Լաշա Բուգաձե, Թբիլիսի
Քվեարկե՛ք Պարմեն Մարգվելաշվիլիի օգտին
Հիշո՞ւմ եք այդ կոչը:
Երևի ինչ-որ մեկը հիշում է, սակայն չեմ կարծում, որ շատերն են հիշում այս մարդուն որպես ժողովրդական պատգամավորի:
Սակայն ինչպիսի՜ հույսեր էինք մենք նրա հետ կապում:
Հիշում եմ՝ մեր վրացերենի ուսուցչուհին ասում էր, որ Վրաստանը ճակատագրական ընտրության առջև է կանգնած, և մեծ նշանակություն ունի, թե ով մեզ արժանի կերպով կներկայացնի Ժողովրդական պատգամավորների համամիութենական համագումարին…
Ողջ Վրաստանը պետք է կանգնի Պարմենի կողքին, որովհետև Պարմենը մեր հույսն է:
Հիշում եմ, թե ինչպես կռվեցի մեր հարևանի մոր՝ տիկին Ցիալայի հետ, որը որոշել էր քվեարկել հին, մամռակալած «կարմիր ինտելիգենտի», այլ ոչ թե իմ, ծնողներիս, ընկերներիս ծնողների, ուսուցչուհուս ֆավորիտի օգտին:
— Տիկին Ցիալա, — ասում էի հարևանիս մորը, — ո՞վ է ի վիճակի այնպես խոսել Վրաստանի մասին, որպեսզի ողջ Խորհրդային Միությունը լսի, եթե ոչ այս մարդը: Նրան անգամ հայրս է ճանաչում…
Զայրանում էի, որ ինքս չեմ կարող ընտրություններին մասնակցել տարիքային սահմանափակման պատճառով, չէ որ դա առաջին ազատ ընտրություններն էին իմ կյանքում (և փաստացի Վրաստանի համար նույնպես), չնայած որ անկախ Վրաստան դեռ չկար, և ժողովրդական պատգամավորին մենք ընտրում էինք ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարին մասնակցելու համար, որը ուզած-չուզած վերափոխում կամ արդեն վերափոխել էին Գորբաչովն ու Շևարդնաձեն:
Հենց այդ ընտրությունները դիմավորեցի առանձնահատուկ հույսով, և եթե ինքս չէի կարող դրանց մասնակցել, առանց հոգնելու և մեծ խանդավառությամբ պայքարում էի Պարմեն Մարգվելաշվիլիի հաղթանակի համար. բոլոր ծանոթ-անծանոթներին մեր մուտքում, բակում, դպրոցում պատմում էի Պարմեն Մարգվելաշվիլիի արժանիքների մասին և վայրկենական պայթում էի, երբ թերահավատություն էի նկատում զրուցակցիս աչքերում.
— Կկործանվե՜նք: Եթե Պարմեն Մարգվելաշվիլին չհաղթի, կկործանվենք:
Նրանք, ովքեր սատարում էին ազգային շարժմանը, Պարմեն Մարգվելաշվիլիի կողմից էին, այլ ոչ թե մի հայտնի կինորեժիսորի, որին ճանաչում էին որպես Շևարդնաձեի ընկերոջ: Այդ պատճառով էլ, երբ չէր հաջողվում թերահավատին համոզել, նրան հետո կախարդական խոսքեր էին ասում. «Պարմենին աջակցում են Զվիադն ու Մերաբը»: Սակայն եթե նույնիսկ այս փաստարկը չէր անցնում, ապա անցնում էին սոցիալական ավանդույթ դարձած խրատներին.
— Պարմենը Ռուսաստանին ջրի երես կհանի:
— Պարմենը մանրամասն կպատմի Խորհրդային Միության հանցագործությունների մասին:
— Պարմենը Ռուսաստանին ապտակ կհասցնի:
— Պարմենն ամբողջ աշխարհին ցույց կտա, թե ինչ բան է Ռուսաստանը:
— Պարմենն աշխարհը կցնցի ապրիլի 9-ի մասին իր պատմությունով:
— Պարմենն ի լուր ամենքի կպատմի, թե ինչ տանջանքների միջով են անցել վրացիները:
— Պարմենն իր կուլտուրայով ու հիմնարարությամբ գերազանցում է անգամ Բալթիայի բնակիչներին:
— Պարմենն իր երկրի համար ահռելի հեղինակություն կգրավի:
— Պարմենը ներկայացնելու է հենց ժողովրդին, այլ ոչ թե կարմիր ինտելիգենցիային և ընտրյալներին…
— Պարմենն անկեղծորեն սիրում է իր ժողովրդին…
— Պարմենից պաթոլոգիապես վախենում են Գորբաչովն ու Շևարդնաձեն… Առանձնապես նրանից վախենում է Գումբարիձեն: Պարմենն իրական ուժ է, նրա մեջքին ողջ վրացի ժողովուրդն է կանգնած…
— Պարմենը նոր Վրաստանն է…
— Պարմենը պետք է հաղթի, այլապես մենք փրկություն չունենք:
Եվ ահա հրաշք տեղի ունեղավ. Պարմենն իրոք հաղթեց, նրան ընտրեցին:
Ասում էին, թե նրա գլխավոր մրցակիցը կաթված է ստացել (դրանք ասեկոսեներ էին, այնուամենայնիվ բոլորն ուրախանում էին); Զվիադ Գամսախուրդիան շնորհավորեց Պարմենին բազմամարդ հանրահավաքի ժամանակ, հարևանուհի Ցիալային բազմանշանակ էի բարևում…
Ընտրությունների երկրորդ կամ երրորդ օրը հորս հետ գնացի «Ժողովրդական ճակատի» համագումարին (12-ամյա «ուշ խորհրդային» երեխան առանձնապես գնալու տեղ չուներ «ուշ խորհրդային» Թբիլիսում. Առավոտյան՝ դպրոց, կամ համագումար, կամ «Ժողովրդական ճակատի» համագումարի պես հավաքույթներ (դասերից բացակայելու հայրենասիրական պատճառ), ցերեկը՝ Սաբուրթալինի շուկայի մոտ գտնվող «Գազապխուլի» կինոթատրոն, երեկոյան՝ վեճեր Ցիալայի և նրա երեխաների հետ), և հենց Կինոյի տան աստիճանների մոտ «Ժողովրդական ճակատի» նախագահ Նոդար Նաթաձեի գազարագույն «Զապորոժեցի» մոտ հանդիպեցինք պատկառելի և ժպտերես մի տղամարդու: Նա նայեց մեզ վրա, գրկեց, մի փոքր տարօրինակ հուզված համբուրեց, ամաչելով բռունցքը վեր բարձրացրեց և իրեն ուղեկցող անձանց հետ միասին վազեց դեպի Ռուսթավելու արձանի պատվանդանի մոտ գտնվող ցայտաղբյուրի մոտ: Ձեռքին բալագույն թղթապանակ կար: Նա բոլորին համբուրում էր, ովքեր հանդիպում էին ճանապարհին:
— Գիտե՞ս՝ ով է նա, — հարցրեց հայրս:
Ես գլխով ցույց տվեցի, որ չեմ ճանաչում նրան:
— Պարմեն Մարգվելաշվիլին է, — ասաց հայրս:
— Պարմեն Մարգվելաշվիլի՞ն: Նա Պարմեն Մարգվելաշվիլի՞ն է:
Ես աչքերիս չէի հավատում. ինձ համբուրել էր հայտնի ժողովրդական պատգամավորը, գրեթե հերոսը, ում համար ես այդքան պայքարել եմ դպրոցում և մեր տան բակում… Ինչպիսի հասարակ ու հաճելի մարդ դուրս եկավ…
Հիշում եմ, որ այդ գիշեր չափազանց մեծ ոգևորության պատճառով հազիվ քնեցի:
Պարմեն Մարգվելաշվիլին իրոք հասարակ և շատ հաճելի մարդ էր, հավանաբար ընդհանրապես առաջին հասարակ ու հաճելի մարդը վրացական քաղաքականությունում: Այնքան հասարակ, որ Ժողովրդական պատգամավորների համամիութենական համագումարին նրան ձայների հաշվարկի հանձնաժողովի անդամ ընդամենն ընտրեցին, ինչը Վրաստանում գանհատվեց որպես մեծ հաղթանակ: Նա անցնում էր գործընկեր պատգամավորների շարքերով, և հանձնաժողովի այլ անդամների հետ միասին քվեարկության ընթացքում հաշվում մանդատները, երբեմն էլ հեռուստացույցով էր երևում, երբ անցնում էր շարքերով, իսկ մենք ուրախությամբ և հույսով բացականչում էինք. «Ահա՛ նա: Ահա՛ նա»:
Իսկ մի անգամ ես նույնիսկ նրա ձայնը լսեցի. «Չորս… հինգ… վեց», — մանդատներն էր հաշվում:
— Ե՞րբ է նա ամբիոնին մոտենալու: Ե՞րբ ենք նրա ելույթը լսելու, — հարցնում էինք մենք միմյանցից:
— Երբ ժամանակը գա, իսկ հիմա, այսպես է պետք, — պատասխանում էին առավել տեղեկացվածները:
Չմոտեցավ… ելույթ չունեցավ:
Այդպես էլ ողջ համագումարի ընթացքում քայլեց սեկտորների միջև՝ մանդատներ հաշվելուց հոգնած:
Հիմա արդեն տիկին Ցիալան էր ինձ բազմանշանակ ժպտում…
Հետաքրքիր է՝ ես այն ժամանակ հասկացա՞, թե՞ մինչև հիմա չեմ խելոքացել, որ քաղաքական գործիչների մասին ուռճացված պատկերացումներն այնքան էլ արդարացված չեն. զայրանում ես, ապրումներ ունենում, վիճում, պատեպատ գալիս, հույս տալիս քեզ, գիշերները չես քնում, երեկոյան նյարդերդ ես ծախսում, իսկ նրանք, երբ բանը գործին է հասնում, առավելագույնն ինչին ունակ են՝ սեկտորների միջև քայլել… Եվ դա լավագույն դեպքում:
Կարծում եմ՝ ոչ ոքի չի խանգարի սեփական անձի և կարողությունների օբյեկտիվ գնահատումը…
Սակայն անկախության անցած 25 տարին հակառակն են ապացուցում:
P.S. Այս տեքստն առաջին հերթին իմ մասին է՝ անխոս ընտրողի, որը տարվել է քաղաքականությամբ, հիասթավել դրանից, 26-27 տարվա հնության տպավորությունների մասին, այլ բնականաբար ոչ անմիջականորեն Պարմեն Մարգվելաշվիլիի՝ լավ բանասերի, քաղաքականություն մտած ամենահաջողակ բանասերի, որն ի տարբերություն մյուսների, ժամանակին քաղաքականությունից արժանապատվորեն հեռացավ, որին նույն կերպ համակրում եմ, ինչպես և շատ տարիներ առաջ:
Հրապարակվել է՝ 07.10.2016