Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը մեկնարկել է
Խաղաղապահների դուրսբերում ԼՂ-ից
Ռուսական խաղաղապահ զորախումբը լքում է Ադրբեջանը: Խաղաղապահները Ղարաբաղ էին մուտք գործել ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ համաձայն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության։ Ըստ այդ փաստաթղթի՝ զորախումբը պետք է տարածաշրջանում մնար առնվազն մինչև 2025 թվականի նոյեմբերը։
- Ինչո՞ւ է Աստանան ուզում դառնալ Երևան-Բաքու բանակցությունների հարթակ
- «Պետք է Իրանին ցույց տանք՝ իր վախերն անհիմն են»․ հայ քաղաքագետ
- «ՀՀ-ն ունի ԱԹՍ-ներ արտադրելու պոտենցիալ»․ ռազմական փորձագետ
«Ադրբեջանի տարածքից ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Այս տեղեկությունը հաստատել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
JAMnews-ի ադրբեջանական խմբագրությունը կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմել է քաղաքական մեկնաբան Հաջի Նամազովին։
Փորձագիտական կարծիք
«Մեկնարկել է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը, և այդպիսով մենք միանգամից մի քանի հարցերի պատասխաններ ստացանք։
Նախ՝ Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ գործողությունից [ԼՂ-ի վրա հարձակումը 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին ] և հայկական զինված ուժերի զինաթափումից հետո խաղաղապահների համար որևէ առաջադրանք չմնաց։ Քանզի խաղաղապահ զորախումբը, ըստ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության, պետք է կանգներ Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև։ Երկրորդ կողմի բացակայության պայմաններում, մեղմ ասած, կանգնելու տեղ չկար։ Խաղաղապահների մյուս գործառույթը Լաչինի ճանապարհի անխափան շահագործման ապահովումն էր։ Ղարաբաղից հայ բնակչության հեռանալուց հետո այս խնդիրը նույնպես ինքնաբերաբար վերացավ։
Որոշ փորձագետներ էլ պնդում էին, որ ռուսական զինված ուժերը հենց այնպես չեն լքի տարածաշրջանը և կմնան Ադրբեջանում՝ ռազմաբազայի կամ որևէ այլ հիմնավորմամբ։
Այդ պնդումները ևս նորմալ տրամաբանության մեջ չէին տեղավորվում, քանի որ, ըստ Ադրբեջանի օրենքների, երկրի տարածքում չեն կարող լինել այլ պետությունների ռազմաբազաներ։
Իր լուծումը գտավ Ադրբեջանում ռուս խաղաղապահների ներկայության հետ կապված իրավական կազուսը։ Երկրի խորհրդարանը երեքուկես տարի չէր վավերացնում զորախմբի մանդատը։
Բայց դեռ վաղ է ասել, որ Ադրբեջանում ռուս զինվորականներ չեն մնա։ Ոչ ոք չի մոռացել Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի առկայության մասին։ Ճիշտ է, վերջին շրջանում դրա աշխատանքի մասին որևէ տեղեկություն չկա, բայց ոչ ոք չի վերացրել կենտրոնը։ Համենայն դեպս, ես նման տեղեկության չեմ հանդիպել։
Նաև լիովին պարզ չէ, թե ինչ ժամանակացույցով են խաղաղապահները դուրս բերվելու Ադրբեջանից։ Առայժմ պաշտոնական Բաքուն այդ մասին ոչինչ չի հայտարարել։ ՌԴ ՊՆ-ն նույնպես լռում է:
Սոցցանցերում հայտնված հաղորդագրություններից պարզ է դառնում, որ դուրսբերումն իրականացվում է երկաթուղային ճանապարհով։ Հրապարակվեց տեսանյութ, որում «Ռուսական երկաթուղիների» տարբերանշանով գնացքը Բարդայից մեկնում է Բաքու, հետևաբար այնտեղից էլ Դաղստանով շարժվելու է դեպի Ռուսաստան։
Ադրբեջանից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման մեկնարկի պատճառների մասին կարելի է միայն ենթադրություններ անել։ Ոչ վաղ անցյալում Ադրբեջանի տարածքների ականազերծման պետական գործակալության (ANAMA) ղեկավարությունը հայտարարել էր, որ խաղաղապահները մասնակցելու են Ղարաբաղում իրականացվող ականազերծման աշխատանքներին։ Այլ կերպ ասած՝ իրենց համար զբաղմունք են գտել։ Սակայն դրանից մեկ ամիս էլ չանցած դուրսբերումը մեկնարկեց:
Եռակողմ հայտարարության համաձայն՝ Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ավարտին դեռ մեկուկես տարի կա։ Եվ դա այն դեպքում, եթե մինչև 2025 թվականի ապրիլը ադրբեջանական կողմը հայտարեր, որ ցանկություն չունի երկարաձգել խաղաղապահների ժամկետը։ Հակառակ դեպքում այդ ժամկետը պետք է երկարաձգվեր ևս հինգ տարով։
Բայց գործընթացն արդեն ընթանում է, խաղաղապահները հեռանում են։ Եվ, հավանաբար, մոտ ապագայում մենք կիմանանք՝ ինչու և ինչպես դա տեղի ունեցավ»։