«Բռնապետությունը չի կարող արդար դատել»․ ԼՂ-ի նախկին պաշտոնյաները՝ դատարանի առաջ
ԼՂ-ի նախկին պաշտոնյաների դատավարությունը Բաքվում
Այսօր Ադրբեջանում մեկնարկում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը։ Նույն՝ Բաքվի զիվորական դատարանում քննվելու է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը․ ադրբեջանական կողմը որոշել է այն առանձին քննել։
Վարդանյանն ու ԼՂ-ի մյուս նախկին պաշտոնյաները Բաքվի վերահսկողության ներքո են հայտնվել այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2023 թ․-ի սեպտեմբերի 19-ին ռազմական գործողություն սկսեց շրջափակված Լեռնային Ղարաբաղի վրա։ Փաստացի Ադրբեջանն ուժի գործադրմամբ հասավ նրան, որ տարածաշրջանն ամբողջությամբ հայաթափվեց։
Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր՝ ցեղասպանության, ահաբեկչության և խաղաղ բնակչության բռնի տեղահանում կազմակերպելու հոդվածներով են մեղադրանքներ առաջադրվել։ Նրանց սպառնում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Իրենք՝ մեղադրյալները, սակայն, նույնիսկ գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն չեն ունեցել։
«Մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում»,- հայտարարել է Ռուբեն Վարդանյանն ու պնդել՝ իրենք անմեղ են, իսկ հարուցված գործերն ունեն քաղաքական դրդապատճառներ։
Հայ և օտարազգի փորձագետները արդար դատաքննության ակնկալիք չունեն։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը մեղադրանքներն աբսուրդային է որակում, խնդրահարույց է համարում նաև այն հանգամանքը, որ դատական գործընթացները տեղի են ունենում առանց միջազգային ներգրավվածության։
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի գնահատմամբ՝ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից կազմակերպված ցուցադրական դատավարությունների արդյունքներն արդեն կանխորոշված են։ Ըստ նրա՝ դրանք Ալիևի վարչակարգի կողմից օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի հայերին ճնշելու և Ադրբեջանի բռնապետական իշխանությունը պահպանելու համար։
«Կանխել հերթական հանցագործությունը»․ ակցիա Երևանում
Քաղաքացիները Երևանում՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ ակցիա են իրականացրել, պահանջել ազատ արձակել ինչպես հայ ռազմագերիներին, այնպես էլ Բաքվում պահվող Արցախի նախկին պաշտոնյաներին։
«Պետք է փորձենք կանխել հերթական հանցագործությունը։ Վիճակը տագնապալի է։ Բաքվում արդարադատության առումով խայտառակ դրություն է։ Մենք ականատես ենք լինելու հերթական բեմականացված շոուին»,- նշել է ակցիայի մասնակից, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Ժաննա Գալստյանը։
«Ոչ մի ցուցմունք չեմ տվել, արձանագրությունները կեղծ են»․ Վարդանյան
Դատավարության մեկնարկից առաջ ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուբեն Վարդանյանը փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված ուղերձ, որում հայտնել է՝ 2023 թ․-ի սեպտեմբերի 27-ից մինչ օրս ոչ մի ցուցմունք չի տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ պարզապես ասել է իր անունը և ազգանունը, ուրիշ ոչինչ․
«Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել դրանց տակ»։
Նախկին պաշտոնյան նաև նշել է, որ իրեն 42 մեղադրանք է առաջադրված, սակայն մեղադրական եզրակացությանը ծանոթանալու հնարավորություն չի ունեցել։ Վարդանյանի փոխանցմամբ՝ իրեն և փաստաբանին տրվել է մեկ ամիս ժամանակ 422 հատորանոց քրեական գործը թերթելու համար, այն էլ՝ ադրբեջաներենով։
«Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված, ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին»,- հայտնել է նա։
Ադրբեջանը ծանրագույն հանցագործությունների մեջ է մեղադրում ԼՂ-ի 8 նախկին պաշտոնյաների՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին:
Ի՞նչ խնդրանք-պահանջներ է ներկայացրել Վարդանյանը միջազգային հանրությանը
Ուղերձում Վարդանյանը հորդորել է անհապաղ դադարեցնել քաղաքականացված գործը, իսկ դատավարության մեկնարկի պարագայում աջակցել իրեն․
- «Ինձ ու իմ փաստաբանին հնարավորություն տալ լիարժեք պատրաստվել պաշտպանության: Մասնավորապես, մեզ ժամանակ և հնարավորություն տալ ուշադիր ծանոթանալ գործի նյութերին ռուսերենով:
- Վերացնել թույլ տրված խախտումներն ու կեղծիքները: Մասնավորապես, ճանաչել անընդունելի բոլոր կեղծ փաստաթղթերն ու հարցաքննությունների արձանագրությունները, որոնք երբեք չեն անցկացվել, քանի որ ես ոչ մի ցուցմունք չեմ տվել իմ ձերբակալման օրվանից ի վեր:
- Իմ և մյուս բոլոր մեղադրյալների նկատմամբ դատավարությունն անցկացնել հրապարակային: Ես պնդում եմ, որ լինի առավելագույնս բաց դատաքննություն՝ միջազգային լրատվամիջոցների և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
- Միավորել իմ գործը մյուս մեղադրյալների գործերի հետ: Իմ՝ 422 հատորանոց գործի ավելի քան 400 հատորները ընդհանուր գործի էպիզոդներն են: Դրանից միայն 6-ն է վերաբերում իմ նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքներին: Իմ գործի առանձնացումը արհեստական և անհիմն որոշում է»։
«Բաքուն փորձում է կեղծ մեղադրանքներով քողարկել իր հանցանքները»
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի դիտարկմամբ՝ Ադրբեջանի նախագահն օգտագործում է ցուցադրական դատավարությունների Ստալինի մարտավարությունը։ Հիշեցնում է՝ 1930-ականներին Ստալինը մահապատժի ենթարկեց իր հին ընկերներին՝ բոլշևիկներին, առանցքային գեներալներին և գաղտնի ոստիկանության գործակալներին։ Իսկ ԶԼՄ-ները չկարողացան բացահայտել, որ դատարանները քողարկում են ստալինյան ավտոկրատ ռեժիմը։
Անդրադառնալով ԼՂ-ի նախկին պաշտոնյաներին՝ Օկամպոն արձանագրել է՝ նրանք «արդեն դատապարտված» են․
«Ադրբեջանի կեղծ մեղադրանքները քողարկում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում ՝ բանտարկյալների դեմ կատարված հանցագործությունները: Նրանց ազատազրկումն ուղերձ է 120 հազար հայերին՝ չվերադառնալ ԼՂ-ի իրենց հայրենի հողը»։
Իր հոդվածում Օկամպոն շեշտել է՝ Բաքուն նախ շրջափակման է ենթարկել հայերին՝ մատնելով սովի, և հետո հարձակվել նրանց վրա՝ «պայմաններ ստեղծելով էթնիկ խմբին որպես այդպիսին ոչնչացնելու և լուրջ հոգեկան վնաս պատճառելու համար»։ Հավելել է, որ դրանք ցեղասպանություն իրականացնելու նյութական ձևեր են, որոնք ամրագրված են Ցեղասպանության կոնվենցիայում։ Բացի այդ, նկատել է՝ «հայերին որպես ազգ ջնջելու» մտադրության մասին է վկայում նաև Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» թեզը, որը ջատագովում է այդ երկրի խորհրդարանը։
ՄՔԴ նախկին գլխավոր դատախազի խոսքով՝ Ալիևի ռեժիմի օրոք արդար դատաքննության ոչ մի հնարավորություն չունեն ոչ միայն հայերը, այլև հարյուրավոր ադրբեջանցի այլախոհներ: Շեշտել է՝ «բռնապետությունը չի կարող արդար դատավարություն առաջարկել»։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ), ԱՄՆ Պետդեպարտամենտի, Amnesty International-ի, Human Rights Watch-ի և Freedom House-ի անկախ զեկույցները բոլորն էլ միակարծիք են, որ Ադրբեջանը չունի անկախ դատական համակարգ»,- հայտարարել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԼՂ-ի նախկին պաշտոնյաների դատավարությունը Բաքվում