«Ռուսները «փրկեցին» Արցախը, ուզում են անցնել ՀՀ-ին»․ հայ քաղաքագետ
Կարծիք՝ ՌԴ հետ կապերը խզելու մասին
«Ռուսաստանն ուզում է Սյունիքում միջանցքային տրամաբանություն պրոյեկտել, ասում են՝ եթե չեք ուզում պոկենք բռնի ուժով, ինքնակամ հրաժարվեք»,- արձագանքելով ՌԴ արտգործնախարարի հայտարարություններին՝ ասել է հայ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։
Թեև Սերգեյ Լավրովը նախօրեին պնդել է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին դրույթ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա, Սիմոնյանն ասում է՝ Մոսկվայի պահանջն արտատարածքային է։ Շեշտում է՝ Հայաստանում չի կարող լինել որևէ իքս տարածություն, որտեղ երկրի օրենքները չգործեն։
Factor TV-ի եթերում քաղաքագետն անդրադարձել է ինչպես Լավրովի հայտարարություններին, այնպես էլ հայ-ռուսական հարաբերություններին։
Լավրովի հայտարարությունները՝ հակիրճ
Սերգեյ Լավրովը ՌԴ արտգործնախարարության 2023 թ․ գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» երբեք չի քննարկվել այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին։
Ասել է, որ նշված փաստաթղթի համաձայն ՝ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվելու են, և Հայաստանը երաշխավորելու է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև երկու ուղղություններով տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ հսկողությունն իրականացվելու է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից։ Շեշտել է՝ լիովին կպահպանվի այդ երթուղիների հանդեպ ինքնիշխանությունն ու իրավասությունը։
Լավրովը հայտարարել է նաև, որ Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։ Ասել է, որ խաղաղության պայմանագրի կնքման հարցում առաջընթացի բացակայությունը պայմանավորված է Երևանի դիրքորոշմամբ, այնինչ Բաքուն պատրաստ է ՌԴ տարածքում համաձայնագիր կնքել։
Գուրգեն Սիմոնյան, քաղաքագետ
«Նման պարտավորություն չկա»
Գուրգեն Սիմոնյանը նման կարծիք է հայտնել ապաշրջափակվող ճանապարհների նկատմամբ ռուսական վերահսկողության մասին։ Ասում է՝ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը միայն Հայաստանն է «միամտաբար և ոչ հեռատեսորեն» կատարել, այնինչ Մոսկվան և Բաքուն չեն կատարել ոչ մի կետ։
«Եթե Սյունիքում ապաշրջափակման հարց են բարձրացնում, այդ դեպքում Բերձորի (Լաչինի) միջանցքը թող ապահովեն, համապատասխան մթնոլորտ և միջավայր ապահովեն, որպեսզի արցախահայերը վերադառնան իրենց պապենական հայրենիք»,- նկատում է նա։
Սիմոնյանի խոսքով՝ հակառակ դեպքում ռուսական կողմի նման պահանջը թշնամական նրբերանգներ ունեցող հռետորաբանություն է, որը ՀՀ-ն պետք է ընկալի որպես սպառնալիք, հավուր պատշաճի քաղաքականություն վարի դրանից բխող ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Երևանը պետք է բարձրաձայնի այն, ինչ կա գետնի վրա։
«Պետք է ասի՝ դուք եք չեղարկել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, դրա կետերի համաձայն որևէ գործընթաց տարածաշրջանում չի կատարվել, Լեռնային Ղարաբաղում էլ հայ չի մնացել»,- նշել է նա, բայց նաև հավելել՝ իրավիճակը կարելի է փոխել ոչ թե հայտարարություններով, այլ քաղաքականությամբ։
Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը վերահսկելու ՌԴ մոտիվներն, ըստ նրա, ակնառու են։ Հիշեցնում է՝ ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով ապրանքներ և մարդկանց տեղափոխելու համար գումար էին վերցնում արցախցիներից։
«Եթե այդ ճանապարհահատվածը վերցնեն իրենց վերահսկողության տակ, այն գումարը, որ պետք է հոսեր ՀՀ բյուջե, կհոսի նրանց գրպաններ»,- ընդգծել է նա։
«Պետք է պայքարել ռուսների դեմ»
Կարծում է՝ եթե ինչ-որ ուժ սպառնում է քո գոյությանը, կա մի ճանապարհ հակադրվել դրան՝ անկախ նրանից, թե ինչ մասշտաբների ուժ է։
«Ակնհայտ է, որ բիրտ՝ ռազմական ուժով չենք կարող հակադրվել այդ հսկայածավալ ուժին, պետք է դաշնակիցներ փնտրենք»,- շեշտել է քաղաքագետը։
Սիմոնյանի դիտարկմամբ՝ նոր դաշնակիցներից Հայաստանը կարող է ակնկալել միայն հատուկ տեխնոլոգիաներ, տնտեսական և ռազմաուսումնական օժանդակություն, բայց ինքը պետք է կռվի։
Նրա դիտարկմամբ՝ Արևմուտքի մոտ չստավեց ռուսներին խանգարել «փրկել Արցախը», Հայաստանը «փրկելու» պլանը դեռ ստացվում է խափանել։ Եթե հանկարծ չստացվի, նման «փրկությունից» հետո ՀՀ-ն կդադարի գոյություն ունենալ և կհայաթափվի։
«Իրենց անունով կոչել թշնամիներին և պոտենցիալ դաշնակիցներին»
Քաղաքագետի հորդորն է Հայաստանի կառավարությանը։ Ասում է՝ եթե Երևանը կարողանա իր շահերը զուգամիտել բարեկամաբար տրամադրված երկրների շահերի հետ, ձեռք կբերի դաշնակիցներ։ Դրա համար, սակայն, անհրաժեշտ է պրոակտիվ քաղաքականություն վարել։
Կարծում է՝ երկրի ներկայիս իշխանությունը վարում է «անսկզբունքային և ոչ հեռատես» քաղաքականություն՝ պարբերաբար «այցելելով հյուսիս» (ՌԴ): Բացի այդ, Հայաստանը շարունակում է մաս կազմել իր նկատմամբ ակնհայտ թշնամական քաղաքականություն որդեգրած ռազմաքաղաքական և տնտեսական ինտեգրացիոն պրոյեկտներին (ՀԱՊԿ և ԵԱՏՄ)․
«Գնում են ԵԱՏՄ-ում նախագահություն են խաղարկում, բայց չեն գնում Դավոս, որտեղ քննարկվում է աշխարհի ապագան։ Այս մարդիկ չեն արձագանքում ՀՀ արտաքին և ներքին մարտահրավերներով պայմանավորված իրողություններին, պատրանքային աշխարհում են»։
Կարծում է՝ Երևանը պետք է ռազմավարական հարաբերություններ մեկնարկի Եվրամիության, ինչպես նաև Հյուսիսատլանյան անվտանգային համակարգի հետ, քանի որ տարածաշրջանում ՀՀ դաշնակիցը Արևմուտքն է։ Ռուսաստանն, ըստ նրա, խաղադրույք է կատարել թուրքական աշխարհի վրա։
Չի բացառում, որ առաջիկայում ՌԴ հովանու ներքո գործող կառույցներին՝ ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցի նաև Ադրբեջանը, սակայն ասում է՝ դեռևս պարզ չէ՝ ինչի դիմաց։
«Եթե այդ սցենարն է, պետք է կռվենք մեր տարածքների համար, չկորցնենք մեր ռազմավարական նշանակությունը՝ Իրանի հետ կապը։ Եթե կորցրենք, անկախությունը պահպանենք, որոշ ժամանակ հետո դա էլ ենք կորցնելու, որովհետև աշխարհի համար հետաքրքիր չենք լինի»,- ամփոփել է Գուրգեն Սիմոնյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կարծիք՝ ՌԴ հետ կապերը խզելու մասին