Լավրովի «խմբագրված» հայտարարությունը․ ինչո՞վ կհիշվի Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի այցը Հայաստան
Լավրովի այցը Երևան
Հայաստանում քննարկվում է ոչ այնքան ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որը կայացավ Երևանում հունիսի 10-ին, որքան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները։ Միջոցառման շրջանակում երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած դիվանագետը հանդիպումներ է ունեցել վարչապետ Փաշինյանի, ինչպես նաև հայաստանցի պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հետ:
Հունիսի 9-ին Լավրովն ու Միրզոյանը հանդես եկան համատեղ ասուլիսով, որի ընթացքում էլ հնչեցին երկու հայտարարությունները, որոնք շարունակում են ակտիվ քննարկվել։ Մեկը վերաբերում է Հայաստան—Ադրբեջան հաղորդակցության ուղիների բացմանը, մյուսը՝ ԼՂ-ի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մասնավորապես՝ Լավրովը հայտարարել է, որ ավտոմոբիլային երթուղիների ռեժիմը լինելու է պարզեցված, բայց հենվելու է հայկական տարածքի ինքնիշխանությունը ճանաչման վրա: Փառուխ գյուղի վերաբերյալ հարցին պատասխանելիս Լավրովը նշել է, որ «այդ հարցերը կքննարկվեն և անպայման կլուծվեն սահմանազատման աշխատանքների շրջանակում»:
Ինչու դրանք դարձան քննարկան առարկա, Բաքվի արձագանքը, ինչպես նաև փորձագիտական կարծիք
«Պարզեցված ռեժիմն» ու «ԼՂ-ում դեէսկալացիան»՝ ըստ Լավրովի
Համատեղ ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության թեմային: Նրա խոսքով՝ երկաթգծային երթուղին համաձայնեցված է, իսկ ավտոմոբիլային երթուղու համաձայնեցումը գտնվում է ավարտական փուլում.
«Ավարտվում է նաև այն ռեժիմի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի։ Այն պարզեցված է լինելու, բայց հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և որևէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող»,- հայտարարել է ռուս դիվանագետը:
Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ադրբեջանական կողմը բազմիցս հանդես է եկել Հայաստանի տարածքով դեպի իր էքսկլավ Նախիջևան «միջանցքի» տրամադրման պահանջով։ Հայկական կողմը մշտապես պատասխանել է, որ կողմ է ապաշրջափակել տարածաշրջանայաին կոմունիկացիաները, սակայն կտրականապես դեմ է տրամադրել որևէ ճանապարհ «միջանցքային տրամաբանությամբ»։ Ըստ Հայաստանի իշխանությունների բացատրության, «միջանցք» եզրը ենթադրում է սուվերենության կորուստ այդ տարածքի նկատմամբ, ինչի մասին խոսք լինել չի կարող։
Լավրովի խոսքով՝ հաղորդակցությունների բացման հարցը կապված է տևական ենթակառուցվածքի ստեղծման հետ, և նման դեպքերում «ավելի լավ է մինչև կտրելը տասը անգամ չափել»:
Հունիսի 3-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումից հետո ռուսական կողմը հայտարարել էր․ «կողմերը մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ»։ Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ այդ մոտեցումները հստակեցվել էին: Թե ինչ մոտեցումների մասին է խոսքը՝ կողմերի հաղորդագրություններում ասված չէր:
Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները ասուլիսի ընթացքում չեն հստակեցրել՝ ինչ է նշանակում «պարզեցված ռեժիմ»:
Լրագրողները հետաքրքրվել էին նաև ԼՂ-ի Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակով: Լավրովն ընդգծել է, որ այն առաջնահերթություն է ռուսաստանցի զինվորականների համար.
«Այնտեղ արդեն իսկ որոշակի արդյունքներ կան՝ իրավիճակի դեէսկալացիայի առումով, և մեզ մոտ ընկալում կա, որ սահմանազատման՝ արդեն մեկնարկող առարկայական աշխատանքների շրջանակում այդ հարցերը կքննարկվեն և անպայման կլուծվեն»։
2022 թ.-ի մարտին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի էական խախտում տեղի ունեցավ։ Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ վերցրին Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրն ու ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը: Գյուղն ու բարձունքը գտնվում էին ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։ Մինչ օրս ռուս խաղաղապահներին չի հաջողվել բանակցությունների միջոցով ադրբեջանցիներին վերադարձնել ելման դիրքեր։ Իսկ Փառուխի բնակիչներն այդպես էլ տուն չեն վերադարձել։
Բաքվի արձագանքն ու Լավրովի խոսքի «խմբագրումը»
Պաշտոնական Բաքուն ԼՂ-ի Փառուխ գյուղի վերաբերյալ Լավրովի մեկնաբանությունն անպատասխան չթողեց: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ սահմանազատման գործընթացում «չի նախատեսվում դիտարկել ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս որևէ հարց»:
Ադրբեջանի արտաքին գերատեսչության հաղորդմամբ՝ Փառուխը գտնվում է Խոջալուի շրջանում և «կապ չունի Հայաստանի հետ սահմանազատման հարցի հետ»։
«Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստեղծված սահմանազատման հանձնաժողովների գործունեությունն ունի երկու երկրների պետական սահմանների սահմանազատման նպատակ»,- ընդգծել է Լեյլա Աբդուլաևան:
Ավելի ուշ ՌԴ արտաքին գերատեսչությունը հրապարակեց Լավրով-Միրզոյան ասուլիսի սղագրությունը:
Ռուսական ԱԳՆ-ն խմբագրել էր դիվանագետի հայտարարությունը Փառուխի և սահմանազատման վերաբերյալ:
«Հույս ունենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկումը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանն ու ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում թույլ չի տա Փառուխի տիպի միջադեպեր»,- սղագրության համաձայն՝ ասել է Սերգեյ Լավրովը:
Փորձագիտական կարծիք
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ կողմերը չեն համաձայնեցրել, թե ինչ ռեժիմի մասին է խոսքը: Նկատում է՝ այդ մասին է վկայում նաև Երևանում Լավրովի հայտարարությունը համաձայնեցումների մասին:
Հակոբ Բադալյանը կարծում է՝ պետք է որպես ելակետ ընդունել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որում հստակ արձանագրված է, որ Հայաստանն ապահովում է անարգել կապը Նախիջևանի և Ադրբեջանի միջև, իսկ վերահսկողությունն իրականացնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը:
Փորձագետի գնահատմամբ՝ Ադրբեջանը փորձում է սա մատուցել միջանցքային տրամաբանության մեջ, քանի որ Բաքվի համար նաև ներքին սպառման հարց կա: Երևանն, ըստ նրա, բնականաբար, պետք է բացառի դա:
«Հայտարարությունները, նաև Լավրովի, որ սուվերենությունը չի կարող լինել կասկածի տակ, կարևոր ելակետ են, կարևոր նշաձող: Առայժմ Երևանին հաջողվում է այդ նշաձողը պահել խոշոր խաղացողների ընկալումներում և գործընթացի օրակարգային դիրքերում»,- JAMnews-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբանը:
Ելնելով այն հանգամանքից, որ գործ ունենք փորձառու դիվանագետի հետ, Բադալյանը չի բացառում, որ Փառուխի մասին Լավրովի հայտարարությունը ոչ թե շփոթմունք, այլ մտածված ակնարկ է եղել:
Ուշադրության արժանի է համարում այն հանգամանքը, որ Լավրովը նման հայտարարություն արեց Անկարայում թուրք պաշտոնակցի հետ «ոչ այնքան հարթ բանակցություններից» հետո:
Քաղաքական մեկնաբանը հնարավոր է համարում, որ Լավրովի ակնարկն ուղղված լինի Անկարային կամ Բաքվին․
«Լավրովն ակնարկ հասցեագրեց ինչ-որ մի ուղղությամբ և, արձագրելով, որ այն տեղ է հասել, որոշեց հրապարակային մակարդակում կանգնեցնել պրոցեսը: ԱԳՆ-ն ներկայացրեց այլ սղագրություն, որպեսզի թեմայի շուրջ բարձրացած աղմուկը չշարունակվի: Ժամանակի ընթացքում կերևա՝ կուլիսային մակարդակում ինչ շարունակություն կլինի»:
Լավրովի այցը Երևան