Հայաստանում սպասվում են վարակման խոշոր բռնկումներ։ Վարչապետը կոչ է արել «հակահամաճարակային շարժում» սկսել
Հայաստանում «հակահամաճարակային շարժում» ստեղծելու կոչով հունիսի 4–ի առավոտյան Ֆեյսբուքի իր էջում հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա առաջարկում է բոլորին և յուրաքանչյուրին պահպանել սանիտարական նորմերը, նույնը պահանջել շրջապատից և սոցցանցերում հրապարակել խախտումների փաստերը։
Կոչը կապված է այն բանի հետ, որ երկրում օրական ախտորոշվում է կորոնավիրուսի ավելի քան 500 դեպք։ Ավելին՝ սպասվում են վարակման խոշոր բռնկումներ արդեն վերագործարկված ձեռնարկություններում։
Սակայն կառավարությունը մտադիր չէ խիստ սահմանափակումների գնալ և կրկին կանգնեցնել բիզնեսի աշխատանքը։
Հունիսի 4–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ, երկրում 11 221 վարակված կա։ Ապաքինվել է 3 468 մարդ, բուժվում է 7 509–ը։ 176 հիվանդի կյանք փրկել չի հաջողվել։
- Հայաստան։ Երեք կանանց պատմություններ, որոնք իրենց բիզնեսը փրկում են կորոնավիրուսից
- «Անդիմակների» որս և առևտրի նոր կենտրոնի բացում․ թե ինչպես է Ադրբեջանը հաղթահարում կորոնավիրուսով վարակման երկրորդ ալիքը
Ի՞նչ է ասել վարչապետը
Փաշինյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ․
«Մենք արդեն մի իրավիճակում ենք, երբ ունենք հիվանդներ, որոնք հոսպիտալացման կարիք ունեն, սակայն չենք կարողանում հոսպիտալացնել․․․ Ցանկացած մարդու, ում հետ շփվում եք, պետք է ընկալել որպես պոտենցիալ վարարակիր եւ պաշտպանվել համապատասխան կերպով»։
Նրա խոսքով, երկրում նվազագույնը 20 հազար անախտանիշ հիվանդ կա, միգուցե՝ ավելին, որոնք պարզապես կարող են չիմանալ մասին։իրենց վարակված լինելու մասին։
Կորոնավիրուսի դեմ պայքարի միակ մեթոդն է հայտարարվում մարդկանց պատասխանատվությունն ու հանրային վերահսկողությունը։
Հունիսի 2–ից ֆեյսբուքյան իր էջում վարչապետը հրապարակում է բանկերի, փոստերի բաժանմունքների կամ խանութների դիմաց մարդկանց զանգվածային կուտակումների լուսանկարներ, որոնք նրան ուղարկում են օգտատերերը։
Փաշինյանը կոչ է անում շարունակել ուղարկել լուսանկարները՝ «խախտումների համար մեղավոր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար»։
Վարչապետը տեղեկացրել է, որ երեկ մեկ օրվա ընթացքում բանկերի հետ կապված իրավիճակը լուծվել է, քանի որ դրանք չեն ցանկանում ռիսկի տակ դնել իրենց վարկանիշը։
Վարակման նոր բռնկումներ են սպասվում
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարբերաբար կանխատեսումներ է անում իրադարձությունների հնարավոր զարգացման մասին։ Նրա վերջին կանխատեսումը հունիսի 4–ին էր․ Հայաստանում սպասվում են կորոնավիրուսով վարակման նոր խոշոր բռնկումներ։
Դրանք կապված են լինելու վերագործարկված խոշոր ձեռնարկությունների հետ, որտեղ վարակված աշխատակիցներ են հայտնաբերվել։
Ինչ վերաբերում է հիվանդների վիճակին․ 391 մարդ ծանր վիճակում է, 59–ը՝ ծայրահեղ ծանր։ Թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 15 մարդ։
Նախարարն ընդգծել է, որ առողջապահական համակարգի համար դժվար է լուծել հիվանդանոցներում վարակվածներին տեղավորելու հարցը։ Այս պահին վարակվածների 15-20%–ը հոսպիտալացման կարիք ունի, մնացածները տանն են մնում՝ պոլիկլինիկաների բժիշկների վերահսկողության տակ։
«Շատ կարևոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի եղած մահճակալային ֆոնդի վրա պացիենտների տեղավորումը իրականացնենք այնպես, ինչպես մինչ հիմա իրականացրել ենք: Հակառակ պարագայում շատ դժվար է լինելու այդ ամենն ապահովել», — զգուշացնում է Թորոսյանը։
Վարակվածների աճող թվի առնչությամբ որոշ քաղաքական գործիչներ սկսել են քննադատել առողջապահական համակարգը։ Եվ նախարարը նրանց պատասխանել է․
«Հայաստանի առողջապահական համակարգը․․․ արել է իր ուժերից մի քանի անգամ ավելին, քան կարող էր վարակի տեմպը զսպելու համար: Տասնյակ տարիներ ՀՆԱ-ից 1.4% չափով թերֆինանսավորված ու նյութատեխնիկական առումով թերզարգացած համակարգը մինչ օրս իրեն պահել է իրենից հարյուրապատիկ ավելի հարուստ համակարգերի պես, մի բան էլ ավելին` շնորհիվ նվիրյալ բուժաշխատողների, որոնց անձամբ խորը շնորհակալ եմ»։
Կարծիքներ իրավիճակի վերաբերյալ
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը մեկնաբանել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը․
«Կարանտինային շրջանում մենք ունեցել ենք արձանագրվող դեպքերի աճող ընթացք: Եվ կարանտինային շրջանում է նաև առողջապահության նախարարը հայտարարել, որ վարակը դուրս է եկել վերահսկողությունից: Էս փաստերն ունենալով, որևէ ողջախոհ մարդ կարծում էր, որ տնտեսությունը, հանրային կյանքը գրեթե ամբողջությամբ բացելուց հետո մենք նվազում էինք ունենալու։
Խիստ ցավալի են մահերը, եթե անգամ լիներ մեկ մահ, բայց վիճակագրության առումով ասել, թե կատարվում է որևէ անսպասելի բա՞ն: Հետևաբար, պետք է դադարեցնել էդ ապոկալիպտիկ աղմուկը և ընդամենը հետևել անվտանգության կանոններին, իսկ կառավարությունն էլ պետք է ընդամենը պատրաստ լիներ տնտեսությունը բացելուց թվերի նկատելի աճին»։
Լրագրող Նունե Հախվերդյանը կարծում է, որ պարետատունը ժամանակ է կորցրել այն իմաստով, որ համավարակի ամենասկզբից մարդկանց թույլ չի տվել գիտակցել վարակի վտանգը։ Կառավարությունը կարծում էր, որ բնակչության շրջանում խուճապի կանխման համար լրատվամիջոցները պետք է միայն պաշտոնական թվեր հաղորդեն և սեփական նյութեր չհրապարակեն։ Եվ Հայաստանում շատերը կորցրին զգոնությունը, ոմանք ընդհանրապես կարծում են, որ ոչ մի վարակ էլ չկա․
«Հիվանդանոցներից կադրերի բացակայությունը մարտ-ապրիլ ամիսներին, առողջապահական իրական վիճակը գեղեցկացնելու ցանկությունը ոչ մի լավ բանի չհանգեցրեց: Եթե տեսնեինք հերթերն ու մարդկային կուտակումները Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, լսեինք ուժասպառ եղած և վարակված բուժքույրերին, հիմա արդեն ոչինչ անել չկարողացող և միայն հոգեբանական խորհուրդներ տվող պոլիկլինիկայի բժիշկներին․․․ հասարակական զգոնությունը շատ ավելի բարձր կլիներ»։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Սոցցանցերում ակտիվորեն քննարկում են ստեղծված իրավիճակը։ Ահա մի քանի մեկնաբանություն․
«Ձեր ֆլեշմոբերն էլ չեն օգնի։ Նման միջոցառումների արդյունքը կերևա միայն 2 շաբաթից, սակայն այն այնքան աննշան կլինի, որ կարելի է անտեսել։ Վարակման դեպքերի 80%–ը տեղի է ունենում ընտանիքի ներսում։ Եվ այդ 20 հազարն այժմ վարակում են իրենց հարազատներին ընտանիքներում»։
«Հենց հիմա պետք է խիստ կարանտին սահմանվի։ Մարդկանց մթերքի փող տվեք և անհապաղ կարանտին հայտարարեք։ Առանց ասֆալտի ձեր ճանապարհները մարդկային կյանքերից ավելի կարևոր չեն, և բյուջեի միջոցները պետք է ուղղղել ճիշտ հուն։ Այժմ կոսմետիկ վերանորոգում եք անում այն դեպքում, երբ խնդիր ունեք հիմքի հետ»։
«Առաջին իսկ օրվանից երկրի բնակիչներն անլուրջ էին վերաբերվում իրավիճակին։ Հետաքրքիր է՝ ի՞նչ լեզվով է պետք ասել, որ պարզ լինի։ Ժողովուրդը սովոր չէ և չի ուզում օրենքին ենթարկվել։ Սովոր ենք ամեն ինչին մատների արանքով նայել»։
«Ափսոս, որ մարդիկ չեն ուզում հրաժարվել իրենց ցանկություններից՝ հանուն իրենց իսկ առողջության։ Ես 12–րդ դասարանի շրջանավարտ եմ։ Ես, ինչպես բոլոր շրջանավարտներն, ուզում էի վերջին զանգը մեծ շուքով նշել։ Սակայն մենք, մեր ծնողներն, ուսուցիչները, հաշվի առնելով իրավիճակը, հարմարվել ենք հանգամանքներին։ Մենք մեկ–մեկ ենք ատեստատ ստացել դատարկ դպրոցում՝ դիմակներով և ձեռնոցներով։ Սակայն նրանց պատճառով, ովքեր չեն հետևում պահանջներին, մենք չենք կարող վերադառնալ սովորական կյանքի»։
«Միայն ժողովուրդը չէ մեղավոր։ Հրահանգեք, որ բոլոր հաստատություններում հեռավորության պահպանման գոտիներ լինեն։ Իսկ ովքեր չկատարեն պահանջները, թող մեծ տուգանքներ վճարեն»։