Կորոնավիրուսը հարվածում է Վրաստանի տնտեսությանը
Կորոնավիրուսը Վրաստանին հարվածելու է երկու ուղղություններով։
1.Գլոբալ տնտեսական խնդիրները արտաքին հոսքերի կրճատում կառաջացնեն Վրաստանում։
2. Վրաստանում վարակվածների առկայության հաստատումը զբոսաշրջային հոսքի կրճատում կառաջացնի, ինչն, իր հերթին, կարող է ազգային արժույթի՝ լարիի որոշակի արժեզրկում առաջացնել։
Կորոնավիրուսի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա
Ամենացավոտ հարվածը ստացել է Չինաստանի տնտեսությունը, որը կազմում է համաշխարհային տնտեսության 16%–ը։ Քանի որ աշխարհի բոլոր երկրների տնտեսություններն այս կամ այն կերպ կապված են չինականի հետ՝ արտահանում–ներկրում, զբոսաշրջություն, ապա նրանք էլ են վնասներ կրում։
• Կորոնավիրուս․ Իտալիան դառնում է Եվրոպայում հիվանդության տարածման օջախ։ Թարմացում
«Օքսֆորդ էքոնոմիքսի» գնահատականով՝ կորոնավիրուսը համաշխարհային տնտեսության աճի տեմպը նվազեցրել է 1,3%–ով, իսկ ընդհանուր վնասներն աշխարհում 2020 թ–ին կգերազանցեն մեկ տրիլիոն դոլարը։
• Վերջին ամսվա ընթացքում աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցիչները նվազել են ավելի քան 10%–ով, և այդ անկումը շարունակվում է։ Արժեթղթերի տերերն արդեն մինչև 2 տրլն դոլար են կորցրել։ 9%–ով կրճատվել է Ռուսական ֆոնդային բորսայի ցուցիչը։
• 27%–ով նվազել է նավթի համաշխարհային գինն, ինչը զգալի վնաս է հասցնում նավթ արտահանող երկրների տնտեսություններին;
• Զբոսաշրջային ոլորտի առաջատար պետությունները կանխատեսում են զբոսաշրջային հոսքերի 20-30% կրճատում։
• Շարունակվում է չինական արտահանման–ներկրման կրճատումն, ինչը ցնցումների մեջ է գցում աշխարհի շատ երկրների տնտեսությունները, որոնք կապված են Չինաստանի տնտեսության հետ։
Գլոբալ խնդիրներն անկասկած կազդեն Վրաստանի վրա
Վրաստանը բաց տիպի փոքր տնտեսություն ունի, որը մեծապես կախված է արտաքին գործոններից։ Ներկայիս իրավիճակը, որն աշխարհում ստեղծվել է կորոնավիրուսի բռնկման հետևանքով, անպայման վնասելու էր Վրաստանին, անգամ եթե երկրում հիվանդանալու դեպքեր չգրանցվեին։
• Կրճատվելու է վրացական արտադրանքի պահանջարկը, հետևաբար, կրճատվելու է արտահանման ծավալը։
• Կրճատվելու է զբոսաշրջային հոսքը․ բնակչության մի մասը նման իրավիճակում նախընտրելու է ոչ թե ճամփորդել, այլ գումար խնայել և տանը նստել։
• Կրճատվելու է արտաքին ներդրումների ծավալը, քանի որ պետությունները նվազեցնելու են դուրս բերվող կապիտալի ծավալները։
• Կրճատվելու են էմիգրանտներից ստացվող ֆինանական հոսքերը, որոնց վաստակած գումարը կկրճատվի, իսկ դա Վրաստանի համար արտաքին ֆինանսական մուտքերի զգալի մաս է կազմում։
2020 թ–ին Վրաստանում պլանավորվում էր տնտեսության 4,5% աճ։ Հաշվի առնելով նշված գործոնները՝ նախանշված նպատակին հասնելն անհավանական դժվար է լինելու։
Կորոնավիրուսի ուղիղ հարվածը Վրաստանի տնտեսությանը
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների մասին հաղորդագրությունները որոշակիորեն կվատթարացնեն տնտեսական իրավիճակը, որն, ընդհանուր առմամբ, լավատեսություն էր առաջացնում։
2020 թ–ի ցուցանիշների մեծ մասը մինչ այժմ գերազանցում էր նախորդ տարվա ցուցանիշները։
Մասնավորապես․
• 10%–ով աճել էր արտահանման ծավալը,
• զբոսաշրջային հոսքն ավելացել էր 19%–ով,
• էմիգրանտներից ստացվող դրամական փոխանցումների ծավալը՝ 9%–ով,
• լարիի փոխարժեքը հաջողվել էր ամրապնդել մեկ դոլարի դիմաց 2.87–ից մինչև 2.79 լարի։
Կորոնավիրուսն արդեն առաջացրել է լարիի արժեզրկում 1.1 կետով, և սա, ըստ փորձագետների, միայն սկիզբն է, քանի որ բնակչությունը դեռևս մթերք է պահուստավորում, այլ ոչ թե արտարժույթ։
Լուրջ վնասներ կկրի զբոսաշրջային հատվածը
Ոմանք կհրաժարվեն Վրաստան գալ կորոնավիրուսի առկայության պատճառով, մյուսները ճամփորդելու համար փող չեն ունենա։ Մուտքերը կկրճատվեն ընդհանուր առմամբ սեփական երկրի տնտեսության թուլացման պատճառով։
Շատերը պարզապես չեն կարողանա Վրաստան հասնել արգելքների պատճառով․ խոսքը դեռևս Չինաստանի և Իրանի քաղաքացիների մասին է, սակայն արգելքը կարող է տարածվել նաև այլ երկրների վրա։
Հարկ է նշել, որ այդ երկու երկրներից ժամանած զբոսաշրջկները նախորդ տարի Վրաստանում ծախսել են մոտ 190 մլն դոլար։
Թեև, ակտիվ զբոսաշրջային սեզոնը Վրաստանում սկսվում է մայիսին, և, հնարավոր է, մինչ այդ իրավիճակը բարելավվի։
2019 թ–ին Վրաստանը զբոսաշրջության ոլորտում վաստակել է մոտ 3,5 մլրդ դոլար այն դեպքում, երբ ողջ տնտեսությունը կազմում է 18 մլրդ դոլար։
Լարիի ճակատագիրը
Ազգային արժույթի փոխարժեքը մեծապես կապված է զբոսաշրջային հոսքի հետ։ Եթե այն կրճատվի, ապա արժե սպասել նաև փոխարժեքի անկման։
Փորձագետներն այսօր խոսում են այն մասին, որ երկրի բախտը դեռ բերել է, որ կորոնավիրուսի տարածումը համընկել է լարիի փոխարժեքի ամրապնդման հետ․ անկումն այնքան զգալի չի լինի, որքան կարող էր լինել։
Հուսադրում է նաև այն, որ զբոսաշրջային սեզոնը դեռ, կարելի է ասել, չի մեկնարկել։ Սակայն եթե աշխարհը չկարողանա դիմադրել կորոնավիրուսի տարածմանը մինչև աշուն, հետևանքները ծայրահեղ աղետալի կլինեն։