«Վրաստանը կարող է կրկնել Բելառուսի ճակատագիրը»․ Պավել Լատուշկո
Լատուշկոն Վրաստանի հեռանկարների մասին
Վրաստանն այսօր գտնվում է այն նույն փուլում, որում Բելառուսը գտնվում էր 2020 թվականին։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Պավել Լատուշկոն։
Լատուշկոն զուգահեռներ է անցկացրել Բելառուսի և այսօրվա Վրաստանի միջև, նկարագրել, թե ինչպիսին է կյանքը այն երկրում, որտեղ նույնիսկ մեկ հավանումը (like-ը) բավարար է ազատազրկվելու համար։ Վրացիներին նախազգուշացրել է՝ իրենց երկիրը «կկրկնի Բելառուսի ճակատագիրը, եթե ռեժիմին չկանգնեցնեն»։
Պավել Լատուշկոն Բելառուսի ընդդիմության առաջատար գործիչներից մեկն է, եղել է Լուկաշենկոյի ռեժիմի մշակույթի նախարար և Ֆրանսիայում Բելառուսի դեսպան։ Ներկայումս նա Բելառուսի իշխանությունների կողմից հետախուզվում է Սվետլանա Տիխանովսկայայի հետ միասին «իշխանությունը զավթելու փորձի» համար։
Եթե Լատուշկոն վերադառնա հայրենիք, նրան սպառնում է 18 տարվա բանտարկություն։ Ներկայումս նա հանդիսանում է երկրից արտաքսված բելառուսական ժողովրդավարական ուժերի արտաքին կապերի ներկայացուցիչը։
Ի՞նչ է ասել Լատուշկոն Վրաստանի մասին
«Կարծում եմ, որ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները շատ հեշտությամբ կարող են ընթանալ այն նույն սցենարով, որը մենք տեսանք Բելառուսում։ Միտումն արդեն նկատելի է։
Այսօր այդ սցենարը հետևյալ տեսքն ունի. վերջին 4․5 տարիների ընթացքում Բելառուսից բռնի տեղահանվել է ավելի քան 600 հազար մարդ։ Դրա միակ պատճառը Լուկաշենկոյի ռեժիմի կողմից ստեղծված վախի, տեռորի և բռնաճնշումների մթնոլորտն է, հատկապես 2020 թվականից ի վեր։ Մարդիկ փախչում են Լուկաշենկոյից, սակայն ռեժիմը հետապնդում է նրանց նաև արտերկրում։
Եթե խոսակցությունը տեղափոխենք աշխարհաքաղաքական հարթություն, ապա պետք է հասկանալ՝ Ռուսաստանի նպատակն է թեկուզ ձևական, բայց վերականգնել Խորհրդային միությունը։ Կրեմլը դրա համար օգտագործում է տարբեր մեթոդներ, բայց ռազմավարական նպատակն ամբողջովին պարզ է։ Այդ մասին է վկայում նաև պատերազմն Ուկրաինայում. Կիևը հրաժարվեց ենթարկվել Մոսկվային և մինչ օրս բարձր գին է վճարում դրա համար։
Բելառուսը առանցքային դեր է խաղում այս ռազմավարության մեջ։ Լուկաշենկոն ռուսամետ առաջնորդ է, ով միշտ ցանկացել է կարևոր անձնավորություն լինել Կրեմլում և արել է հնարավոր ամեն ինչ դրան հասնելու համար։ Ի վերջո, Լուկաշենկոն իր հաշվարկներում սխալվեց՝ մեծ մարդ լինելու փոխարեն նա դարձավ Կրեմլի ծառան, իսկ Բելառուսը հայտնվեց Ռուսաստանի պատանդի կարգավիճակում։
Ձևականորեն իմ երկիրը գոյություն ունի, քարտեզի վրա իր տեղն ունի և ՄԱԿ-ի անդամ է, սակայն նրա ներքին ինքնիշխանությունը սահմանափակված է, արտաքին ինքնիշխանությունը՝ կորսված, իսկ բանակը՝ լուծարված։ Այսպիսին է այսօրվա Բելառուսի իրականությունը։
Մենք նաև հետևում ենք Վրաստանում ռուսամետ ուժերի ազդեցության աճին։ Մոլդովայում մշտապես առկա է միջամտության սպառնալիքը։ Հայաստանը, իհարկե, նույնպես համարվում է Կրեմլի թիրախ։ Համոզված եմ՝ Ղազախստանը ևս գտնվում է ռիսկային գոտում։
