Ձերբակալված Մադաթ Բաբայանը ցույց է տվել Խոջալուի ջարդերի զոհերի զանգվածային գերեզմանները
Խոջալուի ողբերգության զոհերի զանգվածային գերեզմաններ
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը սենսացիոն տեղեկություն է հրապարակել Քելբաջարի շրջանում հակաահաբեկչական գործողության ժամանակ ձերբակալված Մադաթ Բաբայանի հարցաքննության նախնական արդյունքների վերաբերյալ։ Հայտարարվում է, որ «Բաբայանը ցույց է տվել 1992 թվականի փետրվարի 26-ին հայկական զինված ուժերի իրականացրած Խոջալուի ողբերգության զոհերի զանգվածային թաղման վայրերը»։
- Արայիկ Հարությունյանը և ԼՂ-ի այլ նախկին ղեկավարներ կալանավորվել են
- «Խաղաղության խաչմերուկը» ՀՀ-ից բացի որևէ մեկին պետք չէ»․ կարծիք
- «ՀՀ քաղաքացի՞, թե՞ փախստական»․ ԼՂ-ի հայերը՝ երկընտրանքի առաջ
«Քելբաջարի շրջանի Գյոզլուքորփու գյուղում այս տարվա սեպտեմբերին իրականացված տեղական հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում ձերբակալված Մադաթ Բաբայանը, ով կասկածվում է հայկական զինված կազմավորումների կազմում ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ, ցույց է տվել Գոզլուքորփու գյուղի տարածքը, որտեղ անձամբ է հուղարկավորել դաժան վերաբերմունքի և խոշտանգումների հետևանքով մահացած ադրբեջանցիների դիերը»,- ասվում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Իր ցուցմունքում Մադաթ Բաբայանն ասել է, որ ինքը «1992 թվականի փետրվարի 24-ին Խոջալուի ցեղասպանության մասնակից է եղել Քելբաջարի շրջանի Չափար, Գոզլու և Գոզլուքերփու գյուղերի հայ բնակիչներից բաղկացած հայկական զինված խմբի կազմում։ Խումբը ղեկավարել է շրջանի փոխգնդապետ Արկադի Շիրինյանը, որը հայտնի է «Холостой» մականունով: Յայջի, Հեյվալի և Զեյլի գյուղերի այլ հայ զինյալների հետ ադրբեջանական բնակչության ծրագրված սպանությունն իրականացնելու համար ավտոմատներով սպանել են 150 խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի, ովքեր փորձել են փախչել Ասկերանի շրջան՝ խույս տալու համար ժամը 23.00-ին Խոջալու քաղաքի ուղղությամբ Խանքենդիից [Ստեփանակերտ] սպասվող հարձակումից։
Մադաթ Բաբայանը նաև տեսել է, թե ինչպես են Վամիկ Պետրոսյանը, Շիրին Շիրինյանը և խմբի այլ անդամներ 1992թ. փետրվարի 26-ին հավաքել ադրբեջանցիների դիերը, վիրավորական գործողություններ կատարել նրանց նկատմամբ և գերեվարել Խոջալուի 100-ից ավելի խաղաղ բնակիչների։
Ըստ Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական տվյալների՝ Խոջալուի ողբերգության հետևանքով զոհվել է 613 մարդ (այդ թվում՝ ճանապարհին ցրտից մահացածները)։ Մահացածների թվում են 63 երեխա, 106 կին, 70 տարեց։ Վիրավորում են ստացել 487 մարդ, այդ թվում՝ 76 երեխա։ 150 մարդ անհետ կորել է, 1275 մարդ պատանդ է վերցվել, 5379 մարդ վտարվել է մշտական բնակության վայրերից։ Գերերվարված 150 հոգու ճակատագիրը, այդ թվում՝ 68 կնոջ և 26 երեխայի, դեռևս անհայտ է։
Մադաթ Բաբայանը հայտնել է, որ 1992թ. փետրվարի 26-ին Խոջալուում տեղակայված հայկական զինված կազմավորումների հետ միասին Խոջալու-Բալլիջա-Խանքենդի խաչմերուկում՝ Խանքենդիի ուղղությամբ, հիմնել են զինված հենակետ՝ ադրբեջանցիներին պատկանող գույքի կողոպուտի և քաղաքում իրականացված զանգվածային սպանությունների փաստերը թաքցնելու համար: Երեք օր անց Խոջալուում սպանված ադրբեջանցիների դիերը հայերը տեղափոխել են երեք բեռնատարներով, հասցրել Գարգառ գետի ձախ ափին գտնվող փորված վայր, այդ հենակետից մոտավորապես 400 մետր հեռավորության վրա և թաղել։
Նա նաև հայտնել է 1992 թվականի փետրվար-մարտին Խոջալուում կատարված գողությունների մասին։ Քննչական գործողությունների ժամանակ տված ցուցմունքում Մադաթ Բաբայանն այս մասին մանրամասն տեղեկություններ է հաղորդել՝ նշելով այն վայրերը, որտեղ հանցավոր գործողություններ են կատարվել խաղաղ բնակչության նկատմամբ»։