Կլինի՞ պատերազմ Իրանում, և ի՞նչ հետևանքների սպասել Հայաստանին. կարծիքներ
Իրավիճակն Իրանի շուրջ՝ սպառնալիք Հայաստանին
Հայաստանը քննարկում է Իրանի շուրջ ստեղծված տագնապալի իրավիճակը, որը ռիսկեր է ստեղծում նաև Հայաստանի համար։ Հայ փորձագետները կարծում են, որ բարեկամ Իրանում ցանկացած ցնցում առնվազն չի բխում Երևանի շահերից։ Միաժամանակ ասում են, որ պատերազմի վտանգը մեծ է Իրանի և Ռուսաստանի միջև մերձեցման պարույրի, Ռուսաստանի Դաշնությանը իրանական անօդաչու թռչող սարքերի վաճառքի ֆոնին։
Հունվարի 29-ի գիշերը հզոր պայթյուններ են տեղի ունեցել Իրանի ռազմական ենթակառուցվածքներում։ Հրթիռակոծությունից տուժած օբյեկտների թվում է անօդաչու սարքեր արտադրող գործարանը: Այդ սարքերն, ըստ բազմաթիվ աղբյուրների, մատակարարվում են Ռուսաստան՝ Ուկրաինայում պատերազմական գործողությունների ընթացքում օգտագործելու համար: Արևմտյան որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իրանի վրա հարվածների հետևում Իսրայելն է կանգնած:
Հայկական փորձագիտական հանրության շրջանում Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձություններն արդիականացրել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայի քննարկումը։ Խոսքը Հայաստանի հարավով, Իրանի հետ սահմանի կողքով անցնող ճանապարհի մասին է, որը կկապի Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջևանի հետ։ Ադրբեջան-Թուրքիա տանդեմը պնդում է հենց «միջանցքի» տրամադրումը, այսինքն՝ ճանապարհի, որը Հայաստանը չի վերահսկի։ Երևանը կտրականապես հրաժարվում է այդ քայլին գնալ՝ առաջարկելով իր տարածքով ցանկացած երթուղի, բայց իր ինքնիշխան իրավունքների պահպանմամբ։
Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը ստիպված է լինելու տրամադրել արտատարածքային միջանցք՝ «ուզի, թե ոչ»։ Իսկ դա Հայաստանում ընկալվում է որպես «ռազմական ճանապարհով ճանապարհը ճեղքելու սպառնալիք»։ Իրանը նույնպես կտրականապես դեմ է արտահայտվում «միջանցքին»: Որոշ հայ փորձագետներ վստահ են, որ դա Թեհրանի «կարմիր գիծն է», բայց եթե Իրանը ներքաշվի մեծ պատերազմի մեջ, Բաքվի մոտ կարող է իրավիճակից օգտվելու և ուժով միջանցք ստանալու գայթակղություն առաջանալ։ Մյուսները կարծում են, որ Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը Իրանը չէ, այլ միջազգային իրավունքի նորմերը։
Թե ինչպես կարող են ազդել Իրանում իրավիճակի հնարավոր զարգացումները Հայաստանի վրա, մեկնաբանում են «Օրբելի» կենտրոնի փորձագետ, արևելագետ, իրանագետ Ժաննա Վարդանյանը և քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
- Հրթիռային հարվածներ Իրանի ուղղությամբ. քննարկվում է Իսրայելի կողմից հատուկ գործողության վարկածը
- Ուկրաինան, Հայաստանը/Ադրբեջանը, Իրանը՝ 2023 թ․-ի վտանգավոր հակամարտությունների շարքում
- Հնարավո՞ր է համաշխարհային պատերազմ սկսվի․ «Խուսափելու հույս կա»
Ժաննա Վարդանյան, իրանագետ
Տեղեկատվական հարձակում
«Նման հարձակումներ Իրանի վրա նախկինում էլ են եղել, և ավելի մեծ հարձակումներ, հատկապես Իսրայելից տարբեր տեսակի դիվերսիաների տեսքով, մասնավորապես՝ միջուկային և ռազմավարական այլ օբյեկտների՝ անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և այլնի արտադրության վրա։ Վերջին հարձակումը չի կարող համեմատվել նախորդների հետ ո՛չ մասշտաբով, ո՛չ պատճառված վնասի չափով։ Պարզապես այդ հարձակումն ուղեկցվեց տեղեկատվական հզոր գրոհով Իսլամական Հանրապետության տարբեր քաղաքներում ենթադրյալ բազմաթիվ պայթյունների մասին։
Փաստորեն, պաշտոնապես հաստատվեց Սպահանում գտնվող ՊՆ արտադրամասի վրա հարձակման դեպքը։ Նույն օրը հրդեհ էր բռնկվել Սահիդ-Շալիմի քաղաքի շարժիչային յուղեր արտադրող գործարանում։ Իրանը հերքել է այլ պայթյունների մասին տեղեկությունները։
Ապատեղեկատվության այս հզոր հոսքը գալիս էր արաբական, իսրայելական, թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներից: Եվ դրանք չհաստատվեցին ամերիկյան հեղինակավոր պարբերականների կողմից, որոնք խոսում էին ընդամենը երկու միջադեպի մասին։
Ադրբեջանի ներգրավվածությունը
«Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա անօդաչու թռչող սարքի հարվածների հարձակումը անձնական բնույթ է կրում։ Պարզապես Ադրբեջանին հաջողվեց օգտվել առիթից և ամեն ինչ շուռ տալ Իրանի դեմ՝ կրկին հզոր քարոզչության միջոցով։ Այս հարցում Բաքուն մեծ աջակցություն ստացավ Իսրայելից ու Բրիտանիայից։ Այդ մասին են վկայում դեսպանատան վրա հարձակումից անմիջապես հետո Ադրբեջանի պաշտոնյաների առաջին հանդիպումները, մասնավորապես՝ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումները Իսրայելի և Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ։
Այդ համատեքստում չենք կարող բացառել, որ այդ երկրները կարող են մշակել Իրանի դեմ ինչ-որ գործողությունների ծրագիր՝ քարոզչությունից, տեղեկատվական պատերազմից մինչև օգնություն դիվերսիաների կազմակերպման հարցում:
Ավելի վաղ Թեհրանն արդեն մեղադրել էր Ադրբեջանին Իսրայելի հետ միասին Ադրբեջանի տարածքից իրանական օբյեկտների վրա հարձակվելու մեջ, թեև Բաքուն հերքել էր այդ տեղեկությունը։
Այսինքն՝ չի բացառվում Ադրբեջանի ներգրավվածությունն այս դիվերսիայի մեջ՝ հաշվի առնելով նրա ակնհայտ հակաիրանական դիրքորոշումը, բայց, ամենայն հավանականությամբ, ոչ իր տարածքից։ Իրանական օբյեկտի վրա հարձակումն իրականացվել է Սպահանում կվադրոկոպտերների օգնությամբ, ուստի հավանական է, որ այն իրականացվել է տեղի գործակալների կողմից։ Սպահանը գտնվում է Իրանի կենտրոնում, և դժվար թե այդ կվադրոկոպերները կարողանային այնտեղ հասնել Ադրբեջանից։
Բայց անօդաչու թռչող սարքը, նույն «Հորոպը», որով 2014 թվականին հարվածել էին Իրանին, կարող էր թռչել Ադրբեջանի տարածքից։ Այդ ժամանակ՝ 2014 թվականին նույնպես իրանցիները մեղադրում էին Բաքվին»։
Հայ-իրանական սահմանի անձեռնմխելիություն
«Իրանա-ադրբեջանական հարաբերությունները վերջին տարիներին սրվել են հայ-իրանական սահմանի հարցում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշման պատճառով։ Իհարկե, նրանց միջև նախկինում էլ եղել են լարված ժամանակաշրջաններ, բայց դրանք երբեք նման գագաթնակետի չեն հասել։
Իրանի հստակ և կատեգորիկ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության և հայկական Մեղրի քաղաքով անցնող «միջանցքի» հարցում Ադրբեջանի հետ լուրջ խնդիրների է բերել։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Բաքուն փորձում է ճնշում գործադրել Իրանի վրա, չեզոքացնել նրան «միջանցքի» հարցում և իրականացնել իր նախագիծը։ Իսկ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը հիանալի առիթ դարձավ ամեն ինչ Իրանի դեմ շուռ տալու, նրան որպես ահաբեկչական երկիր ներկայացնելու, ինչ-որ միջազգային մեխանիզմների հարց բարձրացնելու համար։
Ամիսներ առաջ ավելի մասշտաբային հարձակում էր եղել Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա, սակայն Բաքվից այսպիսի արձագանք չէր եղել, ինչպիսին եղավ Իրանում դեսպանատան վրա հարձակման դեպքում»։
Ուժի փորձարկում
«Ընդհանուր առմամբ, Իրանի շուրջ, ինչպես նաև երկրի ներսում իրավիճակը բավականին լարված է, ուստի հնարավոր է ցանկացած սցենար։ Եթե շրջանակը շարունակի սեղմվել, եթե հարձակումները շարունակվեն, լինեն տարբեր տեսակի դիվերսիաներ, ապա իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ Իրանը պարզապես ի վիճակի չլինի արձագանքել տարբեր զարգացումների, այդ թվում՝ Մեղրիի «միջանցքի» հետ կապված։
Բանն այն չէ, որ Իրանը կարող է հրաժարվել իր «կարմիր գծերից», այլ այն, որ կարող է կորցնել իր ազդեցությունը։ Դա կարող է տեղի ունենալ միայն վատագույն դեպքում: Օրինակ, եթե Հայաստանը հայտնվի սիրիական իրադարձություններին նմանվող իրավիճակում։ Նման զարգացման պարագայում Իրանը կարող է փորձել փոխզիջումների գնալ այլ խաղացողների հետ և ստանալ իր բաժինը։
Հայաստանի իներտությունն ու անգործությունը, երկրի սահմանները, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը սեփական ուժերով պաշտպանելու անկարողությունը կարող են հանգեցնել սիրիական սցենարի։ Եթե Հայաստանը շարունակի թուլանալ, այն կարող են բաժանել Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև։ Սա վատագույն սցենարն է։
Հայաստանի համար ստեղծված իրավիճակից ելք կարող է լինել միայն կարճ ժամանակում մեջքն ուղղելու հնարավորությունը, սեփական անվտանգությանը տեր կանգնելու և օգտվելու այն երկրների աջակցությունից, որոնց հետ ընդհանուր շահեր ունի»։
Կլինի՞ պատերազմ Իրանում
«Իրանին վաղուց է պատերազմ սպառնում, նախկինում նույնպես անընդհատ խոսում էին պատերազմի մեծ ռիսկերի մասին, բայց նման պատերազմ դեռ չկա։ Իրանում պատերազմը կա՛մ հետաձգվում էր, կա՛մ խուսափում էին դրանից, կա՛մ էլ այլ այն այլ բնույթ էր կրում։ Այսօր էլ Իսլամական Հանրապետությունում իրավիճակը լարված է, կիրառվում են նույն մեխանիզմները՝ տեղեկատվական պատերազմ, պատժամիջոցներ, փոքր դիվերսիաներ Սիրիայում, Իրաքում, Լիբանանում գործող իրանամետ ուժերի դեմ։
Եթե Իրանում պատերազմ լինի, դա լիովին կշեղի Թեհրանի ուշադրությունը Հայաստանից, նա զբաղված կլինի սեփական խնդիրներով։ Եվ այդ ժամանակ չի բացառվում, որ Ադրբեջանն ու Թուրքիան օգտվեն ստեղծված իրավիճակից և հարձակվեն Հայաստանի վրա։ Ամեն դեպքում պատերազմն Իրանում չի բխում մեր շահերից»։
Ո՞վ կարող է հարձակվել Իրանի վրա
«Ադրբեջանն արդեն բավականաչափ ներգրավված է հակաիրանական արշավում, սակայն կողմերը դեռևս ձեռնպահ են մնում պատերազմից՝ հաշվի առնելով հնարավոր հետևանքները։ Ի վերջո, կռվելու են ոչ միայն Ադրբեջանն ու Իրանը, այդ դեպքում ակտիվորեն ներգրավված են լինելու Թուրքիան, Իսրայելն ու Արևմուտքը։
Իրանում պատերազմը ձեռնտու չէ ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին, որը մեկուսացման պայմաններում գտել է լավ գործընկեր՝ ի դեմս Իրանի։ Իրանը Ռուսաստանի Դաշնության համար պատժամիջոցները շրջանցելու հնարավորություն է: Հաշվի առնելով նաև այն բազմամյա փորձը, որն ունի այս կապակցությամբ Իրանը։ Ուստի Իրանի թուլացումը չի բխում Ռուսաստանի շահերից։ Իհարկե, մի շարք հարցերում Իրանն ու Ռուսաստանը մրցակիցներ են, բայց լայն իմաստով, մասնավորապես՝ Արևմուտքին դիմակայելու հարցում նրանք դաշնակիցներ են»։
Անդրիաս Ղուկասյան, քաղաքագետ
Միջազգային իրավունքի նորմերը՝ հայ-իրանական սահմանի երաշխավոր
«Իրանի պատերազմն Իսրայելի հետ քիչ հավանական է, ինչպես և Ադրբեջանի մասնակցությունը դրան: Կողմերը պատրաստ չեն նման զարգացումներին։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, հիբրիդային պատերազմի տարրեր են, որոնք դրսևորվում են դիվերսիաներով։
Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում իրանական «կարմիր գիծ» չկա: Կան միջազգային իրավունքի նորմեր: Բայց Հայաստանում քարոզում են, թե միջազգային իրավունքի նորմեր չկան, Ադրբեջանն էլ կարող է պատերազ սկսել և գրավել Սյունիքը։ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Ադրբեջանին Հայաստանի դեմ ագրեսիայի առիթ չի տալիս:
Այն փաստը, որ Իրանը հակահարված չի տվել անօդաչու թռչող սարքերի հարձակումներին, վկայում է այն մասին, որ երկրի իշխանությունները վերջնական որոշում չեն կայացրել՝ գնա՞լ Արևմուտքի հետ հարաբերությունների խզման և ռազմական առճակատման, թե՞ փնտրել դիվանագիտական ճանապարհներ բարդ խնդիրների լուծման համար»։
Իրավիճակն Իրանի շուրջ՝ սպառնալիք Հայաստանին