«1100 մարդ՝ իր տան ճանապարհին, 120 հազար՝ շրջափակված»․ Լաչինի միջանցքը դեռ փակ է
Լաչինի միջանցքը դեռ փակ է
Երկրորդ օրն է, ինչ փակ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Տուն տանող ճանապարհին է մնացել 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա։ Արցախի շուրջ 120 հազարանոց հայ բնակչությունը հումանիտար ճգնաժամի առաջ է։ Մի քանի օրվա սնունդ և դեղորայք ունեն։
Հայկական կողմի կարծիքով՝ սա ոչ թե բնապահպանական ինքնաբուխ ակցիա է, այլ կազմակերպված միջոցառում, որի նպատակն Արցախը հայաթափելն է։ Պաշտոնական Երևանից հայտնում են, որ ընթանում են բանակցություններ ռուս խաղաղապահների և Ադրբեջանի միջև, «ներգրավված են նաև Արցախի իշխանությունները»։
Նյութի հրապարակման պահին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը իր թվիթերյան միկրոբլոգում գրեց, որ «Ադրբեջանն արդեն կտրել է գազամատակարարումն ամբողջ Արցախում (Հայաստան-Արցախ գազատարն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով)»:
Լաչինի միջանցքի փակման շուրջ վերջին մեկ օրում տեղի ունեցած իրադարձությունները՝ ամփոփ
- Լաչինի միջանցքի փակման հետքերով․ ո՞րն է Բաքվի նպատակը
- «Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ». Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը
“Stop genocide in Artsakh”. բողոքի ակցիա
Նման պաստառներով Երևանի Ազատության հրապարակում էին հավաքվել Հայաստանի ու Արցախի տասնյակ քաղաքացիներ։ Նրանք քայլերթով շարժվեցին դեպի դիվանագիտական գերատեսչություններ՝ ՄԱԿ-ի գրասենյակ, Իտալիայի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների դեսպանատներ։ Միջազգային հանրությանը կոչ էին անում «զերծ մնալ երկակի ստանդարտներից և դատապարտել Ադրբեջանի հակամարդկային վարքագիծը»։
«Կեղծ բնապահպանական պատրվակով Ադրբեջանի իշխանության այս սադրանքը Արցախի հայաթափմանն ուղղված հետևողական քայլ է: Նպատակը մեկն է՝ կյանքի համար ստեղծել անտանելի պայմաններ, ճնշում գործադրել արցախահայության վրա և ստիպել արցախցիներին թողնել հայրենիքը»,- ասված է գերատեսչություններին փոխանցված նամակում:
«Բաքուն սովամահ լինելու առաջ է կանգնեցրել արցախցիներին»․ ասուլիս Երևանում
«Արդեն 24 ժամից ավելի դադարեցված է սննդամթերքի, էներգակիրների (բենզինի և դիզվառելիք), դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումն Արցախի ամբողջ տարածքում»,- Երևանում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտնել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանն ու հավելել, որ ստանում են ահազանգեր՝ առկա պաշարները կարող են բավականացնել ընդամենը մի քանի օր։
Ստեփանյանը մեկն է այն արցախցիներից, որոնք նախօրեին չեն կարողացել տուն վերադառնալ ադրբեջանցիների կողմից միջանցքի փակման պատճառով։
Նա միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արցախում 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ․
«Պետք է հատուկ ընդգծենք նաև այն հանգամանքը, որ Արցախն օդային հաղորդակցություն չունի աշխարհի որևէ կետի հետ»։
Օմբուդսմենի խոսքով՝ կան տեղեկություններ, որ ճանապարհը փակողների մեջ նաև Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են։
Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը, ով Ֆրանսիա կատարած այցից հետո չի կարողացել վերադառնալ Արցախ, շեշտել է՝ միջազգային հանրության արձագանքից է կախված՝ շրջափակմանը կհետևե՞ն լայնածավալ գործողություններ, թե՞ ոչ։
«Անպատժելիությունը խթանում է ագրեսիան։ [․..] Ադրբեջանն ավելի համարձակ է դառնում և դիմում է այսպիսի սարսափելի քայլերի՝ 21-րդ դարում, փաստորեն, սովամահ լինելու առջև կանգնեցնելով մի ամբողջ ժողովրդի։ Եթե աշխարհով մեկ լինի շատ կոշտ արձագանք, կարծում եմ՝ դա իր ազդեցությունը կունենա»։
Արտգործնախարարը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել և «զսպել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը»։ Հիշեցրել է՝ Արցախի պետական կառույցներն ու պաշտոնյաները խաղաղապահների հետ կապված առաջարկներ բազմիցս են հնչեցրել։ Նրա փոխանցմամբ՝ անհրաժեշտ է՝
- ավելացնել խաղաղապահների թվաքանակը,
- ռուս խաղաղապահներին տալ միջազգային մանդատ։
Արցախում և Հայաստանում կգործեն օպերատիվ շտաբեր
Հայաստան-Արցախ ճանապարհի փակ լինելու հետևանքով առաջացած խնդիրների լուծմանը նպաստելու համար օպերատիվ շտաբ է ստեղծվել Սյունիքի մարզպետարանում։
«Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08»,- հայտնել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
24-ժամյա ռեժիմով օպերատիվ շտաբ է գործում նաև Արցախի կառավարությունում։ Առավոտյան կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ այդ մասին հայտարարել էր Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել»․ Արցախի ԱԺ
Արցախի խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել, ընդունել հայտարարություն, որով մի շարք պահանջներ է ներկայացրել Հայաստանին, Ռուսաստանին, ինչպես նաև միջազգային կառույցներին։
Ազգային ժողովն ակնկալում է, որ
- Հայաստանի իշխանությունները ձեռնարկեն առարկայական և գործուն քայլեր` Արցախի և Հայաստանի միջև անխափան ցամաքային կապի վերականգման և Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով,
- Ռուսաստանի Դաշնությունը անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները,
- միջազգային կառույցներն ու ՄԱԿ-ի անդամ երկրները դատապարտեն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը,
- հրատապ կարգով հրավիրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ գործնական քայլեր կիրառելու համար:
«Պաշտոնական Բաքվի կողմից անմիջականորեն կազմակերպված այս սադրիչ գործողությունները միտված են Արցախը հայաթափելու, այն իր կազմի մեջ բռնի կերպով ընդգրկելու մշակված ծրագրերի իրականացմանը»,— ասված է հայտարարությունում:
«Դիմել խաղաղապահների հրամանատարությանը»․ Արցախի ԱԽ որոշումը
Դեկտեմբերի 13-ին Արայիկ Հարությունյանի նախագահությամբ Արցախում անվտանգության խորհրդի նիստ է կայացել։ Խորհուրդն անընդունելի է համարել միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:
Որոշում է կայացվել «համապատասխան նամակով դիմել Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»։
Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախում լավ են գիտակցում՝ Ադրբեջանը փորձելու է կասկածի տակ դնել և վարկաբեկել խաղաղապահ առաքելությունը․
«Անկախ ամեն ինչից ակնկալում ենք, որ խաղաղապահ առաքելություն իրականացնող կողմը, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնությունը, ավելի գործուն աջակցության և քայլերի է դիմելու»
«Նրանց կյանքին վտանգ է սպառնում»
Ստեփանակերտի բժշկական կենտրոնից հայտնել են, որ միջանցքի փակման հետևանքով չեն կարողանում Հայաստանի հիվանդանոցներ տեղափոխել ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հինգ պացիենտների։
«Նրանց բուժումը և հետազոտությունները պետք է շարունակել Երևանում: Շրջափակման հետևանքով նրանց տեղափոխումը դարձել է անհնար: Նրանց կյանքին վտանգ է սպառնում»,- հայտնել է կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը։
Արցախի քաղաքացիների տեղափոխման անհնարինության մասին ահազանգել է նաև առողջապահական գերատեսչությունը։ Նախարարության փոխանցմամբ՝ առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս այս պահին չկա, սակայն «անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին»։
Հայաստանի արձագանքը
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումից մեկ օր անց հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարարությունը։ Գերատեսչության գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը ուղիղ հակադրության մեջ է 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հետ, համաձայն որի՝
- Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո,
- Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը:
«Ադրբեջանի այս վարքագիծը ոչ միայն ակներև է դարձնում նրա կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրը հասցեագրելու և այդ նպատակով Ստեփանակերտի հետ երկխոսելու մտադրության բացակայությունը, այլև հերթական անգամ վկայում է պաշտոնական Բաքվի՝ ԼՂ-ը էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության շարունակականության մասին»,- ասված է հաղորդագրությունում։
Պաշտոնական Երևանը ահազանգում է՝ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի ու հավելում, որ միջանցքի փակման հետևանքով ԼՂ բնակիչներն արդեն իսկ զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, կանգնել պարենային և հումանիտար ճգնաժամի վերահաս վտանգի առաջ:
Հաղորդագրությունում շեշտվում է՝ ակնհայտ է, որ «տվյալ սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի պետական մարմինների կողմից»։ Արտաքին գերատեսչությունը նաև հայտնում է, որ առաջիկայում խորհրդակցություններ է սկսելու միջազգային գործընկերների հետ «ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման նպատակով»։
Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը այսօր քննարկվել է նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Խորհրդի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև երկրի նախագահը, խորհրդարանի խոսնակը, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը։ Այլ մանրամասներ կառավարությունը չի հաղորդել։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Լաչինի միջանցքը դեռ փակ է