«Միայն Աստծուն է հայտնի, թե որքան աղետներ են նրանք թաքցնում», – Լիբանանի կառավարության լիակատար հրաժարականը
Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել 2020 թ–ի օգոստոսի 10–ին երկրում զանգվածային ցույցերի ֆոնին։ Արդեն հայտնի է, որ իշխանությունների անփութությունն է հանգեցրել օգոստոսի 4–ին ամոնիումի նիտրատի պահեստում տեղի ունեցած հզոր պայթյունին և Բեյրութի կենտրոնի փլուզմանը։
Սակայն հրաժարականը ոչ միայն չի հանդարտեցրել փողոցային բողոքները, այլև կարող է դառնալ էլ ավելի մեծ անկայունության սկիզբ, քանի որ կոռումպացված երկրում նոր կաբինետի ձևավորումը կարող է ամիսներ տևել։
Իր հեռուստաուղերձում վարչապետ Հասան Դիաբն ասել է, որ Լիբանանում կոռուպցիայի չափը «գերազանցում է պետության չափերը»։
«Միայն Աստծուն է հայտնի, թե որքան աղետներ են նրանք դեռ թաքցնում։ Այդ պատճառով էլ հեռանում եմ։ Ալլահը Լիբանանին պաշտպան», — ասել է Դիաբն՝ ակնհայտորեն նկատի ունենալով երկրի իշխող էլիտային։
Կառավարության հետ կապված մարդիկ ասում են, որ Դիաբը կորցրել է ազդեցիկ քաղաքական գործիչների աջակցությունը, որովհետև նա շատ է հեռուն գնացել կոռուպցիայի հետաքննության հարցում, գրում է The Washington Post–ը։
«Համակարգը հասկացել է, որ նա պատրաստվում է հարկ եղած ձևով հետաքննել նավահանգստի պայթյունի գործը», — ասել է Դիաբի կառավարության խորհրդականը։
• Ցույցերը համակել են Բեյրութը պայթյունից հետո
Պայթյունը
Բեյրութի նավահանգստում գրեթե 3 հազար տոննա սելիտրայի պայթյունի հետևանքով նվազագույնը 160 մարդ է զոհվել, վեց հազարից ավելին վիրավորվել է, մոտ 300 հազար մարդ անտուն է մնացել։
Պայթյունավտանգ սելիտրան Բեյրութի նավահանգստում է հայտնվել յոթ տարի առաջ, երբ առգրավվել է վրացական Բաթումից դեպի Մոզամբիկ ուղևորվող նավից։
Առգրավման պատճառը նավատիրոջ պարտքերն են եղել։
Լիբանանի և Բեյրութի իշխանությունները բազմիցս նախազգուշացումներ են ստացել նավահանգստում սելիտրայի պահպանման վտանգի մասին, սակայն անտեսել են դրանք։
Բողոքի ցույցեր
Կատարվածից հետո հազարավոր մարդիկ դուրս են եկել Բեյրութի փողոցներ՝ ողբերգության համար մեղադրելով պաշտոնյաներին, որոնց անպատասխանատվությունը, ոչ կոմպետենտությունն ու կոռուպցիան պայթյունի պատճառ են դարձել։
Ձերբակալվել է կառավարության 16 աշխատակից, որոնք կասկածվում են կատարվածի հետ կապ ունենալու համար։ Սակայն դա չի հանդարտեցրել դժգոհներին։
Նրանք գրավել են արտաքին գործերի և տնտեսական զարգացման նախարարությունների շենքերը։ Դրանցում հրկիզումներ են եղել։
Փողոցներում ինքնաշեն կախաղաններ էին տեղադրվում պաշտոնյաների համար։
Ոստիկանությունն ու բանակը ցույցի ցրման համար արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել։ Հաղորդագրություններ են ստացվել նաև մարտական փամփուշտների կիրառման մասին։
Կոռուպցիան և կառավարման քվոտավորման համակարգը
Կոռուպցիայի և ամենաթողության տասնամյակներն արդեն վաղուց Լիբանանը հասցրել են տնտեսական աղետի եզրին։ Արտարժույթի փոխարժեքը կտրուկ անկում է ապրել, հարյուր հազարավոր լիբանանցիներ ամեն ամիս համալրում են նրանց շարքերն, ովքեր աղքատության մեջ են ապրում։
Պայթյունի հետևանքով ավերվել է Բեյրութի նավահանգիստը, որի միջոցով ստացվում է պարեն, դեղորայք և կենսական նշանակության այլ ապրանքներ։ Ավելին՝ պայթյունը ոչնչացրել է երկրի հացահատիկի գլխավոր պահեստը։
Լիբանանում գործում է քվոտավորման քաղաքական համակարգ հիմնական էթնիկ խմբերի՝ քրիստոնյաների, սունի մուսուլմանների, շիա մուսուլմանների և դրուզների համար։ Այդ խմբերի ներայացուցիչները հերթով ղեկավարում են երկիրը։ Իշխանության գալով՝ նրանք ստիպված են արդարացնել այն անձանց սպասելիքներն, ովքեր իրենց թեկնածությունն են առաջադրել՝ ի վնաս համընդհանուր շահերի։
Արդյունքը կառավարման պետական համակարգի փլուզումն ու խորը տնտեսական ճգնաժամն է։
Ի՞նչ է սպասվում
Այժմ Լիբանանում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում նոր կառավարություն է ձևավորվելու։
Դրանց նախապատրաստումն անցնելու է դաժանագույն տնտեսական ճգնաժամի պայմաններում, որը համակել է երկիրը վաղուց և խորացել է համավարակի, հիմա էլ՝ աղետի պայթյունի պատճառով։
Լիբանանում քաղաքական իրավիճակը շուտով կարող է էլ ավելի սրվել։
Երկիրը սպասում է միջազգային տրիբունալի վճռին Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով։ Այդ հանցագործության համար մեղադրվում է «Հեզբոլլահ» իրանական ռազմականացված խմբավորման չորս ակտիվիստ։
Լիբանանի համար, որտեղ բնակվում են քրիստոնյաներ և մուսուլմաններ, դա կարող է անկայունության լրացուցիչ գործոն լինել։
Այս իրավիճակում միջազգային մեդիայում և փորձագիտական ֆորումներում ավելի ու ավելի հաճախ է քննարկվում Լիբանանում կատարվածի նկատմամբ միջազգային վերահսկողության խստացման անհրաժեշտությունը։
Մասնավորապես, առաջարկվում է միջազգային կառավարման տակ առնել Բեյրութի նավահանգիստն ու օդանավակայանը։