Խոշորագույն բախումներ, 58 մարդ է սպանվել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման հետևանքով
Պաղեստինում մայիսի 15-ին 58 մարդ թաղվեց: Նրանք բոլորը զոհվել էին Պաղեստինի և Իսրայելի սահմանի երկայնքով բախումների հետևանքով: Դրանք գնահատվել են որպես 2014թ-ից ի վեր տեղի ունեցած խոշորագույն բախումները:
Աշխարհի այս շատ անհանգիստ գոտում սրացման պատճառ էր դարձել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը, որն անցկացվեց մայիսի 14-ին:
Բողոքի ցույցերին, իսրայելական ոստիկանության և բանակի հետ բախումներին մասնակցում էր մոտ 40 հազար պաղեստինցի, մոտ 2200 մարդ է վիրավորվել: Իսրայելական կողմից ոչ մի զոհ կամ վիրավոր չկա, հաղորդում է Բի-Բի-Սին:
Զոհերի հսկայական թվի կապակցությամբ Իսրայելի հասցեին քննադատությամբ են հանդես եկել ՄԱԿ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու այլ երկրներ:
Իսրայելը չի ընդունում մեղադրանքներն ու ասում է, որ օգտվել է գրոհից պաշտպանվելու իր իրավունքից: Իսրայելի այս դիրքորոշմանն աջակցում է ԱՄՆ-ն:
Ինչ է տեղի ունենում և ինչ կարող է տեղի ունենալ. տեսություն և մեկնաբանություններ՝ ըստ Բի-Բի-Սիի հրապարակումների
Հարցի պատմությունը
Պաղեստինցիները բողոքի երկարաժամկետ ակցիա սկսեցին 2018թ-ի մարտի 30-ին: Այն կոչվում էր «Վեց շաբաթ» և բերում էր դեպի մայիսի 15-ը, որը Պաղեստինում հայտնի է որպես al-Nakba, ինչը նշանակում է «աղետ»:
1948թ-ի մայիսի 14-ին ստեղծվեց Իսրայել պետությունը: Հաջորդ օրը պատերազմ սկսվեց, որն Իսրայելին հայտարարեց մի քանի արաբական երկիր: Որպես պատերազմի հետևանք մոտ 750 հազար պաղեստինցի արտաքսվեց և մինչ օրս չի կարողանում տուն վերադառնալ:
Այսօրվա դրությամբ ՄԱԿ-ը պաշտոնապես փախստական է ճանաչում 5 մլն պաղեստինցու: Նրանց մեծ մասն ապրում է Հորդանանում, Գազայի հատվածում, Սիրիայում, Լիբանանում և արևելյան Երուսաղեմում:
Նրանց տուն վերադառնալը Պաղեստինի գլխավոր պահանջն է: Իսրայելն, իր հերթին, ասում է, որ ցանկացած քննարկում կարող է լինել միայն այն բանից հետո, երբ Պաղեստինի ղեկավարությունը լքի «Համասը», մի կազմակերպություն, որն Իսրայելում, ԱՄՆ-ում և Եվրամիությունում, ինչպես նաև մի շարք այլ երկրներում, ահաբեկչական է համարվում:
Այս օրը՝ մայիսի 15-ն, առանձնահատուկ էր երկու կողմերի համար: Իսրայելը տոնում էր պետության կազմավորման 70-ամյակը: Պաղեստինը սգում էր այն 70 տարին, որոնք անցել են աղետի օրվանից՝ al-Nakba-ից:
Ինչու Իսրայելում ԱՄՆ դեսպանատան բացումը մասշտաբային ցույցերի առիթ դարձավ
Երուսաղեմն արաբա-իսրայելական կոնֆլիկտում ամենամեծ խնդիրներից մեկն է:
ՄԱԿ 1948թ-ի բանաձևի համաձայն՝ Երուսաղեմը պետք է բաժանվի արևելյան և արևմտյան հատվածի: Այն պահին, երբ կոնֆլիկտը կարգավորվեր, դրանք պիտի դառնային, համապատասխանաբար, պաղեստինյան և հրեական պետությունների մայրաքաղաքներ:
Իրավիճակն այդպես պահպանվեց մինչև 1967թ-ը: Հետո տեղի ունեցավ վեցօրյա պատերազմը, որն Իսրայելի դեմ սկսեցին մի քանի արաբական պետություններ: Այդ պատերազմի հետևանքով Իսրայելն օկուպացրեց Արևելյան Երուսաղեմը:
ՄԱԿ-ը նախկինի պես Արևելյան Երուսաղեմը չի ճանաչում որպես Իսրայելի տարածք և կարծում է, որ այդ վայրի կարգավիճակի հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների վերջին փուլում:
Այսօր Արևելյան Երուսաղեմում մոտ 200 հազար իսրայելցի է ապրում: ՄԱԿ-ը նրանց բնակավայրերն ապօրինի է անվանում և Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք չի ճանաչում, թեև երկրի ղեկավարությունը հենց այդպես է համարում:
Այդ պատճառով էլ աշխարհի ոչ մի երկիր դեսպանատուն չէր բացում Երուսաղեմում, մինչ օրս դրանք բոլորը տեղակայված էին Թել Ավիվում:
Իրավիճակը փոխվեց 2017թ-ի դեկտեմբերի 6-ին: Այդ օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց և խոստացավ այնտեղ տեղափոխել ամերիկյան դեսպանատունն ու դրանով իսկ կատարել իր նախընտրական խոստումը:
Եվ ահա մայիսի 14-ին Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատուն բացվեց:
Միջազգային արձագանք
Ընդհանուր առմամբ ԱՄՆ այդ որոշումն աշխարհում բացասական արձագանք ստացավ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասաց, որ դրանով իսկ «ամբողջ տարածաշրջանը ներգրավվեց կրակի օղակի մեջ»:
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը զանգահարեց Թրամփին և ասաց, որ նրա որոշումը «բացահայտ սադրանք էր ամբողջ աշխարհի մուսուլմանների համար»:
Իսրայելի դաշնակից Եգիպտոսը նույնպես նախազգուշացմամբ հանդես եկավ: «Այդ որոշումը խաթարում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հեռանկարներն», — ասաց Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթահ ալ-Սիսին:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ արեց պահպանել ՄԱԿ կողմից ստեղծած ստատուս քվոն Երուսաղեմում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարեց, որ «նախագահ Թրամփը սպառնալիքի տակ է դնում Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության հեռանկարները»:
Եվրամությունը հիշեցրեց, որ խաղաղ բանակցությունների հաջողության դեպքում Երուսաղեմը պետք է երկու պետությունների մայրաքաղաք լինի, այդ պատճառով էլ պետք է հաշվի առնվեն երկու կողմերի ցանկությունները:
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտարարեցին, որ չեն սատարում Երուսաղեմում դեսպանատուն բացելու ԱՄՆ որոշումը և կարծում են, որ այն սպառնալիքի տակ է դնում խաղաղությունը տարածաշրջանում:
Ի՞նչ է լինելու հետո
Միջազգային հանրության արձագանքն ընդհանուր առմամբ կարող է ընդհանրացվել որպես զուսպ քննադատական: Հիմնականում հայտարարություններ հնչեցին այն մասին, որ Իսրայելն իրավունք ունի իրեն պաշտպանելու գրոհներից, սակայն օգտագործվող մեթոդներն ու զոհերի թիվը մեծ տագնապ է առաջացնում:
Միջազգային փորձագետները մտավախություն ունեն, որ պաղեստինցիների բողոքները նոր ուժով կվերսկսվեն այն բանից հետո, երբ կհուղարկավորվեն զոհվածները: