Հայաստանում կամավորների հետ պայմանագիր կկնքեն
Կամավորության ոլորտի բարեփոխումներ Հայաստանում
Հայաստանում քննարկվում է կամավորների հետ պայմանագիր կնքելու և նրանց կատարած աշխատանքը փորձառության մեջ ներառելու հնարավորությունը։ Օրենքի նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը, այն կսկսի գործել խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է էլեկտրոնային հարթակ, որտեղ կամավորներն ու աշխատանք առաջարկող կազմակերպությունները կկարողանան հեշտությամբ գտնել միմյանց։
«Այս օրենքի հիմնական նպատակներից է օժանդակել ակտիվ քաղաքացիական հասարակություն ձևավորելուն, սոցիալական պատասխանատվության դերի բարձրացմանը»,- ասում է փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:
Օրենքի նախագծի մանրամասները
Ովքե՞ր կարող են դառնալ կամավոր
Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի մանրամասները ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (ԱՍՀՆ) տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Նրա փոխանցմամբ՝ կամավոր աշխատանքով կարող են զբաղվել 16 տարին լրացած անձինք։ Եթե կամավորը լինի ավելի փոքր տարիքի, կազմակերպություններին պետք կլինի ստանալ ծնողի կամ խնամակալի համաձայնությունը։
Կամավորների ներգրավվելու հնարավորություն են ունենալու պետությունը, երկրում գործող շահույթ չհետապնդող կառույցները՝ հիմնադրամները, հասարակական կազմակերպությունները, միությունները։ Շահույթ հետապնդող կազմակերպությունը կարող է կամավոր աշխատակից ունենալ, եթե կառույցի 100 տոկոս սեփականատերը պետությունն է․
«Կամավորներ ներգրավելու պարտադիր պահանջներից է պայմանագրի կնքումը, որտեղ կնշվի, թե ինչ նպատակով ու ինչ ժամկետով են ներգրավում կամավորին»,- ասել է փոխնախարարը։
Նրա խոսքով՝ փոխադարձ պարտավորություններն ու երաշխիքները հստակեցնելուց բացի դա նաև պետություն համար կլինի այս կամ այն գաղափարի շուրջ բազմաթիվ կամավորների համախմբելու մեխանիզմ։
Օրենքը չի տարածվելու հայրենիքի պաշտպանության համար ստեղծված կամավորական կառույցների վրա։
Տարիքային սահմանափակում չկա
Օրենքի նախագծով տարիքային վերին շեմ սահմանված չէ։ Ռուբեն Սարգսյանը նշում է, որ կառույցը պարտավոր է յուրաքանչյուր մարդու համար գտնել «իր ուժերին ու իր ֆիզիկական հնարավորություններին համապատասխան աշխատանք» ու պայմաններ ստեղծել աշխատելու համար։
Նրա խոսքով՝ առաջիկայում նախատեսում են տարիքային սահմանափակումը հանել նաև աշխատանքային օրենսգրքից:
Մասնագիտական փորձ
Կան նաև կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս, որ ուսանողները կրթություն ստանալուն զուգահեռ փորձ ձեռք բերեն մասնագիտական ոլորտում։
Այն քաղաքացիները, որոնք կդիմեն մասնագիտական հմտություններ պահանջող կամավորական աշխատանքի, պարտադիր պետք է ունենան տվյալ ոլորտում կրթության մասին վկայող որևէ փաստաթուղթ:
Ծախսերը ենթակա են փոխհատուցման
Նախագիծն առաջարկում է միասնական կարգավորումներ, մասնավորապես՝
- կամավոր աշխատանքն անօրինական աշխատանքից առանձնացնելու հստակ կարգավորումներ, որը կօգնի նաև կրճատել ստվերային զբաղվածությունը, այն է՝ չգրանցված աշխատողների թիվը,
- պետական կառույցներում նաև կամավորների աշխատանքն օգտագործելու հնարավորություն,
- արտակարգ իրավիճակներում մեծ թվով մարդկանց (կամավորների) արագ ներգրավելու հնարավորություն (կձևավորվի կամավորների բազա),
- կամավոր աշխատանքի արդյունքում մասնագիտական փորձառության ձեռք բերում, որը կնպաստի նաև զբաղվածության ապահովմանը:
Եթե նախկինում կառույցը, որը կամավոր էր ներգրավում, փոխհատուցման երաշխիքներ չէր տրամադրում, ապա օրենքի ընդունումից հետո դա կդառնա պարտադիր։
Կամավորի ճանապարհածախսը, գիշերակացը, օրապահիկն ու տվյալ աշխատանքի հետ կապված բոլոր ծախսերը ենթակա են փոխհատուցման։
«Իհարկե, կամավորը ոչ թե սեփական շահի կամ եկամուտ ստանալու նպատակով է անում, այլ՝ հանրային օգուտ ցուցաբերելու: Բայց նրա իրավունքներն էլ պետք է պաշտպանված լինեն»,- նկատում է փոխնախարարը։
Կամավորների պակաս չկար, կար օրենսդրական բաց
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի խոսքով՝ Հայաստանում կամավորների պակաս չի նկատվել։ Հիշեցրել է՝ կորոնավիրուսային համավարակի բռնկման ժամանակ, 44-օրյա պատերազմի օրերին և հետպատերազմյան շրջանում հասարակությունն ակտիվորեն իրականացնում էր կամավորական գործունեություն։
Ռուբեն Սարգսյանի դիտարկմամբ՝ բարի կամք դրսևորած քաղաքացիների աշխատանքը որոշ առումներով աննկատ է անցել օրենսդրական բացի պատճառով։ Նրանց իրավունքները պաշտպանված չէին, նրանք, փաստորեն, չեն ունեցել նաև իրենց ծախսերի հատուցման երաշխիքներ։
«Նման օրենք ընդունելու փորձ արվել է դեռևս 2006 թ․-ին, 2010 թ․-ին, 2015 թ․-ին, 2017 թ․-ին, բայց վերջնարդյունքի չէինք հասել, չունեինք իրավական ակտ, որը կլուծեր կամավորական շարժումների, կառույցների խնդիրները»,- ասել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կամավորության ոլորտի բարեփոխումներ Հայաստանում