Կորոնավիրուսը կարող է օդով փոխանցվել։ Սա հայտարարվել է պաշտոնապես և փոխում է համավարակի դեմ պայքարի ողջ համատեքստը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 8–ին պաշտոնապես հայտարարել է, որ տեսությունն այն մասին, թե կորոնավիրուսը կարող է փոխանցվել օդով, այնուամենայնիվ, կարող է ճշմարիտ լինել։
Ավելի վաղ ԱՀԿ–ն պնդել էր, որ COVID-19–ը մարդկանց միջև տարածվում է քթի և բերանի կաթիլների միջոցով, սակայն, օդի մեջ հայտնվելով, դրանք գրեթե միանգամից իջնում են հատակին։
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ 32 երկրների 239 գիտնական նամակ է գրել ԱՀԿ–ին։ Դրանում ապացույցներ են ներկայացված, որ վարակի մասնիկները կարող են երկար ժամանակ մնալ օդում և վարակել ցանկացածին, ով կհայտնվի այդ տարածքում։
• Եթե Ռուսաստանի հետ սահմանը չբացեն, մեզ սով է սպառնում․ համավարակը Ջավախքում, Վրաստան։ Տեսանյութ
• Կորոնավիրուսն ընդդեմ բիզնեսի։ Տեսանյութ Երևանից
Գիտնականները, որոնք ստորագրել են նամակը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հորդորում են թարմացնել խորհուրդները։
«Սա բնավ հարձակում չէ ԱՀԿ-ի վրա։ Սա գիտական քննարկում է, սակայն մենք հիմա այն ստիպված ենք հանրային դաշտ տեղափոխել, քանի որ ԱՀԿ–ում մի քանի անգամ հրաժարվել են լսել մեր ապացույցները», — հեռախոսային հարցազրույցի ժամանակ Reuters–ին ասել է Կոլորադոյի համալսարանի քիմիկոս Խոսե Խիմենեսը, որը նույնպես ստորագրել է նամակը։
Վարակների կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասով ԱՀԿ-ի տեխնիկական ղեկավար Բենեդետա Ալեգրանցին ի պատասխան Ժնևում ճեպազրույց է անցկացրել, որը լրագրողները «պատմական» են անվանել։
Գլխավոր խնդիրն այս հարցում միջազգային հանրության կոշտ պառակտումն է և խուճապի սպառնալիքն, ասել է Ալեգրանցին՝ պարզաբանելով, թե ինչու ԱՀԿ–ն ավելի վաղ ոչ մի հայտարարություն այս թեմայով չի արել։
«Եթե մարդիկ լսեն, որ վարակն օդով է փոխանցվում, անգամ եթե դա դեռ ապացուցված չէ, բուժաշխատողները կհրաժարվեն հիվանդանոց գնալ», — ասել է նա։
Բենեդետա Ալեգրանցին ենթադրել է, որ խուճապի դեպքում առավել հարուստ երկրները կարող են գնել N95 դիմակների ողջ քանակը, որոնք իրոք պաշտպանում են։
«Զարգացող երկրների համար դիմակ կարող է չմնալ», — ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը։
Կազմակերպությունը մտադիր է մոտ օրերին գիտական եզրակացություն ներկայացնել այն մասին, թե ինչպես կարող է փոխանցվել կորոնավիրուսը։
Եթե օդով փոխանցման մասին տեսությունը հաստատվի, լուրջ փոփոխություններ կկատարվեն անվտանգության մասին պատկերացումներում։ Մասնավորապես, մեկ մետր հեռավորությունն այլևս անվտանգ չի համարվի։
Կառավարությունները, որոնք հիմնվում են ԱՀԿ-ի հրապարակած սկզբունքների վրա, պետք է զգալիորեն շտկեն վարակի տարածման զսպման միջոցները։
Հուլիսի 8–ին աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը գերազանցել է 12 միլիոնը։ Համավարակի մեկնարկից ի վեր մահացել է 548,211 մարդ։