Եթե այս երկրներին չհաջողվի մշակել արդյունավետ ռազմավարություն, նրանց ապագան կարող է նույնական լինել Բելառուսի և Վրաստանի սցենարներին կամ նույնիսկ ավելի վատ։ Սա է իմ կանխատեսումը՝ որպես դիվանագետ, և, ցավոք, այն հոռետեսական է։
Այսօր մենք բոլորս փորձում ենք դիմադրել առանձին-առանձին՝ մեր սեփական երկրներում, մեր սեփական ռեժիմների դեմ։ Սակայն անհրաժեշտ է ընդհանուր ռազմավարություն։ Կարծում եմ, որ Եվրամիությունը պետք է իրավիճակին նայի ավելի լայն՝ ոչ միայն Ռուսաստանի հետ հարևանության պրիզմայով, այլև որպես միասնական տարածք՝ ազատության և ժողովրդավարության համար Ռուսաստանի դեմ պայքարի համար։
Մենք պետք է օգտագործենք առկա բոլոր ռեսուրսները ռուսական էքսպանսիայի և ճնշման դեմ, անենք դա միասին։
Եթե վրացիներն ուզում են տեսնել իրենց ապագան, պետք է հայացքն ուղղեն դեպի Բելառուս։
Ինչպես արդեն ասացի, մեր ներքին ինքնիշխանությունը մասամբ, իսկ արտաքին ինքնիշխանությունն ամբողջովին կորսված է, իսկ բանակը՝ վաճառված, գրավադրված և պատրաստ փոխանցման։ Լուկաշենկոն աջակցում է Ուկրաինայի դեմ պատերազմին՝ ելնելով ոչ թե Բելառուսի, այլ Կրեմլի շահերից։
Ի՞նչ կարելի է անել։ Կան տարբեր գործիքներ։ Դրանք Բելառուսի դեմ պատժամիջոցներն են։ Խիստ, ջախջախիչ պատժամիջոցներ։ Այնպիսիք, որոնք կարող են փոխել ռեժիմի վարքագիծը։ Ոչ թե պարզապես «ճնշում», այլ ջախջախիչ հարված։
Անհրաժեշտ են նաև միջազգային իրավական մեխանիզմներ։ Արդեն հինգ տարի է, ինչ մենք փորձում ենք Միջազգային քրեական դատարանում սկսել Լուկաշենկոյին մեղավոր ճանաչելու գործընթաց։ Որովհետև երբ հանցագործը մնում է իշխանության ղեկին և մնում է ոչ միայն անպատիժ, այլև նույնիսկ մեղավոր չի ճանաչվում, բելառուսները, ովքեր տեսնում են դա, հուսահատվում են, կորցնում են ժողովրդավարության հանդեպ հավատը։
Ըստ իս՝ այսօր Վրաստանը գտնվում է այն նույն փուլում, որում Բելառուսը գտնվում էր 2020 թվականին։ Շատ կարևոր է, որ դուք չկրկնեք մեր սխալները, դուք չեք պատկերացնում, թե որքան կափսոսաք դրա համար։
Եթե դուք կանգ առնեք, ճնշումների, վախի և մարդկանց անտարբերության արդյունքում ռեժիմն օր օրի ավելի ուժեղ կդառնա։
Ձեզ մոտ դեռևս կա խոսքի ազատություն, ընդդիմադիր կուսակցություններ, անկախ լրատվամիջոցներ։ Մեզ մոտ այս ամենն այլևս գոյություն չունի։ Բոլոր ընդդիմադիր կառույցները լուծարված են, լրատվամիջոցներն արտաքսված են և հայտարարված են որպես ծայրահեղական կազմակերպություններ։
Նույնիսկ դրանց հրապարակումները կարդալը քրեական հանցագործություն է, իսկ Facebook-ում գրառում հավանելու համար մարդկանց կարող են բանտ ուղարկել։
Այսօր մեզ մոտ ամբողջական տոտալիտարիզմ է։ Եթե իրավիճակը չփոխվի, նույնը սպասվում է նաև Վրաստանին։
Մեր նպատակն է հասարակությանը մոտիվացնել անկախության համար պայքարի։ Բայց այսօր [Բելառուսում] փողոց դուրս գալն անհնար է։ Ինչպես արդեն ասել եմ, երբեմն նույնիսկ «սխալ» գրառման տակ մեկ հավանումը բավական է, որ մարդուն բանտ ուղարկեն։
Երկրում տիրում են վախը, հուսահատությունը, անտարբերությունն ու զայրույթը։ Հասարակությունը գտնվում է մշտական սպասման մեջ, բայց շատերն աստիճանաբար կորցնում են նույնիսկ քաղաքականության մասին մտածելու ցանկությունը»։