Կարծիք. լեզվական ռասիզմ ադրբեջանական ձևով
Չեմ նշի այն մարդու անունը, որն այս անգամ բարձրացրեց ցավոտ հարցը և հալածման օբյեկտ դարձավ: Ռուսական և ադրբեջանական «սեկտորների» միջև պայքարը հավերժ թեմա է Բաքվի սոցցանցերում:
Այդ ի՞նչ սեկտորներ են
Ռուսական հատվածը նրանք են, որոնք կրթությունը ռուսերենով են ստացել: Գրեթե բոլոր կենտրոնական դպրոցներում «ռուսախոս» դասարաններ կան, և երկրի բոլոր դասագրքերը երկու լեզվով են լույս տեսնում: Ադրբեջանական հատվածը, կամ ազսեկտորը համապատասխանաբար նրանք են, ովքեր սովորել են ադրբեջաներենով:
Հիշո՞ւմ եք՝ երբ եք դեռահաս եղել: Երբ սովորում էիք յոթերորդ դասարանում, համադասարանցի չունեի՞ք, որը վիրավորում էր ձեզ իր գոյության փաստով: Մեզ մոտ, օրինակ, գերազանցիկ ավագ կար, որն ուսուցիչներին ամեն ինչ պատմում էր: Ինձ այն ժամանակ թվում էր, այդպիսի մարդիկ պարզապես չպետք է լինեն:
Եթե հատվածների միջև ընթացող վեճերից հանենք ողջ պաթոսը, հենց դա կմնա.
«Դու սխալ մարդ ես: Դու սխալ ես ապրում: Դու չպետք է գոյություն ունենաս»:
Եվ այդ «դեռահասի մոտեցման» մեջ հասարակության համար ոչ մի նոր բան չկա, որտեղ բոլորն այդքան հուզիչ կերպով հոգ են տանում միմյանց հանդեպ և միշտ պատրաստ են ճշմարտության ուղին ցույց տալ: Պարզապես սովորական թեմաներից զատ՝«թե ում հետ է պետք քնել», «ինչ է պետք հագնել» և «երբ է պետք ամուսնանալ», մենք՝ բաքվեցիներս, ևս մեկ առանձնահատկություն ունենք՝ «ի՞նչ լեզվով է պետք խոսել»:
Սրեցման պահին բախվող կողմերը միմյանց ընկալում են որպես մի մոխրագույն համասեռ զանգված:
Հարցրեք մարտնչող ազսեկտորից, թե այդ ովքե՞ր են ռուսսեկտորում: Օ, նրանք դավաճաններ են, որոնք մոռացել են իրենց արմատները և հինգ կոպեկով վաճառվել Ռուսաստանին: Նրանք չգիտեն իրենց երկրի ոչ մշակույթը, ոչ գրականությունը, թքում են այն լեզվի վրա, որով գրում էին Նիզամին, Ֆիզուլին, Ախունդովը (այս ցուցակում կարող են լինել հնագույն ժամանակների պոետներ, որոնք գրել են ֆարսիով կամ ապրել ժամանակակից Ադրբեջանի սահմաններից դուրս, բայց դա ոչ ոքի չի հետաքրքրում): Նրանք իրենց անվայել են պահում, խմում են, այլասերվում և չեն հիշում, թե ինչ գույնի է իրենց անձնագիրը:
Իսկ այժմ հարցրեք ռուսական հատվածից, թե այդ ովքե՞ր են ազսեկտորում: Օ, նրանք գանտաշներ են, որոնք դեռ երեկ են սարերից իջել: Նրանք երբեք գիրք չեն տեսել, միայն ոչխար արածեցնել գիտեն, անգամ մոտավորապես չգիտեն, թե որտեղ է թատրոնն ու թանգարանը: Նրանք անպետքներ ու մարիխուանա ծխողներ են, ծեծում են իրենց կանանց և թքում երեխաների կրթության վրա, և հենց նրանք են մեղավոր տնտեսական ճգնաժամի և մեր մնացած անհաջողությունների համար:
Մենք այնքան ենք սովոր այս խոսակցություններին, որ չենք տեսնում, թե որքան աբսուրդ է իրավիճակը: Երեք միլիոնանոց քաղաքում տնտեսական ճգնաժամի ժամանակ մարդիկ երկու ճամբարի են բաժանվում «առաջին լեզվի հատկանիշով»: Ընդ որում, նրանց ճնշող մեծամասնությունը լավ գիտի երկրորդը կամ նույնիսկ տիրապետում է երկու լեզուներին էլ: Այլապես Բաքվում դժվար է «լավ» աշխատանք գտնել: Լավ մակարդակի ռուսերեն, ադրբեջաներեն և անգլերեն՝ սա պահանջ է գրեթե ցանկացած թեկնածուի գրեթե ցանկացած աշխատատեղի համար:
Ահա հղումն այն հոդվածին, որտեղ հարցը մանրամասն հետազոտված է. որտեղից է հայտնվել ռուսական հատվածը, ինչու այն մինչև հիմա գոյություն ունի, ռուսախոս հանրության առանձնահատկությունների մասին: Սա քաղվածք է լուրջ սոցիոլոգիական հետազոտությունից, որն անցկացվել է Հենրիխ Բյոլի հիմնադրամի պատվերով: Եվ այդ հոդվածը զարմանալիորեն չընթերցված է եղել, երբ հրապարակվել է: Ինչո՞ւ: Որովհետև դրանում ոչինչ չի ասվում այն մասին, թե հատվածներից որն է վատը: Իսկ մնացածն ո՞ւմ է պետք:
Սովորել երկրորդ լեզուն, խոսել երկու լեզվով և միավորել հատվածնե՞րը: Շփվելու համար նոր հնարավորություննե՞ր ստանալ: Սովորել անգլերեն և պայմանավորվել գոնե անգլերենո՞վ խոսել:
Լավ կլիներ, սակայն ինչպե՞ս ասել՝ «իսկական քաղաքացին պետք է իմանա իր լեզուն»:
Կամ «հավաքվել են գյուղերից անտաշները»: Չէ՞ որ դա այնքան հաճելի է հնչում: Ոմանք իրենց այդ ասելիս մեծ հայրենասեր են զգում, իսկ մնացածները՝ նեղացած ինտելիգենցիա: Եվ հակառակորդները հավասար դիրքերում կլինեին, եթե Բաքվի ռուսախոս համայնքն ուղիղ 10 անգամ ավելի փոքր չլիներ ադրբեջանախոսից: Եվ եթե հայրենասիրության կոչերն ու լրտեսների որսը ամենատարածված, ամենաանպատժելի և Ադրբեջանում մարդկանց հալածելու ամենատարածված առիթները չլինեին: