Քաղաքակա՞ն որոշում. Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումն արգելվել է
Կաթնամթերքի արտահանման արգելքը ՌԴ
Շուրջ մեկ ամիս է, ուժի մեջ է Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն կաթնամթերքի արտահանման արգելքը։ Այս որոշումը հիմնավորել է հայկական արտադրանքի մեջ իրանական հումքի օգտագործմամբ, որի ներմուծումը Ռուսաստան արգելված է:
Չնայած նրան, որ Ռոսսելխոզնադզորի կողմից իրականացված ստուգումների արդյունքում խնդիրը հայտնաբերվել էր միայն երկու արտադրողների մոտ, արգելանքը տարածվեց կաթնամթերք արտահանող բոլոր ընկերությունների վրա և անորոշ ժամկետով:
Հայ փորձագետների կարծիքն այս որոշման շարժառիթների վերաբերյալ։
- Ինչո՞ւ Հարավային Կովկասում հարևան երկրների հետ բիզնես չեն զարգացնում․ երեք պատմություն
- «Հայաստանի տնտեսությունը դիմակայունություն է ցույց տալիս». Նիկոլ Փաշինյան
- «Ռիկոշետ» Հայաստանի վրա․ ինչպե՞ս կտուժի տնտեսությունը Ուկրաինայի պատերազմի հետևանքով
Տուժում են նաև գյուղացիները
«Իգիթ» ընկերությունը, որը իրանական հումք չի օգտագործելում, վերոնշյալ արգելանքի արդյունքում զրկվել է ՌԴ արտահանման հարավորությունից: Ընկերության մենեջեր Արամ Կռոյանի խոսքով՝ Ռուսաստան հիմնականում պանիր էր արտահանվում, ամսական 30-40 տոննա:
Մեկ ամսից ավել տևող արգելանքի պատճառով ընկերությունը ստիպված է եղել հավելյալ տարածքներ ապահովել պատրաստի արտադրանքի երկարաժամկետ պահպանման համար։ Նաև կրճատել են գյուղացիներից մթերվող կաթնամթերքի ծավալները:
Ընկերությունում հույս ունեն, որ արգելանքը շուտով կվերանա և կրկին արտադրանքը ՌԴ արտահանելու հնարավորություն կունենան:
«Եթե արտահանման արգելքը հնարավորինս սեղմ ժամկետներում չհանվի, առաջին հերթին, տուժելու են գյուղացիները։ Մի կողմից, գարնանային սեզոնի բացմանը զուգահեռ ավելացել է արտադրվող կաթի ծավալը, մյուս կողմից՝ ընկերությունները ստիպված են կրճատել մթերվող կաթի ծավալները։ Երկարաժամկետ արգելանքի դեպքում արտադրողները, իհարկե, ստիպված կլինեն նոր շուկաներ որոնել, նաև մտածել աշխատողների կրճատման, գուցե և արտադրությունները փակելու մասին»,- ասում է Արամ Կռոյանը:
Խնդիրը քննարկվում է պետական մակարդակում Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչության և Ռոսսելխոզնադզորի միջև: Ապրիլի 17-ի երկկողմ հանդիպման ավարտին հայկական կողմը հայտնեց. «Կողմերը երկուստեք դրսևորել են կառուցողական մոտեցում և պայմանավորվել խնդիրը կարգավորել փուլ առ փուլ»։
Ռուսական հաղորդագրությունում ասվում էր․
«Վերահսկողության համակարգի թերությունները թույլ են տվել հայկական ընկերություններին իրանական ձեռնարկությունների հումքից պատրաստված արտադրանք արտահանել, որը թույլատրված չէ վաճառել Ռուսաստանում։ Արդյունքում 2022 թվականին Հայաստանը տասն անգամ ավելացրել է կարագի մատակարարումը։ Նման սխեմաները խաթարում են մրցակցային միջավայրը ոչ միայն ռուսական շուկայում, այլև անհավասարակշռություն են մտցնում ԵԱՏՄ տնտեսական գործունեության մեջ»:
Արգելանքը՝ քաղաքական ճնշմանլծա՞կ
Երկու երկրների հաղորդագրությունների բովանդակային տարբեր շեշտադրումները որոշ փորձագետների մոտ ավելի ամրապնդեցին այն տեսակետը, որ խնդիրը ոչ թե տնտեսական կամ սննդի անվտանգության, այլ քաղաքական դաշտում է:
«Որպես կանոն, կողմերը նախապես քննարկում են միմյանց հետ, որ տարածվող հաղորդագրությունները նույնաբովանդակ լինեն: Այլ բովանդակություններով հաղորդագրությունների առկայությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ՌԴ փոխհարաբերություններում շատ լուրջ կոնֆլիկտ կա»,- նշում է տնտեսագետ, աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:
Նրա կարծիքով՝ արգելանքի կիրառումը պայմանավորված է Հայաստան-ՌԴ լարված հարաբերություններով, մասնավորապես, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության պատճառով՝ դեպի Արևմուտք․
«Պետությունները որևէ հարաբերություն վերականգնելու, շտկելու կամ ազդեցությունը պահպանելու համար տարբեր գործիքներ են կիրառում: Արգելանքը կարող ենք համարել այդ գործիքներից մեկը»:
Տնտեսագետի դիտարկմամբ՝ Ռուսասատանը՝ ունենալով կաթնամթերքի արտադրության բավարար պաշարներ, ներկրումը թույլատրում է բացառապես Հայաստանի նկատմամբ քաղաքական ու այլ ազդեցության լծակների ամրադնպման նպատակով:
«Իր ազդեցության գոտի երկրներում, այդ թվում Հայաստանում, գերակայություն պահպանելու համար ՌԴ-ն, բնականաբար, պետք է որոշակի «քաղցրավենիք» բաժանի: Այս դեպքում այդ «քաղցրավենիքը» ՀՀ-ից ՌԴ կաթնամթերքի արտահանման թույլատրումն է»,- ասում է նա:
«Հայաստանը ահազանգերից դասեր չի քաղում»
Պարենային իրավունքի մասնագետ Դավիթ Պիպոյանը՝ հայկական կաթնամթերքի արտահանման արգելքը դիտարկելով մասնագիտական տեսանկյունից և հաշվի առնելով արտադրության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները, Ռոսսելխոզնադզորի կողմից արգելանքի կիրառումը զարմանալի չի համարում:
«Եթե նայենք ոլորտի զարգացման տենդենցները, կնկատենք, որ սննդամթերքի անվտանգության ոլորտում գրեթե բոլոր առումներով ունենք հետընթաց։ Ինչը նշանակում է, որ Հայաստանը՝ մինչ այժմ հնչեցված տեղական ու միջազգային ահազանգող ուղերձները լսելուց հետո նույնիսկ, դասեր չի քաղում»,- ասում է փորձագետը:
Հիշեցնում է՝ Ռոսսելխոզնադզորից առաջ ոլորտային փորձաքննություն էր իրականացրել նաև Հայաստանի Հետաքննող լրագրողների ակումբը՝ hetq.am-ը: Լրագրողների կողմից հայտնաբերված խախտումների հետքերով գնացել էր նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ արձանագրելով տարաբնույթ խախտումներ մեծ թվով արտադրողների շրջանոմ:
Պիպոյանի շեշտում է՝ սննդի արտադրության նկատմամբ վերահսկողությունն արմատական փոփոխությունների կարիք ունի, սակայն «չկա քաղաքական կամք ոլորտի խնդիրները լուծելու համար»:
Ոլորտային բազմաթիվ խնդիրների ֆոնին իրանական հումքի օգտագործման հիմքով արգելանքի կիրառումը փորձագետը բացատրում է ՌԴ արտահանվող կաթնամթերքի ծավալների կտրուկ ավելացմամբ։ Հենց դա է կասկածելի թվացել ռուսական կողմին:
Ի դեպ, վերջին տարիների համեմատությամբ շեշտակի ավելացել է հատկապես կարագի արտահանման ծավալները: Էկոնոմիկայի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ եթե 2021 թվականին 170 տոննա է արտահանվել ՌԴ, ապա 2022-ին՝ ավելի քան 3 հազար տոննա:
«Կարծում եմ՝ ՌԴ-ում նկատել են, որ ծավալների կտրուկ փոփոխութուն է տեղի ունեցել, ինչը ռիսկի գնահատման համար կարևոր ցուցիչ է։ Հասկացել են, որ ՀՀ-ում արտադրության ծավալները չէին կարող այդչափ կտրուկ ավելանալ։ Այս պատճառով խորը կասկածներ են ունեցել՝ երրորդ երկրից ներկրված հումքի օգտագործման վերաբերյալ։ Արդյունքում, որոշել են ստուգել՝ արդյո՞ք պատշաճ վերահսկողություն իրականացվում է։ Ռոսսելխոզնադզորի հաղորդագրության մեջ հստակ մեսիջ կա առ այն, որ ՌԴ-ի մոտ առաջացել է անվստահության ՀՀ տեսչական մարմնի աշխատանքների առնչությամբ»,- մեկնաբանում է Դավիթ Պիպոյանը:
«Եթե ՌԴ-ն լսի իր ուզածը, արգելքը շուտ կհանվի»
Այնուամենայնիվ, պարենային իրավունքի մասնագետն էլ չի ժխտում Ռուսաստանի որոշման քաղաքական բաղադրիչը։
«Կարող է լինել նաև քաղաքական ենթատեքստ, բայց եթե քո արտադրությունը լավը չէ, ոչ ոք պարտավոր չէ աչք փակել»,- ասում է Պիպոյանը:
Նրա դիտարկմամբ՝ խնդրի շուտափույթ լուծմանն ուղղված ջանքեր պետք է գործադրվեն և սննդի անվտանգության ապահովման, և դիվանագիտական տեսանկյունից․
«Շատ կարևոր է, որ երկու դաշտում էլ պատշաճ աշխատանք իրականացվի: Անկախ նրանից, ո՞ր դաշտն է ավելի շատ թերացել, երկու ուղղությամբ էլ պետք է աշխատանքները ինտենսիվ տանել»:
Տնտեսագետ Նարեկ Սարգսյանի գնահատմամբ՝ արգելանքի վերացման հստակ ժամկետներ չնշելը պայմանավորված է այն հանգամանքով, թե ՌԴ-ն երբ ու ինչ քաղաքական «այո» է ցանկանում լսել Հայաստանից:
Ենթադրում է՝ Ռուսաստանի «այո»-ն ուղղակիորեն կապված է լինելու Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման, ՌԴ ազդեցության գոտում մնալ-չմնալու հետ․
«Եթե ՌԴ-ն լսի իր ուզածը, արգելքը շուտ կհանվի, իսկ եթե ոչ, արտադրության, մասնավորապես մշակվող արդյունաբերության այլ ճյուղեր ևս, կարծում եմ, կարող են հայտնվել սանկցիաների տակ»:
Արտահանման արգելանքի երկարաձգման ռիսկերը
Փորձագետների գնահատմամբ՝ արգելանքի 3-6 ամիս ձգձգվելու դեպքում ոլորտը լուրջ խնդիրների առաջ կկանգնի:
«Այսքան կաթմաթերք արտադրողներն իրականում ներքին շուկայի համար շատ- շատ են: Նրանք չեն բացվել ՀՀ շուկայով բավարարվելու համար: Եվ քանի որ ՀՀ-ն չունի դիվերսիֆիկացված արտահանման շուկաներ, այդ թվում կաթնամթերքի համար, շատ լուրջ վտանգի առաջ ենք կանգնած: Միգուցե երկարաժամկետ տեսլականում հնարավոր լինի ինքնակազմակերպվել, արտադրական ծավալները վերանայել, շուկաներ դիվերսիֆիկացնել։ Բայց կարճաժամկետում, կարծում եմ, երկիրը լուրջ խնդիրներ կունենա»,- ասում է տնտեսագետ Նարեկ Սարգսյանը:
Պարենային իրավունքի մասնագետ Դավիթ Պիպոյանը հույս ունի, որ ֆորսմաժորային խնդիրների բացակայության պարագայում հարցն այնուամենայնիվ մոտակա ժամանակներում կկարգավորվի:
Անկախ զարգացումներից, Հայաստանից ՌԴ արտահանումների 45 տոկոս ցուցանիշը փորձագետները նորմալ չեն համարում։ Պնդում են՝ անհրաժեշտ է մտածել շուկաների դիվերսիֆիկացիայի մասին:
Հակառակ պարագայում, հաշվի առնելով արտահանման առյուծի բաժինը, Հայաստանը կշարունակի կախված մնալ Ռուսաստանից:
«Երբեք չպետք է ամբողջությամբ կախված լինես որևէ երկրից ոչ արտահանման, ոչ ներմուծման առումով։ Բայց շատ լավ գիտենք, որ այլ շուկաներ մուտք գործելու համար բազմաթիվ խոչընդոտներ կան՝ սկսած տեղական ապրանքների գներից: Հայաստանի համար շատ կարևոր է գնողունակ շուկա մուտք գործել»,- ասում է Դավիթ Պիպոյանը:
Բոլոր դեպքերում փորձագետն առաջնային է համարում մթերքի անվտանգության նորմերի պահպանումը․
«Պետք է հարգել, առաջին հերթին, քո սեփական երկրի քաղաքացների, սպառողների իրավունքները: Եվ, իհարկե, մենք պարտավոր ենք արտահանվող երկրների սպառողների շահերը պաշտպանել և անվտանգային խնդիրներին մատների արանքով չնայել»:
Սննդամթերքի անվտանգության տեսչությունից JAMnews-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին, որ ստուգումներն ընթացքի մեջ են թվով 9 կաթնամթերք արտադրող ընկերություններում: Առաջիկայում արդյունքներն իմի կբերվեն ու կփոխանցվեն ՌԴ Ռոսսելխոզնադզորին՝ արտահանման թույլտվության վերանայման ակնկալիքով:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կաթնամթերքի արտահանման արգելքը ՌԴ