է եղել լրացուցիչ աշխատակիցների վարձել և անցնել շուրջօրյա աշխատանքային գրաֆիկի։ Ամենալավը վաճառվում են հակագազներն ու քիմիական պաշտպանության համազգեստները։
«Մարքեթինգային մենեջմենթի սուրհանդակ» հեղինակավոր պարբերականում զեկույց է հրապարակվել, որում նշվում է․
«Վերապրողներն» արդեն մարգինալ ենթամշակույթ չեն, դա մարդկանց զանգվածային արձագանքն է մշտական ճգնաժամերին։ Նրանց պահանջմունքների բավարարման հետ կապված բիզնեսն աճում է»։
Դատարկ դարակաշերեր՝ Նյու Յորքի խանութներից մեկի մաքրող միջոցների և լվացքի փոշու բաժնում։ 2020 թ–ի մարտի 3։ REUTERS/Brendan McDermid