Կանայք ավելի շատ ներկայացված կլինեն Հայաստանի ՏԻՄ-երում․ ի՞նչ կփոխի դա
2021թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի 45 համայնքներում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ համամասնական ընտրակարգով, այսինքն քաղաքական ուժերի ներկայացրած ցուցակներով: Եվ նրանցից յուրաքանչյուրը պետք է ապահովի կանանց նվազագույնը 30%-ի չափով ներկայացվածություն իր նախընտրական ցուցակում:
ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու իրավական այս կարգավորումն ուժի մեջ է մտել 2020թ. հունիսի 18-ին «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությունների արդյունքում: Այն վերաբերում է 4000-ից ավելի բնակչություն ունեցող և խոշորացված համայնքներին: Օրենսդրական նոր փոփոխություններն առաջին անգամ կկիրառվեն այս համայնքներում հոկտեմբեր-դեկտեմբերի ՏԻՄ ընտրություններում:
Սակայն 2016-ից նման կարգավորում ընդունվել էր, և այն արդեն կիրառվել է Հայաստանի երեք մեծ քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում ու Վանաձորում: Մնացած բոլոր համայնքներում մինչ այս՝ ընտրություններն անցկացվել են մեծամասնական ընտրակարգով և առանց քվոտաների կանանց համար:
Ի՞նչ է ենթադրում այս փոփոխությունը, ի՞նչ կտա այն կանանց և հասարակությանը․ քաղաքական կուսակցությունների անդամների, փորձագետների, կանանց և տղամարդկանց կարծիքներն այս հարցերի շուրջ։
- Հայաստան․ երեք կնոջ պատմություն, որոնք փրկում են իրենց բիզնեսը կորոնաավիրուսից
- Կյանք կյանքի դիմաց. երեխա ունենալու հնարավորություն պատերազմում որդի կորցրած հայ ծնողներին
- Կին-լուսանկարիչներն իրենց մասնագիտության մասին
- «Ոչ կանացի» մասնագիտությամբ աղջիկները․ կանանց հավասարության մասին՝ ընտանիքում և քաղաքանությունում
Համամասնական ընտրակարգի առավելությունները
«Համամասնական ընտրակարգը կտրուկ մեծացնում է կանանց ընտրվելու շանսերը, որովհետև թեկնածուի ընտրվելն այլևս կոնկրետ անձին տրվելիք քվեից չէ կախված: Մեծամասնականի դեպքում ընտրողը, եթե նույնիսկ նույն մոտեցումն ուներ կին և տղամարդ թեկնածուների նկատմամբ, հաճախ համեմատության մեջ էր դնում՝ տղամարդո՞ւն ձայն տա, թե՞ կնոջը: Համամասնական ընտրակարգի դեպքում ձայնը տալիս են քաղաքական թիմին», — ասում է ՏԻՄ փորձագետ Վահան Մովսիսյանը:
Գյումրու վերջին երկու գումարման ավագանու անդամ Լուսինե Սանոյանը, որը ներկայացնում է «Բալասանյան դաշինքը», վստահ է՝ համամասնական ընտրակարգը նպաստելու է, որ առավել մեծ թվով կանայք ներգրավված լինեն նախընտրական ցուցակներում ու ավագանու կազմում․
«Մեծամասնական ընտրակարգի դեպքում տղամարդկանց շանսերը ձայն հավաքելու առումով ավելի մեծ էին լինում, և կանանք նախընտրական փուլում ստվերում էին մնում: Իսկ համամասնականի դեպքում քաղաքական ուժերը պարտավոր են պահպանել կանանց ներգրավվածության 30 տոկոս ցուցանիշը»:
Գյումրեցի Հասմիկ Եղիազարյանը, որը թե՛ մեծամասնական, թե՛ համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններին մասնակցելու փորձառություն ունի, հիշում է.
«Նախկինում անցկացվող մեծամասնական ընտրությունների ընթացքում բազմիցս բախվել եմ այն իրողություններին, երբ թաղային հեղինակություններն ու փող ունեցողները խոչընդոտել են թեկնածու կանանց աշխատանքը: Հատկապես կանանց ճանապարհը փակ էր, դու իրավունք չունեիր ազատ խոսք ասել, իրավունք չունեիր թաղամասի բնակիչներին հրավիրել հանդիպման: Նման դեպքերում այդ թաղամասի տղամարդիկ այնպիսի ճնշում էին իրականացնում, որ այդ ամենը դառնում էր անհնար»:
Վերջին ընտրությունների արդյունքները
Հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցող 6 համայնքներից քաղաքական ուժերի նախընտրական ցուցակներում կանանց ներկայացվածության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր Դիլիջանում:
«Քաղաքացու որոշում» կուսակցությունն ապահովել էր կանանց 61.5, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 43.5 տոկոս մասնակցություն:
«Մեզ համար կանանց մասնակցությունը օրենսդրական քվոտայի պահանջ չէ: Մենք հարցին նայում ենք բովանդակային մասով: Ես գտնում եմ, որ կանայք այսօր կարող ուժ են, կարող են ողջամիտ որոշումներ կայացնել: Կանայք կարող են այնպես հոգալ իրենց համայնքի մասին, ինչպես հոգում են իրենց ընտանիքների, իրենց երեխաների մասին», — ասում է Դիլիջանի նորընտիր ավագանու անդամ, «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնող Արմինե Հովհաննիսյանը:
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը բացատրում է, թե ինչու էր դիլիջանյան թիմում կանանց մասնակցության ցուցանիշն այդչափ բարձր.
«Համայնքային ընտրություններում հաճախ կա կլանային հարաբերությունների ազդեցությունը: Այս առումով կանայք հարաբերականորեն ավելի ազատ են, դուրս են այդ ամենից։ Դիլիջանի մեր լոկալ թիմում կանայք ակտիվ են և հետաքրքրված համայնքային խնդիրներով»:
Քվոտաների մասին
Միքայել Նահապետյանը ողջունում է համամասնական ընտրակարգով կանանց բացառիկ՝ մինչ այժմ չունեցած 30 տոկոս ներգրավվածության հնարավորությունը, սակայն մտավախություն է հայտնում՝ քվոտավորումը կարող է բացասական ռեակցիաների տեղիք տալ․
«Քվոտաների առկայությունն, իմ կարծիքով, ստեղծում է մի իրավիճակ, երբ կանայք, որոնք այլ իրավիճակում կարող էին ինքնուրույն ընտրվել, հանրության ու սեփական թիմի կողմից ընկալվում են որպես օրենքի պարտադրանքի բերումով այդտեղ հայտնված մարդիկ։ Եվ նույնիսկ ամենաքաղաքակիրթ, ամենատոլերանտ թիմերում տղամարդկանց կողմից կարող է լինել այն հետին ընկալումը, թե իրենք ընտրվել են սեփական ուժերով, իսկ կանայք՝ միայն օրենքի պահանջի շնորհիվ: Սա շատ նեգատիվ ազդեցություն կարող է ունենալ առողջ գործընկերային հարաբերությունների վրա»:
Նրա դիտարկմամբ՝ նախընտրական ցուցակներում կանանց ներգրավելու գործընթացը շատ հաճախ քաղաքական ուժերի կողմից վեր է ածվում պարզունակ առուծախի.
«Քաղաքական կազմակերպիչները, միևնույն է մնում են տղամարդիկ, ուղղակի նրանց առաջ դրվում է խնդիր՝ գտնել կանանց: Վերջում մենք, իհարկե, ստանում ենք առերևույթ համամասնական կազմ, բայց դա միայն առերևույթ»։
Միքայել Նահապետյանն ասում է՝ խնդիրը պետք է դիտարկել նաև ԱԺ համամասնական ընտրությունների համատեքստում: Նրա կարծիքով՝ ԱԺ և ՏԻՄ մակարդակում կանանց մասնակցությունը խթանելու գործիքները պետք է ուղղված լինեն այն հոգսերի ու այն արգելքների հաղթահարմանը, որոնք կանանց հետ են պահում քաղաքականությունից․
«Եթե կինը ցանկություն ունի քաղաքականության մեջ ներգավվելու, մենք պետք է իր ճանապարհը հնարավորինս մաքրենք խոչընդոտներից: Քարոզարշավը ֆինանսավորելու աղբյուրներ գտնենք, ընտանեկան հոգսը թեթևացնելու հնարավորություններ ստեղծենք, անձնական որակները զարգացնելու ու հմտությունները բարելավելու հարցում աջակցենք։ Այսինքն՝ անենք ամեն ինչ, որ եթե կինն իսկապես ունի ցանկություն, կարողանա մասնակցել ընտրապայքարին: Այլ ոչ թե քվոտաներ սահմանենք, որ տղամարդ կազմակերպիչները առուծախի բառապաշարով կին գտնեն, բերեն ցուցակ»:
Սպասելիքները
ՏԻՄ փորձագետ Վահան Մովսիսյանի դիտարկմամբ՝ փորձը ցույց է տալիս, որ քաղաքական ուժերը հաճախ բախվում են իրենց թիմերը քաղաքականությամբ հետաքրքրված և միևնույն ժամանակ բանիմաց կին թեկնածուներով համալրելու խնդրին.
«Ցանկացած կուսակցություն նախընտրական պայքարը պետք է սկսի ցուցակ կազմելուց: Այն, որ հեշտությամբ կկարողանան գտնել տղամարդկանց, ես չեմ կասկածում, բայց բանիմաց կին գտնել, որը նաև ցանկություն ունենա ներառվել նախընտրական ցուցակում, դժվար կլինի: Հաճախ մենք կարող ենք ստեղծել մասնակցության հնարավորություն, բայց ցանկությունը չլինի, որովհետև միշտ չէ, որ կինը համաձայնում է գնալ ընտրապայքարի ու նման կարևորագույն պաշտոնների։
Նախկինում, ի դեմս ՏԻՄ-երի, մենք խոսում էինք համակարգի մասին, որտեղ կոռուպցիոն ռիսկերը բավականին մեծ էին, և կանայք աշխատում էին այդ դաշտ չմտնել: ՏԻՄ-երում կոռուպցիոն ռիսկերի նվազման տենդենցները կարող են նպաստել կանանց հետաքրքրվածության բարձրացմանը։ Հիմա գուցե իրավիճակը փոխվի»:
Եվ այդ դեպքում, Վահան Մովսիսյանի դիտարկմամբ՝ «ՏԻՄ գործընթացները կարող են միայն ավելի լավորակ դառնալ, քանի որ կանայք ավելի պարտաճանաչ են, ավելի խոհեմ, ավելի հանդուրժող բնավորություն ունեն»:
Միքայել Նահապետյանն էլ է վստահ՝ կանայք կարող են լինել լավ կառավարիչներ.
«Տղամարդը երբեք չի կարող ունենալ կյանքի այն յուրահատուկ փորձն ու խնդիրների նկատմամբ մոտեցումները, որն ունեն կանայք: Հետևաբար, տղամարդ կառավարիչները երբեք չեն կարողանալու տալ այն լուծումները, որը կարող են անել կին կառավարիչները: Եվ այնպես է ստացվել, որ Հայաստանում վերջին 20 տարում կանայք ավելի լավ են սովորել, քան տղամարդիկ։
Միջին վիճակագրական տվյալներով՝ կանայք ավելի շատ գիտելիքներ ունեն, քան տղամարդիկ: Կանայք նաև աշխատանքային ավելի բարձր պատասխանատվության զգացում ունեն։ Ինձ թվում է՝ այդ որակներն ունեցող կանանց կառավարման համակարգում ներառելը շատ կարևոր է»: