Կալավան. ապրելու արվեստը
Կալավանը Հայաստանի Գեղարքունիքի մարզում գտնվող փոքրիկ մի գյուղ է, որը նախկինում կոչվում էր Ամիրխեր ու բնակեցված էր ադրբեջանցիներով: Երբ սկսվեց ղարաբաղյան հակամարտությունը, գյուղի բնակիչներն իրենց տները փոխանակեցին Ադրբեջանի հայերի հետ: Կալավանը հայտնի դարձավ վերջին տարիներին գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի շնորհիվ: Ղուկասյանի ու նրա համախոհների կողմից մշակված գյուղի զարգացման տասնամյա ծրագիրը զանազան բաղադրիչներ է ընդգրկում`օրգանական գյուղատնտեսությունից մինչև հնագիտական զբոսաշրջություն: Բայց ամենակարևորը, որ Ռոբերտն առաջարկում է զբոսաշրջիկներին ու տեղաբնակներին` Կալավանում կյանքը վայելելու արվեստը սովորելն է:
Առաջին բանը, որ իմանում ես Կալավանի մասին, այստեղ ժամանելով, վատ ճանապարհներն են: Գյուղ հասնելու համար ամենագնաց է պետք: «Time Land» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի հետ զրույցը կարելի էր հենց դրանից սկսել: Սակայն Ղուկասյանն ինքը դա խնդիր չի համարում, ավելի շուտ`ընդհակառակը:
«Մենք հաճախ սևեռվում ենք այն բանի վրա, որը չկա: Մեր ճանապարհները վատն են, խանութներ չկան և այլն: Իսկ մենք որոշեցինք, որ կամ պետք է մեր թերություններն առավելություն դարձնենք, կամ բացասական կողմերի վրա ուշադրություն չդարձնենք»,- ասում է նա: Այսպիսով, վատ ճանապարհներն արկածային զբոսաշրջության ռոմանտիկայի մաս դարձան, իսկ սովորական հարմարությունների բացակայությունը հնարավորություն ընձեռեց միախառնվել բնության իրական գեղեցկությանը: Ինչևէ, էկոլոգիան ծովի մակարդակից 1600 մ. բարձրության վրա գտնվող գյուղի միակ հարստությունը չէ: Քարեդարյան կայանատեղիներն ու հուշարձանները, քարանձավներն ու հնագիտական այլ տեսարժան վայրերն այս գյուղը գրավիչ են դարձնում թե’ մասնագետների, թե’ պեղումների սիրահարների համար:
Հնագիտությունը վաղուց է հետաքրքրում Ռոբերտին: Կենդանաբանության հետ մեկտեղ, նա ուսումնասիրել է այն գրեթե ինքնուրույն` ինքնուսուցման միջոցով, միջազգային բազմաթիվ հնագիտական գիտարշավների է մասնակցել: Սակայն նրան հանգիստ չէր տալիս այն միտքը, որ ինքը կարող է ինչ-որ կերպ նպաստել իր գյուղի զարգացմանը: 2013թ. Ռոբերտն իր ընկերների հետ ստեղծում է «Time Land» հիմնադրամը, ու արդեն 3 տարի անց նրա ջանքերն առաջին արդյունքներն են տալիս: 2016թ. ընթացքում 2500 զբոսաշրջիկ է այցելել գյուղ, նրանցից շատերը սեփական վրաններով էին գալիս: Հյուրերի աշխարհագրությունը չափազանց բազմազան է` Չիլիից մինչև Իսրայել, մինչդեռ, Ղուկասյանի խոսքով, նրա կազմակերպությունը մինչ օրս առանձնապես ջանքեր չի գործադրել զբոսաշրջիկների գրավման ուղղությամբ:
2016թ. սեպտեմբերին Ռոբերտը` որպես հիմնական զեկուցողներից մեկը, Կալավանի զարգացման ծրագիրը ներկայացրել է Ալյասկայում կազմակերպված Արկածային զբոսաշրջության համաշխարհային գագաթնաժողովին: Հանդիպմանը մասնակցում էր մոտ 800 պատվիրակություն 80 երկրներից: Այդ հեռավոր ճամփորդությանը մասնակցելու համար ընտանիքը ստիպված էր վաճառել իր անասուններին, սակայն միջոցառումը Ռոբերտին նոր փորձ ու նոր ծանոթություններ ձեռք բերելու հնարավորություն տվեց:
Ռոբերտի մտահղացմամբ, Կալավանը կարող է էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանք ապահովել, ինչպես նաև զբոսաշրջային տարբեր ուղղություններ զարգացնել` արկածային զբոսաշրջություն, էկոտուրիզմ, նաև հնագիտական ճամփորդություններ: Կալավանում կան Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհի ուսումնասիրության համար բոլոր հնարավորությունները: Այստեղ կարելի է նաև փորձել ապրել հնադարյան մարդու կենսակերպով. քարանձավում կրակ ստանալ, խրճիթ սարքել նույն կառուցվածքով, որն օգտագործում էին այս վայրերում բնակվող մեր նախնիները:
Այնուամենայնիվ, այս ուղղությունը զարգացնելու համար գյուղաբնակներին պետք է աջակցել հյուրատների կահավորման հարցում: Այդ նպատակով հիմնադրամն այժմ մի փոքր դադար է տվել. զբոսաշրջիկներին այստեղ սպասում են արդեն 2018թ.:
«Մարդիկ պետք է հետ չմնան համայնքի զարգացման գործից: Մեզ մոտ դեռևս այդպես չէ: Այսօր մենք կարող ենք 9 հյուրատներում ընդամենը 17 մարդ տեղավորել, մինչդեռ պահանջարկը 60 է »,- խոստովանում է Ռոբերտը:
Սկսեցին մրցունակ առավելություներ փնտրել նաև գյուղի բնակիչների շրջանում, չէ՞ որ մարդկային ռեսուրսները ոչ միայն աշխատանքային փորձին ու կրթությանն են վերաբերում, այլև թաքնված տաղանդներին, կարծում է Ռոբերտը:
«Երբեմն գյուղացուն թվում է, որ եթե ինքը համալսարանում չի սովորել, ապա օգտակար լինել չի կարող: Սկզբում մենք հենց իրենց ապացուցեցինք, որ այն, ինչ նրանք գիտեն` կարևոր է: Իսկ հետո սկսեցինք նրանցից յուրաքանչյուրի մեջ եզակի առավելություն փնտրել: Օրինակ, մեկը գիտի տեղի անտառներում աճող բոլոր բուսատեսակները, մյուսը թռչուններին ճանաչում է նրանց երգով, և այլն»,- բացատրում է Ռոբերտը:
Սամվել Եսայանցը որոշակի տաղանդ ունի: Հին, կոլորիտային «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով նա զբոսաշրջիկների հետ շրջում է Կալավանի կիսաքանդ ճանապարհներով: Ասում է, որ թեև ռուսերենից բացի այլ օտար լեզու չգիտի, միշտ կարողանում է ընդհանուր լեզու գտնել զբոսաշրջիկների հետ:
«Դպրոցում անգլերեն եմ անցել, բայց, ճիշտն ասած, չեմ խոսում այդ լեզվով: Զբոսաշրջիկների հետ ինչ-որ կերպ հաղորդակցվում ենք: Հիմա նրանք շատ են, ու մեր գյուղացիներից շատերն ուզում են սեփական հյուրատունը կառուցել»,- ասում է Սամվելը:
Ռոբերտի կինը` Աստղիկը, զբաղվում է անտառային խոհանոցի կազմակերպմամբ: Նման գաղափար ծագեց այն ժամանակ, երբ պարզվեց, որ տեղի կանայք շատ լավ գիտեն անտառային բույսերի, հատապտուղների ու մրգերի տեսակները: Անտառի բարիքներով այստեղ մոտ 120 տեսակի ուտեստ են պատրաստում, որոնցից յուրաքանչյուրն իր եզակի պատմությունն ունի:
«Մենք ուսումնասիրել ենք հին բաղադրատոմսերը, խոսել տատիկների հետ մոռացված բուսատեսակների մասին, որոնցից նախկինում սնունդ էին պատրաստում: Դա շատ կարևոր է ոչ միայն առողջ սննդակարգի տեսանկյունից, այլև հին բաղադրատոմսերի պահպանման առումով»,- ասում է Աստղիկ Ղուկասյանը: Անտառային խոհանոցը լրացուցիչ աշխատատեղեր կապահովի խոհարարների, մատուցողների ու բույսերի հավաքմամբ զբաղվող մարդկանց համար:
Ոչ շատ վաղ անցյալում Կալավան գյուղն ադրբեջանցիներով էր բնակեցված ու կոչվում էր Ամիրխեր: Այս վայրերում մահմեդականները սկսեցին բնակություն հաստատել 19-րդ դարի սկզբում: Խորհրդային տարիներին գյուղն ուներ 700 բնակիչ: 1980-ական թթ. վերջում, երբ Լեռնային Ղարաբաղում հակամարտություն սկսվեց, ադրբեջանցիները փոխանակեցին իրենց տները Շամխորից (Շամկիրա), Կիրովաբադից (Գյանջա), Սումգայիթից, Բարսում գյուղից եկած փախստականների հետ: Այսօր Կալավանի բնակչությունը 113 մարդ (26 ընտանիք) է կազմում, մեծամասնությունը փախստականներ են: Մոտ 8 ընտանիք վերջերս է այստեղ տեղափոխվել:
