Կորոնավիրուսը մոտեցել է Կովկասի սահմաններին։ Ինչպե՞ս են դրան արձագանքում Հայաստանոմ, Վրաստանում և Ադրբեջանում
Իրանում նոր կորոնավիրուսի բռնկումն արմատապես փոխել է իրավիճակը Կովկասում՝ Իրանին սահմանակից տարածաշրջանում։
Հայաստանի և Վրաստանի կառավարությունները փակել են Իրանի հետ հաղորդակցությունը։ Ադրբեջանը, որն Իրանի հետ մյուսներից ավելի շատ է կապված, դեռևս չի շտապում փակել սահմանը։
JAMnews–ը պատմում է, թե ինչպես են Կովկասի երկրներն արձագանքել իրենց սահմաններին կորոնավիրուսի մոտենալու սպառնալիքին։
• Կորոնավիրուս։ Իրան․իշխանությունները թաքցնում են հիվանդների իրական թի՞վը
Ադրբեջան․ Իրանի հետ սահմանը բաց է
Ադրբեջանը Կովկասի միակ երկիրն է, որը չի փակել սահմանն իր ցամաքային հարևան Իրանի հետ։
Այդ երկու երկրների միջև մեծ ուղևորահոսք կա։ 2019 թ–ին Ադրբեջանի՝ արտասահման մեկնող քաղաքացիների գրեթե կեսը հենց Իրան է այցելել։ Հիմնականում մեկնում են բուժվելու, առևտրի, դեպի մուսուլմանական սրբավայրեր ուխտագնացության նպատակով։
Նաև Իրանից Ադրբեջան բազմաթիվ զբոսաշրջիկներ են ժամանում։
Ադրբեջանից դեպի Իրան օդային ճանապարհով ուղիղ չվերթներ կան մինչև Թավրիզ և Թեհրան։ Մեքենայով և ավտոբուսով սահմանը կարելի է հատել մի քանի հսկիչ անցակետերում։
Ներկա պահին Իրանի և Ադրբեջանի միջև ցամաքային և ավիահաղորդակցությունը շարունակվում է, թեև մաքսակետում ստուգումներ են անցկացվում, այդ թվում՝ սանիտարական, և վարակազերծում։
«Առգրավվում է առանց գործարանային փաթեթավորման և ջերմամշակում չանցած ողջ անասնապահական արտադրանքը։ Բեռնախցիկում մսամթերքի անցկացումն արգելված է», — ասում է ադրբեջանական Մաքսային կոմիտեի ներկայացուցիչ Նաթիգ Ախունդովը։
Ադրբեջանի արտգործնախարարությունը հորդորում է Իրան այցելելիս ծայրահեղ ուշադիր լինել, հետևել տեղի իշխանությունների հրահանգներին, իսկ խնդիրների առաջացման դեպքում դիմել Ադրբեջանի դեսպանատուն։
Ադրբեջանի գլխավոր վարակաբան Ջալալ Իսաևը խորհուրդ է տալիս ընդհանրապես հրաժարվել առանց մեծ անհրաժեշտության Իրան այցելություններից։
Ադրբեջանցի տնտեսագետ Գուբադա Իբադօղլուն կանխատեսում է, որ Իրանում կորոնավիրուսի տարածումը բացասաբար է ազդելու նաև Ադրբեջանի տնտեսության վրա։
Հայաստանը փակել է Իրանի հետ սահմանը։ Բայց ոչ ամբողջությամբ
Հայաստանը, որը նույնպես անմիջականորեն սահմանակից է Իրանի հետ, փետրվարի 23–ին երկու շաբաթով փակել է այդ երկրի հետ սահմանը։ Սահմանափակվել է նաև, բայց չի չեղարկվել երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը։
Այդ որոշումն ընդունվել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման ազգային հանձնաժողովի առաջարկով։
Տնտեսական առումով դա Հայաստանի համար ծանր որոշում է, քանի որ այժմ երկիրը միայն մեկ բաց սահման ունի՝ Վրաստանի հետ։
Այդ առնչությամբ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել մանրամասն պարզաբանումներ կատարել ֆեյսբուքյան իր էջում։
Նա գրել է, որ փակ սահմանը չի խանգարելու Իրանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումներին։ Դրանք իրականացվելու են առանց սահմանափակումների, պարզապես բեռնատարների վարորդները սահմանը հատելիս ավելի մանրամասն զննում են անցնելու։
Նա նաև նշել է, որ Հայաստանի և Իրանի քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն, քանի որ հայրենիք վերադառնալու հարցում ոչ մի սահմանափակում չի լինելու։
Հայաստանի վարչապետը պաշտոնապես հայտարարել է, որ երկրում այդ վիրուսով վարակված մարդիկ դեռ չկան, և առկա են բոլոր անհրաժեշտ տեխնիկական և պրոֆեսիոնալ ռեսուրսները ճշգրիտ ախտորոշման համար։
Նրա խոսքով՝ երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի կառավարությունը մտադիր է սերտորեն աշխատել Իրանի կառավարության հետ, վերլուծել կորոնավիրուսի տարածման մասշտաբների մասին տեղեկությունները՝ հետագա անելիքները հստակեցնելու համար։
Վրաստան․ Իրանից ժամանում են դատարկ ինքնաթիռներ
Վրաստանն Իրանի հետ ցամաքային սահման չունի, սակայն այդ երկրների միջև սերտ տնտեսական և զբոսաշրջային հարաբերություններ կան։ 2019 թ–ին Վրաստան է այցելել շուրջ 140 հազար իրանցի։ Վրացական օդանավակայաններից դեպի Իրան շաբաթական 14 չվերթ է իրականացվում։
Ըստ Վրաստանի կառավարության որոշման՝ փետրվարի 23–ից ավիահաղորդակցությունը սահմանափակվել է։ Մասնավորապես, կասեցվել է Իրանից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորահոսքը։
Վրաստանի կառավարությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց։
Որպեսզի Իրանի՝ Վրաստանում գտնվող զբոսաշրջիկները կարողանան հայրենիք վերադառնալ, ավիաընկերությունները կարող են Վրաստան ուղարկել դատարկ ինքնաթիռներ առանց ուղևորների, որոնցով հետո զբոսաշրջիկներին հայրենիք կտեղափոխեն։
Առաջին դատարկ չվերթը Վրաստան է ժամանել Թեհրանից։ Մոտ 130 իրանցի է լքել Թբիլիսին այդ օդանավով։ Ինչպես նշում են Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, Թբիլիսին ևս մի քանի դատարկ ինքնաթիռ է սպասում Իրանից։
Վրաստանի կառավարության հայտարարությունում ասվում է, որ այս փուլում տեղաշարժի համար բաց է մնում ցամաքային սահմանն, այսինքն՝ մուտքը դեպի Վրաստան հարևան Հայաստանից և Ադրբեջանից, որոնք անմիջական սահման ունեն Իրանի հետ։
Սակայն Վրաստանում չեն բացառում Իրանի հետ ցամաքային սահմանով տեղաշարժի սահմանափակումը։
«Վրաստանի կառավարությունը հետևում է իրավիճակի զարգացմանն, ինչպես նաև շարունակում աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Ապագայում, եթե նման անհրաժեշտություն առաջանա, չենք բացառում նաև ցամաքային սահմանով տեղաշարժի սահմանափակում։ Վրաստանի կառավարությունն արդեն զգուշացրել է Վրաստանի քաղաքացիներին այն մասին, որ նրանք զերծ մնան Իրան այցելություններից, իսկ Իրանում գտնվող քաղաքացիները կարող են անհրաժեշտության դեպքում կապվել Վրաստանի դեսպանատան հետ», — ասված է Վրաստանի կառավարության հայտարարությունում։
Իրանի հետ կապված իրավիճակի մասին տեղեկությունները փոխել են Վրաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչների հռետորաբանությունը։
Նրանց հայտարարության համաձայն՝ վարակի տարածման ռիսկը Վրաստանում ցածր է, սակայն «միանշանակ պետք է ավելացնել կանխարգելիչ միջոցները, քանի որ Իրանը մեր կողքին է»։
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ կորոնավիրուսի առնչությամբ Թեհրանը Վրաստանի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Չինաստանը։