Լոռու հովտում ցրտահարություն է սպասվում
Ղարաբաղյան հակամարտության պատճառով Հայաստանում բնակվող մոտ 200 հազար էթնիկ ադրբեջանցի փախստական է դարձել:
Արդեն գրեթե երեսուն տարի է, ինչ Ադրբեջանի ու Հայաստանի հասարակությունների միջև որևէ շփում չկա: Այդ ընթացքում մի ամբողջ սերունդ է մեծացել, որի համար հարևան երկրի փոխարեն քարտեզի վրա սպիտակ բիծ է:
Սակայն Ադրբեջանում դեռ ապրում են մարդիկ, որոնց մանկության հուշերը Հայաստանի հետ են կապված:
• Ղարաբաղն ադրբեջանցիների առօրյա կյանքում
«Լոռու հովտում ցրտահարություն է սպասվում». խորհրդային տարիներին լրատվական թողարկումից հետո հնչող եղանակի տեսության ժամանակ այդպես էին անվանում Հայաստանի հյուսիսում գտնվող բազմաթիվ փոքր բնակավայրերը:
Այս գյուղերում միասին ադրբեջանցի, հայ և մոլոկան ընտանիքներ էին ապրում:
Սոնան հիշում է Հայաստանի ու Վրաստանի սահմանից 25 կմ հեռավորության վրա գտնվող հայրենի գյուղը.
«Շուրջդ լեռներ են, մաքուր օդ ու թափանցիկ գետեր, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես է լողում իշխանը: Մենք`երեխաներս, հաճախ փորձում էինք ձեռքերով ձուկ բռնել, երբեմն նույնիսկ հաջողվում էր»:
Տեղի բնակիչները` 20 ադրբեջանցի ընտանիք, այդքան էլ հայ, ու մոտ 10 ռուս (մոլոկան):
Ընտանեկան արխիվից
Սոնան այնտեղ 19 տարի է ապրել, հետո մեկնել է Ռուսաստան` սովորելու: Համարյա ամեն տարի հայրենի գյուղ էր գալիս, մինչև չսկսվեց պատերազմը: Հայաստանի մասին նրա հիշողությունների մեծ մասը մանկությունից են:
«Նոյեմբերին այնտեղ արդեն կարող էր ձյուն գալ: Զվարճանքներն այնքան էլ շատ չէին. նման ցրտին միայն հյուր էինք գնում: Ես գնում էի ընկերուհուս` Ռիմայի մոտ, նա էլ ինձ էր հյուր գալիս:
Այսպես ծանոթացանք. մինչև յոթ տարեկանը ես միայն ադրբեջաներեն էի խոսում, իսկ նա`միայն հայերեն, ու շփվում էինք միայն ժեստերով:
Օրինակ, իմ մազերը երկար էին, իսկ նրանը`կարճ, ու նա փորձում էր բացատրել, թե որքան են իրեն դուր գալիս իմ մազերը. դիպչում էր իր մազերին ու խոժոռվում, հետո ձեռք էր տալիս իմ մազերին ու գոհունակությամբ ժպտում:
Հետո նա ինձ կոնֆետ հյուրասիրեց, իսկ ես նրան տվեցի մեր այգու խնձորները: Հաջորդ օրը Ռիման ինձ մի դույլ գազար բերեց իրենց բանջարանոցից, իսկ ես իմ աղավաղված ռուսերենով բացատրում էի, որ երբեք նախկինում գազար չեմ կերել, ու շատ ուրախ եմ նման նվերի համար:
Երրորդ դասարանում մենք արդեն քիչ թե շատ խոսում էինք ռուսերեն ու մտերիմ ընկերներ դարձանք: Նրա մայրն ասում էր`«Ես հինգ աղջիկ ունեմ, դու վեցերորդն ես»: Մեր տնեցիներն էլ գիտեին, որ ընկերուհիներ ենք, ու հարազատի պես էին ընդունում Ռիմային:
4-րդ կամ 5-րդ դասարանում մեզ գյուղում արդեն անուններով չէին կոչում, այլ ասում էին`«Ռիմայի ընկերուհի», «Սոնայի ընկերուհի»:
Այնտեղ բոլորը միմյանց հարգանքով էին վերաբերվում, հարգում էին հարևանների ավանդույթները: Նրանք մեզ հետ Նովրուզն էին տոնում, մենք նրանց հետ`Վարդավառը:
Ինչ վերաբերում է տոներին, ապա այն կողմերում մեծացած ադրբեջանցիները փոքր-ինչ այլ կերպ էին դրանք նշում, քան բաքվեցիները:
Նովրուզին մենք այլ թխվածք (ոչ թե փախլավա կամ գոգալ, այլ «kömbə»` կաթով պատրաստված քաղցր հաց ), այլ ուտեստներ էինք պատրաստում (բարեբերության խորհրդանիշ «hədik»` հացահատիկի 5 տեսակից պատրաստված շիլա):
Ասեղներով ավանդական գուշակությանը հավաքվում էին գյուղի բոլոր աղջիկները, ոչ միայն ադրբեջանցիները: Դրա համար վաղ առավոտյան աղջիկներից մեկը պետք է բերեր «dinməz suyu» [«լուռ ջուր»` ադրբ.], աղբյուրի ջուրը, որ պետք է հավաքեր ու բերեր լուռ` ճանապարհին հանդիպած մարդկանցից ոչ մեկի հետ չխոսելով:
Կեսգիշերից հետո այդ ջուրը լցնում էին որևէ ամանի մեջ, իսկ ասեղները կիսով չափ փաթաթում բամբակով ու իրարից որոշ հեռավորության վրա իջեցնում ջրի մեջ: Եթե ասեղները մոտենում էին իրար, ապա համարվում էր, որ ցանկությունը կկատարվի:
Հուլիսին բոլորը հավաքվում էին Շահնազար [այժմ`Մեծավան — խմբ. ծնթ.] գյուղում ամառային սիրելի տոնը` Վարդավառը, նշելու: Այնտեղ ամեն տարի գունագեղ տոնավաճառներ էին կազմակերպվում: Երեխաներին մեծ քանակությամբ քաղցրավենիք էին գնում, իսկ կարևորը`կարելի էր իրար վրա ջուր լցնել, այդպես է տոնվում Վարդավառը: Ադրբեջանցիների շրջանում այդ օրը կոչվում էր «vardavar bazari»` [«Վարդավառի շուկա» — ադրբ.]. ոմանց համար տոն էր, ոմանց համար`լավ առևտրի հնարավորություն»:
Մախիրան էլ է ծնունդով Լոռու հովտից, Էվլի [այժմ`Ձորամուտ — խմբ. ծնթ.] գյուղից: Բայց նրա գյուղում միայն ադրբեջանցիներ էին ապրում: Ահա Հայաստանում անցկացրած նրա մանկությունից մի դրվագ.
«Ամեն տարի մենք անասուններին տանում էինք «oy deresi»`սարերում գտնվող ամառային արոտ: Այնտեղ էինք անցկացնում ամբողջ ամառը. մեծահասակները կթում էին կովերին, ձմռան համար պանիր ու կարագ պաշարում, իսկ մենք`երեխաներս, զբոսնում էինք հովտում, լողում գետում, սունկ հավաքում:
Սարերից մեկում`Գիրի սարում, ձիու սմբակը հիշեցնող հետքերով բազմաթիվ քարեր կային: Մեզ մոտ ասում էին, որ դրանք Հեդերլեսի ձիերի հետքերն են»:
Որոշ թյուրքական ազգերի մոտ Հեդերլեսը երկրի վրա երկու մարգարեների` Հիդրի ու Իլյասի հանդիպումը նշանավորող տոնն է: Գյուղաբնակները նման մանրամասներ չգիտեին, այդ պատճառով մարգարեների անունները միավորվեցին մի խորհրդավոր Հեդերլեսի տեսքով:
«Հեդերլեսի ձիու» հետքերը սուրբ էին համարվում, դրա համար մենք, ըստ ավանդույթի, մեզ հետ շաքար էինք վերցնում: Ծնողներն ասում էին, որ բավական է մի երկու կտոր շաքար դնել այդ վայրը պատվելու համար: Բայց մենք, պատկառանքից ելնելով, գողանում էինք տանը եղած շաքարի գրեթե ողջ պաշարն ու ամեն հետքին մի կտոր դնում: Այն ժամանակ, ի դեպ, նախօրոք մի քանի ամսվա շաքար էին գնում»:
Մինչև 1989թ. Հայաստանի Ամասիայի շրջանում ադրբեջանցիները մեծամասնություն էին կազմում` մոտ 70%:
Վագիֆը ծնվել է Գյուլիբուլաղ [«ծաղկաղբյուր» — ադրբ., այժմ` Բյուրակն] գյուղում, Թուրքիայի հետ սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Այդ սահմանի հետ է կապված նրա մանկության ամենավաղ հուշերից մեկը.
«Մանուկ հասակում մենք երբեմն ճանապարհին արաբերեն գրերով թղթեր էինք գտնում, համբուրում դրանք, արտագրում ողջ տեքստն առանձին տետրում, իսկ այդ թղթերը պահպանում էինք` որպես հատվածներ Ղուրանից: Հետագայում իմացանք, որ դրանք իրանական կոնֆետների թղթեր էին, որ քամին երբեմն քշում-բերում էր թուրքական սահմանից»:
«Այդ տեղանքում գետնաջրերը մակերևույթին շատ մոտ էին գտնվում, յուրաքանչյուրը կարող էր սեփական աղբյուրը փորել: ԽՍՀՄ տարիներին մայիսյան տոներին բնության գրկում խորովածով ժամանցի համար մարդիկ ոչ թե տեղ էին զբաղեցնում, այլ` աղբյուր: Ոմանք դրանք նույնիսկ որպես սառնարան էին օգտագործում, այդքան սառն էր ջուրը»: