Լարին շարունակում է արժեզկվել. 3.0՝ նոր հակառեկորդ
Վրաստանի երկու խոշորագույն առևտրային բանկերում լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ գերազանցել է 3 լարին:
Հուլիսի 31-ին «Սաքարթվելոս բանքի»-ում և TBC բանկում մեկ ամերիկյան դոլարն արժե 3.0150 լարի:
Մասնավոր փոխանակման կետերում մեկ ամերիկյան դոլարը գնահատվում է 2.97 լարի:
• Ինչպես է թուրքական լիրայի անկումն ազդում Հարավային Կովկասի երկրների տնտեսության վրա
Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքով հուլիսի 31-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարն արժե 2.9507 լարի:
«Բլումբերգում» 1 դոլարն արժե 2,96 լարի:
1995թ. հոկտեմբերից մինչ օրս, այսինքն իր գոյության ողջ պատմության ընթացքում, վրացական ազգային արժույթը երբեք այդքան չի արժեզրկվել: Լարիի առաջին արժեզրկումը սկսվել է 2013թ. վերջից: Այդ ժամանակ 1 դոլարն արժեր 1.66 լարի:
Ինչու է արժեզրկվում լարին
Փորձագետները, ընդդիմությունը և կառավարությունը խոսում են արժեզրկման տարբեր պատճառների մասին:
Իշխանության ներկայացուցիչները լարիի արժեզրկման պատճառ են համարում հուլիսի 20-ից խորհրդարանի դիմաց անցկացվող բողոքի ակցիաները, ինչպես նաև այլ արտաքին գործոններ։ Սկսած հունիսի 20-ից մինչ օրս Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ամեն օր անցկացվում են բողոքի ակցիաներ: Ակցիաներում գլխավոր կարգախոսերից մեկն է «Ռուսաստան օկուպանտ»: Իսկ այն բանից հետո, երբ ոստիկանության հատւկ նշանակության ուժերը ուժի կիրառմամբ ցրեցին ցույցը, ակցիայի մասնակիցները պահանջում են նաև ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը:
Խորհրդրարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն լարիի արժեզրկման մեջ մեղադրում է ընդդիմությանը.
«Որոշակի քաղաքական շրջանակների կողմից բռնության կազմակերպումն ու ապակայունացումը ուղղված են պետության և քաղաքացիների բարօրության, տնտեսության և անվտանգության դեմ», — հայտարարել է Արչիլ Տալակվաձեն:
Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն ասում է, որ լարիի արժեզրկումը կապված է «արտաքին շոկի» հետ, և ամենակարևոր գործոններից մեկն է զբոսաշրջիկների թվի նվազումը: Հուլիսի 8-ից Ռուսաստանի նախագահի որոշմամբ դադարեցվել է ավիահաղորդակցությունը Ռուսաստանի և Վրաստանի միջև, ինչը զգալիորեն կրճատել է ռուս զբոսաշրջիկների հոսքը Վրաստան: Կոբա Գվենետաձեի խոսքով՝ իրավիճակից ելքը դեդոլարիզացիան է:
«Այսօր Վրաստանն անցնում է արտաքին շոկի միջոցվ: Վրաստան զբոսաշրջիկների ակնկալվող հոսքը կրճատվել է: Դա, բնականաբար, արտացոլվում է նաև փոխարժեքի վրա: Քանի որ շոկերը մշտապես սպասելի ուղղություն են, կարևոր է դեդոլարիզացիան: Այդ դեպքում, եթե եկամուտը ստացվում է ազգային արժույթով, վարկերը նույնպես պետք է տրամադրել ազգային արժույթով», — ասում է Գվենետաձեն:
Ընդդիմությունը և փորձագետները կարծում են, որ լարիի արժեզրկման ներկայիս ալիքը անմիջականորեն կապ ունի TBC բանկի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև երկրում ներդրողների թվի նվազման և այն փաստի հետ, որ իշխանությունները «ոչ մի տնտեսական քաղաքականություն չունեն»:
Խորհդարանի անկախ պատգամավոր Լևան Կոբերիձեի խոսքով՝ լարիի արժեզրկման համար պատասխանատվությունը խորհրդարանի դիմացի ակցիաների վրա բարդելը անլուրջ է և անպատասխանատու:
«Լարին աստիճանաբար կայուն արժեզրկվում է ամբողջ տարվա ընթացքում: Գործընթացը սկսվեց մայիս ամսից, երբ ամսվա սկզբին փոխարեժքը 2.7 էր, իսկ մայիսի վերջին արդեն՝ 2.8: Միայն մեկ ամսում լարին արժեզրկվել է 10 նիշով, ո՞ւր էին այդ ժամանակ հունիսի 20-ի երևույթները», — ասում է Կոբերիձեն:
Նրա խոսքով՝ քաղաքական իրավիճակն ազդում է լարիի փոխարժեքի վրա, բայց դա ամենագլխավորը չէ:
«Իշխանությունները ոչ մի տնտեսական քաղաքականություն չունեն», — նշում է Կոբերիձեն: