Լաստանավային փոխադրումները՝ Վերին Լարսի անցակետին այլընտրանք. Հայաստանի նոր մոտեցումը
Հայաստանը Վերին Լարսին այլընտրանք է գտել
Հունիսի 15-ից Հայաստանը լաստանավային կանոնավոր փոխադրումներ կիրականացնի Սև ծովով: Կառավարության որոշումը պայմանավորված է Վերին Լարս անցակետին այլըտրանք ստեղծելու անհրաժեշտությամբ։ Այստեղով է անցնում միակ ցամաքային ճանապարհը, որը կապում է Հայաստանն ու Ռուսաստանը։ Եվ այն շատ հաճախ փակ է լինում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով։
Կառավարության որոշման համաձայն՝ լաստանավային փոխադրումների ծառայությունների արժեքն ամբողջությամբ կսուբսիդավորվի։ Սակայն, դա հավերժ չի լինելու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հույս ունեն, որ «տնտեսական սխեման կսկսի աշխատել»:
«Վերին Լարս» անցակետում առկա խնդիրների, լաստանավային փոխադրումների մեկնարկի մասին և ոչ միայն:
- Վրաստանից Ռուսաստան տանող գլխավոր ճանապարհը․ Կովկասի «նեղ տեղը»
- «Ռիկոշետ» Հայաստանի վրա․ ինչպե՞ս կտուժի տնտեսությունը Ուկրաինայի պատերազմի հետևանքով
«Վերին Լարս». նշանակությունն ու առկա խնդիրները
«Վերին Լարս» անցակետով է անցնում Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային երթուղին: Ճանապարհը Երևանի համար ունի ռազմավարական նշանակություն: Անցակետում իրավիճակը սրվում է հատկապես ձմռան ամիսներին: Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են, տեղումները:
Ձնահոսքի վտանգ, սակայն, կար նաև գարնան սկզբին: Մինչև ապրիլի սկիզբ պարբերաբար հաղորդագրություններ էին ստացվում անցակետում հազարավոր տրանսպորտային միջոցների խցանման մասին: Դրանց 15-20%-ը ՀՀ-ից էին:
Անցակետի փակ լինելը բացասաբար է ազդում Հայաստանի տնտեսության, մասնավորապես՝ արտահանման ցուցանիշների վրա:
Պաշտոնական տվյալներով՝ Լարսով օրական 10-15 հայկական բեռնատար է անցնում, որոնցից յուրաքանչյուրի բեռը գնահատվում է միջինը 25 հազար դոլար:
Լաստանավային փոխադրումը՝ որպես այլընտրանք
ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար խոչընդոտները նվազեցնելու նպատակով դեռևս նախորդ տարեվերջին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոխհատուցել լաստանավով տեղափոխման ծախսերն ամբողջությամբ՝ իրականացնելով լաստանավի վարձակալում։
Կառավարության՝ մայիսի 5-ի նիստի ընթացքում գերատեսչությունը ներկայացրեց ևս մեկ որոշման նախագիծ, ըստ որի՝ լաստանավային փոխադրման օպերատոր ճանաչվեց «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն:
«Լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև արժանի մրցակցություն կապահովի Վերին Լարսին»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով` «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն գրանցվել է ընդամենը մեկ ամիս առաջ՝ ապրիլի 1-ին։ Ընկերության սեփականատերերի մասին տեղեկությունները բաց չեն։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի փոխանցմամբ՝ «Հարավկովկասյան», «Վրացական» ու «Ռուսական» երկաթուղիները էական զեղչեր են սահմանել ՀՀ փոխադրողների համար: Դրանք պաշտոնապես կհրապարկվեն առաջիկայում՝ միջպետական պայմանագրերի կնքումից հետո:
Ըստ նախնական գնահատականների՝ լաստանավային փոխադրման արդյունքում հարկային մուտքերը տարվա ընթացքում կավելանան 2.7 մլն դոլարով:
Նախարարը տեղեկացրել է, որ լաստանավն ունենալու է երկաթուղային 40 վագոնի և 50 բեռնատարի տեղափոխման հնարավորություն։
Փոթի-Պորտ Կավկազ լաստանավային հաղորդակցությունը լինելու է կանոնավոր՝ գործարկվելու է շաբաթական երկու անգամ.
«Արդյունքում մենք կունենանք ՀՀ երկաթուղային անխափան կապ ԵԱՏՄ երկաթուղային համակարգի հետ, որպեսզի մեր տնտեսությունն ու հատկապես արդյունաբերությունը էապես բարձրացնեն իրենց մրցունակությունը»,- շեշտել է Քերոբյանը:
ՀՀ կառավարությունը որոշել է սուբսիդավորել լաստանավային փոխադրման ամբողջ արժեքը:
Գործադիրը նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով այն, որ լաստանավի օգտագործումը ավելի թանկ է բեռնափոխադրողների համար և կարող է նվազեցնել հայկական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկաներում:
«Ծախսերի փոխհատուցումը կառավարության կողմից կարող է էականորեն նվազեցնել առկա խոչընդոտները՝ նպաստելով բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացմանը,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
«Սուբսիդավորումը հավերժ չի լինելու»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Վերին Լարսի թողունակության հետ կապված խնդիրներին Հայաստանն առնչվում է երկար տարիներ։ Իսկ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում դրանք սրվել են:
«Սև ծովով, ծովային բեռնափոխադրումների հետ կապված որոշակի սահմանափակումներ են առաջացել, ինչը նշանակում է, որ ծովից բավական մեծ ծավալի բեռներ տեղափոխվել են ցամաքով փոխադրվելուն: Իսկ այդտեղ դարձյալ զուգահեռ ճանապարհի ամբողջը կամ հսկայական մասն անցնում է Վերին Լարսով: Սրա արդյունքում՝ Վերին Լարսն առնվազն այնքան է ծանրաբեռնվել, որ նախկինում բոլորիս իմացած պրոբլեմներն էականորեն ավելացել են»,- գործադիրի նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ «սուբսիդավորումը հավերժ չի լինելու» և հույս հայտնել, որ տնտեսական սխեման կսկսի աշխատել.
«Մեր նպատակը ենթակառուցվածքի կայացումն ու զարգացումն է»:
Հայաստանը «Վերին Լարսի» այլընտրանք է գտել