Կարծիք․ թե ինչպես է Ռուսաստանի նախագահը պատրաստվում ցմահ պաշտոնավարել և ինչպես պետք է լռել այդ մասին
«Արտասահմանյան գործակալ» հասկացությունը ռուսական օրենսդրությունում հայտնվել է երեք տարի առաջ։ Սկզբում այն նախատեսված էր միայն իրավաբանական անձանց՝ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների համար, որոնք ֆինանսավորում են ստանում արտասահմանից։
Այդ սահմանման առաջին զոհերը դարձան «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունն ու Ազատություն ռադիոկայանը։ Այնուհետև արտասահմանյան գործակալ դարձավ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, որը ստեղծվել է ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու կողմից։
2019 թ-ի նոյեմբերին օրենքն ընդլայնվեց․ այժմ ենթադրվում է, որ արտասահմանյան գործակալ կարող է հայտարարվել (ընդ որում, առանց դատարանի որոշման) ցանկացած մարդ, որը համագործակցում է այդ կազմակերպությունների հետ կամ փող է ստանում արտասահմանից (օրինակ․ հարցազրույցի համար հոնորար է ստանում կամ արտաահմանցիներին վարձակալությամբ բնակարան հանձնում)։
Արտասահմանյան գործակալ հայտարարված կազմակերպությունը կամ անձը պարտավոր են իրենց ցանկացած հանրային հայտարարություն հատուկ կերպով մակնշել՝ բոլորին հաղորդելով․ «Ես (մենք) գործում եմ ի շահ արտասահմանյան պետության»։ Նրանց, ովքեր հրաժարվում են ենթարկվել այս պահանջին, սպառնում է հինգ հազար դոլար տուգանք։
• Ստալինը, Պուտինը, Պուշկինը. ռուսների հերոսները
Օրենքն ընդունվել է խորհրդարանի կողմից և սպասում է նախագահի ստորագրությանը։ Բոլոր հայտնի ռուս իրավապաշտպանները դիմել են Վլադիմիր Պուտինին այն չստորագրելու խնդրանքով։
Եվ նա անպայման ընդառաջ կգնա հասարակությանը։ Որովհետև այդ ամենը ոչ մի նշանակություն չունի։
Որովհետև Պուտինի կառավարման 20 տարվա ընթացքում հատուկ տեղեկատվական ոճ է մշակվել և սովորական դարձել։
Եթե հայտնվում է առանձնապես աբսուրդային, խելագարության հասնող օրենսդրական նախաձեռնություն, վրդովվելուց և բողոքելուց առաջ պետք է ուշադիր նայել և համոզվել, թե արդյոք այն չի քողարկում որևէ այլ, շատ խորքային որոշում։
Կարծես, արտասահմանյան գործակալների մասին օրենքը հենց այդ դեպքն է։
Դեկտեմբերի 8-ը Վլադիմիր Պուտինի կենսագրության ամենակարևոր օրերից է։ Այդ օրը նա և Բելառուսի նախագահը պետք է հայտարարեն երկու երկրների ինտեգրման նոր փուլի մասին՝ մասնավորապես, ընդհանուր խորհրդարանի և նախարարների կաբինետի ստեղծման։
Դա կարևոր է Ռուսաստանի և Բելառուսի (ինչպես նաև նրանց հարևանների) համար ոչ միայն տնտեսական կամ քաղաքական տեսանկյունից։
Դա կարևոր է անձամբ Վլադիմիր Պուտինի համար․ ինտեգրման նման աստիճանը (անգամ եթե այն տեղի է ունենում միայն թղթի վրա) նշանակում է, որ ի հայտ գալիս այլ սահմանադրությամբ նոր պետության։
Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ այդ պետության ղեկավարն ընտրվելու է մաքուր էջից՝ առանց նախորդ ժամկետները հաշվի առնելու։
Վլադիմիր Պուտինի սահմանդրական լիազորությունները սպառվում են 2024թ-ին։ Եվ ահա հիմա գտնվել է դրա երկարացման՝ գրեթե ցմահ տարբերակը՝ Բելառուսի հետ միավորվելու շնորհիվ։
Այդպիսի ճակատագրական օրերին հասարակությունում և լրատվամիմջոցներում պետք է լռություն տիրի։ Սակայն շատ ավելի լավ կլինի, եթե մեծ աղմուկով քննարկվի խորհրադրանի որևէ խելահեղ նախաձեռնություն, որը նախագահը իմաստնաբար կմերժի՝ թեթևություն բերելով բոլորի հոգիներին։
Այդ պատճառով էլ աբսուրդային և հակասահմանադրական օրենքը, որը թույլ է տալիս ցանկացած մարդու «ժողովրդի թշնամի» հայտարարել, նախագահ Պուտինը չի ստորագրի։ Դե, պարզապես ոչ այս անգամ։