Եվրոպայի ամենահոմոֆոբ երկի՞ր, թե՞ «մեզ մոտ նրանց ոչ ոք ձեռք չի տալիս»։ ԼԳԲՏ հարցման արդյունքները
Ադրբեջանը Եվրոպայի ամենահոմոֆոբ երկիրն է՝ ըստ ILGA-Europe կազմակերպության վարկանիշի, ընդ որում, սկսած 2015 թ-ից։ Այնուամենայնիվ, պաշտոնատար անձինք ամեն անգամ հայտարարում են, որ ոչ մի խտրականություն չկա, և նույնպիսի կարծիք հաճախ կարելի է տեսնել սոցցանցերում կամ ֆորումներում։
Մենք անանուն հարցում ենք անցկացրել gay.az կայքում՝՝ պարզելու համար, թե արդյո՞ք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները ճնշման են ենթարկվում Ադրբեջանում, և եթե այո, ապա ինչ ճնշման։
Ադրբեջանում ԼԳԲՏ նկատմամբ խտրականություն սերմանող ոչ մի օրենք չկա։ 2000 թ-ին ապաքրեականացվեց սեռական կապը տղամարդկանց միջև։ Սակայն ԼԳԲՏ-ին պաշտպանող օրենքներ նույնպես չկան, իսկ իշխանության ներկայացուցիչները հաճախ ձևացնում են, որ ԼԳԲՏ-անձինք պարզապես գոյություն չունեն, կամ պնդում են, որ երկրում պահպանվում են քաղաքացիների բոլոր իրավունքները։ Եվ անգամ այն ժամանակ, երբ անկախ լրատվամիջոցները հաղորդում էին, որ ոստիկանությունն ԼԳԲՏ-ներկաայցուցիչների է շուրջկալել, և գրեթե 50 մարդ է ձերբակալվել, պաշտոնատար անձինք հայտարարեցին, որ «դա պարզապես սեքս-աշխատակիցների ձերբակալության շրջայց էր»։
Ադրբեջանում լրատվամիջոցները հաճախ են հոմոֆոբ արտահայտություններ անում, ինչպես նաև հանրային ու քաղաքական գործիչները՝ առանց իրենց հետագա կարիերային վնաս հասցնելու։ Սոցցանցերում անընդհատ հերքում են ԼԳԲՏ-ի վրա ճնշման խնդիրն՝ ասելով, որ «իրականում նրանց ոչ ոք ձեռք չի տալիս»։
ԼԳԲՏ-համայնքի մեր կողմից հարցված ներկայացուցիչները հաճախ դրա հետ համաձայն չեն։ Հարցմանը մասնակցել է 447 մարդ։
Այն հարցին, թե ով գիտի նրանց սեռական կողմնորոշման մասին, հարցվածների մոտ 9%-ը պատասխանել է՝ «բոլորը», և միայն 3%-ն է պատասխանել՝ «ոչ ոք»։ Պատասխանի ամենապոպուլյար տարբերակներն են․ «մեկ-երկու հոգի» (43, 2%) և «մոտ ընկերները» (28,2%)։ Ծնողներն իմացել են հարցվածի կողմնորոշման մասին 8,5 տոկոս դեպքերում, գործընկերները՝ 12,8% դեպքերում։
Հարցվածների մեծ մասը բռնության է ենթարկվել իր սեռական կողմնորոշման պատճառով՝ 92,4%։ Հարցվածների 80%-ը հաղորդում է, որ բռնությունը բազմիցս կրկնվել է։
Ինչ վերաբերում է բռնության բնույթին, հարցվածների 7,2%-ը հայտարարում է սեռական բռնության, 30,7%-ը՝ ծեծի, կեսից ավելին՝ 55,6%-ը՝ հայհոյանքների մասին, և գրեթե յուրաքանաչյուր հինգերորդը՝ 19,5%-ը բոյկոտի է ենթարկվել։
Այն հարցին, թե ովքեր են բռնություն գործադրել, հարցվածների մեծ մասը պատասխանել է, որ անծանոթները։ 32,2%-ը՝ որ դրանք հարազատներն են, 26,4%-ը՝ հասակակիցները, 15,9%-ը՝ հարևանները։
Տուժածները հաճախ ոչ ոքի օգնությանը չեն դիմել՝ 60% դեպքերում։
Եթե այս արդյունքները տարածենք Ադրբեջանի ԼԳԲՏ մնացած ողջ համայնքի վրա, կստացվի, որ դրա տիպիկ ներկայացուցիչը․
- թաքցնում է իր սեռական կողմնորոշումը բոլորից՝ բացառությամբ ամենամոտ մեկ-երկու ընկերոջ,
- պարբերաբար հոգեբանական կամ ֆիզիկական բռնության է ենթարկվում,
- խնդիրները ստիպված է ինքնուրույն լուծել՝ առանց իրավապահ մարմինների և ընտանիքի վրա հույս դնելու։
Կատարվածի մասին ավելի մանրամասն պատմելու խնդրանքին ի պատասխան հարցվածները հետևյալ պատմություններով են կիսվել․
«Ճնշման և հոգեբանական բռնության եմ ենթարկվել սոցցանցերում և առօրյա կյանքում։ Որքան էլ ասեմ, թե ինձ համար մեկ է, երբեմն անտանելի վատ եմ զգում»։
Հարազատներս առանց թույլտվության իմացել են հեռախոսիս տվյալները, կարդացել նամակագրությունս ու շանտաժի ենթարկել։ Մի քանի անգամ փողոցում հայհոյել են»։
«Աղջկա հետ այգում համբուրվելու համար տուգանք։ Պահակները սպառնացել են թաքուն արված լուսանկարը ցույց տալ մեր հարազատներին, եթե տուգանք չվճարենք։ 50 մանաթ են վերցրել»։
«Ոստիկանությունը սպառնացել է քաղմաս տանել և հարազատներիս պատմել։ 30 մանաթ են վերցրել, Լեռնային այգու մոտ էր»։
«Ոստիկանները բռնել և փող էին պահանջում՝ ազատ արձակելու համար»։
«Սուտ է, երկրում ոչ մի խտրականություն չկա, և ոչ ոքի չեն նեղացնում։ Այդ կայքը խայտառակում է Ադրբեջանը»։
Մեկնաբանում է «Գենդեր և զարգացում» հկ ղեկավար Քամրան Ռզաևը․
«Նախևառաջ, ԼԳԲՏ համայնքի անձանց մեծ մասն ընտանիքներում ճնշման է ենթարկվում։ Դա կարող է լինել վերբալ կամ ֆիզիկական ճնշում քամինգ-աութից հետո (հաճախ, երբ ուրիշ մեկն է պատմում ընտանիքին), տնային կալանք կամ պարտադրված ամուսնություն։ Հաճախ երիտասարդներին վռնդում են տնից՝ այդպիսով նրանց դրդելով մարմնավաճառությամբ զբաղվել։
Ճնշում կա նաև հասարակության կողմից՝ չընդունում, չընկալում, ծաղր, ծեծ։ Լինում է, որ աշխատանքից ազատում են՝ սեռական կողմնորոշման մասին իմանալուց հետո։
Հասարակությունն, ընդհանուր առմամբ, իրազեկված չէ, թե ովքեր են ԼԳԲՏ-անձինք, նրանցից վախենում են և չեն հասկանում։ Ծնողները վախենում են, որ իրենց երեխաներն էլ «այդպիսին» կդառնան։ Կարծում եմ, որ մեր լրատվամիջոցները պետք է աշխատեն այդ խնդրի վրա, իրազեկեն մարդկանց։ Այդ ժամանակ հասարակության կողմից ճնշումը կնվազի։
Գոյություն ունի նաև ճնշում ոստիկանության կողմից։ Ամենաշատը տուժում են նրանք, ովքեր սեքս-բիզնեսով են զբաղվում։ Լինում է, որ ոստիկանությունը գեյերին «բռնում է» ծանոթությունների կայքերում՝ շանտաժի ենթարկելու համար։ Հիմա նման բաներ ավելի քիչ են լինում, քան մի քանի տարի առաջ։
Շատ են եղել դեպքեր, երբ մեզ օգնության են դիմել, և մենք պատրաստ ենք եղել իրավաբան տրամադրել և օգնել խնդիրը դատարանում լուծել։ Բայց մարդիկ հրաժարվել են, որովհետև վախենում են հրապարակայնությունից։
Որպեսզի իրավիճակը փոխվի, ԼԳԲՏ համայնքը պետք է հասկանա, որ քանի դեռ այն չի սկսել պահանջել իր իրավունքները պաշտպանել, ոչ ոք այդ հարցը նրանց փոխարեն չի լուծելու։ Պետք են շահած դատական գործերի նախադեպեր, որոնք կվախեցնեն ագրեսորներին։ Պետք է մոբիլիզացվել, սկսել ինքնուրույն գործել»։