Ռոբերտն ու իր ընտանիքը փախստականներ են Սումգայիթից: Նրա ծնողներն այս քաղաք են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղից` աշխատանք գտնելու նպատակով: Ժամանակի ընթացքում կյանքը կարգավորվել է, այստեղ էլ ծնվել է Ռոբերտը: Մի քանի տարի սպասելուց հետո Ղուկասյանների ընտանիքը սեփական բնակարան ստացավ, որտեղ ընտանիքն ընդամենը երկու ամիս հասցրեց ապրել:
Սումգայիթյան ջարդերի ժամանակ Ռոբերտն 8 տարեկան էր: Մանկության կցկտուր հիշողություններից է առաջին դպրոցը, հայկական գերեզմանոցի ոչնչացումը, նաև ադրբեջանցի հարևանուհին, ով սեփական կյանքը վտանգելով` իր տանն էր թաքցնում հայ ընտանիքին:
«Ես չեմ ատում ադրբեջանցիներին, բոլորս էլ մարդիկ ենք, սա քաղաքական խնդիր է: Մեզ ադրբեջանցի հարևաններն են փրկել: Կարծում եմ` այլ հանգամանքներում մենք լավ հարևաններ կլինեինք»,- ասում է Ռոբերտը:
Կալավանի տունն ընտրել են գրեթե առանց տեսնելու, այնտեղ առանձնապես մեծ չէր ընտրությունը: Երբ ընտանիքը ժամանակավորապես Սումգայիթից Բաքու տեղափոխվեց, Ռոբերտի հայրը Սումգայիթի տունը փոխանակեց մի գյուղի տան հետ, որը երբեք չէր տեսել: Ընտանիքի համար ամենակարևորը Հայաստանում տուն ունենալն էր, որտեղ իրենց ապահով կզգան:
Ղուկասյանները Կալավան տեղափոխվեցին մեկ տարի անց` 1989թ.: Ու նորից պետք էր հարմարվել նոր պայմաններին: Երկու տարի շարունակ գյուղի երեխաները ոտքով գնում էին հարևան գյուղում`Կալավանից 7-8 կմ հեռավորության վրա գտնվող դպրոցը:
Տեսնելով ուսուցիչների պակասը` ծնողները Կալավանում դպրոց կազմակերպեցին: Ռոբերտի մայրը` Յուլյա Ղուկասյանը, արդեն 30 տարի աշխարհագրություն է դասավանդում դպրոցում: Այս մասնագիտությամբ բարձրագույն կրթությունը նա ստացել է արդեն Հայաստանում, բազմաթիվ այլ ուսուցիչների նման: Այսօր դպրոցում 17 երեխա է սովորում: Ռոբերտը հպարտանում է իր դպրոցով ու համարում, որ իր հիմնական կրթությունը հենց այստեղ է ստացել: «8-10-րդ դասարաններում ես միակ աշակերտն էի, և ուսուցիչների ամբողջ ուշադրությունն ինձ էր ուղղված»,- պատմում է նա:
Կալավանի առաջին հաջողություններն արդեն ուշադրություն են գրավում: Գեղարքունիքի մարզպետը, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ արդեն աջակցելու ցանկություն են հայտնել: Ռոբերտը ողջունում է բոլորին, բացի այն ներդրողներից, ովքեր այս նախագիծն ընդամենը առևտրային շահի տեսանկյունից են դիտարկում:
«Գյուղը մերժում է բոլոր այն ներդրողներին, ովքեր այստեղ սեփական բիզնեսն են պատրաստվում զարգացնել` առանց գյուղաբնակների շահերը հաշվի առնելու: Սա մեր համայնքն է, մենք երազանք ունենք ու զարգացման 10-ամյա ծրագիր ենք մշակել, որն ամբողջ գյուղի համաչափ զարգացում է ենթադրում»,- ասում է Ռոբերտը:
Արթուր Գրիգորյանն այն մարդկանցից մեկն է, ում Ռոբերտը վարակել է իր գաղափարով ու կյանքի հանդեպ վերաբերմունքով: Մասնագիտությամբ իրավաբան, նախկինում` էկո-ակտիվիստ Արթուրն այստեղ տուն է գնել ու գրանցվել գյուղում: Նա զբաղվում է օրգանական գյուղատնտեսությամբ, հետաքրքրվում է նաև էկոզբոսաշրջությամբ:
«Զարգացման այսպիսի մոդելի շնորհիվ գյուղացիները ոչ թե ուրիշի ձեռնարկությունում են աշխատում, այլ ինքներն են գործարար դառնում ու զարգացնում սեփական գործը»,-ասում է Արթուրը:
Կալավանի պատմությունն ուսումնասիրում են համայնքների զարգացմամբ զբաղվող կազմակերպությունները` փորձելով կիրառել այս մոդելը Հայաստանի գյուղական այլ համայնքներում: Մինչդեռ, Ռոբերտի կարծիքով, հաջողության գաղտնիքը պարզ է. «Մենք ուղղակի ապրում ենք, հաճույք ստանում կյանքից, ու դա վարակիչ է դառնում»: