«Կան կոնկրետ առաջարկներ». Ալիևն ու Լավրովը քննարկել են սահմանազատման հարցը
Ալիևի և Լավրովի հանդիպումը Բաքվում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Բարձրացվել է նաև երկու երկրների միջև սահմանազատման հարցը։ «Կան կոնկրետ առաջարկներ»,- ընդգծել է Լավրովը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այցելել է Բաքու։ Նա Ադրբեջան է եկել Իրանից, որտեղ հանդիպումներ է ունեցել Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ։
Հինգշաբթի՝ հունիսի 23-ի երեկոյան, Ադրբեջանի մայրաքաղաքում վայրէջք կատարելուց անմիջապես հետո Լավրովը հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ինչի՞ վրա է ուշադրություն դարձրել Ալիևը
Ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ իր երկրի դիրքորոշումը «ուղղված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը»։
«Վստահ եմ, որ այն ջանքերը, որ մենք գործադրում ենք, դրական կընդունվեն նաև Հայաստանի կողմից, և երկար տարիների առճակատմանը վերջ կդրվի։ Խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու մեր առաջարկը մինչ այժմ մնացել է անպատասխան, բայց մենք դեռ հույս ունենք, որ այդ առաջարկը դրական կընդունվի»,- նկատել է Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքին՝ այն բնորոշելով դրական։
«Հուսով ենք, որ գործնական քայլեր կլինեն նաև 2020 թվականի նոյեմբերի հայտարարության իրագործման ուղղությամբ՝ հենց հաղորդակցությունների բացման և ադրբեջանական բեռների ու քաղաքացիների համար Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ հաղորդակցվելու անարգել մուտքի ապահովման համատեքստում, ինչը հայկական կողմի իրավական պարտավորությունն է։ Բայց, ցավոք, ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից ավելի քան մեկուկես տարի անց հայտարարության այս դրույթը դեռևս չի իրագործվել»,- հայտարարել է նա:
Ի՞նչ է պատասխանել Լավրովը
«Մեր գնահատմամբ՝ հաղորդակցության ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը որոշակի առաջընթաց է արձանագրում։ Այն հարցերը, որոնք համաձայնեցման կարիք ունեն, մենք քննարկում ենք հայկական կողմի հետ։ Եվ ինձ թվում է՝ մեր միջև կա ընդհանուր ըմբռնում, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթևեկության կազմակերպման խնդիրը, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն։ Ռուսաստանը կաջակցի այդ աշխատանքին այնքան ժամանակ, քանի դեռ արդյունքներ չեն գրանցվել։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովը բարձրացրել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման հարցը.
«Այլ պայմանավորվածությունների համաձայն՝ մենք պատրաստ ենք նաև խորհրդատվական ծառայություններ մատուցել երկու հանձնաժողովների աշխատանքի մասով, որոնք ստեղծվել են Ադրբեջանում և Հայաստանում՝ սահմանների սահմանագծման և սահմանազատման համար։ Այս կապակցությամբ կան կոնկրետ առաջարկներ»։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է նաև իր երկրի պատրաստակամության մասին՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացին։
«Դուք հիշատակեցիք հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի, ձեր կողմից փոխանցված ապագա պայմանագրի դրույթների մասին։ Ի դեպ, մենք լսել ենք հայկական կողմի, վարչապետ Փաշինյանի պատրաստակամությունը՝ այդ թեմայով բանակցելու։ Այս հարցում նույնպես պատրաստ ենք օգնություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ»,- հավելել է նա։
Ալիևի և Լավրովի հանդիպումը Բաքվում