Նոր միտում Ադրբեջանում` ձերբակալվում են նաև կին լրագրողներ
Կին լրագրողների ձերբակալություններ Ադրբեջանում
Նիջաթ Ամիրասլանովը մոտակա խանութից տուն է վերադարձել սննդով և անհրաժեշտ այլ իրերով լեցուն տոպրակներով։ Պատրաստվում է դրանք ուղարկել նախնական կալանքի վայրում գտնվող իր կնոջը՝ լրագրող Էլնարա Գասիմովային:
«Երկուշաբթի և երեքշաբթի, երբ փաստաբանը գնում է Էլնարայի մոտ, նա նրան ասում է, թե ինչ է պետք ուղարկել, չորեքշաբթի և հինգշաբթի ես սկսում եմ հավաքել ցուցակում գրված ամեն ինչ։ Ես գնում եմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Բանջարեղեն, մթերք, չգիտեմ, այն ամենը, ինչ նրան պետք է: Ես ամեն ինչ հավաքում եմ մինչև հինգշաբթի: Հետո բերում, փաթեթավորում եմ տանը։ Վերջում ամեն ինչ հերթով ցուցակագրում եմ»,— ասում է նա։
«Abzas Media-ի գործը»
Էլնարա Գասիմովան Abzas Media անկախ առցանց պարբերականի վեցերորդ աշխատակիցն է, ով ձերբակալվել է։
2023 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2024 թվականի հունվարի 13-ը ձերբակալվել են պարբերականի տնօրեն Ուլվի Հասանլին, փոխտնօրեն Մահամմադ Կեկալովը, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգիզին, հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին, լրագրողներ Նարգիզ Աբսալամովան և Էլնարա Գասիմովան։ Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ նախաքննության ժամկետով։ Նրանք մեղադրվում են մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրականացված մաքսանենգության մեջ։ Այս մեղադրանքով Abzas Media-ի աշխատակիցներին սպառնում է հինգից ութ տարվա ազատազրկում։
Էլնարա Գասիմովա. «Նա գնացել է հարցաքննության՝ ձերբակալվելու պատրաստ»
28-ամյա լրագրող Էլնարա Գասիմովան ծնվել է Բաքվում։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա հիմնականում լուսաբանել է սոցիալական և հասարակական-քաղաքական խնդիրներ։ Նրա ամուսինը, Նիջաթ Ամիրասլանովը նույնպես լրագրող է։ Երկար տարիներ նույն դիրքորոշումն ու դրա հետ կապված դժվարությունները կիսող զույգն ամուսնացել է 2017 թ.-ին:
«Ընդհանուր առմամբ, անկախ լրագրողների համար դժվար է աշխատել Ադրբեջանում։ Ուր գնում ես նկարահանելու, բռնություն է։ Նրանք մեզ թույլ չեն տալիս մեր մասնագիտական գործունեությունը ծավալել։ Բողոքի ցույցերի ժամանակ հետապնդում են, ծեծում։ Էլնարային մի անգամ տարան ոստիկանություն, մենք բողոք գրեցինք։ Ոստիկանապետն այնտեղ վիրավորել էր նրան։ Այսինքն՝ մեր աշխատանքը լի է անախորժություններով։
Բայց, այնուամենայնիվ, դա մեզ համար խոչընդոտ չէ։ Ես ինքս մեկ անգամ չէ, որ մեկօրյա ձերբակալությունների եմ ենթարկվել, և ինձ խոշտանգել են։ Էլնարան էլ գիտեր, թե ինչի մեջ էր մտնում։ Երկուսս էլ գիտակցաբար ենք քայլում այս ճանապարհով։ Մենք ի սկզբանե գիտեինք, որ այս ճանապարհին ձերբակալություններ ու խոշտանգումներ են լինելու։ Բայց պետք է գնալ։ Ինչ-որ մեկը պետք է գնա»,— ասում է Նիջաթը:
Նա պատմում է, որ Էլնարայի ձերբակալությունն իրենց համար անակնկալ չի եղել.
«Ձերբակալման նախորդ օրը՝ հունվարի 12-ին, երբ քննիչը զանգահարեց և որպես վկա Էլնարային կանչեց Բաքվի քաղաքային ոստիկանություն, մենք արդեն համոզված էինք, որ նա կձերբակալվի։ Որովհետև Նարգիզը երկրորդ անգամ էր որպես վկա կանչվել և նույն կերպ ձերբակալվել։ Այդ պատճառով էլ Էլնարան հավաքեց իրերը, արեց իր բոլոր գործերը և ասաց ինձ, թե ինչ է պետք անել»։
Էլնարան և նրա գործընկերներն ասում են, որ ձերբակալությունները կապված են իրենց լրագրողական աշխատանքի հետ, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հարազատների հետ կապված կոռուպցիայի դեպքերի հետաքննությունների հետ, որոնք հրապարակվել են Abzas Media պարբերական կողմից, որտեղ նրանք աշխատում են:
Abzas Media-ն հրապարակել է Ադրբեջանում վերջին տարիների ամենաաղմկահարույց լրագրողական հետաքննությունները։
Abzas Media-ի ողջ ղեկավարության և լրագրողների ձերբակալությունից հետո հետաքննությունները շարունակվում են «Baku Connection Forbidden Stories» նախագծի շրջանակներում, որը միավորում է տարբեր երկրների 15 մեդիա կազմակերպությունների։
«ԶԼՄ-ների հետ կապված իրավիճակը երբեք այսքան կրիտիկական չի եղել, որքան հիմա»
Լրատվամիջոցների իրավունքների փորձագետ, փաստաբան Խալիդ Աղալիևն ասում է, որ լրագրողների նման զանգվածային ձերբակալություններ նախկինում երբևէ չեն եղել:
«Եթե համեմատենք վերջին երեք-հինգ ամիսների ընթացքում լրագրողների ձերբակալությունների դեպքերը, օրինակ, 2000 թվականից հետոյի հետ, ապա նման իրավիճակ չի եղել։ 2005-2010 թվականներին Ադրբեջանը ԵԱՀԿ տարածաշրջանում առաջին տեղն էր զբաղեցնում բանտարկված լրագրողների թվով։ Այն ժամանակ շատ լրագրողներ բանտում էին։ Բայց եթե նույնիսկ վերցնենք այդ տարիների ձերբակալությունների վիճակագրությունը, ապա ներկայիս վիճակը միևնույն է՝ ավելի վատ է, ազատազրկված լրագրողների թիվն ավելի մեծ է»։
Տարբեր տարիների Ադրբեջանում ժամանակ առ ժամանակ ձերբակալվել են անկախ լրագրողներ։ Միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպությունները նրանց ճանաչել են որպես «քաղբանտարկյալներ»։ Սակայն երկար տարիներ կին լրագրողները խուսափում էին այս ճակատագրից։ Մինչև 2014 թվականը Ադրբեջանում ոչ մի կին լրագրող չի ձերբակալվել։
Ադրբեջանում առաջին անգամ կին լրագրող է ձերբակալվել 2014 թ.-ին
Այս միտումն առաջին անգամ խախտվեց 2014 թվականի դեկտեմբերի 5-ին՝ հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությամբ։
Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու և հարկերից խուսափելու մեջ մեղադրվող լրագրողը դատապարտվել էր ազատազրկման յոթ տարի վեց ամիս ժամկետով, ընդ որում՝ երեք տարի ղեկավար պաշտոն չզբաղեցնելու պայմանով։
Ավելի քան երկու տարի անց Գերագույն դատարանը վճռաբեկ բողոքի հիման վրա Խադիջա Իսմայիլովայի պատժի մնացած մասը փոխարինեց երեքուկես տարվա պայմանական ազատազրկմամբ և ազատ արձակեց նրան։
Վերջերս նրան հրավիրել էին հարցաքննության Toplum TV-ի գործով, որի գլխավոր խմբագիրն է 2022 թվականից։ Հարազատներն ու գործընկերները անհանգստանում են, որ նրան կրկին կձերբակալեն։
Abzas Media-ից հետո քրեական գործ է հարուցվել Toplum TV անկախ առցանց հեռուստաընկերության դեմ։ Այս գործով արդեն յոթ մարդ է ձերբակալվել, ևս երկուսը գտնվում են ոստիկանության հսկողության տակ։ Նրանք բոլորը մեղադրվում են մաքսանենգության մեջ, ինչպես Abzas Media-ի գործի պարագայում։
Սևինջ Վագիֆգիզի. «Նա կարող էր չվերադառնալ»
Երբ ձերբակալվեցին Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին և նրա տեղակալ Մահամմադ Կեկալովը, պարբերականի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգիզին Ադրբեջանում չէր։ Թեև նրա ընտանիքը և գործընկերները նրան խնդրում էին չվերադառնալ երկիր՝ հանուն իր անվտանգության, լրագրողը Ստամբուլի օդանավակայանում նկարահանված տեսանյութում հայտարարել էր. «Ես չեմ կարող ընկերներիս թողնել այնտեղ՝ բանտում և հարմարավետ ապրել մի այլ անկյունում, նման կյանքն ինձ համար տառապանք կլիներ» և վերադարձել Բաքու։ Նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը լրագրողին բերման են ենթարկել հենց օդանավակայանում, երբ նա դուրս է եկել ինքնաթիռից։
Սևինջ Վագիֆգիզին ծնվել է 1989 թվականի հուլիսի 5-ին։ Բարձրագույն կրթությունը ստացել է Բաքվի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։
Սևինջ Վագիֆգիզին երկար տարիներ աշխատել է անկախ և քննադատական լրատվամիջոցներում, իր մասնագիտական գործունեության ընթացքում բազմիցս բերման է ենթարկվել ոստիկանության կողմից և ենթարկվել տարբեր հետապնդումների։
2016 թվականին Meydan TV-ի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, որի հետ նա այն ժամանակ համագործակցում էր, նրան և մյուս գործընկերներին արգելել էին դուրս գալ երկրից։ Միայն հինգ տարի անց նրան հաջողվեց հասնել այդ արգելքի վերացմանը։
Նրան դատում էին մի տեսանյութի հրապարակման համար, որը բացահայտում էր 2018 թվականի նախագահական ընտրություններում գրանցված կեղծիքները։ Գրեթե չորս տարի տևած դատավարությունն ավարտվել էր հօգուտ լրագրողի։
Սևինջ Վագըֆգիզիի անունը այն լրագրողների, քաղաքական և հասարակական գործիչների թվում է, որոնց Ադրբեջանի իշխանությունները հետևում էին Pegasus լրտեսական ծրագրի միջոցով։
Միջազգային արձագանք. Ադրբեջանի կառավարության ինքնավստահությունը
Լրագրողների վերջին ձերբակալություններից հետո մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ Ադրբեջանի կառավարությանը կոչ են արել բանտից ազատել լրագրողներին և մարդկայնորեն վերաբերվել նրանց։ Պաշտոնական Բաքուն իր հերթին նրանց «խորհուրդ է տվել» չմիջամտել երկրի ներքին գործերին։
Օրինակ՝ Ադրբեջանում ԵՄ առաքելության ղեկավար Պյոտր Միխալկոն X-ի իր էջում գրել է, որ իրեն «սարսափեցնում է Ադրբեջանում վերջերս ձերբակալված լրագրողների հանդեպ նվաստացուցիչ վերաբերմունքը, հիմնականում՝ լուրերն այն մասին, որ երիտասարդ կանանց ձեռնաշղթաներ են հագցնում, դատարանի դահլիճում ապակե վանդակի մեջ պահում, կամ զրկում են իրենց հիմնական մարդկային կարիքները բավարարելու հնարավորությունից»:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն այս հայտարարությունն անվանել է «անհիմն և անպատասխանատու»։
«Ավելի լավ կլիներ, եթե դեսպանը կենտրոնանար որոշ եվրոպական երկրների դատական համակարգում առկա անարդարության և վատ վերաբերմունքի վրա։ Միջամտությունը Ադրբեջանի դատական համակարգին, որը կառուցված է լավագույն միջազգային փորձի հիման վրա, անթույլատրելի է»,— ասել է Հաջիևը։
Մեդիափորձագետ Խալիդ Աղալիևը կարծում է՝ միջազգային հանրության նման կոչերին Ադրբեջանի կառավարության արձագանքը շատ է տարբերվում նախկին ժամանակներից.
«10-15 տարի առաջ կառավարությունն ավելի ընկալունակ էր ցանկացած լրագրողի ձերբակալման վերաբերյալ միջազգային կառույցների կոչերին, և նման դեպքերում կարելի էր որոշակի առաջընթաց գրանցել։ Սակայն այժմ իշխանությունը, որպես կանոն, չի արձագանքում վերջին ձերբակալությունների հետ կապված կոչերին։ Պարզապես փորձում է արդարացնել լրագրողների ձերբակալությունը»։
Իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովն ասում է՝ Ադրբեջանի իշխանությունները խուսափում են պատասխանատվությունից՝ միջազգային արձագանքները գնահատելով որպես «ներքին գործերին միջամտելու փորձ»:
«Բայց բանն այն է, որ մարդու իրավունքները ներքին խնդիր չեն»,— ընդգծում է Ջաֆարովը։
Նյութը պատրաստվել է Լուրերի փոխանակման ռուսալեզու մեդիացանցի (Медиасеть) աջակցությամբ