Լրագրողն ու մարիխուանան
Չեչնիայում մեծ սկանդալ է: Լրագրող Ժալաուդի Գերիևը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել մարիխուանայի պահպանման համար: Սակայն նա ինքը, գործընկերները, ընտանիքը, ինչպես նաև խոշորագույն միջազգային լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպությունները վստահ են, որ այդ թմրանյութը ոստիկաններն են գցել նրա ուսապարկի մեջ:
«Մենք կասկած չունենք, որ Գերիևից նման կերպ վրեժխնդիր են լինում նրա լրագրողական գործունեության համար: [Չեչնիայում] կարծիքի արտահայտման ազատության ճնշման հետ կապված իրավիճակը հատկապես սրվեց վերջին՝ նախընտրական, տարում, և Գուրիևն այդ հետապնդումների զոհերից մեկն է», — հայտարարել է Human Rights Watch-ի ռուսաստանյան գրասենյակի ծրագրային տնօրեն Տատյանա Լոկշինան:
Ժալաուդի Գուրիևն ընդամենը 23 տարեկան է, սակայն մի քանի տարի է ակտիվ լրագրության մեջ է, «Կավկազսկի ուզել» տեղեկատվական գործակալության թղթակից է: Նրան ձերբակալել են ապրիլին, պարզապես իջեցրել են երթուղայինից, որով նա Գրոզնիի օդանավակայան է ուղևորվելիս եղել, որպեսզի Մոսկվա մեկնի լրագրողական սեմինարի մասնակցելու համար:
«Խփեցին գլխիս և խցկեցին իրենց մեքենան: Հետո երկու հեռախոսներս և ուսապարկս խլեցին, որտեղ անձնագիրս ու նոթբուքս էր: Այնուհետև նրանք ինձ անտառ տարան՝ Ցոցին Յուրտ գյուղից ոչ հեռու», — այդ առավոտ տեղի ունեցած իրադարձությունները Ժալաուդին մի քանի անգամ է պատմել քննությանն ու դատական նիստերին:
Անտառում բավականին տարօրինակ զրույց տեղի ունեցավ. ինչո՞վ ես զբաղվում: Չե՞ս պատրաստվում Սիրիա մեկնել:
Մոտ կես ժամից մի ուրիշ մեքենա է եկել, որից մի տղամարդ է իջել: Առաջին բանը որ արել է, լրագրողի գլխին պոլիէթիլենե տոպրակ հագցնելն է եղել: Հանել է միայն այն ժամանակ, երբ նա սկսել է խեղդվել: Այդ ընթացքում Գերիևի ձեռքերը մեջքին ոլորած են եղել:
Հետո այդ մարդը հեռացել է՝ իր հետ տանելով Գերիևի ուսապարկը, իսկ նրան տարել են Կուրչալոյ գյուղի ծայրին գտնվող գերեզմանոց: Հենց գերեզմանոցն է նշվում որպես լրագրողին ձերբակալելու վայր, ընդ որում ոստիկանական արձանագրության մեջ ասվում է, որ ուսապարկում մարիխուանա են գտել:
Քննության սկզբում Գերիևը ստորագրել է այն, ինչ իրենից պահանջել են, սակայն հետո հրաժարվել է իր «խոստովանական ցուցմունքներից»: «Դա բարոյական շոկ էր: Քննության ընթացքում ես այդ ցուցմունքները ճնշման և սպառնալիքների տակ եմ տվել և ամբողջությամբ հրաժարվում եմ դրանցից: Չեմ ընդունում իմ մեղքը», — այս հայտարարությունը Ժալաուդի Գերիևն արել է բոլոր դատական նիստերին՝ սկսած հուլիսի 16-ից:
«Մեղադրող կողմը պնդում է որ իմ պաշտպանյալը դեռևս օգոստոսին կանեփի տերևներ է հավաքել, չորացրել դրանք և պատրաստել օգտագործման… Ապրիլի 16-ի առավոտյան 8:00-ին որոշել է «օգտագործել»… Դրա համար էլ հասել է գյուղի ծա՞յրը, գերեզմանո՞ց», — ողջախոհության կոչ էր անում փաստաբան Ալաուդի Մուսաևը, գրում է «Կավկազսկի ուզելը»:
Քննությունը 4 ամիս է շարունակվել, սակայն իրավապաշտպանները, օրինակ, Front Line Defenders-ը, Human Rights Watch-ը, Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն, Article 19-ը այդ քննությունը նվազագույնը անբավարար են համարում:
Front Line Defenders-ը կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ժալաուդի Գերիևին և չեղարկել վճիռը, վերադարձնել նրանից առգրավված բոլոր իրերը, քանի որ դրանք ակնհայտ որևէ հանցավոր գործողությունների հետ կապ չունեն, երաշխավորել, որ ցանկացած հանգամանքներում Ռուսաստանի՝ մարդու իրավունքների բոլոր պաշտպանները հնարավորություն կունենան իրենց օրինական գործունեությունն իրականացնել ազգային և միջազգային մակարդակում՝ չվախենալով հետապնդումներից և քրեական հետապնդման չենթարկվելով», — ասված է կազմակերպության հայտարարությունում:
Գերիևի ընկերների նախաձեռնող խումբը Change.org բաց քաղաքացիական պլատֆորմում ստորագրահավաք է սկսել՝ պահանջելով լրագրողի գործով անաչառ դատաքննություն: Այս պահին խնդրագիրը ստորագրել է 473 մարդ:
Հրապարակվել է 14.09.2016