«Կշեռքի մյուս նժարին նավթն ու գազն են»․ ԼՂ-ի շրջափակման 100-րդ օրը
Լաչինի միջանցքի արգելափակման 100-րդ օրը
«Կշեռքի մի նժարին դրված են ժողովրդավարական արժեքները, մյուսին ՝ նավթն ու գազը: Եթե իրականում ժողովրդավարական արժեքներն ավելի կարևոր լինեին մեծ խաղացողների համար, ապա շրջափակումը վաղուց վերացված կլիներ»,- Արցախի շրջափակման 100-րդ օրվա առիթով նման հայտարարություն է արել ԼՂ-ի խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը։ Նրա դիտարկմամբ՝ ապաշրջափակման տարբերակ կարող է լինել նաև պատժամիջոցների կիրառումը։
100 օր է, ինչ Ադրբեջանը փակ է պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի ու արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը ՝ Լաչինի միջանցքը։ Երևանն ու Ստեփանակերտը ահազանգում են՝ ԼՂ-ում հումանիտար աղետի վտանգ կա, որը պետք է կանխել։ Հայկական կողմը Լաչինի միջանցքով բնականոն տեղաշարժը վերականգնելու ուղղությամբ «գործուն քայլեր և հասցեական հայտարարություններ» է ակնկալում միջազգային գործընկերներից՝ առաջին հերթին, Ռուսաստանից, որի խաղաղապահ զորակազմը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում։
Բաքուն, սակայն, անտեսում է ինչպես տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների կոչերը, այնպես էլ Հաագայի դատարանի որոշումը, որը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
ԼՂ-ում ստեղծված իրավիճակը․ ի՞նչ նոր տվյալներ են հաղորդվել, որո՞նք են Ադրբեջանի պահանջները, ինչո՞ւ ռուս խաղաղապահները չեն բացում միջանցքը
Նոր տվյալներ
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին: Փաստաթղթում ներկայացված են նաև լուսանկարներ և մարդկային պատմություններ, օգտակար փաստաթղթեր 2016 թ.-ից ի վեր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և դրա համատեքստում Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների վերաբերյալ: Նշվում է, որ
- Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի միջանցքով) մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 178 անգամ (245,000-ի փոխարեն՝ 1,376 մուտք և ելք),
- ճանապարհով գրեթե 43 անգամ ավելի քիչ մեքենայի շարժ է արձանագրվել, քան պետք է լիներ առանց շրջափակման (92,000-ի փոխարեն՝ 2,154 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից),
- շուրջ 11 անգամ ավելի քիչ կենսական նշանակության բեռ է ներկրվել, քան իրականում պետք է լիներ (40,000 տոննայի փոխարեն՝ 3,707 տոննա),
- շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա,
- պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 900 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից,
- Ադրբեջանը հանրագումարային 34 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը,
- արդեն 71 օր շարունակ լրիվությամբ խաթարված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ինչը հանգեցրել է վեցժամյա հովհարային և վթարային անջատումների,
- փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 9,800 մարդ (ներառյալ՝ աշխատատեղի պահպանման դեպքերը), ինչը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։
Զեկույցի համաձայն՝ Բաքվի նպատակը ֆիզիկական և հոգեբանական ահաբեկմամբ, կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմամբ Արցախը էթնիկ զտման ենթարկելն է և Արցախի բնիկ հայկական բնակչությանը ոչնչացնելը։ Շեշտվում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ ատելության քաղաքականությունը փաստում է․
«Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է Արցախի էթնիկ զտման և Արցախի հայության ցեղասպանության։ Ուստի, միջազգային հանրությունը ոչ միայն իրավունք, այլև անառարկելի պարտավորություն ունի օր առաջ գործնական միջոցներով կատարելու միջազգային բարձրագույն դատարանի որոշումը և կանխելու ադրբեջանական հետագա հանցագործությունները, այդ թվում՝ պլանավորվող նոր ու դաժանագույն հանցագործությունը մարդկության դեմ»։
Լաչինի միջանցքի փակման հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել ԼՂ-ի 120 հազար բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ։ Նրանք զրկվել են սննդամթերքի և կենսական անհրաժեշտության այլ ապրանքների բավարար մատակարարումից։ 20 հազար աշակերտ զրկվել է նաև պատշաճ կրթություն ստանալու իրավունքից։ Արցախցի 50 դիմորդներ չեն կարողացել մասնակցել տարեսկզբին Հայաստանում անցկացված ընդունելության քննություններին։
«Նովրուզի տոնին այստեղ հայի կմորթենք»․ ադրբեջանցի էկոակտիվիստ
Լաչինի միջանցքն արգելափակած և իրենց բնապահպան հայտարարող ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նա ներկայացրել է սոցցանցերում տարածված տեսանյութը, որում ադրբեջանցի ակտիվիստը ցինիկ ժպիտով հայտարարում է՝ «Մենք շուտով Նովրուզի տոնին այստեղ հայի կմորթենք և նրա արյունը կավելացնենք քեբաբի մեջ»։ Տեսանյութում երևում է, որ այդ հայտարարությունն առաջացնում է շրջապատող մարդկանց զվարճանքը։
«Արյունարբու ռեժիմի և նրա խամաճիկների համար երբեք բավարար չէ Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությանը սովի մատնելը։ Հիմա նրանց պսևդոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց արյունը։ Մենք իսկապե՞ս 21-րդ դարում ենք։ Շրջապատում ինչ-որ տեղ կա՞ քաղաքակիրթ աշխարհ»,- տեսանյութին կից գրել է Մարուքյանը։
Ի՞նչ է պահանջում Բաքուն
Դեռևս փետրվարի վերջին Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշել էր, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ ադրբեջանական կողմը 4-5 հրապարակային պահանջներ է ներկայացրել, այդ թվում՝
- պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը,
- Կաշենի հանքում ադրբեջանական հնարավոր ներկայությունը,
- Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից վերահսկողությունը։
Պատգամավորի խոսքով՝ «կարծես թե ռենտգեն սարքի տեղակայումն արդեն քննարկված, ավարտված» հարց է։
«Այլ հարց է, որ Ադրբեջանի պահանջները, ինչպես և սպասելի էր, գնալով մեծանում են, իսկ միջանցքի փակումը զուտ մարտավարական քայլ էր, որի տակ Ադրբեջանը մի քանի քայլանի սխեմաներ է դրել»:
Ինչ վերաբերում է ռենտգեն սարքի տեղադրմանը՝ Աբրահամյանի փոխանցմամբ՝ խոսքն առայժմ բեռնատար մեքենաների՝ նման սարքով անցկացման մասին է, ինչը Ադրբեջանին հնարավորություն կտա «վերահսկել, թե ինչ ապրանքներ են մտնում Արցախ»:
Ռուսաստանն ու ԵՄ-ն՝ Լաչինի միջանցքում ռենտգեն սարքերի տեղադրման մասին
Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հիշեցրել էր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետերի ստեղծում չի նախատեսում։
«Բայց առկա կասկածները, թե արդյոք միջանցքն օգտագործվում է, ինչպես հարկն է, տեխնիկական միջոցներով փարատելու հնարավորություն գոյություն ունի»,- հայտարարել էր Լավրովը՝ չբացառելով նման միջոցների ներդրման հնարավորությունը։
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ կարծիք էր հայտնել, որ Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն օրինական է ու հավելել, որ այդ թափանցիկությունը ապահովելու միջոցները բանակցությունների և քննարկումների թեմա են:
«Մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների համար, ռազմական կամ անօրինական նպատակներով»,— ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտարարել էր Կլաարը։
Նրա հայտարարություններին արձագանքել էր Արցախի ԱԳՆ-ն՝ ընդգծելով, որ դրանք «լուրջ հարցեր են առաջացնում չեզոք միջնորդի կարգավիճակին դրանց համապատասխանության առումով, որին հավակնում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը»։ Գերատեսչության դիտարկմամբ՝ նա ակնհայտորեն անտեսում է տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուր ենթատեքստը։
«Եթե ԵՄ հատուկ ներկայացուցիչն իսկապես մտահոգված է տարածաշրջանում լարվածությունը սրող գործողություններով, ապա խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, ագրեսիվ և ռազմատենչ հայտարարություններին, ինչպես նաև Արցախի օկուպացված տարածքներում նոր զորամասերի և այլ ռազմական ենթակառուցվածքների տեղակայմանը»,- ասված էր հաղորդագրությունում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անցակետ տեղադրելու գաղափարը հնչեցրել էր մյունխենյան բանակցություններից հետո։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ի պատասխան հայտարարել էր՝ Հայաստանի համար ընդունելի չէ «Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցումը»։
Ադրբեջանական կողմը սահմանապահ-անձնագրային հսկիչ անցակետի անհրաժեշտությունը հիմնավորելու համար նաև պնդում է, թե Հայաստանը շարունակում է ԼՂ մատակարարել ռազմական նշանակության բեռներ։ Այս պնդումները Երևանը բազմիցս է հերքել։
Բաքուն նույն պատճառաբանությունը բերեց նաև մարտի 5-ի միջադեպից հետո, երբ ադրբեջանական կողմի ներխուժման արդյունքում զոհվեցին Արցախի ոստիկանության երեք ծառայողներ, մեկը՝ վիրավորվեց։ Հակառակ Ադրբեջանի պնդումների, թե իրենք պատասխան կրակ են բացել միայն՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր՝ առաջինը հրազեն է կիրառել ադրբեջանական կողմը։
Ինչո՞ւ ռուս խաղաղապահները չեն բացում Լաչինի միջանցքը
Հայաստանյան «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում այս հարցին պատասխանել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը։ Նրա դիտարկմամբ՝ թեև Ռուսաստանն ունի խաղաղապահ զորախումբ, բայց դրա մանդատը «չի նախատեսում ոստիկանական գործառույթների իրականացում»։
«Բոլորը հասկանում են, որ քաղաքացիական ակտիվիստները միայն ձևական են, բայց ռուս խաղաղապահները մանդատով իրավունք չունեն ոստիկանական գործառույթներ իրականացնել, ցրելու տարբեր տեսակի ցույցեր, բողոքի ակցիաներ և այլն»,- շեշտել է նա։
Կռիլովի համոզմամբ՝ եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքի անվտանգությունն ու տրանսպորտի գործունեության ապահովումը ընկած է Ադրբեջանի վրա, բայց «ի սկզբանե այդ ամենը գրված է եղել անորոշ»։ Ասում է՝ ներկա պահին Մոսկվայի գլխավոր խնդիրը Կովկասում երկրորդ ճակատի բացումից խուսափելն է ու հավելում՝ ռուսական դիվանագիտությունն անում է «այն, ինչ կարող է անել»․
«Կարող է անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հետ բանակցել, համոզել։ Բայց տեսնում եք, որ նման մեթոդները դեռ չեն հանգեցրել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը։ Հուսով ենք, որ, այնուամենայնիվ, ճնշում կգործադրվի ոչ միայն Մոսկվայից, այլև Արևմուտքի երկրներից»։
Բաքու-Ստեփանակերտ «ապաքաղաքական» երկխոսության մասին
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականից հետո ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները երկու հանդիպում են անցկացրել։ Ստեփանակերտից պնդում են՝ քննարկել են միայն հումանիտար, ոչ քաղաքական հարցեր և հավելում, որ այդ հանդիպումները բանակցություններ չեն եղել։
Ադրբեջանական կողմը, սակայն, այդ հանդիպումներից հետո սկսել է ակտիվորեն շրջանառել վերաինտեգրման թեման։ Նույնիսկ հնչել է այդ թեմայով Բաքվում քննարկում անցկացնելու պաշտոնական առաջարկ։ Արցախն այն մերժել է ու շեշտել, որ «հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման» հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ՝ նույն վայրում։ Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումները կազմակերպվել էին Խոջալուում։
Մարտի 1-ին կայացած հանդիպումից հետո Ադրբեջանը իր խողովակներով Լեռնային Ղարաբաղի իշխանություններին փոխանցել էր՝ «կամ ընդունում են ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ խնդիրները չեն լուծվելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Լաչինի միջանցքի արգելափակման 100-րդ օրը