Կարծիք։ Ադրբեջանի փայլուն հաղթանակը կորոնավիրուսի դեմ. ի՞նչն այն չէ դրա հետ
Համատեղում ենք պաշտոնական վիճակագրությունը ողջամտության հետ
Ամեն օր Ադրբեջանում ավելի շատ են ապաքինվածները և ավելի քիչ են COVID-19-ով վարակվածները: Ըստ երևույթին, այս տեքստի հրապարակման պահին բոլոր հիվանդներն արդեն «առողջացած» կլինեն, ինչպես արտահայտվում են մեր լրատվամիջոցները, իսկ առայժմ ակտիվ դեպքերը ընդամենը վարակվածների մեկ երրորդն է: Նոր վարակվածներն էլ օր օրի ավելի ու ավելի են քչանում: Բայց չէ՞ որ խիստ կարանտինային ռեժիմի մեկնարկից դեռ մեկ ամիս էլ չի անցել:
Եվ ի՞նչ:
Ոչինչ: Պարզապես դա չի կարող այդպես արագ լինել:
Ապաքինման շրջանը տևում է 2 շաբաթ հիվանդության թեթև ընթացքի դեպքում և 3-6 շաբաթ, եթե հիվանդությունը ծանր է ընթանում:
Գերմանիայում՝ զարգացած բժշկություն ունեցող երկրում, վարակվածների քանակի կորը կտրուկ աճել է մարտի 5-ին: Եվ միայն երեք շաբաթ անց դրան հետևել է ապաքինվածների քանակի կորի աճը:
Ադրբեջանում հիվանդները սկսեցին ապաքինվել արդեն 12 օրից: Ինչո՞ւ: Ինչպիսի՞ տարբերակներ կան:
- Նրանց բոլորի մոտ թեթև ընթացք էր, և նրանք արագ սկսեցին կազդուրվել: Իսկ մենք գիտենք, որ դա այդպես չէ, որովհետև թեստավորել են միայն ջերմություն և այլ ախտանիշներ ունեցող հիվանդների: Բացառություն են ժամանածները, որոնց սահմանն անցնելուց հետո կարանտինում թեստավորել են առանց բացառության: Բայց «պաշտոնական ժամանակացույցը» խոսում է ոչ թե որոշ հիվանդների արագ ապաքինման մասին, այլ 12 օրից առանց բացառության բոլոր հիվանդների արագ ապաքինման մասին, այսինքն՝ ապրիլի 20-ին ապաքինվել են բոլորը, ովքեր 8-ին հիվանդ էին:
- Շատ ուշ են ախտորոշել: Ադրբեջանական վիճակագրությունը ԱՀԿ ուսումնասիրությունների արդյունքներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է, որ հիվանդները դիմեն թեստի ախտանիշների ի հայտ գալուց միայն երկու շաբաթ անց, կամ որ թեստը տևի երկու շաբաթ (դատելով կարանտինում գտնվողների պատմածներից՝ այս վարկածը շատ արժանահավատ է):
- Ադրբեջանցիները արտասովոր առողջ մարդիկ են, կորոնավիրուսը 12 օրից ավել չի կարող ապրել նրանց օրգանիզմում (և մենք փաստեր չունենք, որոնք կկարողանային հերքել կամ հաստատել այս հիպոթեզը):
Ադրբեջանի Տնտեսագիտական համալսարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը, որտեղ երիտասարդները շնորհակալություն են հայտնում նախագահ Իլհամ Ալիևին՝ կորոնավիրուսից հրաշալի կերպով ազատվելու համար
Ֆանտաստիկ վարկածները բացատրում են նաև այն, որ վարակակիրների ոիվն այդքան էլ մեծ չէ, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանում կարանտին է հայտարարվել ապրիլի սկզբին և սոցիալական շփումը այն նվազեցրեց միայն առանձնահատուկ գիտակից քաղաքացիների շրջանում:
Կարանտինն, ընդհանուր առմամբ, իր դժվարին ճանապարհին ստեղծեց կուտակումներ՝ որտեղ հնարավոր էր․ մեկ մարդաշատ ավտոբուսներում, մեկ բանկերում, մեկ մետրոյում, որոնք կարծես հատուկ հենց դրա համար օրական 2 ժամ էին աշխատում:
Կարող եք հիշել նաև, որ Իրանի հետ սահմանը, որտեղ համաճարակը շատ արագ բռնկվեց, Ադրբեջանը փակեց «միայն ամենավերջում»:
Եվ նույնիսկ հիմա, երբ ոստիկանությունը կաշվից դուրս է գալիս, աջ ու ձախ տուգանում է առանց իշխանությունների SMS-թույլտվության տնից դուրս եկողներին, քաղաքացիներին հաջողվում է անպայման որևէ տեղ կուտակվել: Բազմաթիվ ապացույցներ կան այն մասին, որ ադրբեջանցիները դիմակներին վերաբերվում են անտարբեր. դրանք իջեցնում են կզակին, քանի դեռ ոստիկանները չեն նկատել:
Տուգանքների և խախտումների քանակն ինքնին խոսուն է. մարդիկ տուգանվել են մեծ խմբերով խաշ ուտելու համար, հուղարկավորության գնալու համար կեղծ թույլտվություն ստանալու համար, նաև կեղծ անցաթղթերի վաճառելու և այդպես շարունակ:
Իսկ երկու մետր հեռավորություն պահել մեր իշխանությունները նույնիսկ չեն պահանջել, ըստ երևույթին, հասկանալով, որ դա անիմաստ է:
Այսպիսով, ինչո՞ւ է վարակի դինամիկան նույնը, ինչ խիստ միջոցներ ձեռնարկած Վրաստանում, որտեղ կարելի է տեղաշարժվել միայն ոտքով, և որտեղ մարդիկ ամեն ինչ լրջորեն ընդունեցին:
Վարկածներ.
- Սխալմունք: Ոչ բոլորին են ախտորոշել, և նույնիսկ ոչ բոլոր ծանր հիվանդներին: Մենք բոլորս գիտենք դեպքեր, երբ մեր «Բաքվի ավաններում» կամ գյուղերում էպիլեպտիկ նոպաները բուժում է չիլդաղը իսկ ջերմությունը՝ չոփչուն: 70 տարեկանից բարձր մարդու մահը կարելի է բացատրել պարզապես ծերությամբ, շտապօգնության բժիշկները ինսուլտից հետո դիմեդրոլ են ներարկում և խորհուրդ են տալիս քնել, չեն բուժում ռևմատիզմը՝ ուռուցք համարելով և հիվանդին անուշադրության մատնելով: Ադրբեջանում կան հրաշալի բժիշկներ, բայց քչերն են հավատում, որ մեր կրթության համակարգը կարող է արդյունավետ գործել որպես համակարգ: Տվյալ դեպքում քչերն են հավատում, որ հանրապետության ողջ տարածքում կարող են արդյունավետ ախտորոշել այս հիվանդությունը:
- Գրաքննություն: Վիճակագրությունը խմբագրվել է «վերևից տրված կարգադրության» սկզբունքով: Ի վերջո, մենք ունենք լրատվամիջոցներին կարգադրություն «իջեցնելու» պրակտիկա, որպեսզի նրանք հստակ իմանան, թե ինչպես պատասխանել նորություններին և ում ինչ բառերով գովել կամ քննադատել:
- Հրաշք: Պարզապես ադրբեջանցիները ավելի քիչ են հակված կորոնավիրուսով վարակվելուն՝ առողջ ապրելակերպի, մաքուր օդի և հավասարակշռված սննդակարգի շնորհիվ (և մենք տվյալներ չունենք, որպեսզի հերքենք կամ հաստատենք այս վարկածը):
Ինչպե՞ս ստուգել՝ արդյոք կարանտինն իսկապես օգուտ տվե՞ց, հաղթեցի՞նք մենք, թե՞ ոչ:
Ստուգելու ուրիշ տարբերակ չկա, բացի սպասելուց, թե ինչ կլինի: Իմ սուբյեկտիվ կարծիքով, դեպքերի զարգացման երեք սցենար կա.
- Պաշտոնական վիճակագրությունը կեղծ է եղել, և այդ դեպքում կարանտինային միջոցառումների վաղաժամ չեղարկելուց հետո գերեզմանատան աշխատողները ծանրաբեռնված կլինեն ողջ ամռան ընթացքում: Իսկ պաշտոնական վիճակագրությունը կշարունակի հայտարարել, որ երկու անգամ երկու հավասար է հինգի:
- Պաշտոնական վիճակագրությունը կեղծ չի եղել (կամ ոչ այնքան), և այդժամ կյանքը կընթանա իր բացարձակ նորմայով:
- Կորոնավիրուսը հունիսին ինքնիրեն կմեռնի շոգից:
Հույսս երրորդ տարբերակի վրա է: