Լեգիոներները
Ադրբեջանում սպորտին մեծ ուշադրություն են դարձնում, տարեկան դրա վրա միլիոններ են ծախսվում: Սակայն 2016թ. Ռիո-դե-Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին Ադրբեջանը ներկայացրեց 56 մարզիկ, որոնցից 33-ը լեգիոներներ էին:
Սպորտի և երիտասարդության նախարարությունում, ինչպես նաև Ազգային օլիմպիական կոմիտեում (ԱՕԿ) նրանց լեգիոներ չեն համարում: Բայց տեղացի մարզիկ էլ նրանց չեն անվանի:
Արդյո՞ք ադրբեջանական սպորտին պետք են լեգիոներներ, և որտեղի՞ց է գալիս հպատակագրված մարզիկների թրենդը:
Հպատակագրված մարզիկների զանգվածային ներգրավումը սկսվեց 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերից հետո: Այդ ժամանակ օլիմպիական հավաքականի կազմում կար 10 լեգիոներ: Արդեն 4 տարի անց Լոնդոնում դրանց թիվն ավելացել էր ավելի քան երկու անգամ՝ հասնելով 23-ի: Բայց հենց Ռիոյում լեգիոներների թիվը գերազանցեց տեղացի մարզիկներին:
Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Չինգիզ Հուսեյնզադեն կտրականապես համաձայն չէ «լեգիոներ» ձևակերպման հետ:
«Լեգիոներ հասկացությունն առավելապես վերաբերում է ֆուտբոլին, երբ ակումբն ուժեղանում է օտարերկրացիների հաշվին: Ճիշտ չէ Մարիա Ստադնիկին կամ Խետագ Գազյումովին անվանել լեգիոներ»,- ասել է ԱՕԿ փոխնախագահը Ռիոյում ադրբեջանցի մարզիկների ելույթներին նվիրված մամուլի ասուլիսում:
Չինգիզ Հուսյենզադեն ասում է, որ օտարերկրացի մարզիկները Ադրբեջանի հավաքականում ներգրավվել են երիտասարդ տարիքում, և հենց այստեղ են նրանք հասել իրենց ամենաբարձր նվաճումներին:
«Մենք լեգիոներներին հրավիրում ենք այն դիսցիպլիններ, որտեղ մենք մեծ պահեստայիններ չունենք. այդ դեպքում նրանք աշխատում են մեր մարզիկների հետ, և դա դրական արդյունք է տալիս»,- ասում է Հուսեյնզադեն:
Բայց այս պնդման հետ կարելի է վիճել:
Որտեղից փոխնախագահն է, այնտեղից էլ ըմբիշներն են
Ըմբշամարտն Ադրբեջանի ամենաավանդական մարզաձևն է: Օլիմպիական խաղերում անկախ Ադրբեջանի առաջին մեդալը նվաճվել է 1996թ. Ատլանտայում՝ ազատ ոճի ըմբիշ Նամիք Աբդուլլաևի կողմից: Հենց նա էլ 4 տարի անց Սիդնեյում նվաճեց օլիմպիական ոսկի:
16 տարի անց Ռիոյի Օլիմպիական խաղերում հանդես եկող ադրբեջանցի 14 ըմբիշներից 8-ը լեգիոներներ էին: Ըմբիշների նվաճած 9 մեդալներից 5-ը բաժին է ընկնում հպատակեցված մարզիկներին:
Ինչու՞ մի երկրում, որտեղ գրեթե ամեն բակում կգտնվեն ըմբշամարտով զբաղվող երեխաներ, զանգվածաբար ներգրավում են լեգիոներների:
Մարզական վերլուծաբան Սարհան Մուսալին ասում է, որ ազատ ոճի ըմբշամարտի Ադրբեջանի տարբեր տարիքային խմբերի հավաքականները լցված են դաղստանցի ըմբիշներով, քանի որ Ֆեդերացիայի փոխնախագահ Մագոմեդ Ալիօմարովը ծնունդով Դաղստանից է:
«Ադրբեջանը միշտ հայտնի է եղել իր ազատ ոճի ըմբիշներով՝ սկսած Հազար Իսաևից մինչև Նամիք Աբդուլլաև: Ալիօմարովը ֆեդերացիայում աշխատում է 2008թ-ից: Հենց այդ ժամանակից էլ սկսվել է հավաքականի համալրումը դաղստանցի ըմբիշներով»:
2016թ. սկզբին Ադրբըաջանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աջար Ջաֆարովը հեռացվեց պաշտոնից: Այդ ժամանակ նա մեղադրվեց առանձնակի խոշոր չափերի իրացումների մեջ: Դրանից հետո, իհարկե, նա անհետացավ տեսադաշտից: AzPolitika պարբերականը հաղորդում էր, որ նախկին գլխավոր քարտուղարը իրացրել է նաև դաղստանցի ըմբիշների տրանսֆերի համար նախատեսվող «փոխհատուցումը»:
Սարհան Մուսալին նշում է, որ իրավիճակն այնպիսի ծայրահեղ կետի է հասել, որ այսօր երկրի առաջնությունում բոլոր քաշային կարգերում հանդես են գալիս դաղստանցիներ: «Հենց Ալիօմարովի պատճառով են մեր երիտասարդ ըմբիշները կործանում և ավարտում իրենց կարիերան»:
Կուբացին կռվում է կուբացու դեմ, հաղթում է Ադրբեջանը
Ադրբեջանական կուբացի Լորենցո Սոտոմայորի աչքերն արցունքով են լցվում: Մի քանի րոպե առաջ դատավորների վիճելի որոշմամբ նա Օլիմպիական խաղերի եզրափակչում զիջել է ուզբեկ բռնցքամարտիկի:
Խառնելով ադրբեջաներեն, իսպաներեն և անգլերեն լեզուները՝ նա իր մեջ ուժ է գտնում՝ արտասանելու մի քանի արտահայտություն: «Ադրբեջանը միշտ կմնա իմ սրտում, սա իմ տունն է: Ես շատ էի ցանկանում ոսկի բերել, բայց դուք ամեն ինչ ինքներդ տեսաք»:
Լորենցո Սոտոմայորն Ադրբեջանում հանդես է գալիս 2013թ-ից: 2015թ. նա հաղթեց առաջին Եվրոպական խաղերը, իսկ մեկ տարի անց դարձավ երկրորդը Ռիոյի Օլիմպիադայում: Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի հրամանով նա պարգևատրվեց «Հանուն հայրենիքի ծառայության 3-րդ աստիճանի» շքանշանով:
Օլիմպիական խաղերի քառորդ երզարփակչում Սոտոմայորը հաղթել էր կուբացի բռնցքամարտիկ Յասնիեր Տոլեդոյին, իսկ համացանցում անգամ կատակում էին, որ «կուբացին կռվում է կուբացու դեմ, հաղթում է Ադրբեջանը»:
Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովը հանդես է գալիս լեգիոներների պաշտպանությամբ: «Նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են, այստեղ են բերում իրենց ընտանիքները: Ծիծաղելի է «լեգիոներ» եզրի կիրառումը այսօրվա ժամանակակից սպորտում: Նրանք ադրբեջանական սպորտին պետք են ու կարևոր են»:
Ինչու՞ են գնում մերոնք
Մարիա Ստադնիկը աշխարհի ամենատիտողասիկիր կին ըմբիշներից է: Նա Ադրբեջանի քաղաքացի է արդեն 10 տարի. Մարիան հաղթում է ամեն տեղ, որտեղ հնարավոր է, բայց օլիմպիական ոսկին նրան վիճակված չէ: 2012թ. և 2016թ. Օլիմպիադաներում նրան մեկ քայլ էր բաժանում ոսկուց:
Որպես ամուր ըմբիշ՝ նա մինչև վերջ դիմացավ, բայց բարձրանալով պատվո հարթակ իր երկրորդ օլիմիպիական արծաթի համար, լաց եղավ:
Մարիա Ստադնիկին Ադրբեջանում սիրում են, նրան աստվածացնում են, նա հազարավոր սկսնակ ըմբիշների կուռքն է: Նրան ճանաչում են փողոցում, նրանով հիանում են: Մուսուլմանական Ադրբեջանում հիանում են կին-ըմբիշով և տխրում նրա հազվադեպ պարտություններով, ինչպես անձնական դժբախտության դեպքում:
Այդպիսի մարզիկներ Ադրբեջանին պետք են: Այդպիսի մարզիկներ պետք են համաշխարհային սպորտում: Եվ ոչ ոք երբեք նրանց չի առանձնացնի յուրայինների և օտարների:
Բայց
Նույն 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերում ադրբեջանցի ծանր ատլետ Նիջաթ Ռաhիմովը նվաճեց ոսկի, իհարկե, Ղազախստանի հավաքականի համար:
Ադրբեջանում դա ընդունվեց մեծ դժգոհությամբ: Հատկապես այն ֆոնին, երբ Ադրբեջանի ծանր ատլետիկայի ամբողջ հավաքականը որակազրկվեց դոպինգի օգտագործման համար:
Նիջաթ Ռահիմովը սկսեց Ղազախստանի դրոշի տակ խաղալ 2014թ.՝ գլխավոր մարզիչ բուլղարացի Զլատկո Վանևի հետ վեճի պատճառով: Մարզիկի հոր խոսքով՝ նույն Վանևը զանգվածաբար հավաքական էր հրավիրում բուլղարացի ատլետների: Միայն Վալենտին Խրիստովի և Բոյանկա Կոստովայի համար Ադրբեջանը վճարել է 400 հազար դոլար:
Ընդհանրապես սպորտն Ադրբեջանում եկամտաբեր է: Օլիմպիական ոսկու համար մարզիկը միայն Ադրբեջանի ԱՕԿ-ից ստանում է 600 հազար մանաթ (370 հազար դոլար): Ի՞նչ պակաս խթան է Ադրբեջանի դրոշի տակ անցնելու համար:
Բայց թե ինչու Նիջաթ Ռահիմովը բախվեց այդպիսի անտարբեր վերաբերմունքի Ադրբեջանի ծանր ատլետիկայի ֆեդերացիայի կողմից՝ ոչ մի տրամաբանական բացատրության չի ենթարկվում: Ինչպես և այն, թե ինչու էր տարիներ շարունակ Ադրբեջանի հավաքականում բոլորին ղեկավարում Զլատան Վանևը:
«Ադրբեջան գալիս եմ որպես հյուր: Հանդես եմ գալու Ղազախստանի համար»,- ասում է Նիջաթ Ռահիմովը:
Դրական կողմեր չկա՞ն
Նվաճած օլիմպիական մեդալների և մարզիկների թվաքանակի հարաբերակցությամբ Ռիոյի Օլիմպիական խաղերում Ադրբեջանը զբաղեցրել է առաջին տեղը՝ այդպիսով դառնալով ամենաարդյունավետ հավաքականը:
Ընդհանուր առմամբ Ադրբեջանը Ռիոյի Օլիմպիադայում նվաճել է 18 մեդալ: Ընդհանուր մեդալային հաշվարկով երկիրը զբաղեցրել է 39-րդ հորիզոնականը, մեդալների թվով՝ 15-րդ:
18 օլիմպիական մեդալը զգալի ձեռքերում է այնպիսի փոքր երկրի համար, ինչպիսին Ադրբեջանն է: Պարզապես դրանք կարող էին նվաճել մեր մարզիկները, եթե նրանց ժամանակին աճեցնեին:
Հրապարակվել է 02.12.2016